Ճարտարապետության և կենցաղի շուրջ Լեռ Կամսարի ֆելիետոնային դիտողությունները

 

1920-ականների երկրորդ կեսին՝ մասնավորապես ստալինյան առաջին հնգամյակի մեկնարկով ազդարարվեց կյանքի առանց բացառության բոլոր ոլորտներում հին կենցաղն ու բարքերը ոչնչացնելուն ուղղված արշավը: Այդ արշավին իրենց անվերապահ զինվորագրվածությունը հայտնեցին խորհրդահայ գեղարվեստական դաշտում հատկապես տասնամյակի երկրորդ կեսին արդեն գործուն դերակատարություն ստանձնած երիտասարդ արվեստագետներն ու ճարտարապետները (Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը, Գևորգ Քոչարը, Միքայել Արոտչյանը, Արա Սարգսյանը և այլք): Նոր կենցաղի ստեղծումը՝ իբրև նոր արվեստի առաջնային խնդիր սահմանելով՝ վերջիններս ավագ սերնդի արվեստագետներին (Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին, Ալեքսանդր Թամանյանին և այլոց) քննադատեցին արվեստի և ճարտարապետության հին ձևերը վերածնելու և «հայկական ոճի» վերստեղծման փորձի մեջ: Քննադատական այս դիրքորոշումը բացահայտելու առումով ուշագրավ է 1928 թվականին գրված Լեռ Կամսարի ստորև ներկայացվող ֆելիետոնը: Այն պարզորոշում է արվեստի և ճարտարապետության հին ձևերի քննադատությունը միաժամանակ իբրև հին կենցաղավարության ու վարքուբարքի պահպանման կամ վերստեղծման քննադատություն համարելու 1920-ականների երկրորդ կեսին հատուկ մտայնությունը: Ֆելիետոնը մի կողմից նշում է ճարտարապետության շուրջ ծավալված բանավեճերին Կամսարի մասնակցության ինքնին հետաքրքական հանգամանքը, մյուս կողմից՝ հենց գրական ժանրին հատուկ քննադատական, երգիծական հնարքներով բացահայտում երիտասարդ արվեստագետների դիրքորոշման հանդեպ գրողի կողմնակցությունը:

Գրվածքում Կամսարը ճարտարապետության մեջ «հայկական ոճի» քննադատությունը կառուցում է ոչ թե բուն ճարտարապետական ոճի քննարկման միջոցով, այլ ֆելիետոնին հատուկ ձևով ծաղրի առարկա է դարձնում «քսաներորդ դարու գինին հինգերորդ դարու տիկին մեջ» լցնողներին ու «գրաբառ տուն շինող» ճարտարապետներին: Տեքստում պատմական կոնկրետ դեմքերին ու դրվագներին կատարվող հղումներն են հուշում, որ գրողը ներկայի և պատմական անցյալի միջև ուղիղ զուգահեռներ անցկացնելն է որդեգրում իբրև «հայկական ոճի» քննադատության ելակետ: Կամսարի՝ ներկայում անցյալի ճարտարապետական ձևերի ուղղակի կրկնություն տեսնելու հայացքն է ընկած նաև կենցաղի խնդրին մոտենալու հիմքում: Որքան անցյալից անմիջական փոխադրման սկզբունքով է դիտում Կամսարը ներկայում կառուցված «բերդաձև բանկերը» կամ «զվարթնոցատիպ ժողովրդական տները», այնքան անցյալից ուղիղ է ներկա բերված տեսնում անցյալի լեզուն, կենցաղն ու բարքերը: Սակայն այս անկյան տակ դիտված ֆեյլոտոնը սուր կերպով է բացահայտում ոչ միայն անցյալից ժառանգված ճարտարապետությունն ու կենցաղը մերժող դիրքորոշումը, այլև հենց ճարատարապետական ձևերն ու կենցաղն ուղիղ փոխկապակցված տեսնելու 1920-ականների երկրորդ կեսին երիտասարդ ճարտարապետների ու արվեստագետների որդեգրած սկզբունքը:

Ներկայացվող բնագիրը հրապարակվում է ըստ՝ Լեռ Կամսար, «Մեր ճարտարապետության մասին», Խորհրդային Հայաստան, 1 հուլիսի 1928 թ.:

 

ՖԵԼՅԵՏՈՆ

ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամեն անգամ, յերբ սա մեր նոր շինված տուները կտեսնեմ՝ բարկութենես… դերձակ ըլլալ կուզեմ կոր:

Այո՛, դերձակ ըլլալու յե՝ սա մեր ճարտարապետներու հախիցը գալու համար:

— Ինչո՞ւ, պիտի հարցնեք.—

Յեթե դերձակ ըլլայի՝ վերցնեյի պիտի Յեղիշե պատմագիրը, ուսումնասիրեյի 5-րդ դարու հայ նախարարներու շալվարներու ձևը (իսկ մենք գիտենք, վոր ան ատենները հայ նախարարները խոնջանավոր անդրավարտիքներ կհագնեյին, այո, պարսից Հազկերտ արքան Տիզբոն կանչեց և անոնց խոնջանները կընքեց) և մեր ճարտարապետներու համար 5-րդ դարու շալվարներ կարեյի պիտի: Խոնջանավոր:

Չեյի՞ն հագնի: Իրավունք չունեյին:

—Վո՛չ, բարեկամներ, պիտի ըսեյի, ան ատեն, յերբ մարդիկ ձեր շինած ձևով տուներու մեջ կապրեյին՝ սա իմ կարածս ձևի շալվար կհագնեյին: Հագեք ուրեմն:

Միլիցիա կկանչեյի ու ռուսերեն խոսող, բայց գրաբառ տուն շինող ճարտարապետին կստիպեյի թարգմանել «այս այս վոչ իվիք յելանե՝ յեթե վոչ պահյուք և աղոթյուք» նախադասությունը:

Չե՞ս կրնար: Համեցեք քաղաքամաս յերթանք.— վասնզի այն ատեն, յերբ մարդիկ ձեր շինած տուներու մեջ կապրեյին՝ այս լեզվով կխոսեյին:

Յեթե յես քսան տարեկան յերիտասարդ ըլլայի՝ խլեյի պիտի այդ կառուցողին թևը մտած գլխաբաց որիորդին ու անդին հրելով՝ ըսեյի.— գնա՜, սա քո բանը չե. քո շինածդ տան ժամանակները կանայք հինգ քիլոնոց արծաթե թաս կդնեյին գլուխնին ու տասնուվեց տեսակ թաշկինակ կփաթթեյին վրան: Մարդոց թևն ալ չեյին մտներ ու փողոցը չեյին պտտիր:

Ինչո՞ւ միայն տուները «հայկական վոճ»-ով կշինիք:

…Աղե՛կ, կընդունիմ, հին ատենները բանկերը բերդի ձևով կշինեյին ամմա, ան ատենները յերկիրն անապահով եր և ամեն րոպե հելուզակներու արշավին յենթակա: Իսկ հիմա՞: Կարժե՞ դրամի համար բերդեր շինել բազալտ քարերեն— այն ալ ո՞ւր.— տեղ մը, վորին դիմացն քաղմասն ե և միանգամայն ապահովված:

Ահավասիկ իր կողքը Կոմունալ բանկն ե, բաց դռնով ու պատուհաններով. ցայսոր լսվա՞ծ ե, վոր մեկը ձեռքը մեկնած ու դրամ գողցած ըլլա մեջեն:

Կամ պատմության մեջ մեր յերկիրը բանկ ունեցե՞ր ե արդյոք:

Հազիվ թե: Հայաստանը շարունակ պատերազմի ու փախի մեջ ապրելով՝ վոսկին կամ իր զգեստի ծալքերուն մեջ ե կարեր՝ փախնելու պատրաստ, կամ թաղեր թունիրի շրթան ու ինքը նստեր վրան: Կան դեպքեր, յերբ մարդիկ վոսկին թշնամուն չի տալու ահեն կուլ են տվեր:

Ուրկե՞ ծնան սա բերդաձև բանկերը, մատուռակերպ տեքստիլ գործարանները, զվարթնոցատիպ ժողովրդական տուները:

… Յեվ այս բոլորեն յետքը՝ Հիսուսը կըսե՝ նոր գինին հին տիկերու մեջ չեն լեցուներ: —

— Նայե՛, իշտե կլեցունեն սա մեր «հին տիկ» շինողները:

Ան ալ ինչքա՜ն հին:

Քսաներորդ դարու գինին հինգերորդ դարու տիկին մեջ:

Այսպես ե:

Իսկ այն «բանվորական» բնակարանները, վորոնք վորպես թե շինված են կամ շինված պիտի ըլլային նոր կենցաղի համաձայն՝ գրչախաղեր ըլլան, ըսես, վորոնց ի´նչ «վոճ» ըլլալն Աստուծո միայն հայտնի յե:

Չլինի՞ Քաղխորհրդի փոխնախագահի անունը Վարդան Մամիկոնյան ըլլալն ե, վոր կվոգևորե մեր ճարտարապետներուն…

Չափավորելու յե:

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ