2001 թվականին՝ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման տասներորդ տարում, պետական բարձր մակարդակով նշվում էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակն ու Ավարայրի ճակատամարտի 1550-ամյակը։ Տոնակատարությունների շրջանակում իրականացված «Ավարայր 1550» գիտաժողովի նյութերն ամփոփվել են Ավարայրի խորհուրդը հատորում։ Այս ժողովածուի «Ավարայրը՝ անմահության ճանապարհ» բաժնում է տեղ գտել նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ներկայացվող ելույթը։
Իսաբեկյանի խոսքը 1940-50-ականներին Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք պատմավեպի իր նկարազարդումների մասին է։ Եվ ինչպես ամբողջ հատորում կարմիր թելով անցնում է հայերի կյանքում Ավարայրի խորհրդի հարատևման, դրա՝ հայության ինքնության առանցքը լինելու ըմբռնումը, նկարիչը նույնպես վերահաստատում է սա. «Ավարայրը մեր ժողովրդի կյանքում կրկնվել է բազմաթիվ անգամ»։ Իսաբեկյանի ելույթը, ներկայացնելով թեմայի շուրջ իր աշխատանքը պարուրող հայրենասիրական զգացումները, միաժամանակ բացահայտում է հայ արդի նկարչի զինվորագրումը Ավարայրի պատումին. «…. ամեն մի հայ նկարիչ, ով անդրադառնում է Ավարայրի թեմային, իրեն զգում է Վարդանի զինվորներից մեկը»։
19-րդ դարի կեսերից հայերի՝ որպես ազգ արդիացման գործընթացում հայ մտավորականությունը վերարթնացնում էր հինգերորդ դարի ժառանգությունը և մասնավորապես Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկը՝ իբրև արդի հայի ինքնության հիմնասյուն։ Մտավորական այս գործընթացի հետ իր փաստված, անքակտելի կապն ունի նաև հայ արդի կերպարվեստի ծագումը։ Սա հանգամանք է, որ ստիպում է լուրջ վերաբերվել Իսաբեկյանի խոսքում հայ արվեստի զինվորագրման ներկայացվող տրամաբանությանը՝ վերանայելով արդի հայի ինքնության և հայ արդի կերպարվեստի ներքին կապը։
Հրապարակվում է ըստ՝ Էդուարդ Իսաբեկյան, «Դ. Դեմիրճյանի «Վարդանանք վեպի նկարազարդումները», ըստ՝ Մեսրոպ արք. Աշճեան (խմբ.), Ավարայրի խորհուրդը (Երևան։ Մուղնի հրատ., 2003), էջ 161-162։
Դ. Դեմիրճյանի «Վարդանանք վեպի նկարազարդումները[1]Ի հավելումն Մ. Ստեփանյանի վերը զետեղված զեկուցման, հարկ համարեցինք տպագրել էդ. Իսաբեկյանի և Վ. Խորենյանի ելույթները, որոնք հնչել են գիտաժողովի մասնակիցների համար Դպրատանը կայացած եզրափակիչ նիստում և Վ. Խորենյանի աշտարակյան արվեստանոց բնակարանում։ Ներկայացվում են այդ ելույթների սղագրությունները (Խմբ.)։
Վարդանանց թեման ծանոթ էր ինձ տակավին պատանի հասակից, պատերազմից առաջ նույնիսկ փորձեր էի արել այն ներկայացնել գեղանկարչության լեզվով։ Ավարայրի ճակատամարտի տեսարանները ինձ հետաքրքրում էին կոմպոզիցիայի առումով. շարժում, դինամիկա, փղեր, հեծելազոր, մարտական տեսարաններ։ Սակայն 1939 թվին կատարած իմ այդ վարժանքները հետագա իմ աշխատանքների համար այդպես էլ պետք չեկան։ Թերևս միայն 1942 թվականին, երբ Վեհափառ հայրապետը պատվիրեց նկարել «Ավարայրի ճակատամարտը» կտավը, ես որոշ տեսարաններ գրեթե պատրաստ ունեի։ Այդ նկարն, ի դեպ, հաջողություն ունեցավ, եւ փաստորեն դարձավ իմ այդ թեմայով կատարած ստեղծագործությունների նախակարապետը՝ մտնելով ծանոթ նկարաշարի մեջ։ «Ավարայրի ճակատամարտը» այսօր գտնվում է Արարատյան Հայրապետական թեմում։
Դեմիրճյանի «Վարդանանք» վեպն էր, որ ինձ առիթ տվեց բոլորովին այլ հայացքով նայել պատմական իրողություններին։ Այն ստիպեց ինձ մտքումս մեկ անգամ եւս վերարժեւորել հինգերորդ դարի դեպքերն ու իրադարձությունները։ Կարդացի եւ ուսումնասիրեցի թեմայի մասին եղած ամբողջ գրականությունը։ Եվ հայտնաբերեցի մեր ժողովրդի ազգային զարմանալի մի գիծ, որ եղել է դեռեւս հնագույն ժամանակներում, եւ կենդանի է նաեւ այսօր։ Մի՞թե օտարի համար հնարավոր է հասկանալ. աշխարհի կեսի տերը, ահեղ Հազկերտը իր արքայական կամքն է թելադրում, իսկ փոքրիկ, պետականությունը կորցրած մի ժողովուրդ ուժ է գտնում հանդգնել եւ ընդդիմանալ, խիզախել եւ հաղթել։
«Վարդանանքի» հեղինակը որեւէ սխալ չի գործել, երբ, որպես գլխավոր հերոսի, կերտել է ժողովրդի կերպարը։ Երբ հարկ է լինում պաշտպանել սեփական ազգային ոգին, մեր ժողովրդի բոլոր խավերը միակամ են ու անկոտրում։ Խիզախ են հավաքաբար։ Եվ ոչ համաժամանակյա, այլ բոլոր ժամանակների մեջ։ Ավարայրը մեր ժողովրդի կյանքում կրկնվել է բազմաթիվ անգամ։ Իսկական Ավարայրը խորհրդանիշ է, մեր ինքնության դրսեւորումներից մեկը, որ այդ ճակատամարտով մարմնացավ, ստացավ կերպ ու անուն։
Հազկերտին ուղղված նամակի պատասխանը իմ միտքը շատ երկար է զբաղեցրել։ Երբ ստացա «Վարդանանքի» նկարազարդման պատվերը, գրեթե ոչ մի վիպական հատված ինձ այնքան մտածել չտվեց, որքան այն պահը, երբ Աշտիշատի եկեղեցին, իշխաններով ու հոգեւորականներով լեցուն, գրեթե պայթում էր ներսից ու դրսից, բռնակալին արժանի պատասխանը պատրաստ էր, այն ասես երկաթով խարանված էր բոլոր ներկաների, մոտիկ ու հեռու գտնվող բոլոր այն մարդկանց հոգիներում ու բռունցքների մեջ, ովքեր իրենց հայ եւ իրենց երկիրը Հայաստան էին անվանում։ Ահա այս մտածումն է, որ ես փորձել եմ դնել թղթի ու կտավի վրա։ Հետաքրքիր զուգադիպություն է, բայց Դպրատան ցուցասրահում դուք այսօր տեսաք այդ պատկերի երկու տարբերակ՝ գրաֆիկան եւ գեղանկարը։ Եվ միայն այդ փաստը պետք է որ խոսի, թե որքան են հուզել ինձ Հազկերտին պատասխան գրելու ընթացքն ու սյուժեն։
Առհասարակ Դեմիրճյանի վեպը լի է նկարչին խորհել տվող բազմաթիվ տեսարաններով։ Անգերազանցելի է Ավարայրի ճակատամարտի պատկերումը։ Մարտադաշտը ընթերցողի առաջ պատկերանում է ոչ միայն նկարագրություններով, այլեւ ուրիշի (ես այս բառն օգտագործում եմ իր բոլոր իմաստներն ի նկատի առած) ուղղակի խոսքով։ Բարձունքում կանգնած Մուշկան Նյուսալավուրտը, ճակատամարտը դիտելով, այս ու այն կողմ է զարնվում, ինքն իրեն, իր ենթակաների հետ խոսում է ասես տենդի մեջ, իրեն կորցրած, ոչինչ չհասկանալով։ Եվ միայն նրա խոսքից արդեն տեսնում ես, թե ինչ է կատարվում այնտեղ ներքեւում, Տղմուտ գետի ափին։ Նյուսալավուրտն ու իր զորականներն իսկապես չեմ հասկանում տեղի ունեցածը. Վարդանը ճարակում է, Վարդանը կոտորում է, Վարդանը զոհվում է, իսկ նրանք չեն հասկանում։ «Որմիզդը ինձ խելք տա՝ հասկանամ»,- ճչում է պարսիկը։ Իսկ հասկանալը, արդեն ասել եմ, իսկապես դժվար է։
«Վարդանանքի» նկարազարդումների վրա աշխատելիս բախտ եմ ունեցել մտերմանալ Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Գրողի՝ իր ժամանակի մեր լավագույն մտավորականի ստեղծագործ ուժը, խորքում բորբոքվող իսկական հայրենասիրական կրակը, նույնիսկ փոքրիկ տարօրինակությունները ինձ օգնում էին հասկանալ շատ տեսարանների իսկական իմաստը, գտնել ներկայացնելու կերպը, դիտանկյունը։ Խորապես հոգեբանական կերպարներ ու տեսարաններ կան, ի՜նչ ողբերգական կերպար է Վասակը, եւ կամ հայրենիքն ի՜նչ կրակներ է վառում պատանի Բաբիկի սրտում։ Ինչպե՜ս է դիմավորում Զոհրակի դին Վարդանը։ Ի՜նչ ինքնամոռաց խիզախումի են գնում շինականները։ Առաքելն իր սրով կտրում է զենք ու զրահի մեջ խճճված Խանդութի մազերը, վիրավոր Վարդանը դեռ շարունակում է երեւալ, որ հուսահատությունը հեռու մնա մահապարտներից։ Սրանք մանրամասներ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է մի մեծ կտավի թեմա դառնալ։ Նկարազարդումներն իրականացնելու ժամանակ ես այդ կերպարներից մեկն էի, ապրում էի Ավարայրով։ Ինձ թվում է՝ ամեն հայ մարդու պետք է հասկանալի լինի այդ վիճակը։ Նյուսալավուրտները կարող են չհասկանալ, իսկ ահա մեզ տրված է այդ հասկանալու արատն ու գերազանցությունը։
Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ ամեն մի հայ նկարիչ, ով անդրադառնում է Ավարայրի թեմային, իրեն զգում է Վարդանի զինվորներից մեկը։ Այդ թեմաներով լավ նկարներ շատ են ստեղծվել։ Կուզենայի առանձնացնել Քոչարի քանդակը, որ ես շատ բարձր եմ գնահատում։ Մեկ առ մեկ չթվեմ։ բայց մենք՝ նկարիչներս, կուզենայինք, որ մեր գործերը նայելիս ճիշտ մեզ նման իրենց Վարդանանց շարքերում զգան ու տեսնեն մեր այ արվեստասերները, բոլոր հայերը։ Փույթ չէ, որ ուրիշները չեն հասկանա կամ դժվար կհասկանան մեզ։
Ծանոթագրություններ
| ↑1 | Ի հավելումն Մ. Ստեփանյանի վերը զետեղված զեկուցման, հարկ համարեցինք տպագրել էդ. Իսաբեկյանի և Վ. Խորենյանի ելույթները, որոնք հնչել են գիտաժողովի մասնակիցների համար Դպրատանը կայացած եզրափակիչ նիստում և Վ. Խորենյանի աշտարակյան արվեստանոց բնակարանում։ Ներկայացվում են այդ ելույթների սղագրությունները (Խմբ.)։ |
|---|