Հայոց միապետականության պատկերը 19-րդ դարասկզբի ռուսահայ մտավորական ավանդույթում. Արզանով եղբայրների լուսավորական նախագիծը

 

 

Նախաբան

 

Պետության ու պետականության մասին մերօրյա պատկերացումները մեծապես խարսխված են 19-րդ դարի հայ մտավորականների լուսավորական իդեալների վրա: Այս առումով մասնավորապես հետաքրքրական մի ավանդույթ է դարասկզբի ռուսահայ գործիչների շրջանակը, որը կենտրոնացած էր Մոսկվայում գործող Լազարյան ճեմարանի շուրջը: Վերջինիս կրթական ու մշակութային գործունեության մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում հայկական աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը, որում ներգրավված էր ոչ միայն ուսուցչական, այլև աշակերտական կազմը: Հայկական աղբյուրների հիման վրա հայոց պատմական նշանակալի իրադարձություններն ու հայ թագավորների գործերը վեր հանելու փորձերը նպատակ ունեին պատշաճ տեղ հատկացնելու հայոց պատմությանը արդի լուսավորյալ աշխարհում և ցույց տալու դրանում հայերի՝ որպես պետականություն և մշակույթ ունեցած ազգի նշանակությունը ներկայում:[1]Սույն հետազոտական աշխատանքն իրականացնելիս նշանակալի են եղել «Մշակույթ և արդիականացում» հետազոտական թիմի՝ Աշոտ Գրիգորյանի, Նարե Սահակյանի, Իրինա Շահնազարյանի, Լուսին Շաբոյանի, Վարդան Ազատյանի բազմակի դիտարկումներն ու առաջարկները: Առանձնակի երախտապարտ ենք Աշոտ Գրիգորյանին՝ տարաբնույթ հարցեր ու խնդիրներ քննարկելու, հետազոտական տեքստը մշակելու, գիտական խմբագրության, և առհասարակ հետազոտության ընթացքին հետևողական աջակցելու համար: Կարևոր է եղել հատկապես Մարիամ Դանիելյանի մասնակցությունը՝ ռուսաստանյան տարբեր արխիվների ու գրադարանների … կարդալ ավելին Այսպիսի մի փորձ էր 1827 թվականին Մոսկվայում հրատարակված Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գիրքը՝ ճեմարանավարտ երիտասարդ հայ մտավորականներ Դավիթ և Հակոբ Արզանով (Արզանյանց) եղբայրների հեղինակությամբ:[2]Яковъ и Давыдъ Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго (Москва: Семен Селивановский, 1827):

Գիրքը, որի ուսումնասիրությանն է ուղղված սույն հետազոտությունը, նպատակ ուներ 19-րդ դարասկզբին Ռուսաստանում լայն տարածում գտած եվրոպական պատմագիտական արդի մեթոդաբանությամբ շարադրելու հայոց պատմությունը՝ թագավորությունների ձևավորումից մինչև դրանց անկումը: Այն համալրված էր նաև հայ պատմական կերպարների ու վերջիններիս գահակալության ընթացքում տեղի ունեցած նշանավոր իրադարձությունների փորագրանկարներով:

Թե՛ պատմագիտական, թե՛ պատկերագրական տեսակետից գիրքը հետազոտողների շրջանում լուրջ ուշադրության չի արժանացել: Այդուհանդերձ, գրքի հանդեպ որոշ հետաքրքրություն է նկատվել խորհրդային կարգերի փլուզումից հետո. մեկ-երկու պատմագիտական հոդված և հպանցիկ անդրադարձ:[3]Տե՛ս Аким Арутюнов, «Об авторах книги и ее значении», ըստ՝ Яков и Давид Арзановы, Опыт написания истории Армянского царства: Древняя история (Ереван: Ваан, 1997), էջ 200-224; Հայկազ Հովհաննիսյան, «Հայոց պատմության քննական տեսության առաջին փորձերից մեկը Ռուսաստանում», Էջմիածին, 2002, թիվ 6-7, էջ 85-95; Նորայր Սարուխանյան, Հայ պատմագիտությունը XIX դարում և XX դարասկզբին (Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013), էջ 79; Сергей Саядов, У истоков русского арменоведения: историографический обзор (Ереван: ЕГУ, 2014), էջ 54-55: Առաջին անգամ գիրքը Հայաստանում հրատարակվել է ժամանակակից ռուսերեն փոխադրությամբ 1997 թվականին՝ նվիրված հայ-ռուսական բարեկամության 1000-ամյակին:[4]Տե՛ս Арзановы, Опыт написания истории Армянского царства: Древняя история: Հանդիպում ենք նաև գրքի՝ 2019, 2020 թվականների ռուսաստանյան վերահրատարակությունների:[5]История Армении (Москва: Best Gift, 2019), և История Армении (Москва: Best Gift, 2020) [գրքերի օրինակ մեզ հասանելի չի եղել], ըստ՝ https://shorturl.at/IOGGQ, և https://shorturl.at/Rek0R, այց՝ 14 դեկտեմբերի 2025 թ.:

Վերջին տարիներին ռուսաստանաբնակ հայերի շրջանում գրքի այս անդրադարձներն ըստ երևույթին հետապնդում են նույն նպատակը, ինչ 1997 թվի հայաստանյան հրատարակությունը՝ ի ցույց դնել հայերի՝ մերօրյա ռուսական պետության հետ վաղ ժամանակներից եկող սերտ կապը: Այս կապի խորությունը ներկայացնելուց զատ՝ 1997 թվականի հրատարակությունը պատրաստող գրող և հրապարակախոս Ակիմ Արուտյունովը կարևորում է գրքի քաղաքական նշանակությունը հետխորհրդային իրադրության պայմաններում: Գրքում նկարագրված հայկական նահանգների բաժանումները, ըստ նրա, կարևոր էին մասնավորաբար Ղարաբաղյան հարցը հօգուտ հայերի միջազգային հարթությունում քննելու տեսակետից:[6]Арутюнов, «Об авторах книги и ее значении», էջ 208-224:

Եթե որոշ հեղինակներ այս կամ այն չափով անդրադարձել են գրքի պատմագիտական կողմին, ապա պատկերագրական իմաստով այս գիրքն ամբողջությամբ դուրս է մնացել հետազոտողների ուշադրությունից, թերևս, կարծում ենք, այն պատճառով, որ գրքում տեղ գտած պատկերները չեն դիտարկվել որպես գրաֆիկական արվեստի արժեքավոր նմուշներ: 1968 թվականին արվեստաբան Մանյա Ղազարյանը 19-րդ դարասկզբի թիֆլիսահայ նկարիչ Մկրտում Հովնաթանյանի՝ հայ թագավորների դիմանկարների շարքի մասին արվեստաբան Գարեգին Լևոնյանի մոտեցման իր քննադատությունը կառուցում է Արզանովների գրքի պատկերների քննադատությամբ: Ըստ Լևոնյանի՝ Հովնաթանյանի այդ գործերը կատարված են սույն գրքի գրաֆիկական պատկերների հիման վրա:[7]М. Казарян, Художники Овнатаняны (Москва: Искусство, 1968), էջ 22: Ղազարյանի համոզմամբ՝ դրանք գուցե որոշ նշանակություն ունեցել են նկարչի՝ սյուժեի ընտրության գործում. «սակայն փորագրանկարներում, վերարտադրված այս հրատարակության մեջ, հայկական են, ըստ երևույթին, միայն անունները», իսկ Մկրտում Հովնաթանյանի գործերում «պատկերները ձեռք են բերում առավել ազգային գծեր»:[8]Казарян, Художники Овнатаняны, էջ 22: Զրկելով գրքում տեղ գտած գործերը ազգային դիմագծից՝ Ղազարյանն արժեզրկում է այս պատկերները ոչ միայն բովանդակության, այլև կատարման ձևի տեսանկյունից՝ հնարավորություն չտալով դրանք իրենց ժամանակի մեջ տեսնելու և ըմբռնելու համար:

Հայոց պատմությունը արդի պատմագիտական մեթոդով ուսումնասիրելու և այդ պատմությունը պատկերներով ներկայացնելու Արզանովների փորձի ուսումնասիրություն է, այսպիսով, մեր հետազոտությունը: Գիրքը լույս էր տեսել 19-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի՝ Կովկասը այլադավան տիրապետողներից ազատագրելու ռազմաքաղաքական իրադրության պայմաններում: 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմներում Ռուսական կայսրության հաղթանակներով ռուսական տիրապետությունը տարածվում էր ինչպես վրացաբնակ, այնպես էլ հայաբնակ մի շարք վայրերում: Բեկումնային այս դարասկիզբը հայ քաղաքական մտքի պատմության մեջ ըմբռնվում է իբրև բարենորոգումների մի շրջան, երբ քաղաքական նոր դրությունը պայմաններ էր ստեղծում մշակութային զարգացման համար:[9]Խորհրդային և հետխորհրդային հայ արվեստաբանական գրականության մեջ 19-րդ դարի սկիզբը դիտարկվում է որպես մի շրջան, որը պայմաններ էր ստեղծել հայ արվեստի՝ մասնավորապես դիմանկարային ժանրի ծաղկման համար: Այս մասին տե՛ս, օրինակ, Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, XVII-XIX, գիրք Ա (Երևան: Հայաստան, 1971), էջ 142-144; Ա. Աղասյան, Երևանի բերդի գրավումից հետո՝ 1827 թվականին, Նիկոլայ Առաջինը Թիֆլիսի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցուն ուղղված իր նամակում հորդորում էր «հայ ժողովրդին փոխանցել նրա հանդեպ կայսերական առանձնակի ողորմածությունը», որի «բարեբախտության ու անդորրության պարտավորությունն» էր ստանձնել կայսրը:[10]Հր. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, Հայ արվեստի պատմություն (Երևան: Զանգակ-97, 2009), էջ 267-270; Нелли Хачатрян–Паладян, Акоп Овнатанян и становление армянского искусства нового времени: Проблематика ранних стадий живаписного портрета (Ереван: Антарес, 2017), էջ 7-18: Հռչակ ողորմութեան աստուածազօր մեծափառութեան ինքնակալի եւ կայսերամենայն Ռուսաց Նիկողայոսի Առաջնոյ առ ազգս Հայոց որ ’ի Վրաստան (Տփխիս: Ուսումնարան Հայոց ընծայելոց յԱզնուական Գէորգայ Երեմեան Արծրունւոյ, 1827), էջ 1: Սա մի ժամանակաշրջան էր, երբ ռուս-պարսկական երկրորդ պատերազմը … կարդալ ավելին Այսպես՝ 19-րդ դարը կարծես բացվում էր հայերի համար խաղաղ ու ստեղծարար կյանքի խոստումներով, որոնց ընդառաջ էին գնում ռուսաց ցարի հովանավորությունը վայելող հայ հասարակական գործիչները:

Կայսեր հովանու ներքո հայերի կրթամշակութային կյանքի զարգացման հնարավորություն էին տեսնում Արզանով եղբայրները: Գիրքը ձոնված էր ռուսաց կայսր Նիկոլայ Առաջինին.

Ցանկանալով մեր ուժերի ու հնարավորությունների սահմանում լինել երախտապարտ զավակներ Մեծ Հայրենիքի, որ իր ամուր և բարերար պաշտպանության տակ է առել մեր եղբայրակիցներին և պարգևել կազմավորման (образования)[11]Այստեղ образование բառը երկիմաստ է, այն կարող է ըմբռնվել իբրև հայերի կազմավորման կամ համախմբման, ինչպես նաև իբրև կրթվելու հնարավորություն: Այնուամենայնիվ, տվյալ պարագայում առաջին իմաստն առավել մոտ է ընդհանուր համատեքստին: միջոցներ ու ձևեր, ռուսաց լեզվով կազմել ենք Հայոց թագավորության պատմությունը՝ քաղված հին ժամանակներից մինչև մեր օրերը հասնող հայտնի պատմագիրներից:[12]Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго, ընծայագիր, անթվակիր: Մեջբերումների այս և հետագա թարգմանությունները ռուսերենից՝ Աննա Համբարձումյանի: Տեքստի էջերին հետագա հղումները մեջբերումներից հետո՝ տողամիջում:

«Մեծ Հայրենիքում» ձևավորվող արդի իրականությունը եղբայրներն ըմբռնում էին որպես հայ մշակույթի ու դպրության զարգացման պայման և իրենց գիրքն իբրև «զոհ էին մատուցում» (приносимую жертву) կայսրին, որի «ամուր և բարերար հովանու ներքո գտնվելու» շնորհիվ էր հնարավոր դարձել նրանց աշխատանքի հրատարակումը (ընծայագիր, անթվակիր): Վերջինս, ինչպես արդեն նշվեց, մի փորձ էր ժամանակագրական կարգով գիտական արդի մեթոդաբանությամբ շարադրելու հայերի պատմությունը՝ առաջին քաղաքական կազմավորումներից մինչև թագավորությունների անկումը: Նախատեսված էր հրատարակել գրքի երեք մաս, որի առաջին երկու մասերը պետք է նվիրված լինեին, ըստ Արզանովների, «Հայկյան, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների թագավորություններին՝ մինչև Լևոն Վեցերորդի մահը», իսկ երրորդում նախատեսվում էր շարադրել «ներկա Հայաստանի աշխարհագրական և պատմական ուսումնասիրությունը և հայերի գաղթը աշխարհի այլ վայրեր, հատկապես Եվրոպա՝ ցույց տալով նրանց արդյունաբերությունն ու զբաղմունքները» (էջ XXI): Սակայն տպագրվում է միայն առաջին մասը՝ հասցնելով պատմությունը մինչև Արշակունիների թագավորության անկումը: Ինչպես երևում է, աշխատանքը պետք է ընդգրկեր նաև հայերի արդի կյանքի մասին տեղեկություններ, ինչը սակայն չի պսակվում հաջողությամբ, և մեր առջև է մի հատոր, որն ավելին չէ, քան հայերի պատմական մի քանի շրջանների՝ գիտական աշխատանք լինելու հավակնություն ունեցող մի ուսումնասիրություն:

Մեր հետազոտությունը, այսպիսով, փորձ է հասկանալու այն դրույթները, որ առաջ էին քաշում երիտասարդ հեղինակները հայոց պատմության իրենց գիտական շարադրանքում: Նրանք հայերի ազգային ինքնության կազմավորումը սկզբից ևեթ կապում էին միապետականության ձևավորման գաղափարի հետ: Հայկից էր սկսվում միապետական իշխանությունը, որը լավագույն կարգն էր հայերի համար, քանի որ այն ի սկզբանե պատմականորեն մշակութային բարեբեր կյանքի ձևավորման պայման էր: Հայոց լուսավորյալ անցյալը նշանակալի էր ըմբռնվում ոչ միայն ինքնին հայերի, այլև եվրոպական և արևելյան այլ ազգերի պատմությունը հասկանալու տեսակետից: Այս անկյան տակ հայկական աղբյուրները՝ մասնավորաբար 5-րդ դարի հայ մատենագրությունը, իբրև ճշմարտացի գիտելիք, կարող էր լույս սփռել համաշխարհային պատմության «մութ էջերի» վրա (էջ 242-244):

Արզանովների գիրքը հրապարակ էր եկել իբրև լուսավորական մի նախագիծ, որը, արդի պատմագիտության համեմատական-քննադատական մեթոդը դնելով իր առանցքում և գաղափարները կառուցելով հայ թե օտար, հին թե նոր հեղինակների համեմատության ու քննության վրա, հայոց համար պատշաճ տեղ էր որոնում լուսավորյալ աշխարհում:[13] Հարկ է նշել, որ սույն հետազոտությունը չի հետապնդում հեղինակների օգտագործած աղբյուրների ճշգրտման, համեմատություններ իրականացնելու նպատակ, որը ենթադրում է առանձին պատմաբանասիրական աշխատանք: Նրանց կիրառած աղբյուրները կքննվեն միայն այնքան, որքան դրանք մեզ թույլ կտան հասկանալ հեղինակների գաղափարների այս կամ այն կողմերը: Այս նպատակի համար ոչ պակաս նշանակալի էին նաև գրքում տեղադրված անհայտ նկարչի փորագրանկարները, որոնք ստեղծվել էին վաղարդի՝ մասնավորաբար Վենետիկի Մխիթարյան միաբանության արվեստային ժառանգության հիման վրա: Այսպիսով՝ ուսումնասիրել ենք այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնցով առաջնորդվել էին երիտասարդ հեղինակները հայոց պատմությունն ուսումնասիրելու իրենց փորձում, այն ճանապարհը, որ ուրվագծվում է նրանց գրքում՝ փորձելով հայ ազգին տեղավորել համաշխարհային լուսավորական նախագծերում՝ ժամանակին համընթաց: Միաժամանակ փորձել ենք հասկանալ, թե ինչ պատկերներ են սրանք, ինչպես են ներկայացնում հայ պատմական կերպարները մշակութային ու քաղաքական փոփոխվող իրականության պայմաններում, ինչ գաղափարներ, ավանդույթներ ու քաղաքական բաղձանքներ են տրոփում այդ պատկերների սրտում: Եվ, ի վերջո, 19-րդ դարասկզբի արդի ռուսաստանյան մտավորականության գործունեության համատեքստում պետականության ի՞նչ իդեալներ են առաջ բերում Արզանովները՝ հայերի ազգային ինքնորոշման և մշակութային ինքնակայացման այս բարդ ճանապարհին:

 

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1

Սույն հետազոտական աշխատանքն իրականացնելիս նշանակալի են եղել «Մշակույթ և արդիականացում» հետազոտական թիմի՝ Աշոտ Գրիգորյանի, Նարե Սահակյանի, Իրինա Շահնազարյանի, Լուսին Շաբոյանի, Վարդան Ազատյանի բազմակի դիտարկումներն ու առաջարկները: Առանձնակի երախտապարտ ենք Աշոտ Գրիգորյանին՝ տարաբնույթ հարցեր ու խնդիրներ քննարկելու, հետազոտական տեքստը մշակելու, գիտական խմբագրության, և առհասարակ հետազոտության ընթացքին հետևողական աջակցելու համար: Կարևոր է եղել հատկապես Մարիամ Դանիելյանի մասնակցությունը՝ ռուսաստանյան տարբեր արխիվների ու գրադարանների հետ կապ հաստատելու, ռուսալեզու արխիվային նյութեր հայթայթելու, ձեռագրեր ընթերցելու և թարգմանություններին աջակցելու համար: Խորապես շնորհակալ ենք նաև Լիաննա Աղամյանին, որը մեծ համբերատարությամբ և նվիրվածությամբ համակարգել է հետազոտական թիմի աշխատանքները: Շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև Մարգարիտ Արիստակեսյանին՝ խմբագրական դիտարկումների համար:

Լազարյան ճեմարանի կրթամշակութային գործունեության մասին տե՛ս, օրինակ, Վալտեր Դիլոյան, Լազարյանների հասարակական-քաղաքական գործունեության պատմությունից (XVIII դարի երկրորդ կես), խմբ.՝ Աշոտ Հովհաննիսյան (Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1966); Աշոտ Բազիյանց, Էջեր Լազարյանների դիվանից, թրգմ. ռուս.՝ Վ. Դիլոյան (Երևան: Հայաստան, 1986); Յովսէփ Թադէոսէան, Պատմութիւն Լազարեան տոհմի եւ Լազարեան ճեմարանի (Վիեննա: Մխիթարեան տպարան, 1953); Արտավազդ Իգնատյան, Լազարյան ճեմարան (Երևան: ԵՊՀ, 1969);  Л.Б. Алаев, А.Н. Алексахин և այլք, Главы из истории Московского востоковедения: Лазаревский институт, Московский институт востоковедения, МГИМО, գլխ. խմբ.՝ А.В. Торкунов (Москва: МГИМО университет, АСПЕНТ ПРЕСС, 2015), և այլք:

2 Яковъ и Давыдъ Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго (Москва: Семен Селивановский, 1827):
3 Տե՛ս Аким Арутюнов, «Об авторах книги и ее значении», ըստ՝ Яков и Давид Арзановы, Опыт написания истории Армянского царства: Древняя история (Ереван: Ваан, 1997), էջ 200-224; Հայկազ Հովհաննիսյան, «Հայոց պատմության քննական տեսության առաջին փորձերից մեկը Ռուսաստանում», Էջմիածին, 2002, թիվ 6-7, էջ 85-95; Նորայր Սարուխանյան, Հայ պատմագիտությունը XIX դարում և XX դարասկզբին (Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013), էջ 79; Сергей Саядов, У истоков русского арменоведения: историографический обзор (Ереван: ЕГУ, 2014), էջ 54-55:
4 Տե՛ս Арзановы, Опыт написания истории Армянского царства: Древняя история:
5 История Армении (Москва: Best Gift, 2019), և История Армении (Москва: Best Gift, 2020) [գրքերի օրինակ մեզ հասանելի չի եղել], ըստ՝ https://shorturl.at/IOGGQ, և https://shorturl.at/Rek0R, այց՝ 14 դեկտեմբերի 2025 թ.:
6 Арутюнов, «Об авторах книги и ее значении», էջ 208-224:
7 М. Казарян, Художники Овнатаняны (Москва: Искусство, 1968), էջ 22:
8 Казарян, Художники Овнатаняны, էջ 22:
9 Խորհրդային և հետխորհրդային հայ արվեստաբանական գրականության մեջ 19-րդ դարի սկիզբը դիտարկվում է որպես մի շրջան, որը պայմաններ էր ստեղծել հայ արվեստի՝ մասնավորապես դիմանկարային ժանրի ծաղկման համար: Այս մասին տե՛ս, օրինակ, Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, XVII-XIX, գիրք Ա (Երևան: Հայաստան, 1971), էջ 142-144; Ա. Աղասյան,
10

Հր. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, Հայ արվեստի պատմություն (Երևան: Զանգակ-97, 2009), էջ 267-270; Нелли ХачатрянПаладян, Акоп Овнатанян и становление армянского искусства нового времени: Проблематика ранних стадий живаписного портрета (Ереван: Антарес, 2017), էջ 7-18: Հռչակ ողորմութեան աստուածազօր մեծափառութեան ինքնակալի եւ կայսերամենայն Ռուսաց Նիկողայոսի Առաջնոյ առ ազգս Հայոց որ ’ի Վրաստան (Տփխիս: Ուսումնարան Հայոց ընծայելոց յԱզնուական Գէորգայ Երեմեան Արծրունւոյ, 1827), էջ 1: Սա մի ժամանակաշրջան էր, երբ ռուս-պարսկական երկրորդ պատերազմը 1820-ականների վերջերին պարսկական տիրապետությունից դուրս էր բերել Երևանի ու Նախիջևանի խանությունները:

11 Այստեղ образование բառը երկիմաստ է, այն կարող է ըմբռնվել իբրև հայերի կազմավորման կամ համախմբման, ինչպես նաև իբրև կրթվելու հնարավորություն: Այնուամենայնիվ, տվյալ պարագայում առաջին իմաստն առավել մոտ է ընդհանուր համատեքստին:
12 Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго, ընծայագիր, անթվակիր: Մեջբերումների այս և հետագա թարգմանությունները ռուսերենից՝ Աննա Համբարձումյանի: Տեքստի էջերին հետագա հղումները մեջբերումներից հետո՝ տողամիջում:
13  Հարկ է նշել, որ սույն հետազոտությունը չի հետապնդում հեղինակների օգտագործած աղբյուրների ճշգրտման, համեմատություններ իրականացնելու նպատակ, որը ենթադրում է առանձին պատմաբանասիրական աշխատանք: Նրանց կիրառած աղբյուրները կքննվեն միայն այնքան, որքան դրանք մեզ թույլ կտան հասկանալ հեղինակների գաղափարների այս կամ այն կողմերը: