Ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական. Էդուարդ Թոփչյանի ելույթը

 

1920-ականներից Խորհրդային Միությունում սկիզբ առած նոր՝ պրոլետարական արվեստի բնույթի շուրջ բուռն բանավեճերը ստալինյան 1930-ականների կեսերին արդեն վերևից պարտադրված խիստ որոշակի պատասխան ստացան։ Սոցիալիստական ռեալիզմն էր արվեստի միակ ընդունելի չափանիշների համակարգը, որով պետք է ստեղծագործեին միության գրողներն ու արվեստագետները։ Այս համակարգի ներսում էր սահմանվել «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» բանաձևը, որն իր հերթին լուծելու էր արվեստի ազգային առանձնահատկությունների՝ Միության հիմնադրումից ի վեր քննարկվող հարցը։

Ներկայացվող վավերագիրը հատված է գրականագետ, գրականության տեսաբան Էդուարդ Թոփչյանի՝ 1939 թվականին ընթերցած «Ընկեր Ստալինը և գեղարվեստական գրականության խնդիրները» ելույթից, որը նա ներկայացրել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի, կամ Արմֆանի՝ Ստալինի ծննդյան 60-ամյակին նվիրված գիտական նիստին։ Գրական թերթում տպված՝ ձևի և բովանդակության ստալինյան մեկնաբանմանը վերաբերող այս հատվածում տեսական ընդհանուր խնդիրներին զուգահեռ Թոփչյանին հատկապես հետաքրքրում է «ժողովուրդների կուլտուրայի», «ժողովրդական իդեալների»՝ ազգային ձևի հարցը։ Գրականագետի խոսքը տողատակում կարծես պատասխանում է հարցի առնչությամբ նախկինում հնչած՝ «մեծապետական-նացիոնալիստական և տրոցկիստական»՝ 1939-ին դաժան դատապարտման արժանացող որոշ քննադատությունների։ Սրանցից է Թոփչյանը պաշտպանում նոր ձևավորվող սոցիալիստական մշակույթում «ազգային կուլտուրաների զարգացման սկզբունքը»։

Ազգային ձևը, ըստ ներկայացված հայացքի, երևում է իբրև այն անոթը, որի մեջ պետք է լցվի  կամ սոցիալիստական, կամ բուրժուական բովանդակություն։ Սա ոչ թե ինքնին փոփոխվում և փոփոխում է իր բովանդակությունը դասակարգային պայքարի հարաճուն ընթացքի հետ, այլ ընկալվում է իբրև քիչ թե շատ կայուն, ըստ էության հարատևող «ձև»։ Հատկանշականորեն, Թոփչյանն ազգային ձևի «ֆետիշացման» և «հավերժացման» հավանական քննադատությանը պատասխանում է ապագա հասարակության մեջ «ազգային կուլտուրաների համադրման» հեռավոր տեսլականով։ Հավերժացումն, այդուհանդերձ, ոչ թե ապագայի հարց էր, այլ ներկայում մեզ հասած ազգային ձևը ժամանակի հակասական ընթացքից դուրս հանելու։ Կարծր ու կայուն ընկալվող այս ձևն է, որ պետք է դառնար Խորհրդային Միության ներսում իր մշակութային առանձնահատկությունները զարգացնող ազգային հանրապետության հիմքը։  

 Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Եդ. Թոփչյան, «Ձևի և բովանդակության Ստալինյան մեկնաբանությունը», Գրական թերթ, 21 դեկտեմբերի 1939 թ.։ 

 

Ձևի յեվ բովանդակության ստալինյան մեկնաբանությունը[1]Հատված «Ընկեր Ստալինը և գեղարվեստական գրականության խնդիրները» զեկուցումից, կարդացված Ի. Վ. Ստալինի ծննդյան 60-ամյակին նվիրված Արմֆանի գիտական սեսիայում։  

Սոցիալիստական հասարակության կառուցման դարաշրջանում Մարքսի-Լենինի ստեղծագործական ուսմունքը պաշտպանելու և խորացնելու պատմական մեծագույն գործը վիճակվեց ընկեր Ստալինին։ Ընդհանրացնելով սոցիալիզմի հաղթանակի համար մղված պայքարի հսկայական փորձը՝ ընկեր Ստալինը արտասովոր կերպով հարստացրեց մարդկային ստեղծագործ մտքի՝ առաջավոր գիտության բոլոր բնագավառները։

Իր պատմական զարգացման ամբողջ ընթացքում մեր կուսակցությունը, նրա մեծագույն ուսուցիչները՝ Լենինը և Ստալինը բացառիկ հոգատարությամբ են վերաբերվել թե՛ անցյալի գրական ժառանգության, և թե՛ սոցիալիստական գրականության զարգացման խնդիրներին։ Լենինի և Ստալինի համար գեղարվեստական գրականությունը յեղել ե պատմական իրականությունը ճանաչելու և վերափոխելու կարևորագույն զենքերից մեկը։ Մեր հեղափոխության բոլոր ետապներում բոլշևիկյան կուսակցությունը հետևողականորեն պայքարել ե սոցիալիզմի մեծ արվեստի համար, ռեալիզմի և ժողովրդայնության համար, ժողովրդի ստեղծած գեղարվեստական մեծ ժառանգությունը յուրացնելու համար։ Խորհրդային իշխանության գոյության առաջին ամիսներին Լենինի ստորագրությամբ վորոշում ե հրապարակվում անցյալ կուլտուրայի լավագույն ներկայացուցիչներին հուշարձաններ կանգնեցնելու մասին։ Քաղաքացիական պատերազմի ծանր տարիներին Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հրապարակում ե կլասիկներին հրատարակելու վորոշումը, «վորոնց ստեղծագործություններն այս որենքի համաձայն անցնում են ժողովրդին, վորպես սեփականություն»։ Լենինը և Ստալինը ցույց են տվել, վոր մարդկության պատմության ընթացքում աշխատավոր ժողովրդի ստեղծած կուլտուրայի որինական ժառանգը սոցիալիստական պրոլետարիատն ե։

Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության յերդվյալ թշնամիները ժխտում եյին անցյալի կուլտուրան ոգտագործելու և սոցիալիստական կուլտուրա ստեղծելու հնարավորությունները։ Մերկացնելով այդ «թեորիաների» ռեակցիոն բովանդակությունը՝ Լենինը և Ստալինը ցույց տվեցին, վոր սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մի յերկրում, մարդկության իսկական վերածննդի դարաշրջանի սկիզբն ե, ժողովրդի նյութական և հոգևոր կարողությունների անսահման զարգացման հիմքը։ «Առաջներում մարդկային վողջ միտքը, նրա ամբողջ հանճարը ստեղծագործում եր սոսկ նրա համար, վոր տեխնիկայի և կուլտուրայի բոլոր բարիքները բաժին դառնան մարդկանց մի մասին միայն, իսկ մյուսները զրկվեն ամենաանհրաժեշտից, լուսավորությունից և զարգացումից։ Իսկ այժմ տեխնիկայի բոլոր հրաշալիքները, կուլտուրայի բոլոր նվաճումները կդառնան համաժողովրդական սեփականություն, և մարդկային միտքն ու հանճարն այսուհետև յերբեք այլևս չեն վերածվի բռնության միջոցների, շահագործման միջոցների։ Մենք այդ գիտենք և մի՞թե հանուն այդ մեծագույն պատմական խնդրի չարժե աշխատել, չարժե նվիրաբերել մեր բոլոր ուժերը։ Յեվ աշխատավորները կկատարեն պատմական այդ տիտանային աշխատանքը, վորովհետեվ նրանց մեջ են հեղափոխության, վերածնության և նորոգության դեռևս նիրհող մեծ ուժերը» (Լենին, Յերկեր, հ. 22, եջ 225)։

Մեր յերկրում իրականացավ Լենինի հանճարեղ կանխատեսումը սոցիալիստական կուլտուրայի մասին։ Բոլշևիկյան կուսակցության Կենտկոմի վորոշումները, Լենինի և Ստալինի հոդվածները պարզ կերպով նշեցին մեր կուլտուրայի զարգացման հեռանկարները։ Մեր կուսակցությունը ապահովեց նախկինում ճնշված ժողովուրդների կուլտուրայի աննախընթաց աճումը։ Բազմադարյան ժողովրդական իդեալներն իրենց արտահայտությունը գտան Լենինի-Ստալինի կուսակցության տեսության և պրակտիկայի մեջ։

Գեղարվեստական գրականության  խնդիրներն ընկեր Ստալինի մոտ կապված են սոցիալիզմի կառուցման մեծագույն գործի հետ։ Ընկեր Ստալինը նոր բարձրության հասցրեց Մարքս-Լենինի եսթետիկական ուսմունքը, բացահայտեց ոբյեկտիվ իրականության գեղարվեստական ճանաչման նոր հեռանկարներ։ Մարքսյան լոգիկայի մասին Լենինը գրել է՝ «Յեթե Մարքսը չի թողել «Լոգիկա» (մեծատառով գրվող), ապա թողել ե «կապիտալի» լոգիկան, և դա պետք եր խստորեն ոգտագործել տվյալ հարցի առթիվ» («Философцкие тетради», 1936, стр. 124)։

Ընկեր Ստալինը նույնպես չի գրել (մեծատառով գրվող) Եսթետիկա, բայց մեր իրականության պատմական զարգացման թեորիական հանճարեղ ընդհանրացումները դարձել են սոցիալիստական եսթետիկայի անկյունաքարը, խորհրդային գրականության զարգացման անսպառ աղբյուրներից մեկը։ Ընկեր Ստալինի թեորիական ժառանգությունը՝ մեր յերկրում սոցիալիզմի կառուցման կենսագրությունն ե, գրված միլիոնների համար հասկանալի, անգերազանցելի պարզությամբ։ Ընկեր Ստալինի ամեն մի նոր աշխատությունը, հոդվածը, զեկուցումը կամ յելույթը նոր հեռանկարներ են բացել թե՛ մեր իրականության ու գիտության ամեն մի բնագավառի, թե՛ գեղարվեստական գրականության համար։

….

Ձևի և բովանդակության դիալեկտիկայի չափազանց հստակ մեկնաբանություն ե տվել ընկեր Ստալինը ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական հարցի դրումով։

Մերկացնելով մեծապետական-նացիոնալիստական և տրոցկիստական դրույթները՝ ընկեր Ստալինը ցույց տվեց, վոր ազգային ձևը ինչ վոր ոտար բան չե սոցիալիստական բովանդակության նկատմամբ։ Անցյալում կեղեքված ազգությունների կուլտուրաների զարգացումից հրաժարվելն ընկեր Ստալինը բնութագրեց վորպես մեծապետական շովինիզմ։

Պրոլետարական դիկտատուրայի պայմաններում, ազգային կուլտուրաների զարգացման սկզբունքի բացասումը նշանակում ե Խորհրդային Միության ժողովուրդների կուլտուրական աճման բացասում։

Ընկեր ստալինը հանճարեղ պարզությամբ բացահայտել ե ազգային կուլտուրաների նշանակության խոր տարբերությունը պրոլետարական դիկտատուրայի և բուրժուազիայի տիրապետության պայմաններում։ «Ի՞նչ բան ե ազգային կուլտուրան ազգային բուրժուազիայի տիրապետության ժամանակ։ Բուրժուական ըստ իր բովանդակության և ազգային՝ ըստ իր ձևի մի կուլտուրա, վորը նպատակ ունի մասսաները թունավորելու նացիոնալիզմի թույնով և ամրացնելու բուրժուազիայի տիրապետությունը։ Ի՞նչ բան ե ազգային կուլտուրան պրոլետարիատի դիկտատուրայի ժամանակ։ Սոցիալիստական՝ ըստ իր բովանդակության և ազգային՝ ըստ ձևի մի կուլտուրա, վորը նպատակ ունի մասսաներին դաստիարակելու ինտերնացիոնալիզմի վոգով և ամրացնելու պրոլետարիատի դիկտատուրան։ Ինչպե՞ս կարելի յե շփոթել այս երկու՝ սկզբունքորեն տարբեր յերևույթները՝ չխզելով կապերը մարքսիզմի հետ։ Մի՞թե պարզ չե, վոր պայքարելով ազգային կուլտուրայի լոզունգի դեմ բուրժուական կարգերում, Լենինը հարվածում եր ազգային կուլտուրայի բուրժուական բովանդակությանը, և վոչ թե նրա ազգային ձևին։ Հիմարություն կլիներ յենթադրել, թե Լենինը սոցիալիստական կուլտուրան դիտում եր վորպես ապազգային մի կուլտուրա, վորը չունի այս կամ այն ազգային ձևը»։ (Ստալին, «Լենինիզմի հարցեր», եջ 529-530)

Ընդգծելով ազգային ձևի խոշոր նշանակությունը սոցիալիստական կուլտուրայի ձևավորման համար, ընկեր Ստալինը՝ այստեղ նույնպես յելնում ե բովանդակության պրիմատից։ Ազգային ձևը մենք չենք ֆետիշացնում և հավերժացնում։ Հետագայում կկատարվի ազգային կուլտուրաների համադրումը՝ թե ձևով և թե բովանդակությամբ, ազգային ձևը կվերանա սոցիալիստական բովանդակության զարգացմամբ։

«Ձևով ազգային ու բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրաների ծաղկում մեկ յերկրում պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում՝ մի ընդհանուր լեզու ունեցող (թե ըստ ձևի և թե ըստ բովանդակության) մի ընդհանուր սոցիալիստական կուլտուրայի մեջ ձուլելու համար, յերբ պրոլետարիատն ամբողջ աշխարհում կհաղթի, և սոցիալիզմը կմտնի կենցաղի մեջ, – հենց սա յե ազգային կուլտուրայի հարցի լենինյան դրման դիալեկտիկականությունը»։ (Ստալին, «Լենինիզմի հարցեր», եջ 530-531)։

Ընկեր Ստալինի այս արտակարգ պարզությամբ տրված ձևակերպումները բացառիկ նշանակություն ունեն գեղարվեստական գրականության մեջ ձևի և բովանդակության միասնությունը մեկնաբանելու համար։ Հասկանալի յե, վոր պետք ե նկատի ունենալ գեղարվեստական վերարտադրության առանձնահատկությունները, վորոնք պայմանավորված են մատերիալիստական դիալեկտիկական այդ սկզբունքներով։

«Կապիտալ»-ի առաջին հատորի ծանոթագրություններից մեկում Մարքսն ասում ե. «Իրոք շատ ավելի հեշտ ե վերլուծության միջոցով գտնել կրոնական մշուշամած պատկերացումների յերկրային միջուկը, քան ընդհակառակն, ամեն անգամ տրված իրական կենսահարաբերություններից հետևցնել նրանց երկնամբարձ ձևերը։ Վերջինս միակ մատերիալիստական, և ուրեմն միակ գիտական մեթոդն ե»։ («Կապիտալ», I, եջ 337)։

Մատերիալիստական այս միակ գիտական մեթոդով են առաջնորդվել Լենինը և Ստալինը գեղարվեստական գրականության հարցերը մեկնաբանելիս։   

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Հատված «Ընկեր Ստալինը և գեղարվեստական գրականության խնդիրները» զեկուցումից, կարդացված Ի. Վ. Ստալինի ծննդյան 60-ամյակին նվիրված Արմֆանի գիտական սեսիայում։