1850-ականների վերջին ապագա հայտնի գյուղագիր վիպասան Պերճ Պռոշյանը նոր էր ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու սկսել իր ուսուցչական գործունեությունը։ Ներկա վավերագիրը ժողովրդի կրթության բարձր նպատակին լծված նորավարտ ուսուցչի հրապարակած առաջին գրական ստեղծագործությունն է։ 1859-ին Մեղու Հայաստանի պարբերականում լույս տեսած այս բանաստեղծության մեջ «Հայի տղան»՝ Պռոշյանն ինքը, իմանում է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ վրաց հարսնացու, հավատի նահատակ Շուշանիկի դառը բախտն ու եղբոր հետ գնում «կորած քուրիկին» տեսնելու։ Դարերի հեռավորության մեջ հաստատված այս ընտանեկան կապը բանաստեղծության մեջ ամրացած է գրողի լեզվի ժողովրդական շեշտով. հերոսն ու կորած քույրն իրենց զգացմունքներն արտահայտում են հայ ընթերցողին ծանոթ ու սրտամոտ ձևերով՝ իրար «հոգուն մատաղ» լինելով, իրար համար տապակվելով։
Մտերիմ ընտանեկան այս կապի մեջ է Պռոշյանը դնում հայ եկեղեցու սուրբ զորավարի նահատակ դստերը, ով իր հայրենակիցներին ու «հայ աղջկանց» պատգամում է, որ «զարթին քնէն ուսմանց հետևեն»։ Կրթությամբ ժողովրդին արդիացնելու, արթնացնելու գրողի լայն նպատակն է խոսում Շուշանիկի բերանով, ում ընտրությունը թերևս պատահական չէ. մի քանի տարի անց արձակագիրը կհիմներ «ամբողջ Կովկասի հայոց աղջկանց կանոնաւոր անդրանիկ դպրոցը»։ Նոր կրթությամբ լուսավորվելու՝ հայերի՝ հինգերորդ դարից սկիզբ առնող ավանդույթն է, որ կապում է բանաստեղծության հերոսին իր Շուշանիկ քրոջ հետ՝ բանաստեղծական հնարքով ժամանակային հեռավորություն չթողնելով երկուսի միջև։
Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Յովհաննէս Պռօշ Աշտարակեցի «Առ անձկալին Շուշան դուստր Վարդանայ», Մեղու Հայաստանի, 18 ապրիլի, 1859 թ.։
Առ անձկալին Շուշան դուստր Վարդանայ
Էր բարեկենդան ամէն մարդ ուրախ,
ուտեն ու խմեն ասեն խաղ ու տաղ,
խարիր ու խազար երգեր ասելով
զուռնայ դաւուլով ‘ի գովունդ գան խաղ։
Ես մինակ սգով զինչ երկինք մթնած
քալեմ աստ ու անդ ամպած մրրած,
աչքերիս ակներ մէկ մէկ լիճ շինած
Վարդանայ սիրուն վառիմ բորբոքված։
Միտքս գայ էն օրն որ լուս հաւատին
ինքն զոհ եղաւ հետ խիստ շատերին,
զՇաւարշան դաշտն Տղմուտի զափներ
արժանի էրաւ իւր սուրբ արիւնին։
․․․․
Առի Եղիշին պատմութեան գրեր
բացի կարդացի զսիրտս էրօղ տեղեր,
Վարդանիս անդարձ ու իր ընկերնուն
առի ‘ի բերան զինչ շատխօս շայիր։
Տեսայ չ’դադրեց մղկտոց սրտիս
ուզեցայ ելնեմ ‘ի դաշտ, ‘ի մէրիս,
և ահա՛ տեսնեմ իմ հին մխիթար
ճաղատ ծեր Ծառուկն կացաւ առաջիս։
Աչեցի ‘ի դէմքն գունափոխ էր նա,
Արցունքով լացով ինձնէ ճոխ էր նա,
կռթընած յիւր ցուպ դողդոջուն ձեռօք
դադրեր, չ’էր կարայ զոտսն փոխել նա։
Է՞ր, ասեմ, ծերո՛ւկ, մատաղ եմ հոգուդ
է՞ր ես այլայլախ դէմքդ է՞ր է մութ,
գուցե ‘ի Շաւարշ Տղմուտի ափներ
Վարդանայ սիրովն ‘ի տե՞ս գնացեր։
Կամ գուցէ Հայոց սուրբ երկրներէն
խապրիկ մի ունիս անտէր որբերէն,
աճապ ի՞նչ տեսար, ի՞նչպէս կան նոքա.
ճառէ՛ մի՛ պահեր ինձ պէս շայիրէն։
Ախ Ծառուկի սիրտն էլաւ ու էլաւ
նեցուկ զիւր զցուպ ու ինձի կալաւ,
ո՛վ Հայի տղայ, ինձի նա ասաց,
զՇուշան տեսե՞ր Մետեխին յանձաւ։
Տեսե՞ր թէ օտրի հողի մէջ ընկած
անօրէն Վազգենի խաչովն չարչրված,
զինչ կարմիր լալզար արիւնաթաթախ
եղաւ նահատակ ‘ի ձեռքէն Վրաց։
Նա զիս առ հայեր Մետեխի բերդէն
բանբեր ուղարկեց արըններկ տեղէն,
ասաւ թէ գնամ առ քաղցրիկ իմ հայր
խնդրեմ անսասան պահել հայ զաշխարհ։
Ասաւ թող Հայերն իւրեանց հաւատին
հաստատուն կենան, պահեն ազգերնին,
զինչ քաղցրիկ իմ հայր զինչ նրա աղջիկ
մեռնին երբ պէտք գայ չ’անխայեն հոգին։
— Ծերուկ, քո հոգուն, արևուն մատաղ
Շուշան ‘ի Մետե՞խն կայ հիմի ‘ի թաղ,
չէ՞ Մցխեթին մէջ բազմած թագուհի
‘ի մէջ պալատան ապրէր բազմածախ։
Շատ սէրն Վազգենի է՞ր դարձաւ նախանձ
ճրագիկն Հայոց ‘ի Մետե՞խն է մարած,
Վրացիք մի՞թէ թուլացա՞ն հաւատէն
ինչպէս մեր Վասակ զօրէնքն փոխած։
․․․․
Կերթամ ու կերթամ լիզել զայն հողեր,
որ սուրբ Շուշանին է մահուն տեղեր
ձեռքերս բացած գամ քեզ ով Շուշան,
արնիդ թափված տեղն արցունքով ցօղել։
Ասեմ ու ելնեմ զինչ խենթ ու խենէշ
‘ի Մետեխն արագ վազեմ ‘ի տնէս,
զին հայրենակից հայրենասէր զեղբայր
առնում ու գնամ արագ արծուի պէս։
․․․․
Ասաւ գնանք դուռ ընկնինք ‘ի գետին
հող լիզենք ուստից զՇուշան տարին,
սրտերուս փափաք գէթ այսպէս առնենք
ե՞րբ է օգնել բաղդն մինչև օրս Հային։
Ծունկ չոքած մնացինք դուռն եկեղեցւոյն
աչքերս ուղղեցինք սև քարէ շեմուն,
Շուշանի՛կ , կանչենք, հայոց հարազատ
է՞ր մեզ չ’խղճաս, մատաղ քո հոգուն։
Քո թափած արնի հայ ազգի սիրուն
լսէ՛ մեր խնդիր Շուշանի՛կ սիրուն,
տե՛ս հայու որդիք մենք քեզ ընտանի
է՞ր դարձրեր զերեսդ կաս դու խոր ‘ի քուն։
․․․․
Բայց փութով սթափանք Շուշանայ էր ձայն
այն մեզ ցանկալի պարծանք հայ անուան,
ո՞վ էք դուք Հայեր, է՞ր միայն այսօր
գաք ինձի ‘ի տես և ո՛չ ուրիշ օր։
Մինչև ցարդ ականջս քաղցրիկ հայի ձայն
չ’էր լսեր երբէք, չ’գիտեմ կա՞յ նոր բան,
էս օր կանխկիկ ծեր Ծառուկն էկաւ,
բայց միայն ծնողքէս եղաւ պատմաբան։
Բօթեց թէ նրանք Շաւարշան դաշտում
զոհ եղան կրօնքին հայ ազգի սիրուն,
հազար երեսուն վեցն էլ նրանց հետ
արժանի եղան երկնային պատուոյն։
Բայց ասէք Հայե՛ր, քան զայդ չարգուշան
հանդէ՞պս է դիպել, կամ նեղվա՛ծ են Հայք,
հայոց տան վիճակ ա՞յն է որ թողի,
ե՞ն դեռ վիզ ծռուկ Պարսկին հպատակ։
Կամ ըսէք տեսնեմ պատճառ ձեր գալուն
ու աղիողորմ մղկտոց լալուն
ունի՞ք պատգամ դուք իմ հայոց տնէն
պատմեցէ՛ք մին մին, մեռնիմ ձեր հոգուն։
Հայք մի՞թէ իսպառ կորուսին զթագ
չէ՞ տուել Աստուած ձեզի մէկ նոր կեանք,
հայոց սիրունիկ ամօթխած աղջկունք
դեռ խլուի՞ն Պարսկէն, ընկնի՞ն ոտքի տակ։
Հայոց սրբակեաց էրեցք, քահանայք
որք իւրեանց օրէնք պահէին անքակ,
զխարազն հագած հսկէին զհօտ
ե՞ն այնպէս դեռ ժիր, տա՞ն ձեզի խրատ։
Մեր հարք հոգևորք Յովսէփ, Ղևոնդ, Սահակ,
ծեր Ծառուկն կ’ըսէր, առին զպսակ,
որք ‘ի տեղ նոցա հիմի կ’դիտեն
նրանց հաւատին ուսման հաւսա՞ր են։
Ու թէ այլ ինչ կայ մի՛ պահէք, ասէք
զձեր կորած քուրիկն մխիթարեցէ՛ք,
հերիք չ՛եղաւ ինձ լսած բօթերս,
զՀայոց վիճակն կարգաւ ասացէ՛ք։
— Աւա՜ղ մի՛ կարծեր, թէ մեք բանբեր գամք
կամ ‘ի հայրենիքդ գտնուին նոր բանք,
զի Հայոց ճակտին Աստուած գրեր է
տանջիլ հեթանոս տերանց ձեռի տակ։
Հայաստան չէ այն ինչ որ դու թողիր
քո օրէն ցայսօր հազար գամ փոխուեր ,
կացին թագւորներ կրկին վար ընկան,
զինչ ծակուած աման ուր չ’մնան ջրեր։
Քո ազգ ընտանի քո անբաղդ եղբարք
քիչեր կ’գտնաս Հայ երկնքի տակ,
ըմէնք թողեր գնացեր սաղ աշխարհ բռնել
օտար օդ ծծեն, այլ օրէնքի տակ։
Աշխարհիս ծայրէն գնա՛ մէկէլ ծայր
չ’ըլնիր երբէք տեղ որ չ’ըլնի անդ Հայ,
ա՛խ, Հայի լեզուն չէ մնացեր մէջնին
կրօնքով ճանչուին թէ են միայն Հայ։
Ուր տիրեն թագւորք քրիստոնեայք սուրբք
Հայերին խղճան ու էնեն մեծ գութ,
իսկ ուր բարբարոսք ու խաւարասէրք
վա՜յ հայի օրին պատէ նրանց մութ։
Հայոց սուրբ հովիւք էլ չեն քո տեսած
շատեր նրանցից հաւտէն են թուլցած,
սուրբ ուսմունք մէջնին երբէք չ’գտնես
զՔրիստոսի սէրն իսպառ են մոռցած։
Սակայն մէջերնին լաւեր չե՛ն պակաս
արք զիւրեանց օրէնք պահեն անպակաս,
և սուրբ ուսմունքէն բաւական տեղեակ
հսկեն զիւրեանց հօտ որ չ’ըլնի վնաս։
‘Ի լուսւոր երկիրս Հայք են լուսաւոր
ուսմունք գիտութիւնք ունին կարևոր,
Հայոց ճրագն ահա՛ մերձ է ‘ի վառիլ,
Հայն հիմի գտեր, քալէ ճամփով նոր։
Ահա քեզ քուրիկ, Հայոց Շուշանի՛կ
Հայոց անց ու դարձ էրի քեզ կարճիկ,
իսկ թէ է՞ր այսօր միայն գամք առ քեզ
Ծառուկէն իմցանք, թէ ես յայս տեղիկ։
Շուշանիկ երբ որ զիմ խապրիկ լսեց
վասն նեղութեանց ցաւեց աւաղեց,
բայց վերջին բանիւ քիչմ’ սիրտ առաւ
ու մեզ տապանէն այս պատուէր տուեց։
Իմ քաղցր եղբա՛րք, թէ զիս կու սիրէք,
հեռու Հայերուն իմ բան պատմեցէ՛ք,
թո՛ղ զարթին քնէն ուսմանց հետևեն
լեզուն ու կրօնք սուրբ սիրով պահեն։
զԾառուկն ղրկեցի իմ եղբարց իմ մօր
ու Հայ աղջկանց տալ վերջին բարով,
իսկ զձեզ ղրկեմ օտար երկիրներ
իմ բաներս ասել ողջ հայոց, կարգով։
Ես մօտիկ Հայոց կ’աչքեմ բոլորից,
զԱստուած կ’աղերսեմ պահել փորձանքից,
յայս ծայր քարափիս, յայս օտար տեղում
թևիս տակ կ’առնեմ կ’ազատեմ չարից։
— Մնաս դու բարով, քաղցր ի՛մ մեր Շուշան
այս օտար երկրում պարծանք Հայ անուան,
մենք երկու եղբարք կ’երթանք հեռու տեղ,
Հայոց կըպատմենք ինչ որ է քո բան։
Կեցցէ՛ հա՛ կեցցէ՛, կեցցէ յաւիտեան
Շուշանիկն ‘ի Մետեխն կեցցէ՛ մեզ պաշտպան,
իսկ մեք բոլոր Հայք սիրով միաբան
Հաստատուն պահենք Շուշանի հրաման։