Փիլիսոփայական մտքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն պատմական և մշակութային կոնկրետ հանգամանքներով պայմանավորված մտածողության սահմաններն անցնելու պոտենցիալ ունի։ Այն կարող է դարերի ու ծովերի հեռավորությունից անսպասելի դիտակետեր բացահայտել մշակութայնորեն էապես տարբեր իրականություններում։ Հայ քաղաքական մտքի համար նման մի հետաքրքրական օրինակ կարող է լինել 18-րդ դարի շոտլանդական լուսավորիչ Դեյվիդ Հյումի բարոյափիլիսոփայությունը։
Ավանդաբար, լուսավորական մեր քաղաքական միտքն առավել սերտորեն կապված է եղել ֆրանսական լուսավորության ձևակերպած գաղափարների հետ և գաղափարական ընդհանուր շրջանակի ներսում է ըմբռնել բարքն ու բարոյականությունը։ Բարոյափիլիսոփայական պատկերացումների այս շրջանակում վերզգայական բնույթ ունեցող քաղաքական իդալներն են ըմբռնվում իբրև բարձրագույն բարիք, որին հասնելու ճանապարհին գաղափարական գործիչը բախվում է զգայական աշխարհին ամուր կառչած մարդկային «կույր», «կենդական» բարքերին։ Այս երկուսի միջև կռվով է սահմանվում քաղաքական գործունեությունը։ Անսպասելի չէ, որ քաղաքականության այս ըմբռնումը, հարազատ չի եղել զգայական բարքերով ապրող հայ ժողովրդին։ Հայ լուսավորիչների կանխադրած՝ բարոյական բարիքի գաղափարի և ժողովրդական զգայական բարքի միջև այս հակադրությունը մեր արդի քաղաքական պատմության անբաժանելի մասն է. մաս, որով և հաճախ պայմանավորված են եղել քաղաքական նախագծերի ձախողումները։ Անսպասելիորեն, սակայն, մշակութայնորեն և պատմականորեն հայ քաղաքական մտքի կամ հայ մշակույթի հետ քիչ կապ ունեցող Հյումի փիլիսոփայությունը թույլ է տալիս մի այնպիսի հայացք նետել բարքի ու բարոյականության վրա, որը սկզբունքորեն չի հակադրում բարքը բարոյականությանը, սովորությունը՝ բարիքին։ Միաժամանակ բարքի հյումյան այս ըմբռնումը ոչ միայն օտար չէ մեր ժողովրդական պատկերացումներին, այլ ըստ էության հարազատ լինելու այնքան պոտենցյալ ունի, որ դրա առանցքային դրույթները հնարավոր է նշմարել արդեն հայերեն «բարք» բառի ստուգաբանության ու իմաստի մեջ։
Բարոյական փորձառության Հյումի փիլիսոփայական շրջանակը հիանալիորեն ուրվագծվում է թե՛ «բարոյականություն», թե՛ «բարք» հայերեն բառերի ընդհանուր «բար» բառարմատի մեջ։ Վերջինս ունի երեք հիմնական իմաստ ու գործածություն։ Նախ այն հղում է մարդկային սովորությունների, սովորույթների ու վարքի աշխարհին, և բնորոշում է առաջին հերթին դրանց ներքին բերումը, հոգեկան փորձառումն ու շարժառիթները։ Այնուհետև նույն «բար» արմատից է առաջ գալիս «-բար» վերջածանցը, որն արդեն եղանակ, ձև է բնորոշում։ Սրանով կազմված բառերը պատասխանում են «ինչպե՞ս» հարցին. «բարեբախտաբար, դժբախտաբար»։ Միաժամանակ հենց նույն «բար» արմատից են բխում բարոյական գնահատական տվող «բարի» և «բարիք» բառերը։ Եթե միահյուսենք այս երեք չափումները, ապա կարող ենք ասել, որ բարքերը բարին և չարը, լավն ու վատը փորձառելու սովորական ձևերն ու եղանակներն են. բարքի մի ըմբռնում որը շատ հարազատ է Հյումի բարոյափիլիսոփայությանը։ Իսկ երբ մտաբերում ենք, որ ըստ շոտլանդացի լուսավորականի զգայություններն են դարձյալ բարոյականության հիմքում, բարքի ըմբռնման այս շրջանակներում բնականաբար այլևս տեղին չէ սկզբունքորեն հակադրել ո՛չ բարքն ու բարիքը, ոչ էլ բարքն ու բարոյականությունը։
Հրապարակվում է ըստ՝ Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1 (Երևան։ Երևանի համալսարան, 1971), էջ 431։
ԲԱՐ-Ք, ու հլ. (գործածւում է միշտ անեզրաբար) «ներքին բնածին յատկութիւն, բնութիւն, բնաւորութիւն, վարք, սովորութիւն» ՍԳր.[1] Ոսկ. Սեբեր. Կոչ. Կիւրղ. ծն. – ածանցման մէջ մտնում է հետևեալ ձևերով. 1. Բար-. առաջին արմատական ձևն է, որից ունինք բարի «լաւ» (այս բառի վրայ տե՛ս առանձին). բարաւորութիւն «բնաւորութիւն» Փիլ. քհ. Ճառընտ. չարաբար «վատ բնաւորութիւն ունեցող» Իմ. գ. 12. Առակ. ժթ. 19. Կոչ. բարեբեր «քաղցրաբարոյ» Կոչ. Վեցօր. Ոսկ. ես. գեղեցկաբարութիւն Փիլ. լին. վատաբարութիւն Կանոն. բարացուցակ «բնութագրող» Նար. բարառնութիւն «այլաբանութիւն, դիմառնութիւն» (թրգմ. յն. ἠθοποιία բառի, որ կազմուած է ἦθος «բարք» և ποιέω «անել» բառերից) Պիտ. Փիլ.–2. Բարք. նոյն բառի յոգնակին, որից ունինք միայն յետնաբար բարքախռպոտ Ոսկիփ. դժնաբարք Լաստ. խոշորաբարք Երզն. քեր.–3. Բարե– որից ունինք մէկ ընտիր բառ՝ բարեգիտութիւն «բնախօսութիւն, φυσιολογία» Կոչ.–4. Բարոյ-, որից ունինք նախ անեզրաբար բարոյք «բարք» ՍԳր. Ոսկ. Ագաթ. և յետոյ ՝ բարեբարոյ Սիր. իզ. 1. Յհ. իմ. եկ. Յհ. կթ. (որ և բարեբարւոյ Սիր. իզ. 3. Ճառընտ. Արշ.) բարոյախօսել Եւս. քր. բարոյածին Վեցօր. բարոյական Փիլ. գազանաբարոյ Եզն. դառնաբարոյ Կոչ. հօրաբարոյ Ագաթ. շնաբարոյ Ա. թագ. իե. 3. նոր գրական լեզուի մէջ՝ անբարոյական, բարոյագէտ, բարոյականութիւն, բարոյավէպ, բարոյախօսութիւն, բարոյախօսական ևն։ 5. Բարու-, որ առաջին արմատական ձևի բունն է (եզ. սեռ. *բարու, յգ. սեռ. բարուց), որից՝ բարեբարու Ճեռընտ. գայլաբարու Տօնակ. բարուխօս «բարքերի մասին խօսող» Վրդն. հրտր. Էմ. Էջ 31 (ուր տպ. Վենետ. էջ 20 ունի բարոյախօս). բարուական ԱԲ. բարուցք «բարք» ԱԲ. չարաբարու Նանայ. այստեղ կարելի է դնել նաև բարեբարութիւն Ոսկ. ես. և երբ. չարաբարութիւն ՍԳր. Վեցօր. ևն (իբր բարեբարու-ութիւն ևն, ապա թէ ոչ բարեբար-ութին ևն)։ Այս բոլորից դուրս բար-ք բառը ստացել է նաև երեք ուրիշ ձև. այն է՝ 6. -բար, իբր մասնիկ, որ դրւում է բառի վերջը և ցոյց է տալիս «պէս, նման». ինչ. հայկաբար Ագաթ. գազանաբար ՍԳր. Մծբ. բազմաբար Ագաթ. Կորիւն Եզն. տիրաբար Բ. մակ. ժգ. Եւս. քր. ո՛րբար «ի՛նչպես» Արիստ. ա՛յսբար «այսպէս» Մագ. թղ. 22.–7. իբր «ինչպէս, պէս, նման. 2. երբ, ո՛ր ժամանակ որ» նշանակութեամբ և 8. երբ «ո՛ր ժամանակ», որոնց վրայ տե՛ս առանձին։
ՆՀԲ լծ. վարք, բերումն և բար, այսինքն «պէս»։ Andreas (տե՛ս Maspero, Recueil 18, 216), փոխառեալ միջին պրս. *= պրս. «անգամ, հեղ. 2. պատճառաւ» բացից։ Millet MSL 18, 256 և Altarm. Elementarbuch 38 -բար մասնիկի ծագումը դնում է բարք գոյականից։ Karst, Յուշարձ. 403 ծան. -բար մասնիկը նոյն է դնում -աւոր և -բեր ձևերի հետ (լուսաւոր = լուսաբեր). հմմտ. գերմ. -, — ևն։ Nyberg, Hilfsb. 2, 233 համեմատում է պհլ. «վարք, վարմունք» բառի հետ, որի աւելի նոր ձևն է պազ. ։ Nyberg այս երկուսը ծագմամբ իրարից տարբեր բառեր է համարում և առաջինից փոխառեալ է դնում հյ. վարք, երկրորդից՝ բարք։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 = կամիս. «բարի, լաւ սովորութիւն»։
ԳՒՌ.– Տփ. բարք «բնաւորութիւն». Ախց. բ‘արք «ախորժակ, ներքին բերմունք, հաճոյք». օր. բ‘արքս կույէ «կախորժիմ, կփափագիմ, սիրտս ուզում է», որից բարփոխութիւն «յղի կանանց ախորժակի խանգարումը», բարփոխ «յղիութեան պատճառով ախորժակը խանգարուած». հմմտ. միջին հյ. «ախորժակ, քեֆ». «Խնդրեց բարքս և կերայ» Վրք. հց. Բ. 26 (տե՛ս և Նորայր, Բառ. ֆր. appétit և fantaisie բառերը). գրական փոխառութիւն է Երև. վարք ու բ‘արք։
[1] Տվյալ բառահոդվածում Աճառյանն օգտագործում է հետևյալ կրճատ հղումները (համառոտագրությունների բացատրությունը՝ Աճառյանի. տե՛ս Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ., էջ 30-66)
Ա թագ. – Գիրք թագավորութեանց Ա.։
Ագաթ. – Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց. Տփղիս 1909։
Առակ. – Առակք Սողոմոնի
Արշ. – Գիրգոր Արշարունեաց կամ Աշարունեաց եպիսկոպոսի ի Է դարու, Մեկնութիւն ընթերցուածոց, մանաւանդ ճրագալուցի ծննդեան և յարութեան, ընտիր և ճարտարախօս հայկաբանութեամ (ըստ ՆՀԲ)։
Եզն. – Եզնկայ Կողբացւոյ՝ Բագրևանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոնց. Վենետիկ ՌՄՀԵ։
Եւս. քր. – Եւսեբի Պամփլետայ Կեսարեցւոյ Ժամանականք (Քրոնիկոն). Վէնէտիկ 1818։
Երզն. քեր. – Մեկնութիւն քերականութեան՝ կրկին . համառօտն… և ընդարձակն… (ըստ ՆՀԲ)։
Իմ. – Իմաստութիւն Սողոմոնի
Լաստ. – Պատմութիւն Արիստակէսի Լաստիվերտցւոյ. Վենետիկ 1844։
Կանոն. – Կանոնագիրք Հայոց. հրտր. Արսէն Ղլտճեան, Թիֆլիս 1914։
Կիւրղ. ծն. – Մեկնութիւն Աստուածաշունչ Ս. գրոց, ընտիր թարգմանութեամբ նախնեաց (ըստ ՆՀԲ)։
Կոչ. – Կիւրղի երուսաղեմայ հայրապէտի Կոչումն ընծայութեան. Վիեննա 1832 (Ե դար.)։
Կորիւն – Կորիւն վարդապետի պատմութիւն Ս. Մեսրոբայ (տե՛ս Կորիւն, Մամբրէ, Դաւիթ). Վենետ. 1833 (Ե դար)
ՀԱ – Հանդէս Ամսօրեայ, ուսումնաթերթ Վիեննայի Մխիթարեանց, 1887-1933։
Ճեռընտ. – ՆՀՆ դնում է Ճ. Համառօտագրութեամբ զանազան ձեռագիր Ճառընտիրներ։ Ես գործածել եմ Գիրք և Ճառ հոգեշահ արարեալ յուղղափառ և յաստուածաբան վարդապետաց. Պօլիս ՌՃՊԱ=1722։
Մագ. թղ. – Գրիգոր Մագիրսրոսի թղթերը. Հրտր. Կ. Կոստանեանց, Աղեքսանդրապօլ, 1910։
Մծբ. – Գիրք որ կոչի Զգօն, արարեալ Ս. Յակոբայ երիցս երանեալ հայրապէտին Մծբին քաղաքի. Պօլիս 1824 (Ե դար)
Յհ. իմ. եկ. – Յովհաննու իմաստասիրի Օձնեցւոյ Մատենագրութիւնք (Ը դար.) Վենետ. 1833։
Յհ. կթ. – Պատմութիւն Հովհաննու կաթողիկոսի. բ. տպ. Երուսաղէմ 1867։
Յուշարձ. – Յուշարձան Մխիթարեան միաբանութեան ի Վիեննա. 1911։
Նանայ. – Նանայի Ասորուց վարդապետի Մեկնութիւն Յովհաննու աւետարանին. Վենետիկ 1920 (Թ դար)։
Նար. – Գիրգոր Նարեկայ Վանից վանականի Մատենագրութիւնք. Վենետիկ 1840։
ՆՀԲ – Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, Վենետիկ 1836-7։
Ոսկ. ես. – Յոհվ. Ոսկեբերանի Մեկնութիւն Եսայեայ մարգարէի. Վենետիկ 1880։
Ոսկիփ. – Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, արարեալ Ս… Գրիգորի Տաթևացւոյն, Պօլիս ՌՃՂԵ=1746։
Պիտ. – Մ. Խորենացւոյ Պատմութիւն Հայոց. էջ 1-277, որի հետ ուր հարկն է համեմատել եմ նրա քննական հրատարակութիւնը՝ Թիֆլիս 1913 (Մ. Աբեղյան, անուանապէս նաև Ա. Յարութիւնեան)։
ՍԳր. – Աստուածաշունչ մատեան հին և նոր կտակարանաց, ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց, համեմատութեամբ եբրայական և յունական բնագրաց (Ե դար.) Պոլիս 1895։
Սեբեր. – Սեբերիանոսի Եմեսացւոյ Ճառք. Վենետիկ 1830։
Սիր. – Իմաստութիւն Յեսուայ որդւոյ Սիրաքայ [ՍԳր]։
Վեցօր. – Ս. Բարսղի եպս. Կեսարու Կապադովկացւոց Ճառք վասն վեցօրեայ արարչութեանն. Վենետիկ 1830։
Տօնակ. – Տօնական մատեան, որ և Տօնամակ և Պատճառք տօնից կամ Տօնապատճառք (զանազան հեղինակների գործեր). – (ըստ ՆՀԲ)
Փիլ. լին. – Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ի Հայս. (հտ. Բ) Վենետ. 1826։
Փիլ. քհ. – Փիլոն Հեբրայեցւոյ Ճառք, հտ. Գ Վենետիկ, 1892։
Altarm. – Dervischjan, Das Altarmeniscche Ք. Wien 1877։
Karst –
Millet – Esquisse d’une grammaire comparée de l’arm. classique. Վիեննա 1903։
MSI – Mémoires de la Société de linguistique de Paris։