Մեր հետազոտության նպատակն է քննել 18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանի Մադրաս քաղաքում գործող հայերի քաղաքական ծրագիրը և այն պայմանավորող մտավորական ավանդույթը՝ արդի հայ հանրապետականության հիմքերն ըմբռնելու համար։ Մադրասի խմբակը, որը մասնավորաբար կապվում է Շահամիր Շահամիրյանի՝ որպես հիմնադրի և նրա որդիների՝ Հակոբ և Եղիազար Շահամիրյանների հետ, թուրքական և պարսկական լծից փրկվելու և կորսված հայրենիքը վերագտնելու բաղձանքը ձևակերպում էր բրիտանահպատակ Հնդկաստանի օտար հողում, գաղթականական պայմաններում։ Ժառանգաբար փոխանցված վաճառականության արհեստին տիրապետող Շահամիրյանների ընտանիքը, ինչպես նաև նրանց շուրջ խմբված հայ գործիչները, այդ թվում՝ Մովսես Բաղրամյանը, ով իր աջակցությունն էր ունեցել Հովսեփ Էմինի քաղաքական ծրագրին, վաճառականներ Գրիգոր Խոջաջանյանը, Խոջա Հովհանջան Գարաքյանը և այլք, ստանձնել էին հայերի ազատագրության և ինքնուրույն պետականության նպատակի իրագործումը՝ հետևողական օրակարգով: Հրապարակախոսական երկերում, քաղաքական ուղերձներում ու նամակներում տեղ գտած դրույթների կենսագործումը խմբակը տեսնում էր ոչ միայն ժամանակի լայն քաղաքական շրջանակի ներսում, այլև հայ համայնքի մշակութային կյանքի ու կենցաղի կառուցման, կյանքն ապրելի դարձնելու տեղական ջանքերում: Ուրեմն, մեր հետազոտությունը փորձ է խմբակի քաղաքական տեքստերի և մշակութային ձեռնարկումների՝ մասնավորաբար տեսողական մշակույթի՝ կլինեն Մադրասի տպարանում լույս տեսած գրքերի նկարազարդումներ, զարդանախշեր, դիմանկարներ, խորհրդապատկերներ, թե գործվածքների, վարագույրների ձևավորումներ, փոխհարաբերության լուսաբանությամբ հասկանալու մադրասյան ազատագրական ծրագիրը: Եկեղեցու, դպրոցի, տպարանի հիմնումով՝ նրանք կարծես ստանձնել էին մշակույթի և արհեստների ու արվեստների «հովանավորի» դերը: Այս շրջանից մեզ հասած գեղարվեստական նմուշները մեր առջև խնդիր են դնում պարզելու, թե ինչպես և ինչ պայմաններում են ստեղծվել դրանք, ինչ են մեզ պատմում պատկերները, ինչպիսի արտահայտություն է նրանցում գտել խմբակի գաղափարաբանությունը և, ի վերջո, ինչ ճանապարհով էր տեղի ունենում գեղարվեստական ձևերի, տեղական ավանդական միջոցների ու արդյունաբերականացվող արևմուտքի գեղարվեստական նոր սկզբունքների հանդիպադրումը հայերի արդինանալու ձգտումներում:
Այսպիսով՝ հայությանը այլադավան տիրապետողների իշխանությունից փրկելը Մադրասի խմբակը գործնականում տեսնում էր նախ արտաքին քաղաքական կապերի հաստատմամբ, ինչը փաստում է նամակագրական կապը վրաց Հերակլ 2-րդ թագավորի, Ռուսական կայսրության տարածքում ապրող հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի, Ղարաբաղի մելիքների, Էջմիածնի կաթողիկոսի հետ, որոնցից քաղաքական ու ռազմական օգնության ակնկալիք ուներ խմբակը: Թերևս սրանով չէր սահմանափակվում նրանց հետևողականությունը: Ազատագրության գաղափարն նախևառաջ պահանջում էր դարեր շարունակ «թմբիրի մեջ ննջող կամակոր, օրինազանց, անհոգ ու անհամերաշխ» հայ մարդու մեջ իմաստություն սերմանելու գործ, որին և ուղղված էր Շահամիրյանի հիմնադրած տպարանում 1772 թ. լույս տեսած Յորդորակ գիրքը: Այստեղ ձևակերպված այն միտքը, թե՝ «Շարադրեցեալ սակս սթափելոյ երիտասարդացն, և մանկանցն Հայկազանց ի վեհերոտեալ և ի հեղգացեալ թմրութ է քնոյ ծուլութեան», արթնացումի խոսք էր, որ պետք է մղեր հայ երիտասարդներին՝ նախ ճանաչելու իրենց պատմությունը ինչպես իր հերոսական դրվագներում, այնպես էլ անկումներում ու պարտություններում, և այդպիսով գիտակցելու կոնկրետ քայլերի դիմելու անհրաժեշտությունը՝ վերականգնելու իրենց իրավունքը հայրենի հողի հանդեպ, որի կորուստը կապվում էր ոչ միայն հայերի անմիաբանության, ծուլության ու տգիտության, այլև այլադավան ազգերի միապետական կառավարման ձևերի հետ: Ուստի, նրանց համոզմամբ, նախ պետք էր ոչ միայն սթափվել, այլև ջանալ կրթվել և լուսավորվել «մեծահարուստ, կիրթ և ուսյալ» (Յորդորակ) ազգերի օրինակով, ապա և, ազատագրվելով, ապագա պետությունը կառուցել նոր՝ հանրապետական սահմանադրական մոդելով՝ ոչ թե «էությամբ փոփոխական ու անհաստատ ինքնիշխան մարդու» տիրապետությամբ, այլ օրենքի գերակայությամբ՝ մասնավորաբար մշակված Որոգայթ փառաց աշխատության էջերում: Ինչպիսի՞ ավանդույթների և գաղափարների վրա էին խարսխված նրանց երկերը, 18-րդ դարի եվրոպական մտքի ինչպիսի՞ ըմբռնումներ էին ուղենշվում նրանց գաղափարաբանության մեջ, ի՞նչ ճանապարհ էին հարթում հայի կենցաղը բարենորոգելու, թշվառությունը հաղթահարելու նրանց փորձերը հայ ազատագրական շարժման համար: Մի կողմից՝ հայերի միավորումը կրոնաեկեղեցական ավանդույթի, լեզվի և ընդհանրապես մշակութային կյանքի պահպանության մեջ տեսնելը, և մյուս կողմից՝ դեպի արևմուտք ուղղված հայացքը որքանո՞վ և ինչպե՞ս էին պայմանավորում խմբակի գաղափարական դիրքորոշումները ապագա ժողովրդական ինքնիշխան պետություն կառուցելու գործում: Ապագայի այս պատկերը գործնականում ներդնելու փորձ էր հանրային ընտրության մոդելով հնդկահայ համայնքն առաջնորդելու կանոնադրությունը՝ հրատարակված Տետրակ որ կոչի Նշաւակ գրքում, որն, ըստ էության, մադրասահայերի տեղական մշակութային քաղաքականության մի ձեռնարկում էր:
Արդի հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ Մադրասի խմբակի ծրագիրը գրավել է բազմաթիվ ուսումնասիրողների հետաքրքրությունը: Մասնավորաբար Խորհրդային Միության կազմալուծումից հետո այն սկսեց ընկալվել որպես ինքնուրույն՝ Երրորդ հանրապետության հիմքում ընկած գաղափարաբանություն: Նորանկախ Հայաստանը՝ ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքում իր ներկայի «պետականության ապացույցները» տեսնում էր ազգային ավանդույթների վրա խարսխված և 18-րդ դարի եվրոպական գաղափարներին ընդառաջ գնացող հնդկահայ գործիչների պատկերացումներում և դրույթներում: Ուստի պատահական չեն խմբակի հեղինակների փիլիսոփայության տեղակայման փորձերը արևմտյան մտավորականների կողքին՝ նույնիսկ հավակնելով քաղաքական մտքի պատմության մեջ զբաղեցնել սահմանադրական հանրապետական իրավունքի առաջամարտիկի դեր այս նույն շրջանում ձևակերպված ամերիկյան սահմանադրության հետ մրցության մեջ: Մադրասյան ծրագրի գաղափարաբանության այս քաղաքական անկյունը մտքում ունենալով՝ 18-րդ դարավերջի հայերի՝ քաղաքականապես ու մշակութապես միահյուսված պատմությունը կենդանացնելու, հնդկահայ համայնքի գործն ու ապրած բարդ իրականությունը պարզելու մեր ուսումնասիրությամբ հույս ունենք, որ դրանք իրենց պատշաճ տեղը կզբաղեցնեն ժամանակակից պետության ակունքներն ըմբռնելու մերօրյա փորձերում: