Խորհրդային միության կազմալուծումից հետո հայ քաղաքական մտքի պատմության մեջ 18-րդ դարավերջի հնդկահայ գործիչների քաղաքական ծրագիրը սկսում է ըմբռնվել իբրև Երրորդ հանրապետության հիմքում ընկած գաղափարաբանություն: Այս առումով նշանակալի էր դառնում Մադրասի խմբակի տպարանում լույս տեսած գրքերի, այդ թվում՝ 1772 թվականին հրատարակված Տետրակ, որ կոչվում է հորդորակ հրապարակախոսական երկի ուսումնասիրությունը: Դեռևս Խորհրդային միության տարիներին Հորդորակի հեղինակի ինքնության հարցի շուրջ ի հայտ եկած բանավեճերն իրենց հանգուցալուծումն են կարծես գտնում հետխորհրդային գրականության մեջ՝ առաջ տանելով խմբակի անդամ Մովսես Բաղրամյանի՝ որպես հեղինակի թեզը: Թե՛ այդ բանավեճերը, թե՛ դրանց հանգուցալուծումը ելնում էին այն ընդհարումից, որն առաջ էր եկել հնդկահայ գործիչների և Էջմիածնի Սիմեոն Երևանցի կաթողիկոսի միջև Հորդորակի հրատարակման առթիվ: Ահա այս լարումն է ամփոփում 1908-ին Թիֆլիսում Գյուտ քահանա Աղանյանցի խմբագրությամբ հրատարակված Դիւան հայոց պատմութեան էջերում տեղ գտած Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, որի մի հատվածն է ստորև ներկայացվող վավերագիրը:
Գրքի շարադրողը, ըստ էության, կաթողիկոսի «զայրույթի» բորբոքման առիթն էր միայն: Ի սկզբանե պախարկելի որակելով «խաբեբա» և «պակաս ի խելաց» Բաղրամյանի ազդեցությամբ «խելացնոր» գաղափարների հրապարակումը՝ կաթողիկոսն ընդգծում էր դրանց վտանգավոր հետևանքը հայ ազգի համար. գաղափարներ, որոնք հաշվի չէին առնում, թե հայերը «ո՞ւր կան, ի ձեռս որո՞ց, և ո՞րպիսի կերպիւ»: Գրքում տեղ գտած արդի եվրոպական «զկանոն և զսահման» հաստատելու, ապագա՝ խորհրդարանական կարգով ինքնուրույն պետության և այս «լուսավոր» ապագայի համար ազգովի նահատակվելու Հորդորակի դրույթները ռուս-թուրքական պատերազմի բովում Սիմեոն Երևանցու աչքին երևում էին իբրև ոչ թե փրկչական, այլ ազգի կործանման անհեռատես ցնորքներ: Այս անհեռատեսության ակունքը կաթողիկոսը կապում էր «Հնդկաստանում ապրուստի տեր և թուրքական լծի տառապանքն իր մաշկի վրա չզգացած ազնվատոհմ» Շահամիրյանների հրատարակչական գործի ձեռնարկման հետ: Հրապարակախոսական երկի հրատարակությամբ Շահամիրյանները գրքի՝ ավանդաբար ընդունված զուտ գրական-մշակութային գործառույթը բերում էին քաղաքական ասպարեզ՝ դարձնելով այն ազատագրվելու իրենց գաղափարաբանությունը հանրայնացնող գործիք: Քաղաքական-հասարակական գործերին այսպիսի միջամտության «հանդուգն» փորձը կաթողիկոսի համար ոչ պակաս նշանակալի միջամտություն էր քաղաքական գործունեությանը դարերով սերտաճած կրոնական գործերին: Չնայած իր՝ հայերի կրոնական ավանդույթի հիմքով ապագա պետության բաղձանքն իրողություն դարձնելու ջանքերին՝ Հորդորակը պաշտոնական մակարդակում ի հայտ էր գալիս իբրև եկեղեցու շուրջ գոյատևելու և եկեղեցու ուժով փրկվելու պատմական փորձը սասանող գաղափարաբանություն: Այսպես՝ Սիմեոն Երևանցու այս քննադատությամբ բացվում է մադրասյան քաղաքական ծրագրի՝ կրոնական ավանդույթի բարենորոգման անկյունը՝ որպես ապագա արդի պետության պայման:
Հատվածը հրատարակվում է ըստ՝ Դիւան հայոց պատմութեան, գիրք Ը. Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարան, մասն երկրորդ, 1767-1776, խմբ.՝ Գիւտ Ա. քահանայ Աղանեանց (Թիֆլիս: Ելեքտրաժարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, 1908), էջ 573-579:
ՄՁԹ.
Յղելն սրբ. Վեհին զՄարկոս վարդապետն ընծայիւք ի Շիրազ առ Քարիմ Խանն, եւ ընդ նմա թուղթք ի Շիրազ, ի Ջուղա՝ ի Բասրա, ի Բուշեռ, ի Հնդիկս, ի Քեաբուլ եւ ի Գիլան եւ ի Համադան, զանազան որպիսութեամբք:
…
Իսկ՝ որպէս յանցեալ ամին ի մայիսի ԻԶ ասացաւ, թէ Շամիր Աղայն զտպագրատուն էր հաստատեալ ի Մատրաս, և սրբ. վեհն գրեաց նմա զգուշանալ ի տպելոյ զվտանգաւոր բանս, այժմ գրեալ այն ի գլուխն եկն, և յառաջացաւ գիրք մի ի տպարանէ անտի, որ կործանիչ էր ազգիս խղճալոյ: Քանզի էր անդ խաբեբայ ոմն Մովսէս անուամբ, որում՝ ասէին կացեալ առ հանգուցեալ Առաջնորդն Ջուղայու Գէորգ վարդապետն, և ի նմանէ սակաւ մի տեղեկացեալ ուսման: Եւ էր տեղեաւ Ղարաբաղցի: Որ թէպէտ սակաւ մի տեղեկացեալ էր ուսման և արհեստի, այլ էր մտաթափ՝ և պակաս ի խելաց, առանց շրջահայեցութեան, և տղայաբարոյ: Զսա յարգանօք ունէին անդ ի Մատրաս առ ինքեանս, իբր զնշանաւոր գիտուն ոմն, և որդի Շամիր Աղային Յակոբն՝ ի նմանէ ուսանէր զուսումն: Եւ Շամիր Աղայն հաստատեալ զտպարան, զորդին իւր կացուցեալ էր ի վերայ նորա, և զայն դիւաբախն՝ ևս՝ իբր կարգաւորօղ և սրբագրիչ տպեցելոցն ի տպարանին: Եւ զի էին սոքա ի հանգստութեան և յազատութեան սնեալք՝ և յիշխանութեան Քրիստոնէից, չկրեալք զվիշտս տաճկական, և ոչ զնեղութիւնս տեսեալ երբէք. մանաւանդ թէ՝ դրամոց տէր, վասն այնորիկ ի վեր քան զչափն իւրեանց ձկտեալք, խորհէին հոգալ զհոգս ինչ, զի նորոգեսցի կործանեալ թագաւորութիւն հայոց ազգիս: Ուստի՝ տուեալ շարադրել դիւաբախին այնմիկ զգիրք մի՝ կոչելով զանունն՝ Յորդորակ մանկանց Հայկազունեաց, առ ի սթափիլ ի վեհերոտեալ ծուլութենէ: Դիտումն այս՝ իբր զի՝ երիտասարդք հայոց ազգիս ուսանիցին զպատերազմ, սիրով ընդ միմեանս միաբանիցին, և տացեն ընդ տաճիկս պատերազմ, և զսեփական երկիրն իւրեանց առնուցուն ի նոցանէ, և զթագաւորութիւն Հայոց ազգիս նորոգեսցեն: Եւ կարգաւորեաց ազգիս՝ և իշխանաց՝ ծերոց՝ պառաւանց՝ նաև հարց և մարց խրատ և յորդորակ՝ առ ի յորդորիչ լինիլ մանկանց և երիտասարդաց ի սոյն, և ամենեքեանքն զսոյն մտածել՝ և յառաջացուցանել ջանալ: Ի վերայ այսց՝ զնախնեաց մերոց թագավորաց և իշխանաց զքաջութիւնսն բերէին օրինակ, և զամենայն երկիրս և զկալուածս հայոց՝ սահմանօք և պարագայիւք իւրեանց բացայայտէին, և ենթադատեալ իբրու օրինակի աղագաւ, թէ այսքան հարկս և զայլ ամենայն առքս զորս առնուն տաճիկք յայսքանեաց գաւառաց և յայսքանեաց անձանց, եթէ ի միոյ գաւառէ և ի միում տարւոջ այսքան, ապա ի յայսքան գաւառաց և յայսքան ամս ո՞րքան: Չամաչելով զթիւն ևս դնէին, և աւաղէին թէ՝ եղուկ՝ որ անմտութեամբ տուաք յայսքան ամս զայսքան ինչս մեր օտար ազգի, և յորդորէին թէ՝ քաջացարուք առնուլ զերկիր ժառանգութեան մերոյ, զի մեզ մնասցին այսք: Եւ զսոյն դիւաշունչ գիրս սփռէին յազգս մեր, չմտածելով բնաւ բախելոցն յիմարութեամբ, թէ կորուստ բերէ այս ազգիս: Եւ առ Մէլիքսն Խամսայու ևս վասն սոյն անհիմն դիտման գրէին բազմիցս զթուղթս, և յղէին զընծայս, (որպէս յանցեալ ամին ի մայիսի ԻԶ յիշեցեալ եղև:) որք և այժմ նորապէս գրեալ առ նոսա զթուղթս՝ յայն գրքոյն ևս յղեալ էին, և անզուսպ յանդգնութեամբ գրէին զսոյն բանս ուր և կամէին: Է՛ր և Գրիգոր Աղայն Խօջաջանեան՝ տուօղն ծախուց տպագրատան մերոյ և թղթատան՝ կամակից նոցին: Այլ թէ կամաւ, թէ ի նոցին թախանձելոյ՝ չէ՛ր յայտ: Եւ ի յայս այնքան էին հաստատնապէս եդեալ զմիտս իւրեանց, մինչ զի, և առ սրբ. վեհն համարձակեալ գրեալ էին զայս, և Գրիգոր Աղայն ևս ձեռն էր եդեալ ի վերայ թղթոյն: Յորում նախ պաղատէին կամակից լինիլ ինքեանց, ապա՝ զպէս պէս և զծիծաղելի առաջադրութիւնս գրէին սրբ վեհին, թէ այսոքիւք հնար է՝ զի մտադրութիւնս մեր ի գլուխ ելցէ, այսինքն է՝ միաբանեցուցանել նախ զՎրաց իշխանն ընդ Աղուանից իշխանացն: Եւ թուղթ գրել առ կայսերուհին Ռուսաց, և զօրինակ թղթոյն ևս գրեալ էին, թէ այսու օրինակաւ պարտիս գրել: Ուսուցանէին և զկերպ իմանալոյ զհամար և զորքանութիւն ազգիս, և հարկադրելոյ ի ձեռն … նուիրակաց՝ առ ի ուսանել զպատերազմ: Եւ վասն նոցին զթոշակս ժողովել տալոյ ի ձեռ Առաջնորդաց և խոստովանահարց ի ծածուկ, որպէս զի ամենայն անձն յամենայն կիւրակէս զմի մի փարայս տացեն: Եւ ըստ Եւրոպացւոցն զկանոն և զսահման դնել ազգիս՝ թարգմանեցուցանելով ի նոցունց, վասն սշխարհավարութեան՝ և զինուորութեան արհեստի, և կարգադրութեան դատաստանաց և այլոց, և նախարար մի կացուցանել բոլոր ազգիս, որ թարց խորհրդոյ ծերակուտին և աւելի կամ պակաս քան զսահմանն թէ արասցէ ինչ՝ կորուսցէ զգլուխ իւր: Եւ այն նախարարն ժամանակաւոր լիցի, և ի միւս ամին՝ ուրիշ նախարար կացուսցի: Ուսուցանէին ի վերայ այսց և զկերպ ի հաւան ածելոյ զբոլոր ազգս, ընտրել յամենայն գաւառաց զԲԲ արս խոհեմս, որք ի Ղարաբաղ առ Մէլիքսն երթեալք՝ տացեն նոցա զընդունելութիւնս իւրեանց, և ընդունելին նոցա՝ բոլոր գաւառացն լիցին ընդունելիք: Եւ բազում այսպիսի բանք, որ ոչ այլ ինչ էին, եթէ ոչ բանք խելացնորից, որք չմտածելով զորպիսութիւնս ազգիս՝ թէ ո՞ւր կան, ի ձեռս որո՞ց, և ո՞րպիսի կերպիւ, զայսոսիկ մտածէին և գրէին: Զորս իբրև ետես սրբ. վեհն և վերահասու եղև դիտմանցն, մեծ ցաւ և տրտմութիւն եղև ինքեան, հայելով ի յապագայ վնասն: Վասնորոյ՝ առ ի խափանել զայս վնասաւոր դիտմունս նոցին, և ազատել զազգս ի կորստենէ, զթուղթ գրեաց առ նոսա յոյժ մեծագոյն և երկար, սաստիկ յանդիմանութեամբ և մեծագոյն մեղադրութեամբք. վասն չմտածելոյ զվախճան վնասաւոր դիտմանց իւրեանց, և առանց խոկացման յայսպիսի վնասաւոր իրս ձեռնարկելոյ: Եւ մեծաւ նախատանօք ցուցանելով նոցա զանկարելութիւն առաջադրութեանցն, թէ այդք ո՞րպէս են կարելիք լինիլ այժմու ժամանակիս. ծանուցանելով և զվնասն՝ որ յառաջանալոց էր ի նոցանէ: Եւ՝ զի որպէս վերոյ ասացաք, զգիրքն զայն այն խելացնոր Մովսէսն էր շարադրեալ, այլ երկնչելով ի պատժոց սրբ. վեհին թերևս, ոչ զիւր անունն էր մակագրեալ իբր շարադրօղ գրքոյն, այլ զանունն Յակոբայ՝ որդւոյ Շահամիր Աղային: Ուստի՝ յայսմանէ գիտացէք, զի առաջադրութիւնս այս և շարադրումն գրքոյն ի դիւրաբախէն յայնմանէ էր յառաջացեալ, և նա էր յորդորեալ զնոսա յայս խորհուրդ, գովելով առաջի նոցա զքաջութիւնս Խամսայու մէլիքացն, որովհետև և ինքն Խամսայեցի էր, և հաւատացուցեալ էր նոցա, թէ յորժամ միաբանիցին ընդ նոսա բոլոր ազգն հայոց՝ կարեն նոքա վճարել ինչ: Վասնորոյ՝ առ այս մանաւանդ յոյժ մեղադիր եղև նոցա սրբ. վեհն, որք գոլով իշխանք փառաւորք՝ անուանիք և մեծատոհմք, այնպիսւոյ դիւաբախի դիտմանցն և խելացն հետևելով՝ թարց մտածելոյ զվնասն ապագային, զայսոսիկ տպեալ և գրեալ էին: Իսկ մեղադրութիւնքն էին յոյժ բազմազանք և պէսպիսակերպք՝ առ մի մի իւրաքանչիւր միտս վերոյգրեալ բանից տպեալ գրքոյն՝ և առ սրբ. վեհն գրեալ թղթոյն: Զորս մի ըստ միոջէ աստէն գրելն՝ յոյժ երկարի: Ուստի՝ թողում խոհեմ մտաց՝ իմանալ վերոյգրեալ դիտմամբք թղթոյն և գրոյն, թէ զի՞նչ առ այնս գրել յարմարի: Մանաւանդ՝ թէ ընթեռնուլ իսկ զնոյն ինքն զշարադրեալ բանն կամիցիս՝ ո՞վ գերարգոյ խնդրակդ բանիս, տե՛ս ի բոլորագրահամար շարադրանաց տետրոջն, յերեսն՝ ՈՀԶ, ՈՀԷ, ՈՀԸ, ՈՀԹ, ՈՁ, ՈՁԱ, ՈՁԲ, ՈՁԳ, ՈՁԴ, ՈՁԵ, ՈՁԶ, ՈՁԷ, ՈՁԸ, ՈՁԹ, և զլիապէսն անդուստ իմա ընթերցմամբ: Այլ զսակաւն որ ի վերջոյ՝ համառօտ ասացից աստէն: Զի զկնի զերկոսեանն ի միասին մեղադրելոյ՝ դարձոյց զբանն յատկապէս առ Շամիր Աղայն վասն տպագրատանն, թէ տպագրատուն հաստատօղն կամ պարտի լինիլ ազգի գլուխ և հասարակաց հոգածու, որ զնախնեաց երանելեաց գրեանս տպիցէ ի լուսաւորութիւն ազգին, որպէս Ջուղայեցի Յակոբ կաթողիկոսն: Կամ պարտի լինիլ իմաստուն այր՝ անուանի և հռչակեալ գիտութեամբ, որ յինքէնէ զօգտաւէտ գրեանս շարադրեալ տպեսցէ ի յօգուտ հասարակութեան: Եւ կամ թէ՝ են ևս ոմանք, որք թէպէտ չեն գիտուն, և ոչ հասարակաց գլուխ, այլ զտպագրատուն հաստատեալ՝ զհասարակաց ընդունելի գրեանս հրամանաւ մեծաւորաց տպեն և վաճառեն, առ ի գտանել այնու զապրուստս: Արդ՝ դու ոչ հասարակաց տէր և հոգածու ես ասէ, ոչ նշանաւոր իմաստուն ոք, և ոչ ապրուստի կարօտ հասարակ անձն ոք, այլ ես դու ասէ ազնուատոհմ իշխան, և յամենայնի փարթամ և ունևոր, և գլխաւոր վաճառական մի աշխարհական՝ պարապեալ ի հոգս մարմնական: Ապա ի՞նչ հարկ էր քեզ, և կամ զի՛նչ վայել էր քումդ անուան՝ տաժանմամբ մեծաւ գիր բերել տալ Ֆռանկստանու, և զտպագրատուն հաստատել, և զիշխանազուն որդի տպագրիչ կարգել՝ որ է՛ գործ գռեհկի և յետին աղքատի: Եւ տպեալ զայնպիսի գիրս, որ իցէ կործանիչ ազգի, շարադրեցեալ յումեմնէ ոչինչ և աննշան իմաստակէ: Եւ առ այս ևս յանդիմանութիւն յոյժ յոլով: Եւ ի վերջոյ այս թէ՝ պահեցի այժմ զպատիւդ խնայելով քեզ, թէպէտ դու ոչ ի մեզ խնայեցեր և ոչ ի քեզ: Եւ զի ի թղթոջն իւրեանց յետ ամենայն գրեցելոցն գրէին թէ՝ ներեա մեզ, և համարձակախօսութեան և անառակութեան մերում մի՛ բարկանար, և այլն: Ուստի գրեաց թէ՝ այդ ձեր արարմունք և գրեցեալքդ եթէ իրաւամբ են, ընդ էր կոչէք չափազանցութիւն և անառակութիւն: Երևի թէ՝ դուք ևս բռնադատեցեալի բնական խոհեմութենէ ճանաչէք զգոլն անիրաւամբ, վասնայնորիկ և զներումն խնդրէք: Այլ չափազանց անառակութիւնն և հասարակավնաս մեղքն ոչ թողանի ասէ թարց գլխաւոր ապաշխարութեան: Ուրեմն՝ զորինչ ապաշխարութիւնս դնեմ քեզ ասէ՝ պարտիս կատարեալ յօժարութեամբ, զի ընկալցիս զկատարեալ ներումն և զթողութիւն: Եւ ապաշխարանքն էին այսք: Նախ՝ զի զգիրքն զայն այրեսցէ իսպառ, և զորս ցրուեալ է աստ և անդ՝ ջանասցէ և հնարեսցէ զայնս ևս այրել: Երկրորդ՝ զի տպագրատունն զայն խափանեսցէ իսպառ: Զի ի Պօլիս՝ և երբեմն յԱմստրդամ, երբեմն ևս ի Զմիւռին մինչ զգրեանս տպեցին և տպեն, թարց հրամանի ո՛չ տպեն, իսկ դու զայդ նոր հաստատեցեր ասէ, և առանց զմեզ հարցանելոյ՝ զայդ կորստաբեր գիրքդ տպեցեր: Իցէ թէ կամ դու՝ և կամ յետագայք քո այլ ևս այդպիսի բանս տպիցէք՝ չհարցանելով մեզ վասն սաստիկ հեռաւորութեան տեղւոյդ: Ուրեմն, այն է լաւ՝ զի խափանիցէք, զի արհեստագէտ ևս չունիք, որ զմիտս բանին խոկացեալ՝ զօգտաւէտն և զանօգուտն ընտրիցէ: Իսկ այդ իմաստակդ որ իբր արհեստագէտ ձևացուցանէ զինքն, ո՛չ գիտէ զի՞նչ առնելն: Ուստի՝ թարց արհեստի և խոկացման տպեցեալն ձեր, բաց ի յամօթոյ և ի վնասուց զոչինչ օգուտ բերէ ազգիս: Եւ առ այս ևս յոյժ հարկ: Երրորդ՝ այդպիսի վնասաւոր բանիւք այլ մի՛ գրէք ասէ զթուղթս առ մէլիքսն Խամսայու: Զի յերթևեկութենէ թղթոցն ձերոց ձայն ինչ ի վե՛ր ելանէ ասէ թերևս, և կամ թուղթն ձեր ի ձեռս տաճկաց անկանի, որ լինի վնաս ազգիս: Չորրորդ՝ պատուէր՝ զի այն անօգուտ մտածմունսն այլ մի՛ ևս արասցեն, և մի՛ հետևեսցին զկնի նորին, որ անօգուտ է և ի նանիր: Հինգերորդ՝ զի զխաբեբայ Մովսէսն այն կամ վարեսցեն ի միջոյ իւրեանց, և կամ ի տեղի ոչընչի համարելով՝ մի՛ մերձեցուսցեն առ ինքեանս, զի ամօթ մեծ է ձեզ ասէ՝ այդպիսւոյ մտաթափի մոլեկան խելացն հետևիլ և անկանիլ ի բերան ազգի: Վերջապէս բանադրանք այն չիք Մովսիսին, և պատուէր՝ զի մի՛ ոք հաղորդեսցի նմա բանիւ կամ գործով. և կցորդեսցի անիծից և դատապարտութեանց նորին: Եւ ապա այս թէ՝ զայս հնգեսին պատուէրս մեր որք յամենայնի օգտաւէտք են, եթէ առնիցէք, օրհնեալ էք, և և՛ս լիջիք օրհնեալք յԱստուծոյ և ի մէնջ: Ապա թէ զանց արարեալ ո՛չ կատարիցէք, հարկ է ինձ այնուհետև հասարակածանոյց կոնդակաւ գրել յամենայն երկիր զանօրինակ արարմունսդ ձեր, և զիս անպարտ և անմեղադրելի առնել: