«Դիլիջան, երրորդ որբանոց, շատ մեծ պատճառներ ունեմ ես քեզ չմոռանալու և չեմ մոռանա: Ես քեզ չեմ մոռանա հենց թեկուզ այն պատճառով, որ մի գիշեր, երբ բոլոր որբերն օրորվում էին Մորփեոսի գրկում, ես վեր կացա անկողնուցս, հագնվեցի և գողի պես դուրս սողացի ննջարանից: Ես զգուշությամբ սերտարան մտա, վառեցի լույսը և սեղանի վրա դրի իմ տետրակները: Քիմիական թանաքի բուրմունքը շոյեց իմ ռունգները, և ես ասես այդ բուրմունքով էլ հարբած, գրեցի իմ առաջին բանաստեղծությունը, «Հայրենիք» վերնագրով և հայրենիքի մասին: Երբ առավոտը բացվեց, որբերից ոչ մեկը տեղյակ չէր, որ գիշերը կատարվել է մի մեծ, շատ մեծ իրադարձություն… Երբ բացվեց առավոտը, ես նայեցի իմ ընկերների վրա, և ինձ թվաց, որ ես, եթե ոչ երկու, գոնե մի գլխով բարձր եմ իմ ընկերներից… և այդ հրաշքը կատարվեց ընդմենը մի գիշերվա ընթացքում»,– գրող դառնալու իր հանագմանքների մասին այսպես է հիշում Մահարին 1964 թ. («Ինքնակենսագրական», Երկերի լիակատար ժողովածու, հ. 1 (Երևան: Անտարես, 2013), էջ 11): Մահարու այս խոստովանությունն ուշագրավ է երկու առումով: Պատանի որբը հասակ է առնում հայրենիքի մասին բանաստեղծություն գրելով և այդ «հրաշքը» պատահում է ամերիկյան խնամատարությանը հանձնված որբանոցում:
Նույն թվականին գրողը սրտառուչ մի բանաստեղծություն է հրապարակում Սովետական գրականություն ամսագրում` «Բալլադ կատվի մասին» (1964, թիվ 1): Վերհիշելով ընտանեկան կատվին և հատկապես ուշադրություն դարձնելով նրա պոետիկ խառնվածքին` նրա միջոցով Մահարին փորձում է մոտենալ 1960-ական թթ. կորսված հայրենի աշխարհին գրականությամբ փրկելու իրեն հուզող հարցերին: Ի տարբերություն ինքնակենսագրական խոստովանությանը, բալլադը հակառակ ծայրից է մոտենում բանաստեղծական փորձառությանը: Կատուն հրաժարվել էր հեռանալ հարազատ աշխարհից ու գրողի պատկերացմամբ անհուշ-անհիշատ կորել փլուզված աշխարհի ավերակներում: Սա է, որ որպես փրկվածի՝ հանգիստ չէր տալիս Մահարուն 1960-ական թթ. Այրվող այգեստանների վրա աշխատելու շրջանում և հայրենի աշխարհն անհետ կորստից գրականությամբ փրկելու նրա ոգորումներում առանցքային նշանակություն ձեռք բերում:
Ինքնակենսագրական պատառիկն ու հարազատ ընկերոջը՝ կատվին նվիրված բալլադը Մահարու որբական փորձառության երկու երեսներն են բացում: Եթե ինքնակենսագրական պատառիկում հայրենիքը հանգուցային նշանակություն է ձեռք բերում, երևակայական տունդարձի ու նրա պատերի ներսում «բնականորեն աճելու» համատեքստում ընդլայնում պատանու ցանկությունների հորիզոնը, ապա փլուզված հայրենի աշխարհը սգացող բանաստեղծը վերջինիս ավերակներում փակվելու վտանգի առաջ էր կանգնած: Այս երկու բևեռների միջև լարումներում էր ծնունդ առնում Այրվող այգեստաններ վեպը` որպես անհետ կորած հայրենի աշխարհի կենդանի հուշակոթող:
Հրապարակվում է ըստ` Սովետական գրականություն, 1964, թիվ 1, էջ 57: Ընդգրկված է նաև Մահարու Երկերի լիակատար ժողովածուում (հ. 1, Երևան: Անտարես, 2013, էջ 557-558):
Բալլադ կատվի մասին
Այսօր նորից մանկության, մեր տան կատուն եմ հիշել,
Կատուներ շատ եմ տեսել, մեր տան կատուն ուրիշ էր…
Սպիտակ էր, մի աչքը ասես ուլունք էր կապույտ,
Մյուս աչքը դեղին էր,– երազող էր ու անփույթ,
Նա կարող էր ժամերով նստել այգու տան սեմին
Ու հետևել ոսկեփայլ բզեզների պարսերին:
Կամ ունկնդրում էր երկար թռչունների երգերին,
Մլավում էր մեղմանուշ, բանաստեղծ էր երևի…
Թողած բարձերը փափուկ գիշերում էր նա դրսում,
Հաճախ անձրև էր ուտում, մռմռում էր ու մրսում:
… Երբ գաղթ եղավ ու փախուստ դրինք սայլին մենք նրան,
Նա բողոքեց դառնաղի, սայլից թռավ ու կորավ…
Չուզեց, չուզեց երևի թողնել տունը հայրենի,
Ուր ծնվել էր, մեծացել, ուր սովոր էր վայրերին…
Բանաստեղծ էր, չգիտեր շուրջը ինչ է կատարվում,
Որ թշանամին է գալիս, որ քաղաքն էր դատարկվում:
Կամ գուցե նա կարծում էր ծիծաղում ենք, կատակում…–
Ու բարկացավ ու փախավ թեթևամիտ իմ կատուն:
Ախ, բանաստեղծ իմ կատուն մնաց այն մութ աշխարհում,
Ուր ավեր կար ու ավար ու մահացո՛ւմ ու արյո՛ւն:
Ի՞նչ մահով նա մահացավ, չկա թուղթ ու հուշագիր,
Եվ որտե՞ղ է նա թաղված, ո՞վ կարող է գուշակել:
Մնաց այնտեղ իմ կատուն, ոճիրների լուռ վկա,
Ականատեսը միակ, որ եղել է ու չկա…
Կամ գուցե նա պահել է ավերակում մեր հին տան
Իր ճանկերով գրոտած դանթեական մի մատյան…
Բայց ասում են, որ չկա, չի թողել նա ոչ մի թուղթ,
Ու մեռել է մի գիշեր ահավորած իմ կատուն…
Այնտեղ մահն է սավառնում աշխարհն առած թևերին,
Չերգեց, մեռավ իմ կատուն… լսող չկար երևի…