1940-ականներից Խորհրդային միությունում քրիստոնեական եկեղեցիների հանդեպ ճնշումների աստիճանական թուլացում ենք նկատում։ Հայրենական պատերազմի տարիներին այս դինամիկան վերաճում է ընդհուպ մինչև զգուշավոր համագործակցության։ Սրա մի նշան կարելի է դիտել այն, որ 1944 թվականին երկարատև ընդհատումից հետո վերաբացվում է հայ եկեղեցու պաշտոնական պարբերականը՝ Արարատի ժառանգորդ Էջմիածինը։ Ներկայացվող վավերագիրը ամսագրի երկրորդ համարի «Կրոնական» բաժնից է, որը դեռևս Արարատում հատկացվում էր ամսվա խորհուրդը ներկայացնող քարոզների։
Պատերազմի դաժան օրերին խորհրդային իշխանության նորաթուխ բարեհաճությունը հոդվածագիրն օգտագործում է հիշեցնելու «բարոյական արիության դասը», որ տվել են հայ ժողովրդին ղևոնդյան քահանաները։ Հռետորական այս քարոզում ղևոնդյանք դառնում են հայ հոգևորականությունն ընդհանրացնող այն կերպարները, որ դեռևս չորրորդ դարից կանգնել են հայրենիքի պաշտպանության ելած զորականների կողքին։ Սա է թերևս պատճառը, որ հոդվածագիր Պատրիկը չի պահում վարդանանց ապստամբության դեպքերի հայտնի հաջորդականությունը կամ նորացնում է Ղևոնդ երեցի՝ պատերազմից առաջ ընթերցված կոչը։
«Հայրենասիրական ոգով շիկացած», «Հավատի և Հայրենիքի դրոշակակիր» հայ եկեղեցու հոգևորների կոչին են արձագանքում զորքն ու ժողովուրդը՝ մղվելով պաշտպանելու իրենց հայրենիքը։ Խորհրդային Հայաստանն այստեղ երևում է այս կոչո՛վ դարեր շարունակ պաշտպանված ժողովրդի «ազգային ազատության» այն հանգրվանը, ուր հայ ժողովուրդը կարող է ապահովել «իր գիտության, արվեստի և կուլտուրայի ծաղկումը»։ Պետությունն այս՝ առավելապես ազգային մշակույթի զարգացման անկյան տակ սահմանելն է, որ օգնում է հոդվածագրին Խորհրդային Հայաստանը՝ որպես հայերի պետություն, ամուր ագուցել հայ եկեղեցու դարավոր ավանդույթին՝ անկախ նրանից, որ այս հրապարակումից ոչ ավել, քան հինգ տարի առաջ այդ նույն եկեղեցին ամենադաժան ճնշումների էր ենթարկվում պետության ներսում։
Հրապարակվում է ըստ՝ Պատրիկ, «Սուրբ Ղևոնդյանց անմահ հիշատակին», Էջմիածին, 1944, թիվ 2, էջ 14-18։
Սուրբ Ղևոնդյանց անմահ հիշատակին
«Մահ իմացեալ՝ մահ է, մահ ոչ իմացեալ՝ անմահութիւն է».
«Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի մահուանէ»։
(ԵՂԻՇԷ ՊԱՏՄԱԳԻՐ)
Հազար հինգ հարյուր տարի է անցել այն օրվանից, երբ հայ ժողովրդի քաջարի հոգևոր հայրերի՝ Սուրբ Ղևոնդյանց սրտից այս սքանչելի պատգամը թռավ և սերունդների հիշողության մեջ նրանց անմահության ուղին գծեց.
«Ով ընդունում է, թե մահ կա, նա մեռած է, իսկ ով մահ չի ընդունում, նա անմահ է»
«Ով չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից, իսկ ով գիտե, թե ինչ է մահը, չի վախենում նրանից»։
Բարոյական արիության այս դասը տվեց, հերոսական այս ոգին ներշնչեց հնադարյան հայ ժողովրդին Հայոց Սուրբ եկեղեցու հոգևորականության՝ եպիսկոպոսների, քահանաների այն լուսաշող երամը, որ քաջամարտիկ Սուրբ Ղևոնդ քահանայի անունով «Սուրբ Ղևոնդեանք» կոչվեց, որ քաջաբար, հերոսաբար մեռնելով անմահ մնացին ու իրենց սիրեցյալ ժողովրդի անմահ անունը կտակեցին հետնորդ սերունդներին։
Երախտագետ հայ եկեղեցին նրանց՝ իր անմահ հայրերին սրբերի դասը դասեց, պաշտամունքի սեղան հանեց ու ցայսօր պաշտում է նրանց, տոնում նրանց հիշատակը, նրանց մշտաբարբառ սուրբ պատգամները, ոգեշնչում նրանց արիությամբ ուխտելով նրանց հերոսական ճամբով ընթանալ, մեռնել իր ժողովրդի ազատության համար ու արյան գնով հայրենիքը պաշտպանել։
Հազար հինգ հարյուր տարիների խորքից հնչվում է նրանց անուշիկ ձայնը և արձագանք գտնում հայ հավատացյալների կրծքում։ Ժամանակի հզոր ալիքը բյուրավոր մարդիկ է գլորել հավիտենական մոռացության ծոցը, բայց քաջարի սրբերը, օթևանը երկինք, կանգուն են անշարժ հայ հավատացյալ, երախտագետ ժողովրդի սրտում։
Դեռ ևս չորրորդ դարում պարսից թագավորը Հայաստանի մի մասն ու քրիստոնյա հայերին քրիստոնյա հունաստանից հեռու պահելու և Պարսկաստանը գալիք մեծ վտանգից ազատելու նպատակով, փորձեց իր հզոր բանակների արշավանքով նվաճել Հայաստանը, քրիստոնեությունը վերացնել այնտեղից, կրակապաշտական կրոնով կապել հայերին պարսից հետ։
Հայոց քաջարի զորքը Մուշեղ Մամիկոնյան հերոս Սպարապետի զորավարությամբ դուրս եկավ պարսից մեծ բանակի դեմ։ Ճակատամարտի ընդարձակ դաշտում դեմ առ դեմ կանգնեցին պարսից հայոց բանակները։
Դաշտավայրի եզերքին կանգնած լեռնալանջում գահի վրա նստած հայոց թագավորը դիտում է պատերազմի դաշտը։ Նրա կողքին ծնկաչոք, Սուրբ Ավետարանը և խաչը ձեռքին, Հայոց Սուրբ Հայրապետը աղոթում է հայոց զորքի հաղթության համար։
Զորքի առաջ սպիտակ ձին հեծած, շողարձակ սուրը ձեռքին կանգնած է սիրելի Սպարապետը, որի հրամանին է սպասում զորքը։
Հանկարծ Սպարապետի շողացող սուրը բարձրանում է դեպի վեր. նա հայացքն ուղղում է զորքին և որոտագին ձայնով գոչում. «Քաջանց ազգի զավակներ, օ՜ն անդր, հառա՜ջ, հանուն մեր սուրբ հավատի և հայրենյաց, գրո՜հ դաժան թշնամու վրա»։
Կաթսայում եռացող ջրի նման ոգևորված զորքը թիկնադարձ հայացքով նայում է սարալանջում բազմած իր թագավորին, աղոթող ու խաչակնքող սուրբ Հայրապետի երեսին, խաչ է հանում և ինքը, շուռ է գալիս դեպի սիրելի Սպարապետը և միաձայն աղաղակում. «Կեցցե՛ Սպարապետը, մեր սուրբ հավատի և հայրենիքի համար», և գրոհում է թշնամու վրա։
Պարսից ահեղ բանակը բազմաթիվ դիակներ թողնելով ռազմադաշտում, փախչում է և հայոց փոքրիկ գնդերը ջարդելով նրան, քշում են մինչև պարսից սահմանը։
Հինգերորդ դարի կեսերն են։ Պարսից Հազկերտ Երկրորդ կատաղի թագավորը իր պետության համար մեծ վտանգ կանխատեսելով Հայաստանից, որը հավատակից էր հունական պետության, վճռում է վերացնել քրիստոնեությունը Հայաստանի պարսկահպատակ մասից, Հայոց եկեղեցիները քանդել, կրակապաշտական տաճարների վերածել, հայերին հավատով կապել կրակապաշտ պարսից հետ։
Հազկերտ թագավորի հրամանով նրա հազարապետ Միհրներսեհը մի խիստ թուղթ է գրում Հայոց եկեղեցու եպիսկոպոսներին, պահանջելով որ ձեռք քաշեն քրիստոնեությունից, իրենց եկեղեցիները ատրուշաններ դարձնեն։ Արքայական այդ հրամանին կամ պետք է պատասխան տան կամ Պարսկաստան գնան արքայական ատյանին ներկայանալու։
Պարսից թագավորը բազմաթիվ մոգեր է ուղարկում Հայաստան Վասակի և նրա զորքերի հետ միասին Հայոց եկեղեցիները կրակապաշտության աղոթատներ դարձնելու։
Առաջին փորձը տեղի է ունենում Անգղ գյուղաքաղաքում։
Կիրակի օր է, Ղևոնդ քահանան պատարագ է անում եկեղեցում, որը լիքն է աղոթող հավատացյալներով։ Քրմապետը դավաճան Վասակի և նրա հետ միացած դավաճան հայ իշխանների զորքի աջակցությամբ մոտենում է եկեղեցու դրան, հրամայում է ջարդել փակ դուռը, ներս խուժել և կրակի պաշտամունք կատարել։
Հայրենասեր Ղևոնդը պատարագն ընդհատում է, զինում աղոթողներին դագանակներով և հարձակվում քրմերի վրա և նրանց գլուխները ջարդելով փախցնում։
Մինչ դավաճան Վասակ Սյունին իր համախոհ իշխաններով ու զորքով Անգղի եկեղեցին քրմապետին հանձնելու անհաջող փորձն էր անում, լուր հասավ Հայաստան, թե Պարսկաստան կանչված և բանտարկված նախարարներն էլ ուրացել են իրենց հավատը, բանտից ազատվել և Հայաստան են վերադառնում։
Այդ լուրն առնելով ալեկոծվում է Հայաստանը, առանց իմանալու թե «Աստված և Հայրենիք» դրոշակն իրենց սրտերում կրող նախարարները Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հետ միասին կեղծ ուրացությամբ միայն հնարավոր էին համարել ազատվել բանտից և վերադառնալ Հայաստան հայրենիքն ու հավատը պաշտպանելու իրենց արյունով ընդդեմ Վասակի, նրա կողմնակից իշխանների և մոգերի։
«Հավատի և հայրենիքի» դրոշակակիր քաջարի սուրբ եպիսկոպոսները կայծակի արագությամբ ցրվում են Հայաստանի գյուղ ու քաղաքները, լեռներն ու բերդերը հայ ժողովրդին ոտքի հանելու, իրենց արյունով պաշտպանելու հավատն ու հայրենիքը։
Ամենուրեք արձագանք են գտնում քարոզները։ Դավանող հայ ժողովուրդը՝ թե կին, թե տղամարդ այս արձագանքն են տալիս։
Ճառ է ասում Ղևոնդ քահանան. «Թուլությամբ չհուսահատվենք, եղբայրնե՛ր, այլ ամուր սրտով, հոժարությամբ և հաստատուն հավատով հարձակվենք թշնամիների վրա, որոնք մեզ վրա են արշավում։ Մենք կրկնակի հույս ունենք, եթե մեռնենք՝ կապրինք, անմահ կմնանք, եթե մեռցնենք՝ մեզ կմնա մեր կյանքը»…
Հայրենասիրական ոգով շիկացած, հավատով հզոր քահանայի կոչին արձագանքում են զորքն ու ժողովուրդը։
Սկսվում է վերջին վճռական ճակատամարտը Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում։ Կռվից առաջ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը ճառ է արտասանում զորքի, իրենց հայրենիքի հավատարիմ քաջ զորապետների առջև, հորդորում կռվել արիաբար հանուն հայրենիքի և հանուն ազատության օտար լծից։
Ավարայրի պատերազմը վերջանում է Հայրենիքի պաշտպան Վարդան Մամիկոնյանի, նրա մի քանի զորավարների և 1036 հայ քաջամարտիկների մահով։ Այդ կռվում պարսիկները մեծ ջարդ են կրում հայերից։
Ամոթապարտ մնաց պարսից թագավորը, իսկ Հայաստանը՝ անընկճելի, հայոց հավատն՝ անպարտելի։
Հազկերտն հայ ժողովրդին կրոնափոխ անելու անմիտ փորձից գազազած, դադարեցրեց պատերազմը և դատի կանչեց Պարսկաստան թե ազգի դավաճան Վասակին և թե պատերազմին շունչ ու հոգի տվող հայ նախարարներին, եպիսկոպոսներին, քահանաներին՝ Ղևոնդի գլխավորությամբ։
Շղթայակապ ու հետիոտն Պարսկաստան են տարվում Սահակ և Հովսեփ եպիսկոպոսները, հայրենասեր Ղևոնդ երեցը, Մուշե, Արշեն, Սամվել քահանաները, Քաջաջ և Աբրահամ սարկավագները։
Արքայական ատյան, դատ ու դատաստան։
Մերկացվում է երկերեսանի դավաճան Վասակը, որ հայոց նախարարներին գաղտնի երդմնագիր էր տվել, թե նրանց հետ կպաշտպանի հայրենիքը, իսկ արքային խոսք՝ թե իր կողմնակից իշխաններով հայոց ժողովրդին կրակապաշտ կդարձնի և Հայոց եկեղեցիները քարուքանդ կանի։
Սուրբ Ղևոնդյանք քշվում են հեռավոր Ապար աշխարհ և այնտեղ մեռնում իրենց հավատի համար։
Դավաճան Վասակ Սյունին արքայական ատյանում հայոց ազնիվ, հայրենասեր նախարարների և սուրբ Ղևոնդյանց վկայություններով խայտառակաբար մերկացվում է և բանտարկվում։
Այն օրվանից բազմաթիվ բռնավորներ մորեխի երամներով Հայաստան արշավեցին, ավերեցին, հրկիզեցին մեր երկիրը, հայրենի հողը հայ ժողովրդի արյունով ներկեցին, բայց Սուրբ Ղևոնդյանց և Վարդանանց ոգով շնչված հայ ժողովուրդը իր արյան գնով, հերոսաբար պաշտպանեց աննվաճելի նվիրական Մայր հայրենիքը՝ Հայաստան աշխարհը, նրա սուրբ տաճարները և Մայր Էջմիածինը, որը աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենակարոտ սրտերը հայրենիքի հետ անքակտելի կապող ոսկեկապն եղավ մինչ այսօր, երբ մեր ժողովուրդը հասավ ազգային ազատության և ապահովեց իր գիտության, արվեստի և կուլտուրայի ծաղկումը շնորհիվ Սովետական մարդասեր, հզոր իշխանության և նրա հերոս, իմաստուն ղեկավարների։
Այս օրերին, այս փառքին, այս ազատության ու ապահովության հասցրին մեզ սուրբ Ղևոնդյանց ոգին, նրանց սուրբ օրհնությունն ու աղոթքը, նրանց կերտած հայրենասիրական սուրբ դրոշակը, նրանց սքանչելի ավանդական դաստիարակությունը։
Ջերմագին աղոթքով, երախտագետ սրտով օրհնենք սուրբ և անմահ Ղևոնդյանց տոների հիշատակը, որոնց բարեխոսությամբ Տեր Հիսուս հովանի և պահապան լինի մեր Սովետական մեծ Հայրենիքի Միութենական իշխանության, որի եղբայրական ազգերի գույնզգույն գեղեցիկ փնջի մեջ իր ալ կարմիր գույնով շողշողում է նաև Հայոց աշխարհը։ Փառապանծ կարմիր ու անընկճելի, հզոր, հերոսական Բանակում այսօր իրենց հերոսությամբ փայլում են նաև Հայկի թոռնիկները, Վարդանանց որդեգիրները ի փառս Աստուծո և Հայրենիքի։ Նրանց փառք և պատիվ երախտագիտական ջերմ զգացմունքներով։
Պատրիկ