Կոմունիստի անմար սիրո ողբերգությունը. Ադո Ադոյանի սիրասեռային ազատագրական օրակարգը

 

20-րդ դարասկզբից հայ արդիականությունը զգալիորեն հատկանշող որբական փորձառությունը Ադո Ադոյանի պարագայում իր դերն է  կատարել սիրասեռային և ընտանեկան կյանքը գիտական հիմքերի վրա ուսումնասիրելու գործում: Ընտանիքին ու սիրուն վերաբերող նրա հետազոտությունը` երկհատոր Սիրո և ընտանիքի էվոլյուցիան աշխատությունը, բացահայտում է արդիության և որբության այս փոխհարաբերությունը բեկված` կոմունիստական աշխարհայացքի լուսակում:

Ցեղասպանություն ապրած որբն ու ստալինյան աքսորը վերապրած կոմունիստն իր հետաքսորական կյանքի գործն է համարում սիրասեռային կյանքի ուսումնասիրությունը, որի հանրայնացմամբ և մասսայականացմամբ ի վերջո հնարավոր կլիներ արմատախիլ անել  նահապետական կյանքի մնացուկները:

Երկհատորյակը տպագրվել է 1968 և 1972 թվականներին: Հրապարակվող վավերագիրը լույս է տեսել 1962-ին, ինչը վկայում է, որ Ադոյանը մի ամբողջ տասնամյակ աշխատել է թեմայի մշակման վրա, իսկ 1970-ականներին հիմնականում զբաղվել այդ ծավալուն նյութի ներկայացմամբ բուհերում,  ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրմամբ ու թեմայի խրթին կողմերի հանրային քննարկմամբ: Հետաքրքրական է, որ 1960-ականներին  սեռավարակային հիվանդությունները հատկապես տարածվում են ԽՍՀՄ-ում:  Այս հետնախորքին է նաև հասունանում գիրքը հրատարակելու պահանջը: Սիրո և ջերմության պակասի հարցը բարձրացնող հեղինակը, նախկինում որբ կոմերիտական, դառնում է հետստալինյան խորհրդային Հայաստանի հանրային ոլորտում սիրասեռային կյանքի ու ընտանիքի թերևս ամենանշանակալի խոսնակը:

Հրապարակվող վավերագրի սույն հատվածում Ադոյանը մատնացույց է անում «հին ընտանիքի» մնացուկները խորհրդային Հայաստանի հասարակական կյանքում հակառակ` սեռերի հավասարության, կնոջ իրավական ու սոցիալական ազատագրման պաշտոնական օրակարգին: Թեև Ադոյանը կոչ է անում հաղթահարել նահապետական կյանքի մնացուկները և ինքն անողոքաբար ու անկեղծորեն կռվում է դրանց դեմ, վավերագիրն ինքը մի հեգնոտ, բայց և ողբերգական վկայություն է ավանդված մշակույթը քաղաքական բարձր չափանիշներով ու միջամտություններով անողոքաբար փոխելու մոտեցման հետ կապված լուրջ խնդրահարույց լինելու մասին, հատկապես երբ այն ընթերցվում է այսօր` Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ չկա հեղափոխական պետական նախագիծը և կա ժամանակակից կենսակերպերի հետ սերտաճած ավանդական վարքուբարքը:

Հրապարակվում է ըստ` Ադո Ադոյան, «Հարց մեր հանապազօրյա», Լենինյան ուղիով, 11 նոյեմբերի, 1962, էջ 52-54:

 

Վարդերը դեռևս փշոտ են

Բայց և այնպես, ամենահոտավետ վարդերը փշերով պատած դեռևս բուրում են ու թոշնում: Քառասունհինգ տարին աննշան ժամանակ է ընտանեկան և ամուսնական հարաբերւթյունների կատարելագործման համար։ Ճիշտ այնպես, ինչպես վաղ գարնանը ընկուզենու կատարին երևում են մի քանի չորացած «ընկույզներ», այնպես էլ ընտանիքում դեռևս մնում են շոշափելի բաներ հին կյանքից։ Այսպես, օրինակ, դեռևս ամուսինների մի մասը չի հանդուրժում կնոջ արտաընտանեկան աշխատանքը և զանազան ձևերով փորձում է նրան վերադարձնել խոհանոց։ Որոշ բախումներ ծագում են սրանից։ Դժբախտաբար քիչ չէ այն տղամարդկանց թիվը մեզ մոտ, որոնք կնոջ հիմնական և միակ ֆունկցիան մանկածնությունն են համարում։ Ավելի քան կես դար առաջ շվեդուհի Էլլեն Քեյը ևս համառորեն պրոպագանդում էր կնոջ վերադարձը խոհանոց, ասելով՝ կինը կոչված է տաղանդներ ծնելու, բայց ոչ իր տաղանդն օգտագործելու։

Սա մեր ուղին չէ։ Մենք ասում ենք, որ կինը չի կարող օգտվել ռևոլյուցիայի բարիքներից, եթե նա տնտեսական, հասարակական և կուլտուրական մարզերում տղամարդու հետ հավասար չընթանա։ Առանց մանուկների հասարակական դաստիարակության ընտանիքը լիակատար երջանիկ լինել չի կարող։ Ինչո՞ւ։ Որովհետև խոհանոցը կնոջ կյանքի ու թարմության չորանոցն է։ Դրա համար Լենինը կշտամբում էր այն կոմունիստներին, որոնց չէին օգնում կանանց խոհանոցային գործերում և տանն իրենց պահում էին կարգադրողի դերում։ Նա ասում էր. Կնոջ իսկական ազատագրումը, իսկական կոմունիզմը կսկսվի միայն այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ կսկսվի մասսայական պայքարը (պետական իշխանությանը տիրապետող պրոլետարիատի ղեկավարությամբ) տնային այն մանր տնտեսության դեմ, կամ ավելի ճիշտ՝ նրա մասսայական վերակառուցումը որպես խոշոր սոցիալիստական տնտեսություն (տես, Երկեր, հ. 29, էջ 526)։

Ահա թե որն է մեր ընտանիքի զարգացման ուղին՝ հասարակական սննդի, մանուկների խնամքի ու կրթության հասարակական կազմակերպումը։ Եվ այդ նպատակով էլ պարտիան ու կառավարությունը միջոցներ չեն խնայում այն բարելավելու համար։ 1940 թվականի 24 հազարի փոխարեն, 1960 թվականին ՍՍՌՄ-ում գործում էին 43,6 հազար մանկապարտեզներ ու մսուր-պարտեզներ։ Հասարակական սննդի, լվացքատների ցանցի ծավալումը գալիս է վերջնականապես թեթևացնելու կնոջ վիճակը տանը։ Եվս երկու տասնամյակ և մանուկների ու ծնողների կյանքը մեր երկրում կդրվի այնպիսի բարձրության վրա, որը մեզ համար դժվար է երազել։

Նոր ընտանիքին հաճախ ճնշում են հին սովորությունները. տանը կազմակերպված խնջույքներին սպասարկում են միայն կանայք, որոնք սեղան չեն նստում։ Որոշ ծնողներ դեռևս շարունակում են հարս ու փեսա ճարել որդիիների ամուսնությունը «նպատակահարմար» գլուխ բերելու համար։ Կան ամուսիններ, որոնք գերադասում են տղան աղջկանից և վերջինս ծնվելու դեպքում անվերջ կշտամբում են կնոջն այդ «պակասության» համար։ Ոմանք առանց արժեքավոր օժիտի հարս չեն ուզում։ Բազմաթիվ ամուսիններ ստիպում են կանանց ապրել իրենց ծնողների հետ մի հարկի տակ։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ վերականգնվում է տնային ստրկությունը՝ երիտասարդ հարսը դառնում է տեգրոջ ու սկեսրոջ աղախինը։ Եթե ոչ, բացվում է կռիվների շարանը։ Այստեղից էլ բազմաթիվ ապահարզաններ։

Դեռևս զգալի է այն տղամարդկանց թիվը, ովքեր անհարմար են զգում շուկա գնալ, դա կանացիական գործ համարելով։ Որոշ ծնողներ շտապում են աղջկան մարդու տալ, բայց ոչ բարձրագույն կրթություն։ Ամուսնալուծությունների զգալի մասը հետևանք է այն բանի, որ ծնողները պսակում են զավակներին հակառակ նրանց սիրո հակումների։ Այստեղ դեր են խաղում գույքային, նյութական, կարիերիստական և սնափառության նկատառումները։ Կան և դեպքեր, երբ ոմանք ամուսնանում են բռնությամբ։ Հաճախ ընտանեկան անդաստանում հանդիպում ենք ալկոհոլով տառապողին և ամուսնական սովորական դավաճանողին։ Կան որոշ կանայք, որոնք հաճույքով օգտվում են վարձու աղախինների աշխատանքից և ազատվում տնային հոգսից։ Սա ևս հին ընտանիքի ստվերն է։ Այս և մի շարք ուրիշ երևույթներ, որոնք ժառանգել ենք անցյալից, խանգարում են մեր քաղաքացիների ընտանեկան երջանկությանը։