Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարները, ելնելով 1988-ի հեղափոխական շարժումներից, անկախությունը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի հետ միավորելու գործոն են ըմբռնել։ Այսպես Հայաստանի Հանրապետության հիմնադրումը կապվել է ոչ թե հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության ապահովման, այլ հողային պահանջատիրության իրագործման նպատակի հետ։ Ստորև ներկայացվող վավերագիրը անկախ պետականության կայացմանը զուգորդվող ղարաբաղյան պատերազմի ընթացքին՝ 1992 թվականի հուլիսի 8-ին, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն է։ Որոշումը ամրագրում էր Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությանն անվերապահորեն (ընդհուպ մինչև ռազմական միջոցներով) «սատար կանգնելու» անհրաժեշտությունը ու ՀՀ-ի համար «անընդունելի համարում» ԼՂ-ն Ադրբեջանի մաս դիտարկող միջազգային և ներպետական ցանկացած փաստաթղթի ստորագրումը։ Հայաստանի՝ իբրև նախևառաջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանի այս դերը չէր փոխվելու նույնիսկ այն ժամանակ, երբ ավելի ուշ, Հայաստանի «դիվանագիտական հաղթանակի շնորհիվ» Արցախը սկսեց հանդես գալ իբրև հակամարտության «լիիրավ կողմ»։ Հայաստանն ինքը եղել և այդուհետ էլ պետք է լիներ Արցախի գոյության ու անվտանգության «միակ երաշխավորը». սա՛ էր ՀՀ գոյության բուն նպատակը։
Հարկ է նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1992-ի իր հարցազրույցներից մեկում քննադատում էր խորհրդարանի հուլիսյան այս որոշումը, որով փաստացիորեն պահանջ էր դրվում ՀՀ-ի առջև չստորագրելու Արցախը Ադրբեջանի մաս դիտարկող որևէ փաստաթուղթ։ Հետաքրքրականն այն է, սակայն, որ վերջինս այս որոշումը քննադատում էր ոչ թե իր բուն նպատակի, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում չճանաչելու համար, այլ այդ նպատակի իրագործման ձևերի տեսանկյունից։ Փոխարենը՝ նախագահը առաջարկում էր այս դրույթը վերաձևակերպել այնպես, որ ՀՀ իշխանությունները որևէ փաստաթուղթ ստորագրելիս չհակասեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին։ Ըստ Տեր-Պետրոսանի՝ «սա ավելի մեղմ տարբերակ կլիներ՝ և ըստ էության նույնը»։
Հրապարակվում է ըստ՝ https://surl.li/kxaobl։
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10–ի հանրաքվեի արդյունքների վրա,
հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
հավաստելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
- Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
- Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանությունը ապահովելու ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
8 հուլիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն–0663–1