Երկարաժամկետ կտրվածքով որքան ավելի սերտորեն են կապված պետական հաստատություններն ու դրանց հիմքում ընկած գաղափարաբանությունը առօրյա զգայական կյանքին ու դրանում խարսխված ժողովրդական բարքերին, այնքան թերևս ավելի շատ կարելի է խոսել կայուն պետական կյանքի նախադրյալների մասին։ Մեզանում այս առանցքային հարաբերությունը միշտ չէ, որ հնարավոր է եղել կենդանի պահել ու զարգացնել։ Արդի ժամանակներում հայ քաղաքական նախագծերը հազվադեպ են իրենց խարսխել ժողովրդական սովորություններին ու հաստատված կենսաձևերին։ Հակառակը, լուսավորական մեր ավանդույթը՝ պետությանն ու քաղաքականությանը մոտենում է գիտակցված գաղափարական պարտքի տեսանկյունից և հակադրում այն ամենօրյա զգայական կարիքներին, հաստատված հավատալիքներին ու պատկերացումներին։ Վերջիններս, իրենց հերթին լուսավորական հայացքի ներսում երևան են գալիս կա՛մ իբրև ցածր, ոչ գիտակից, «մեքենայական» ու «կենդանական» մղումներ, կա՛մ սնահավատության ու նախապաշարմունքների դրսևորումներ։ Այս աշխարհայացքի ներսում եթե որպես գիտակից քաղաքացի պաշտպանում ես պետական շահը, ապա հայտնվում ես սեփական զգացմունքների, զգայական ու նյութական կապերով հյուսված միջավայրի ու դրանում ձևավորված պատկերացումների հետ լարման մեջ։ Իսկ վերջիններիս «տուրք տալը» դառնում է հետադիմություն ու նեղ խմբային շահեր հետապնդող հակապետական վարք։
Այս անկյան տակ կարևոր է պարզել, թե հենց նույն լուսավորական մեր ավանդույթը զգայությունն ու բարքը արժևորելու (այլ ոչ թե այն պարսավելու) ինչպիսի, թեկուզ և դրվագային հնարավորություններ է ընձեռում։ Մեր համոզմամբ այս հարցում հետաքրքրություն է ներկայացնում սիրված հեքիաթագիր, հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի գրական ու հասարակական-քաղաքական գործունեությունը։ Նա, մի կողմից, լիովին տեղավորվում է 19-րդ դարի հայ լուսավորչի կերպարում, ով հանուն առաջադիմության խնդիր է դնում կրթելու ու լուսավորելու «տգիտության և խավարի» մեջ ապրող հայ ժողովրդին։ Բայց, մյուս կողմից, հանձին Աղայանի մենք գործ ունենք սեփական մարմնին ու իր հարազատ միջավայրից ժառանգած ապրելաեղանակներին վստահող՝ «ասող-խոսող», «ուտող-խմող», գորղ-գործչի հետ։ Մարմնով՝ հաղթանդամ, բնավորությամբ՝ զվարթ ու կենսուրախ «Ասլան-ապերը», ինչպես նրան անվանում էր իր մտերիմ Թումանյանը, թե՛ իր կենսաձևով թե՛ իր ստեղծագործություններով կամա թե ակամա արժանին էր մատուցում առօրյա զգայություններին, սովորական կրքերին, ժողովրդական բարքին։ Ամենավառ կերպով սա տեսանելի է նրա գրական ստեղծագործություններում, որտեղ պատմվածքի, առասպելի ու զրույցի ժանրն արդեն ինքնաբերաբար մոտենում է ժողովրդական կյանքին ու հավատալիքներին։ Պատահական չէ, որ առաջին հերթին հենց այս գրական ժանրում (օրինակ «Արություն և Մանվել», «Բաժանություն») Աղայանը պատկերում է լուսավորականի մի կերպար, որը ոչ բոլոր պարագաներում է պատերազմ հայտարարում հաստատված սնահավատություններին ու նախապաշարմունքներին։ Գրական այս աշխարհում լուսավորիչը հանդես է գալիս իբրև մեկը, ով կարևորում է կրքերը, բարքերը ու հավատալիքները, փորձում է դրանց հետ հաշվի նստել, որոշակիորեն տեղ տալ դրանց, անգամ երբ խոսքը տգիտության պայմաններում ձևավորված կարծիքների մասին է կամ բացասական համարվող կրքերի (ինչպես օրինակ նախանձն ու փառասիրությունը)։ Այլ տեղերում (օրինակ «Թեմական տեսուչը» գրվածքում), հակառակը, Աղայանը, գրական ստեղծագործությունն օգտագործում է արդեն ոչ թե ժողովրդական բարքից ելնող լուսավորականի կերպար պատկերելու համար, այլ՝ փոխարենը բարքերին հակադրված լուսավորիչների գործունեության բացասական ու հյուծիչ կողմերն ի հայտ բերելու, այդ կոչումը ստանձնածի տկարությունն ու միակողմանիությունը մատնանշելու համար։
Հանձին Աղայանի, ուրեմն, գործ ունենք մի գրողի հետ, ում համար նախապաշարմունքները ու սնահավատություններն մեր կյանքի անբաժան մաս են, այլ ոչ թե միանշանակ չարիք ու անեծք, որից պետք է ամեն գնով ձերբազատվել։ Դրանք, երբեմն, նույնիսկ հաճախ, հակադրվում են լուսավորական նախաձեռնություններին, բայց երբեմն էլ՝ ուղեկցում են դրանց իրագործման ընթացքին։ Աղայանի ստեղծագործություններին հատուկ այս մեղմ մոտեցումը մտածել է տալիս է մեր բարքերի ու կրքերի հետ վարվելու այնպիսի հեռանկարների շուրջ, որոնք հազվադեպ են կարևորվում հայ հասարակական-քաղաքական մտքի հիմքում ընկած մեր լուսավորական ավանդույթի ներսում։
Աղայանի լուսավորական մոտեցումների հետազոտումն առավել բազմաշերտ է դարձնում այն հանգամանքը, որ նրա հիշյալ գրական երկերը միաժամանակ ունեն կոնկրետ հասարակական-քաղաքական բովանդակություն ու ներիմաստներ։ Դրանցից շատերն արձագանքում են Աղայանի օրոք տեղի ունեցող տնտեսական ու քաղաքական տեղաշարժերին (օրինակ «Թեմական տեսուչը» և «Բաժանությունը») և առաջ են մղում ավել կամ պակաս հստակ ձևակերպված քաղաքական ասելիք։ Եվ սա միանգամայն հասկանալի է, քանի որ գրական գործունեությանը զուգահեռ Աղայանն ունեցել է հայ իրականության մեջ գործող թերևս ամենաարմատական ազգային կուսակցության՝ սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ սերտ առնչություններ։ Նա ներգրավված է եղել կուսակցական գործունեության մեջ դեռ 1890-ից առաջ, եղել է դրա թիֆլիսյան մասնաճյուղի ղեկավար անդամներից։ Հենց հնչակյան լինելու մեղադրանքով է 1895 թվականին Աղայանը, մի շարք այլ գործիչների հետ մեկտեղ, բանտարկվել և ապա դատապարտվել աքսորի։ Կարևոր է նշել, սակայն, որ ի տարբերություն Աղայանի գրական ու մանակվարժական ստեղծագործությունների, նրա քաղաքական հայացքները, որքանով մեզ է հայտնի, գլխավորապես անտեսված են մնացել, իսկ իր քաղքական կոնկրետ գործունեությունը որպես այդպիսին քիչ ուշադրության է արժանացել։
Սա մտքում ունենալով, Աղայանի գրական ու քաղաքական գործունեությունը երկու՝ փողկապակցված հետազոտական հարցադրումներ է բացում քաղաքականության մեր լուսավորական ժառանգությունը վերամտածելու գործում։ Մի կողմից ինքնին կարևոր է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված Աղայանի գրական ստեղծագործություններում ու հրապարակախոսություններում զգայությունների ու բարքերի կարևորումը։ Ի վերջո, բարքերի ու լուսավորական օրակարգի միջև լարման մեղմությունը, Աղայանի պարագայում, որքանո՞վ է պայմանավորված գիտակցված և հետևողական դիրքորոշմամբ, մտածողության ուրույն ձևվ և որքանո՞վ է ի հայտ է գալիս ինքնաբերաբար։ Մյուս կողմից, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ հարաբերության մեջ են Աղայանի գրական գործերում ի հայտ եկող մոտեցումներն նրա կոնկրետ քաղաքական գործունեության ու հայացքների հետ։ Այդյո՞ք քաղաքականության մեջ կենսուրախ ու զվարթ Աղայանն այնքան արմատական էր, որքան հնչակյան կուսակցության արմատական օրակարգն է ենթադրում, թե՞ իր երկերում առկայծող՝ կրա-զգայական ու սովորութային կյանքի կարևորումն ունի զուգահեռ դրսևորումը քաղաքական ու գաղափարական հարցերում։ Այս հարցերն իրենց հերթին ենթադրում են Աղայանի քիչ հետազոտված կուսակցական գործունեության ու դրա նախապատմության հետազոտում։ Մասնավորապես, 1860-ականներին և 70-ականներին երիտասարդ Աղայանի լուսավորական հայացքների, Նալբանդյանի և հետագայում հայ նարոդնիկների հետ նրա առնչությունի ուսումնասիրումը կարող է պարզաբանել նույն գաղափարական աղբյուրներից սնվող հնչակյան կուսակցությանը մերձենալու նրա դրդապատճառները։ Միաժամանակ կարևոր է պարզել թե, որքանո՞վ է նա կիսել կուսակցության գործելաեղանակներն ու դրա գաղափարական ծրագիրն իր ամբողջությամբ. ծրագիր, որի մոտակա նպատակն էր հայկական պետության հիմնումը։ Այս որոշակի հարցերի հետազոտումը թույլ կտա մեզ առավել հստակորեն հասկանալ, թե Աղայանի օրինակով հայ լուսավորական ավանդույթի ներսում բարքի, նախապաշարմունքների, ժողովրդական հավատալիքների հանդեպ մեղմ ու ընկալունակ մոտեցումը ինչպիսի տեսք է ստանում, երբ այն բախվում է կոնկրետ քաղաքական նախագծերին ու պետության խնդրին։