Կնոջ խնդիրը որբության կրթության հիմքում

 

1923-25 թվականներին Ադո Ադոյանը նվիրված աշխատանք է կատարում Հայաստանի մարզերում՝ տարածելով կոմերիտական շարժման «պատվիրանները» Զանգեզուրում՝ այնտեղ էլ այնուհետև դառնալով Ագիտպրոպի (ագիտացիայի և պրոպագանդայի) ղեկավար: Այս հոդվածում առաջին անգամ Ադոյանը բարձրաձայնում է սեռերի անհավասարության խնդիրը: Ընթացիկ տարիներին տեղ-տեղ անդրադառնում է կնոջ ազատագրման խնդրին, բայց միայն աքսորից հետո՝ 1958 թվականին, լույս է տեսնում նրա առաջին աշխատանքը՝ նվիրված սիրուն  և ընտանիքին: Խմբագիրը հոգեբան, մանկատան սան, պատկոմական Մկրտիչ Մազմանյանն էր, ով նույն տարում նույնպես տպագրեց նույն թեմայով մի աշխատություն: Որբերի, իսկ այնուհետև պատկոմականների կրթության համակարգում որոշիչ դեր ուներ ընտանիքի բարեփոխումների, սիրո նկատմամբ նոր վերաբերմունքի, գենդերային հավասարության խնդիրը, քանի որ բոլշևիկյան իշխանության նպատակն էր «որդեգրել» որբերին, նույնիսկ եթե նրանք միակողմանի որբ էին: Բոլշևիկյան առաջնորդների նույնացումը հայրական սկզբի հետ, ինչպես օրինակ Լենինի, Ձերժինսկու կամ Ստալինի դեպքում էր, գալիս է որբերի գոյության մեծ խնդրի հետ առերեսվելուց, որից հետո գերակա անհրաժեշտություն էր մշակել նրանց գոյության պահանջներին համապատասխան կրթական ծրագիր, որի մեջ կներառվեր սեռական և ընտանեկան դաստիարակությունը և նոր, նահապետական ընտանիքին հակոտնյա պատկերացումներով դեկրետները և որոշումները ամուսնությունների, ոչ օրինական երեխաների և այլ՝ «լուսավորչական» թեքումով ընտանեկան խնդիրների վերաբերյալ սկսեցին ողողել կոմունիստական իրականությունը:

Բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո առաջին իսկ հրամանները կապված են եղել գենդերային հավասարության խնդրի հետ: 1919 թվականին Վ.Ի. Լենինը  գրում է «Խորհրդային իշխանությունը և կնոջ կարգավիճակը» հոդվածը, որտեղ հպարտ նշում է, որ երկու տարվա մեջ խորհրդային իշխանությունը կնոջ ազատագրման համար արեց այնքան,, որքան 130 տարվա մեջ այդքան չարեցին աշխարհի բոլոր առաջատար, լուսավորյալ, դեմոկրատական պետությունները միասին: Մամուլը սկսում է ակտիվորեն անդրադառնալ կնոջ կրթության անհրաժեշտությանը: 1924 թվականին լույս է տեսնում գյուղացի կանանց լուսաբանմանը նվիրված առաջին ամսագիրը՝ Գեղջկուհին, որտեղ բարձրաձայնվում է նաև այն հարցը, թե ինչու է կնոջ հասարակական զբաղվածությունը կամ կրթությունը բողոք առաջացնում նրանց ամուսինների մոտ: Պատասխանը երկար չի սպասում. քանի որ տղամարդը չի ուզում իշխանության իր դիրքերը զիջել կնոջը: Կնոջ անկոտրում դիրքորոշումը անդամագրվելու կուսակցությանը և հասարակական ակտիվ աշխատանքներին բերում է ընտանիքի քայքայմանը: Լև Տրոցկին էլ, ի պատասխան դրան,  առաջ է քաշում ընտանիքի ամրացման նոր բանալին՝ լվացքատների, դպրոցների, մանկապարտեզների, սննդի հասարակական կետերի բացումը:

Ադո Ադոյանը որպես երիտասարդ լրագրող մանրամասն նկարագրում է մի դրվագ, թե ինչու պիոներական ժողովի ժամանակ 13-14 տարեկան աղջիկները լքում են դասասենյակը և չեն մասնակցում ժողովին: Պարզվում է, որ նրանց «նշանածները»՝ կոմսոմոլիստները, չեմն թույլատրում նրանց դառնալ պիոներ: Եվ հենց այդ հարցն է հուզում Ադոյանին: Ինչո՞ւ այդ աղջիկները չպիտի լինի պիոներ, մանավանդ եթե նրանք այդ ցանկանում են: Եվ վստահորեն պահանջում է համառ և հետևողական պայքար հին նահապետական բարքերի՝ «հին գյուղերի նիստ ու կացի», «հնի մնացորդների» դեմ:

Սույն տեքստում ներհակ կառուցվածքային համակարգ է. մի կողմից ազդակը հին նահապետական ավանդույթներն են, մյուս կողմից՝ կոմունիստական իրականությունը: «Գյուղական տիպիկ ամաչկոտությամբ», «նշանած», «չի թողնում ժողովի գա», «հին գյուղի հին նիստ ու կաց», «հնի մնացորդներ» բառակապակցությունները ակտիվ հակադրության և պայքարի մեջ են նոր իշխանական համակարգի տարած այնպիսի գործողությունների հետ, ինչպիսիք են պահանջելը, գրել տալը, երկար ու համառ կռիվ մղելը: Արդյունքում հինն ու նորը միանում են՝ կնոջ՝ հասարակական կյանքին ներգրավվելու հարցին վերջնական որոշում տալու համար: «Մի՞թե պիոներ կամ կոմսոմոլ գրվող «նշանածը» դադարում ե կոմյերիտականի համար «նշանած» լինելուց»,- հարցադրում է Ադոյանը: Այս հարցի կարևորությունը նրանում է, որ Ադոյանը հնարավոր է համարում հնի ու նորի գոյակցումը այս խնդրի շուրջ: Եվ հենց այս հարցադրման մեջ էլ բացվում է սիրո առարկայի թեման: Ու՞մ կամ ի՞նչն է «սիրում» սերը. կնոջը որպես ֆիզիկական և ֆինանսական օբյեկտի՞, թե կնոջը՝ իր հասարակական դերով հանդերձ: Բնականաբար, Ադոյանի պայքարը առաջին ընտրության դեմ է, սակայն երկրորդ ընտրությունը, որին և տանում է նա իր ագիտպրոպային գործունեության ընթացքում, շաղախված է հին ավանդույթների հետ հաշվի նստելու, դրանց հետ բանակցելու, դրանց ընդդիմանալու կոչերին նույնպես: Նույնպիսի մի նահապետական գյուղից էլ սերում էր Ադոյանը, ում համար առավել քան էական խնդիր էր հաղթահարել սեռային անհավասարության հարցը: Այդ անհավասարության պատճառով քանդվում են առաջին հերթին ընտանիքները, որը խաթարում է երեխաների հոգեկան կյանքը և աշխարհայացքը: Այդ թեմային արդեն առավել համապարփակորեն կմոտենա Ադոյանը, երբ կստանձնի Սիրո և ընտանիքի էվոլյուցիան երկհատորյակի գաղափարային կառուցվածքի ստեղծումը:

Հրապարակվում է ըստ` Ադո, «Համառ ու տեվական պայքար հնի դեմ», Ավանգարդ, 11 հունիսի, 1925:

 

Համառ ու տևական պայքար հնի դեմ

Մտնում ես գյուղը: Պիոներները քեզ առաջնորդում են դպրոց:

Զանգը տվեց, բոլորը յեկան դասարան: Կոլլեկտիվավարը հայտարարում ե՝

— Հընգերներ, պիոնի ժողով կա. պիոների մնան, իսկ են մնացածը թող գնան:

Դասարանի վերջին նստարանների վրա նստած 13–14 տարեկան աղջիկները գյուղական տիպիկ ամաչկոտությամբ դուրս են գալիս: Դուրս յեկողներից մեկին հարցնում եմ.

— Ընկեր, դուք ինչո՞ւ պիոներ չեի՛:

Պատասխանը լինում ե՝

— Յես իմ:

Կոլլեկտիվում մնացին փոքրիկ աղջիկները: Հետաքրքրվում ես և պարզվում ե, վոր այդ «յես իմ»–ի տակ շատ բան կա թագնված: Դրությունը ցույց ե տալիս, վոր գյուղի 13 տարեկանից բարձր աղջիկների 80 տոկոսը նշանված ե:

Մեկը ականջիս փսփսում ե.

— Գիտես, հընգեր բիրովի նախագահ, դրա նշանածը կոմսոմոլիստ ե. հինչ անում ենք, չի թողնում ժողովի գա, պիոներ գրվի:

Բայց մի՞թե չի կարելի պահանջել, վոր կոմյերիտականները իրենց «նշանածներին» պիոներ կամ կոմսոմոլ գրել տան, մանավանդ, վոր իրենք «նշանածները» այդ ցանկանում են:

Մի՞թե պիոներ կամ կոմսոմոլ գրվող «նշանածը» դադարում ե կոմյերիտականի համար «նշանած» լինելուց:

Չե, մեր կոմյերիտականների մեջ դեռ շատ բան կա, վոր ժառանգություն ե մնացել հին գյուղի հին նիստ ու կացից:

Մեր միությունը դեռ բավական յերկար ու բավական համառ կռիվ պիտի մղի այդ հնի մնացորդների դեմ:

ԱԴՈ.