Կենցաղային խնդիրներից. հին բարքերի դեմ անհանդուրժողականությունն իբրև գործելակերպ

 

Խորհրդային կարգերի հաստատմամբ Հայաստանում մեկնարկած մշակութային հեղափոխությունը նպատակ էր հետապնդում արմատապես վերափոխել հայաստանյան հաստատված բարքն ու կենցաղը: Արդիականացման ուղին բռնած նորաստեղծ երկրում «նահապետական», «հնադարյան» նիստուկացը քաղաքական ուղիղ միջամտությամբ պետք է իր տեղը զիջեր նոր՝ սոցիալիստական կենցաղին: 1920-ականների սկզբին երկրի ղեկավարությունը ստանձնած հին մեծամասնականները (Ալեքսանդր Մյասնիկյան, Աշոտ Հովհաննիսյան, Ֆլորա Վարդանյան և այլք), որոնց քաղաքական կայացումն էապես կապված էր հայ իրականության հետ, ի վիճակի էին տեղական կյանքի արդիականացումը տեսնել իբրև հաստատված վարքուբարքի կենսունակությունը հաշվի առնող երկարաժամկետ գործընթաց: Հեղափոխությամբ փոփոխված քաղաքական պայմաններում աշխատանքի հեղափոխականությունն էր, որ Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար գործիչները համարում էին մշակույթի վերակառուցման երաշխիք:

Մեկնարկած մշակութային հեղափոխության և քաղաքական մեղմ ու հանդուրժող քաղաքականության հարաբերումը սակայն 1920-ականների կեսերին սկսեց ի հայտ գալ իր ողջ խնդրականությամբ: Կենցաղի վերափոխմանն ուղղված գործնական աշխատանքի տևականությունը հեռացնում էր արդեն իսկ կատարված քաղաքական հեղափոխությունը դեռևս երկար ժամանակ պահանջող մշակութային հեղափոխությունից: Արդյունքում իշխող կենցաղի ու նիստուկացի արդիականացման հարցում, հակառակ պաշտոնական մեղմ քաղաքականության, աստիճանաբար լսելի են դառնում մշակութային հեղափոխությունն արագ և կտրուկ միջոցներով կենսագործելու պահանջները:

Ակնհայտորեն որքան հին կենցաղից ազատագրումն ու նորի հաստատումը ձգձգվում էր, ստեղծելով գոյակցող կենցաղավարության ձևեր, այնքան այդ կիսանոր կամ կիսահին վարքուբարքը վերջնականապես կարգի բերել պահանջող կոչերը դառնում էին կտրուկ և անհամբեր՝ ինքնին կենցաղի խնդրի լուծմանն ուղղված միջոց տեսնելով ոչ թե գործնական աշխատանքը, այլ վերահսկողությունն ու պախարակումը:

Ստորև ներկայացվող հոդվածը 1924 թվականին Խորհրդային Հայաստան թերթի համարներից մեկում տպագրված մի թղթակցություն է: Դրանում հստակ ընդգծվում է «հին» ու «փտած» կենցաղի հանդեպ անհանդուրժողականությունն ու այդ կենցաղի ձևերին հետևելու խնդրի բարոյականացումն ու դատապարտումը: Հին կենցաղով դեռևս ապրող բանվորին նոր կենցաղի ճամփին դնելու համար գործնական քայլ դառնում է նրա անունը բարձրաձայնելու սպառնալիքը: Այս տրամաբանությունն է ի հայտ բերում 1920-ականների կեսերից արդեն հաստատվող այն մտայնությունը, որը հին կենցաղի ձևերը որակում էր իբրև «ախտեր», իսկ դրանց հաղթահարումն այլևս կապում ոչ թե գործնական հետևողական աշխատանքի, այլ այդ կենցաղով ապրող մարդուն հանրայնորեն խայտառակելու հետ:

Ներկայացվող բնագիրն ուրեմն դիպուկ կերպով վեր է հանում տասնամյակի կեսին արդեն իսկ տեսանելի այն բեկումը, որը հետևողականորեն չեզոքացնում էր հին մեծամասնականների՝ հաստատված բարքը երկարաժամկետ աշխատանքով ներքին փոփոխման ենթարկելու մոտեցումը: 1924-ին տպագրված այս թղթակցությունը հստակորեն բացորոշում է ավելի ու ավելի ընդգծված դարձող այն գործելակերպը, որի առանցքում վերևից դրված կարճաժամկետ ռեժիմում քաղաքական ու բարոյական միջոցների գործադրումն էր: Այդ գործելակերպն էր, որ մշակութային հեղափոխությունը նշադրում էր այլևս դեպի սեփական մշակույթից ու կենցաղից ազատվելու, ինքնամաքրվելու ուղին: 

Նյութը հրապարակվել է «Թղթակից Սկիր» անվան ներքո ըստ՝ «Կենցաղային խնդիրներից», Խորհրդային Հայաստան, 21 փետրվարի 1924 թ.:

 

Կենցաղային խնդիրներից

«Բանվորական բաժինը» վերջին ժամանակներս շատ զբաղվեց բանվորի հին, փտած ու նրա ֆիզիքական և բարոյական կողմերը փչացնող կենցաղը փոխելու խնդրով: Սակայն ըստ յերեվույթին, «Բանվորական բաժնում» լույս տեսած կենցաղային խնդիրների մասին հոդվածներն ու առաջարկությունները մեր բանվորներից շատերը չեն կարդացել, կամ կարդացել են ու անուշադրության մատնել, վորովհետեվ նրանցից շատ-շատերը դեռ շարունակում են հին ճանապարհով գնալ, այն ե, միշտ հարբել, առանց հաշիվ տալու իրան թե ինչ վատ հետեվանք ե ունենում այդ, յեկեղեցի գնալ, յերեխան տերտերով մկրտել, Բանֆակից փախչել, ժողովների ու դասախոսությունների չգնալ և այլն: Այս որինկաներին հետեվողներ շատ կան, վորոնցից մեկին շատ լավ ճանաչում եմ, բայց չեմ ուզում առայժմ անունը տալ, հուսալով, վոր այդ ընկերը կը սթափվի ու կաշխատի շտկել իր սխալները: Այդ ընկերը աշխատում ե կոշկակարների արտելում: Նա առաջ շատ պարտաճանաչ եր ու հեռու յեր վերոհիշյալ բոլոր ախտերից:

Սակայն չգիտեմ ինչ պատահեց նրա հետ վերջերս: Նա համարյա ամեն որ հարբում ե, Բանֆակ չի գնում, ժողովներից խուսափում ե և վերջերս ել յերեխան տերտերով ե մկրտել: Կոշկակարների արտելի տեղկոմը թող հետաքրքրվի, իմանա ու նախազգուշացնի նրան, հակառակ դեպքում նրա անուն-ազգանունը կը հրատարակենք ու ամբողջ բանվորության առաջ նրան կը խայտառակենք: