«Կոմունիստ ընկերների նկատմամբ կատարված թերացումը». Աշոտ Հովհաննիսյանի դիմումը 

 

1950-1960-ականներին Աշոտ Հովհաննիսյանը շարունակեց ստալինյան բռնաճնշումներով ու աքսորով ընդհատված իր գործուն պատմաբանությունը: Խրուշչովյան «ձնհալի», ապա բրեժնևյան «լճացման» պայմաններում Հովհաննիսյանի հետաքսորական կյանքն ու գործունեությունն ինքնին վեր էին հանում 1920-ականների պատմաքաղաքական ավանդույթը: Այդ ավանդույթն էր, որ 1930-ականներին ջնջվել ու մոռացման էր տրվել Ստալինի ու ստալինիզմի կողմից

Ստորև ներկայացվող վավերագիրը 1967-ին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ծատուր Աղայանին ուղղված Աշոտ Հովհաննիսյանի դիմումն է: Դիմումում Հովհաննիսյանն իր «պարտքն է համարում» հիշեցնելու Աղայանին այն կոմունիստ գործիչների անունները, որոնք Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու օրից մինչև 1927 թվականը ներառյալ խոշոր ներդրում են կատարել «սոցիալիստական շինարարության» գործում: Այդ գործիչների անունները, սակայն, ինչպես նշում է Հովհաննիսյանը, մամուլի էջերում համապատասխան կերպով չեն նշվել, կամ նրանց հիշատակը չի հավերժացվել պետական որևէ ակտով: Այս կերպ, Հովհաննիսյանի ներկայացրած ցանկն այլ բան չէր, քան այն գործիչների անունների ու նրանց գործի վերականգնում, որոնք ստալինյան քաղաքականության ու պատմագիտության հաստատման արդյունքում «ջնջվել» էին մեր պատմությունից: 

Ստալինիզմի հաստատմամբ 1920-ականների պատմությունը մնացել էր «չգրված», ավելին՝ քաղաքական հրահանգով կեղծակերպվել էր ստալինյան պատմագիտության կողմից: Բայց Հովհաննիսյանը պատկանում էր հենց այդ «չգրված» պատմությանը: Նրա գործն ինքնին հաղթահարում էր ստալինիզմով հաստատված պատմական խզումը, քանի որ հետ էր բերում 1920-ականների պատմությունն ու այդ պատմության գործորդներին: Պատմությունը վերականգնելու, պատմական շարունակականությանը հավատարիմ մնալու այս մոտեցումն էր հենց, որ 1950-1960-ականներին, ի դեմս Հովհաննիսյանի, բացահայտում էր նախաստալինյան 1920-ականների պատմաքաղաքական ավանդույթը: Այս կերպ, կոմունիստ ընկերների անունների վերականգնումը քայլ էր շտկելու հայաստանյան պատմագիտության թույլ տված «թերացումը»:  

Հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 528:   

 

 

Մարքսիզմ – լենինիզմի ինստիտուտի դիրեկտոր

                                    Ընկ. Ծ.Պ. Աղայանին

 

Պարտք եմ համարում Ձեզ հիշեցնելու Հայաստանում Սովետական կարգեր հաստատելու օրից մինչև ներառյալ 1927 թվականը գործող այն կոմունիստ ընկերների անունները, որոնք հանրապետական չափանիշով ծավալած իրենց աշխատանքներով խոշոր ներդրում են կատարել սոցիալիստական շինարարության մարտում, առանց որ համապատասխան կերպով նշված լինի նրանց անունը մամուլի էջերում կամ փոխհատուցվ[ի] նրանց հիշատակը հավերժացնող պետական որևէ ակտով:

Իմ կարծիքով Հոկտեմբերյան հեղափոխության առաջիկա հիսուն ամյակը լավագույն առիթն է տալիս շտկելու վարը հիշատակված ընկերների, ինչպես նաև իմ կողմից ևս թերևս շրջանցված ընկերների նկատմամբ կատարված թերացումը:

  1.     Արամայիս ԵրզնկյանՀողժողկոմ
  2.     Արամ Իվանյանպարենավորման ժողկոմ
  3.     Սիմեոն ԼազարյանԱռժողկոմ
  4.     Արմենակ ԿարագյոզյանԺողտնտեսության նախագահ
  5.     Վասակ Պողոսյանֆինժողկոմ
  6.     Եֆիմ Գենկինֆինժողկոմ
  7.     Նիկոլայ ԿուրսելՀայկոպի նախագահ
  8.     Գագիկ Պեճիկյանկոպերատոր
  9.     Սերգեյ ՄարտիկյանԺողտնտխորհի նախագահ
  10. Հայկ ԱզատյանՊրոֆմիությունների նախագահ
  11. Պետյա Կուզնեցովնույնպես նաև կենտկոմի քարտուղար
  12. Հայկազ ԲալյանԺողտնտխորհի նախագահի տեղակալ
  13. Սուրեն Շադունցջրային տնտեսության պետ
  14. Հովսեփ Պողոսյանպետպլանի նախագահ
  15. Արսեն ԵսայանՇիրկանալի կառուցման ղեկավար
  16. Արամ ՇահգելդյանԵրևանի կոմիտեի քարտուղար և մի շարք գավկոմների նախագահ
  17. Ռուբեն Սաֆարյանգյուղբաժնի դիրեկտոր
  18. Մարտին Սահակյանկոմունալ բաժնի դիրեկտոր
  19. Երեմ Բակունցկենտկոմի քարտուղար
  20. Գրիգոր Մեհրաբյաննույնպես
  21. Աշոտ Քարամյան կենտկոմի կազմբաժնի վարիչ
  22. Ֆլորա Վարդանյանկինբաժնի վարիչ

 

1967 թ. հունիսի 26-ին
Աշոտ Հովհաննիսյան