Հայաստանի խորհրդայնացման եռամյա տարելիցին նվիրված Խորհրդային Հայաստան թերթի՝ 1923 թվականի նոյեմբերի 29-ի հատուկ համարը բացվում է նկարիչ Հակոբ Կոջոյանի՝ Խորհրդային Հայաստանի եռամյա պատմությունը ներկայացնող գրաֆիկական աշխատանքով։ Խորհրդային Հայաստանի պաշտոնական օրաթերթի տոնական այս համարի ձևավորման աշխատանքները Կոջոյանին վստահելու հանգամանքն, իր հերթին, երևան է գալիս 1920-ականների Հայաստանում խորհրդային արդիականացման ընդհանուր քաղաքականությունների լույսի ներքո։ Այսպես, Կոջոյանը 1920-ականների սկզբին Հայաստանի խորհրդային իշխանության պաշտոնական հրավերով երկրում հաստատված հին սերնդի «ուղեկից» այն արվեստագետներից էր, ում ստեղծագործությունը տասնամյակին ուղղակիորեն կապվում էր նոր հասարակարգի ստեղծման գրավականը հանդիսացող խորհրդահայ նոր արվեստի կայացման հետ։ Կոմունիզմին գաղափարապես խորթ, բայց և իրենց երկրի ճակատագրով մտահոգ հին սերնդի այս արվեստագետներն էին (ինչպես օրինակ՝ Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Հակոբ Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը), որ Խորհրդային Հայաստանն ըմբռնելով իբրև խաղաղ ստեղծագործ աշխատանքի կայացման ազգային նոր ասպարեզ, պատրաստ էին համագործակցել խորհրդային իշխանության հետ և իրենց ստեղծագործական ներուժը ներդնել ապագա համաշխարհային կոմունիզմի գրավական սոցիալիստական հասարակարգի կերտման ու խորհրդային նոր պետականության կայացման գործում։ Միաժամանակ, սակայն, ոչ թե քաղաքական, այլ արվեստի ինքնուրույնությունը սահմանող գեղագիտական միջոցների գործադրմամբ է, որ արվեստագետները ստանձնել էին այդ նոր պետության՝ իրենց իսկ հայրենիքի կայացման գործը։ 1920-ականներին արվեստը, այսպիսով, հանդիսանալով պետության կայացման ուղղված գործուն ոլորտներից, հայաստանյան հեղափոխվող կյանքն իբրև նախևառաջ զգայական ներկայություն ամրագրելու օրակարգ էր որդեգրել։ 1920-ականներին, ուրեմն, արվեստի ու քաղաքականության միջև բարդ ու ներհակ կապերի այս համատեքստում է, որ Կոջոյանի աշխատանքը հառնում է իբրև քաղաքական վերափոխման հեղափոխական ճանապարհը բռնած Խորհրդային Հայաստանի զգայական մի պատկեր։
Պատկերից դիտողին ակնհայտորեն համակող հեղափոխության զգացումը Կոջոյանը փոխանցել է նախևառաջ գործի ձևային կառուցվածքի շնորհիվ, որը նա հիմնականում կազմակերպել է պատկերի ստորին ձախ անկյունից սկիզբ առնող և զիգզագաձև շարժմամբ դեպի վեր ընթացող սլաքի միջոցով՝ պատկերն արդյունքում բաժանելով հինգ եռանկյունաձև հատվածների։ Զիգզագաձև այդ սլաքը, կարծես կազմաքանդելով գործի ողջ մակերեսը, դիտողի հայացքը պատկերված բովանդակությունից բերում է դեպի պատկերի մակերես՝ այդ կերպ միաժամանակ կարծես «նյութականացնելով», ներկա՝ զգայական իրականություն բերելով հեղափոխությունը։ Աշխատանքն ամբողջությամբ տոգորող հեղափոխական այս դինամիկային նկարիչը հասնում է, սակայն, ոչ միայն զիգզագաձև սլաքի վերընթացի, այլև դրա կազմած եռանկյունիների ներսում պատկերված ֆիգուրների շարժման միջոցով։ Վերջիններս, կարծես ենթարկվելով պատկերի կոմպոզիցիոն կառուցվածքն էապես պայմանավորող հակընթաց շարժումների անկյունագծային հատման տրամաբանությանը, պատկերն իրենց հերթին օժտում են շարժման կենդանի զգացումով։ Ուրեմն շարժումն՝ իբրև հեղափոխության գեղարվեստական արտահայտչամիջոց դարձնելով ու իր գործի հիմքում տեղակայելով՝ Կոջոյանը զգայական մակարդակում ամրագրել է ապագա կոմունիզմի հենակետ Խորհրդային Հայաստանի վերափոխման ընթացքը ներկայում։
Պատկերը վերահրատարակվում է ըստ՝ Խորհրդային Հայաստան, 29 նոյեմբերի 1923 թ.։