19-րդ դարի հայ իրականության մեջ կարևոր բանավեճերից է Միքայել Նալբանդյանի և Հովհաննես Չամուռճյանի հեռակա բանավեճը, որում կենտրոնական դեր էին զբաղեցնում Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարները։ Հիշյալ բանավեճում Չամուռճյանը մեղադրում էր Նալբանդյանին «անհավատ» Ռուսոյի հետևորդը լինելու մեջ, իսկ ինքը հանդես էր գալիս իբրև Ռուսոյի հեղափոխական գաղափարների սուր քննադատի դիրքերից։ Այսպես, բանավեճի շրջանակներում մեզանում արդիական գաղափարների տարածման անկյան տակ դիտելիս Նալբանդյան-Չամուռճյան բանավեճը հեշտությամբ հնարավոր է դնել արդիականության գաղափարները որդեգրող առաջադեմ գործչի և նրան հակազդող հետադեմ պահպանողականի ֆորմալ սխեմայի մեջ, ինչպես հաճախ արվել է խորհրդահայ պատմագրության մեջ։
Սակայն առավել խորը ուսումնասիրության դեպքում պարզում ենք, որ պատմական նյութը թույլ չի տալիս անել այսպիսի պարզեցում։ Չամուռճյանի գործունեությունն ու կյանքը հետազոտելիս տեսնում ենք, որ «հետադեմ» գործիչ համարված այս հեղինակը, որքանով մեզ է հայտնի հայ իրականության մեջ առաջինն է, ով թարգմանել է Ռուսոյի առանցքային աշխատությունը՝ Հասարակական դաշինքը։ 1829 թվականին արված այս գրաբար թարգմանությունը երբեք չի տպագրվել։ Չամուռճյանի կենսագիր և աշակերտ Հարություն Մրմրյանն իր ուսուցչին նվիրված աշխատության մեջ զետեղել է բուն տեքստին նախորդող թարգմանչի առաջաբանից մի հատված, որն էլ ստորև ներկայացնում ենք։ Ռուսոյի Հասարակական դաշինքի Չամուռճյանի թարգմանության փաստից ոչ պակաս ուշագրավ է այդ թարգմանության հանգամանքները։ Համաձայն նույն կենսագրի. «ֆրանսերէնէ իր առաջին թարգմանութիւնն ալ՝ Ժընէվցի փիլիսոփային քաղաքական իրաւունքի գիրքը … կատարած է առիթով վէճի մը ՝ թէ թարգմանութիւն մը կըրնա՛յ պահել բնագիրին հարազատ գեղեցկութիւնը»։[1]Յարութիւն Մրմըրեան, Տասնեւիններորդ դար եւ Յովհ. Պրուսացի Տէրոյենց (Կ. Պոլիս։ Գրատուն Զարդարեան եղբարք, 1908), էջ 43։ Այսպես ուրեմն պատմական նյութը մեր դիմաց է դնում շատ ավելի բարդ մի նկարագիր ունեցող անձնավորություն։ Վերջինս սուր քննադատությամբ հանդերձ, իբրև գաղափարական թշնամի ընկալված եվրոպական անհավատ փիլիսոփայի երկն արևելյան ոճով դարձնում է «գրազի առարկա» և, գեղագիտական արժեքը պահելու ցանկությամբ ու ինքնահաստատվելու նկատառումով, արդի մտքի այդ առանցքային երկը թարգմանում հնամենի հայերեն լեզվով։
Հրապարակվում է ըստ՝ Յարութիւն Մրմըրեան, Տասնեւիններորդ դար եւ Յովհ. Պրուսացի Տէրոյենց (Կ. Պոլիս։ Գրատուն Զարդարեան եղբարք, 1908), էջ 221-223։
[Բնագիր]
Ա. «Գիտեմք զի Արարիչն բնութեանս Աստուած՝ ոչ անխնամ ինչ եթող զաշխարհ, այլ միշտ տածէ և պահպանէ. ուստի և զկամս իւր ծանուցանէ մեզ՝ զի ըստ այնմ վարեսցուք. զայս չկամի ընդունիլ մատենագիրս՝ հանդերձ համօրէն համախոհիւք իւրովք, զի մի՛ ապա ստիպեսցի և զաստուածային յայտնութիւնս ընդունիլ, և ի բնականէն խոտորիլ. յայս վէմ գայթակղութեան հարեալ զգայապաշտքն և առարկուածք նոցա խորտակին. քանզի ո՛չ ներհակի ճշմարտութիւն ընդդէմ ճշմարտութեան, թէ՛ և ո՛չ միաբան թուեսցի. ի կամիլդ միով ճշմարտիւ ստել զմիւս ճշմարիտ՝ երկոքին իսկ զմիմեանս ստեն փոխանակաւ կամ ճշմարտին փոխանակաւ: Յայսպիսիս սխալէ մատենագիրս՝ երբ հաստատէ զամենայն մարդ հաւասարապատիւ միմեանց լեալ, որ թէպէտ այնպէս էր յառաջին ստեղծմանն, այլ ապա ի պատիժ մեղացն անհնազանդութեան արկ զնոսա ընդ միմեամբք: Ոչ ըստ քաղաքական իրաւանց միայն՝ այլ մանաւանդ ըստ բնութեանն. որ թէպէտ օրէնք բնութեան է, այլ չտեսանէ որ շլացութեամբ հայի ի բանս յայտնեալս: Տեսանեմք ապաքէն՝ զի կին առաւել յարմա՛ր է ի հնազանդել քան ի հրամայել, ըստ ամենայն օրինաց նոյն և ըստ բնութեանն: Այլ թէ յազատութիւնն կապիցիմք և ի հաւասարութիւն՝ որ հիմն է և խարիսխ աղանդոյ զգայապաշտից՝ ոչ ուրեք գտանեմք այնուհետև զբնութեան օրէնս, որ յինքեան իսկ զանհաւասարութիւն պարունակէ: Թո՛ղ ճգամբք իւրեանց Եւրոպացիք մատեանս մեծամեծս գրեսցեն ցուցանել՝ թէ և կանայք իբրեւ զարս առաքինանան և իմաստասիրեն և քերթողաբանեն և մատենագրեն և այլն. նոյն իսկ ճիգն իւրեանց հաստատութիւն է մերումս բանի. զի ընդէ՞ր և զարանց ո՛չ այդպէս որոշ գրեն թէ այր մարդ էր և այսպիսի քաջութիւնս արար. կամ թէպէտ և այր մարդ էր՝ սակայն յամենայն ազգս ուսմանց քաջահմուտ եղեւ: Ո՞չ ապաքէն նորութիւն իրացն և անսովորութիւն գրգռէ զուշ նոցա՝ այդպիսիս մատենագրել՝ իբր զարմանալով. և այսմ պատճառ՝ զի չէ սովորութիւն յաճախ տեսանել զկանայս գրագէտս կամ քաջս. սմին պատճառ ունիմք մեք ասել զանհաւասարութիւն բնական և աստուծագիր. «Առ այր քո դարձ քո և նա տիրեսցէ քեզ» ասաց Աստուած առ Եւա: «Կանայք հնազանդ լիցին յամենայնի» ասեն սրբազան առաքեալքն Պետրոս և Պօղոս: Զսոյն և իմաստասէրքն ասէին: Այլ որ հաւասարութեան են պաշտպանք՝ գացե՛ն արդեօք և նոքա պատճառ մի յիւրեանց կողմանէ, առանց իւիք ստնանելոյ նուիրականն հաւասարութեան: Ոմանք յազգաց ի ծառայութիւն յարմար են, և այլք ի տիրել. կիսոց հանգամանք բերոց երկրին վաճառականութիւն ուսուցանէ, այլոց եռանդն աշխարհակալութեան: Արդ ասել թէ սոքա ամենեքին հաւասար են բնութեամբ, և դարձեալ ասել թէ բնութիւնն ուսուցանէ նոցա գերազանցել զմիմեամբք կամ անհաւասարել, զոմանս հզօրս արարեալ և ճարտարս, և զայլս ո՛չ նոյնպէս, այս հակառակախօսե՛լ է ծաղրաբար և խառնաբանել. զբնութիւն բնութեան եղծիչ կացուցանել, և պնդել զանձանց թէ զամենայն ինչ ըստ բնութեան մեկնեն, որպէս թէ զմթին խաւարն լուսաւորել կամեցեալ՝ զջուր ի վերայ ճրագին ածել. և ապա պարծել թէ զայս օրինակ լուսաւորեմ ես զմութն գիշերոյ: (Ի թարգմանութեան ձեռագրին Ռուսոյի, յառաջաբան, գրեալ յամին 1829):
Ծանոթագրություններ
↑1 | Յարութիւն Մրմըրեան, Տասնեւիններորդ դար եւ Յովհ. Պրուսացի Տէրոյենց (Կ. Պոլիս։ Գրատուն Զարդարեան եղբարք, 1908), էջ 43։ |
---|