Ղարաբաղյան հիմնահարցը Վերակառուցման քաղաքականությունների և անկախ պետականության կայացման միջև. Լևոն Տեր-Պետրոսյան և Աշոտ Բլեյան

 

 

Հայաստանի անկախ պետականությունն ավելի քան երեսնամյա պատմություն ունի, ինչը միանգամայն աննախադեպ փաստ է հայ քաղաքական մտքի ու իրականության համար։ Այսօր հասկանալ այս պատմության ներսում ձևավորված անկախության ու պետականության ըմբռնումները հնարավոր է, եթե հայացք ենք ձգում Ղարաբաղյան շարժման սկզբնավորման պատմության վրա։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարների քաղաքական խոսույթում անկախության եզրույթն ինքը ի հայտ պետք է գար հենց Շարժման քաղաքական համատեքստում։

Ղարաբաղյան շարժումը սկզբնավորվեց 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի հետ «վերամիավորելու» քաղաքական պահանջով։ Շարժման բուռն ծավալումը Հայաստանում հնարավոր դարձավ 1980-ականների երկրորդ կեսին Խորհրդային Միությունում Միխայիլ Գորբաչովի կողմից մեկնարկած քաղաքական ու տնտեսական բարեփոխումների՝ Վերակառուցման քաղաքականությունների համատեքստում։ Երկրում ժողովրդավարական փոփոխություններով հատկանշվող Վերակառուցման այս քաղաքականություններն էին, որ Շարժման առաջնորդների աչքում հանդես էին գալիս իբրև հայ ժողովրդի իրավազրկության բարձրաձայնման և այդպիսով պատմական արդարության վերականգնման հնարավորություն։ Սրա մասն էր հենց կորսված պատմական հայրենիքի մի հատվածի՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը։ 1989-ի վերջերին, սակայն, երբ արդեն գործնականում պարզ դարձավ ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման անհնարինությունը, Հայաստանի անկախությունը դրվեց Շարժման քաղաքական օրակարգում։ «Համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման» խնդիրը իբրև պետության առաջնահերթություն էր ամրագրվում 1990-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված հռչակագրում։ Անկախ պետականության կայացման գործընթացի սկիզբն ազդարարող առաջին փաստաթուղթը պաշտոնապես հենվում էր «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսպես Հայաստանի հանրապետության հիմնադրումը կապվում էր հողային պահանջատիրության իրագործման նպատակի հետ։ Պետություն դարձած իր հայրենիքի սահմանների ներսում ապրող ժողովրդի բարեկեցության ու զարգացման նպատակը չէր Հայաստանի անկախության բուն իմաստը։

Ստորև ներկայացվող առաջին վավերագիրը 1988 թվականի հուլիսի 25-ին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անունից տարածված և, ըստ էության, Շարժման քաղաքական առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրվող թռուցիկի տեքստն է։ Թռուցիկի տարածման պատճառը 1988 թվականի հուլիսի 18-ին հրավիրված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստն էր, որտեղ մերժվեց Հայաստանի ու ԼՂ-ի «վերամիավորման» պահանջը։ Այսպես Տեր-Պետրոսյանը, հետահայաց ամփոփելով Շարժման հնգամսյա պատմությունը, վերջինիս սկզբնավորումը հստակորեն կապում էր «երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության» հետ, երբ «հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը և բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ»։ Ուրեմն՝ կորսված հայրենիքի վերականգնումը Շարժման առաջնորդների համար նախևառաջ «ազգային արժանապատվության» հարց էր, որը «ոտնահարվել էր» Հայաստանի խորհրդայնացմամբ, երբ վերջինս բռնել էր կոմունիստական երկիր դառնալու ճանապարհը։ Շարժման քաղաքական ղեկավարների աչքում կոմունիզմի՝ իբրև նախևառաջ ռուսական տիպի բռնատիրական քաղաքականության հետ նույնացումն ինքը, այդուհանդերձ, մեծապես պարտական էր ստալինյան քաղաքականությունների հաստատմանը, երբ Խորհրդային Միությունը փակվում և վճռապես հակադրվում է Արևմուտքին։ Հենց այս ստալինյան բռնատիրական համակարգը հաղթահարելու ուղեծրում էր իրեն տեղակայում Շարժումը։ Վերջինս իրեն խարսխում էր մի կողմից ազգային ավանդույթների (նախևառաջ՝ լեզու, մշակույթ), մյուս կողմից դեմոկրատական սկզբունքների (նախևառաջ՝ ազգերի ինքնորոշման իրավունք) վրա։ Ուրեմն Տեր-Պետրոսյանը նկատում էր, որ թեև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հուլիսի 18-ի որոշմամբ Շարժումը չհասավ իր քաղաքական նպատակին, այդուհանդերձ միայն «ձևական տեսակետից»։ Տեր-Պետրոսյանը հստակ էր, որ «հայ ժողովուրդն այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ»։ Այս նպատակը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող էր կենսագործվել միայն երկրի «դեմոկրատացման խորացման պայմաններում»։

Ներկայացվող երկրորդ վավերագիրը Հայաստանի Հանրապետություն թերթում 1992 թվականի հոկտեմբերի 2-ին տպագրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանի՝ «Անապահով հողը հայրենիք լինել չի կարող» վերնագրով հոդվածն է։ Բլեյանն ինքը 1988-ի Շարժման քաղաքական բովով անցած գործիչներից էր, իր իսկ խոսքով, ««մոլի» ՀՀՇ-ական»։ 1988 թվականին Բլեյանի կողմից ևս պաշտպանված «ազգային-հերոսական ռոմանտիզմի» այս ուղին, այդուհանդերձ, նորանկախ պետականության պայմաններում բախվել էր այն իրականությանը, որը թելադրում էր միջազգային քաղաքական իրադրությունը։ Ո՞րն էր այդ իրականությունը։ Բլեյանը հստակ է. «Արցախը Ադրբեջան պետության մասն է եղել յոթանասուն տարի։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես նրա օրինական տարածք ու այսօր այդպես էլ կմնա»։ Այսպես Բլեյանը զգուշացնում էր անկախ պետականության պայմաններում ղարաբաղյան շարժման «առաջին փուլի»՝ պահանջատիրության տրամաբանությամբ առաջնորդվելու՝ Հայաստանի համար հեռագնա վտանգների մասին։ Եթե այս «պահանջատիրությունը», ըստ Բլեյանի, որոշ չափով ընդունելի կարող էր լինել ԽՍՀՄ գոյության պայմաններում, ապա Ադրբեջանի և Հայաստանի անկախացմամբ դրա իրագործումն անհնար էր առանց պատերազմի ու զինական ուժի գործադրման։ Իսկ հայաստանյան կյանքում փաստացիորեն իր ողջ ծավալով իրողություն դարձած այս պատերազմը, Բլեյանի համոզմամբ, պատերազմ էր ոչ միայն Ադրբեջանի, այլև «այսօրվա մեծ աշխարհի» դեմ։

Բլեյանի հոդվածի հետնախորքն ուրեմն 1990-ականների սկզբի հայաստանյան իրականությունն էր, որն ուղեկցվում էր ղարաբաղյան պատերազմի քաղաքական ու տնտեսական աղետալի ողջ հետևանքներով՝ հայ-ադրբեջանական օրեցօր խորացող հակամարտությամբ, արտաքին աշխարհից Հայաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացմամբ, մարդկային բազմաթիվ կորուստներով, Արցախի հայաթափման ու հողի կորստի տագնապներով։ Այսպես Արցախի հայաթափման, հողի ու մարդկային կորստի ցավն ու կսկիծը իր սրտում ունենալով է, որ Բլեյանն արցախյան հակամարտության լուծման հարցում հստակ դիրքորոշում ուներ՝ «անկախ Ադրբեջան պետության կազմում իր նախնյաց հողում ու պապական տանը ապրող արցախցին»։ Սա՛ էր, ըստ Բլեյանի, հողի կորստի կանխման ու Արցախի պահպանման միակ երաշխիքը։ Բլեյանի այս խոսքերը 1990-ականների սկզբին ղարաբաղյան հարցի առնչությամբ ի հայտ եկած, ըստ էության, ամենաարմատական դիրքորոշումներից պետք է նկատել։ Այսքանով հանդերձ, այս դիրքորոշումն է, որ հնարավորություն է բացում անկախության այնպիսի ըմբռնման համար, որը անկախությունը կապում է «այս 30 հազար քառակուսի կմ տարածքով, 3.5 միլիոն ժողովրդով Հայաստան-պետության» կայացման հետ՝ Հայաստանը տեղակայելով միաժամանակ իր իսկ հարևանների հետ ապրելու ուղեծրում։

Ստորև ներկայացվող տեքստերը, այսպիսով, հնարավորություն են բացում Հայաստանի երրորդ հանրապետության կայացման համար վճռական նշանակություն ունեցած այս շրջափուլում ղարաբաղյան հարցի առնչությամբ ի հայտ եկած քաղաքական դիրքորոշումները պատմականորեն ըմբռնելու։

Տեքստերը հրապարակվում են ըստ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի (Երևան։ Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի արխիվ, 2006), էջ 25-31; Աշոտ Բլեյան, Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք (Երևան։ Շաղիկ, 1992), էջ 40-49։