Կենսատու ջուրն ու նահատակ սուրբը. Ակնաղբյուր գյուղի ավանդությունը

 

Բազմաթիվ են ժողովրդական բանահյուսության ու ավանդությունների մեջ Ավարայրի ճակատամարտի հերոս, սպարապետ Վարդան Մամիկոնյանին վերաբերող զրույցները։ Ներկա վավերագիրն այդպիսի մի ավանդություն է, որը 1959 թվականին գրի է առել գրականագետ, բանահավաք Արամ Ղանալանյանը Իջևանի շրջանի Սևքար գյուղի բուժքույր Աննա Թուխարյանից։

Հանուն Քրիստոսի հավատի նահատակված սուրբ սպարապետի հիշատակն այս զրույցում միահյուսված է երևում հայերի հին հավատալիքներից ծառապաշտության ու ջրի պաշտամունքի հետ։ Հաստաբույն ծառի ուժին ընծայված հավատը, որի տակից հոսում է առատաջուր աղբյուրը, Սևքարի գյուղացիների մտքում զուգահեռվել է հայոց զորքերի գլուխ անցած սպարապետի ուժի հետ։ Հոժարակամ դեպի մահը գնացող ու իր զորքին գիտակցված նահատակության առաջնորդող զորավարի անունը կրող աղբյուրը ժողովրդական ընկալումներում հակառակը, կենսատվության և  մահից պաշտպանելու զորություն ունի. հակասություն, որը մեզ համար բացահայտում է նահատակությամբ սրբագործված հայ եկեղեցու հաստատված կարգի և դրա հավատավոր հոտը համարվող ժողովրդի կյանքի բարդ ու ներհակ սերտաճումը։

Հրապարակվում է ըստ՝ Արամ Ղանալանյան, Ավանդապատում (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1969), էջ 388։

 

 

Վարդան զորավարի կաղնին

Գտնվում է  Իջևանի Ներքին-Աղդան գյուղում

Ա.

Սա մի վիթխարի հսկա է, ամեն ճյուղը մի մեծ ծառի չափ։ Բնի տակ ունի մի ահագին բացվածք, ուր կարող են մի քանի մարդ տեղավորվել։ Ասում են, թե այս կաղնին տնկել է Վարդան զորավարը։ Նրա տակից հոսում է առատաջուր ու զուլալ մի աղբյուր, որին տեղացիք «Զորավորի աղբյուր» են ասում։

Երբ գյուղի ջահելները պատերազմ են գնացել, ծերերը նրանց ասել են. «Զորավոր աղբյուրից ջուր խմեք, ձեռքներդ քսեք քաջ Վարդանի տնկած կաղնուն՝ ձեզ մահ ու մեռ չկա»… Եվ այդպես էլ արել են։