1967-ին Աշոտ Հովհաննիսյանը հրատարակման համար Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնին է ներկայացնում իր Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության գիրքը: Մեքենագիր ծավալուն ուսումնասիրությունը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում Հովհաննիսյանը քննության էր առնում 1850-60-ական թվականների արևելահայ հասարակական հոսանքների պատմությունը: Երկրորդում հեղինակն անդրադառնում էր արևելահայ հեղափոխական նարոդնիկներին և ազգային քաղաքական կուսակցություններին: Պարզելով 19-րդ դարի 60-ական թվականներին հայ կյանքում հեղափոխական դեմոկրատիայի առաջացման պատմությունը, ապա 70-ական թվականներին հայ հեղափոխական նարոդնիկների գործունեությունը՝ Հովհաննիսյանը գրքում երևան էր բերում 1880-90-ական թվականներին նրանցից առաջացած արևելահայ ազգային-քաղաքական կուսակցություններից երկուսի՝ հնչակյանների և դաշնակցականների ծննդաբանությունը: Հովհաննիսյանի գիրքն, ուրեմն, վեր էր հանում պատմական այն հաջորդականությունը, որ գոյություն է ունեցել հայ հասարակական մտքի մարքսիստական և նախամարքսիստական էտապների միջև: Բարդ ու ներհակ ծավալումներով զարգացած հայաստանյան արդի քաղաքական մտքի այս պատմությամբ Հովհաննիսյանն առաջադրում էր արևելահայ ազգային–քաղաքական կուսակցությունների սկզբնավորման տեսությունը:
Գիրքն այսօր մեզ հասու է մեքենագիր շուրջ յոթ օրինակով: Հովհաննիսյանի կյանքի օրոք այն այդպես էլ լույս չտեսավ: Ընդհուպ մինչև իր մահը՝ 1972 թվականը, հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը գրելու Հովհաննիսյանի փորձը բախվեց գիտական ու քաղաքական խոչընդոտների: Գրքի տպագրությունը ձգձգվեց, այն ենթարկվեց փոփոխությունների ու խմբագրումների: Հարց է, ուրեմն, ինչո՞ւ չի տպագրվել Ուրվագծերն ու Հովհաննիսյանի՝ հայաստանյան քաղաքական մտքի պատմությունն ինչ կարող է ասել պետականության մեր ըմբռնումների մասին այսօր: Առաջիկա երկու տարիներին մեր հետազոտական աշխատանքի առանցքում լինելու է Հովհաննիսյանի անտիպ գիրքն ու դրա քննական բնագիրը կազմելու խնդիրը:
1930-ականների ստալինյան բռնաճնշումներն ու աքսորը վերապրելուց հետո Հովհաննիսյանի կյանքը շարունակվեց ստալինիզմը փորձառած հայաստանյան իրականության պայմաններում: Սակայն 1960-ականների իրականությունն այլևս հետ-ստալինյան էր. այդ իրականության կայացման պատմությունը ժառանգված էր ստալինիզմից։ Իսկ ստալինիզմն ինքը 1930-ականներին հաստատվել էր պատմությունը քաղաքականապես հետահայաց աղճատելու ու այլափոխելու գնով: Արդյունքում ստալինիզմն իրականությունը զրկել էր պատմությունից, այն վերածել էր ապապատմական մի ասպարեզի, որ սոսկ ենթակա էր քաղաքականության կամայական գործադրմանը: Բրեժնևյան «լճացման» ուշ 1960-ականներին ստալինյան քաղաքական ուժն այլևս չկար, սակայն իրականությունը պատմությունից դուրս դնելու ստալինյան մոտեցումը դեռևս կենդանի էր: Ուրեմն, 1967-ին գրված գիրքը Հովհաննիսյանի հայտն էր ընդդեմ ստալինիզմի վերականգնելու հայաստանյան քաղաքական մտքի մեր պատմությունն ու կրկին կամրջելու քաղաքականությունն ու իրականությունը: Գրել արդի հայ քաղաքական մտքի պատմությունը, նշանակում էր բացահայտել այն իրականությունն ու սոցիալ-տնտեսական պայմանները, որոնք ծնունդ են տվել հայ քաղաքական մտքի ավանդույթին: Իսկ բացահայտել հայաստանյան սոցիալ-տնտեսական կյանքի պատկերը, նշանակում էր ստիպել քաղաքականությանը կրկին հաշվի նստել իրականության հետ:
1960-ականներին պատմագիտական այս մոտեցումը միաժամանակ իր քաղաքական երեսակն ուներ: Հովհաննիսյանի պատմաբանությունը կյանքի էր կոչում ստալինիզմի վերացրած քաղաքական մտքի այն ավանդույթը, որն իր ծագումնաբանությամբ պահպանում էր ներհակ կապերը 19-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական մտքի հետ: Այդ ավանդույթը 1920-ականների ազգային կոմունիզմն էր. նախաստալինյան այն ավանդույթը, որին իր կյանքով ու գործով պատկանում էր Հովհաննիսյանն ինքը: Վերջինս այլ ազգային կոմունիստների պես անցել էր հայ արդի քաղաքական մտքի բարդ ու հակասական զարգացման տարբեր հանգրվաններով (Դաշնակցություն, սպեցիֆիզմ, կոմունիզմ): 1960-ականներին, ուրեմն, Հովհաննիսյանը հայ քաղաքական մտքի ավանդույթն էր վկայում անձնապես, իսկ իր պատմաբանությունն ու մասնավորապես Ուրվագծերը երևան էր բերում ստալինիզմի արդյունքում խզված հայ քաղաքական մտքի զարգացման պատմական բարդ հաջորդականությունը։ Այդ հաջորդականության մի օղակը կազմում էին նաև իրենք՝ ազգային կուսակցություններից ելած ազգային կոմունիստները:
Հայ քաղաքական մտքի այս զարգացումը գրքում բացահայտում էր մասնավորապես այն գնահատականը, որ Հովհաննիսյանը տալիս էր Դաշնակցության կուսակցությանը: Գիրքը, Հովհաննիսյանի իսկ խոսքով, դեռևս 1920-ականների իր պատմագիտական ուսումնասիրություների գաղափարական շարունակությունն էր: Եվ ինչպես 1920-ականներին, 1960-ականներին ևս Հովհաննիսյանն իր սոցիալական ծագմամբ Դաշնակցությունը գնահատում էր իբրև մանրբուրժուական կուսակցություն. կուսակցություն, որ ծնունդ էր առել քաղաքային ու գյուղական մանր սեփականատերերի, մանր վաճառականների, քաղաքի ու գյուղի մտավորականության, արհեստավորի ու գյուղացու իրականությունից: Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը, ուրեմն, պատմականորեն բացահայտում էր հայաստանյան այն մանրբուրժուական իրականությունը, որից ծնվել էր կուսակցությունը, բայց որը միաժամանակ նաև մեծամասնականների քաղաքական մտքի կայացման ու գործունեության ասպարեզն էր:
1960-ականների քաղաքականությունն ու պատմագիտությունը, սակայն, ժառանգել էր հայ քաղաքական մտքի այլ՝ ստալինյան պատմություն: 1928-ին ընդունված ստալինյան հատուկ որոշմամբ խորհրդային պատմագիտության մեջ Դաշնակցությունն այլևս գնահատվում էր ոչ թե մանրբուրժուական, այլ բուրժուական կուսակցություն: Այսպես, ստալինիզմը, ժխտելով Հովհաննիսյանի՝ Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը, փոխեց նաև հայաստանյան իրականության հանդեպ քաղաքական դիրքորոշումը: Ստալինյան քաղաքականությունը չէր ճանաչում հայաստանյան կյանքի սոցիալ-տնտեսական կոնկրետ պայմանները, այլ վերևից հավակնում էր փոխել դրանք:
Արդյո՞ք 1960-ականներին ավարտված էր հայաստանյան քաղաքական մտքի զարգացումն իր բարդությամբ ներկայող Հովհաննիսյանի ու այդ բարդությունը պարզ հակադրությունների վերածած ստալինիզմի միջև հակամարտը: Ամենևին: Դաշնակցության մանրբուրժուական ծագման տեսությունը դատապարտած ու Դաշնակցությունը բուրժուական կուսակցություն հռչակած ստալինյան որոշումը 1960-ականներին վկայակոչվում էր իբրև Հովհաննիսյանի ու նրա գրքի դեմ ուղղված մեղադրանք: Թեև 1969-ի դրությամբ գրքի մեծ մասն առանձին հոդվածներով արդեն լույս էր տեսել գիտական մամուլում, բայց գրքի տպագրության հարցը մնում էր առկախված: Դրա պատճառը հենց գիրքն ամփոփող՝ «Դաշնակցության և արևմտահայ ազգային-ազատագրական շարժման տագնապը 19-20-րդ դարերի եզրին» վերնագրով գլուխն էր: Հովհաննիսյանը գրքում վերականգնում էր Դաշնակցության մանրբուրժուական ծագման տեսությունը՝ դրանով հաղթահարելով իրականությունն ու պատմությունը կեղծած ստալինյան քաղաքական որոշումը: Բայց 1960-ականներին հայաստանյան քաղաքական ու գիտական միտքը շարունակում էր կոծկել ստալինյան պատմական սխալը՝ դրանով իսկ զրկելով հայաստանյան իրականությունն իր պատմական զարգացման կոնկրետությունից:
Գիրքը «գրվանի տակ» պահած քաղաքական ու գիտական արգելանքները հաղթահարելու համար Հովհաննիսյանն աշխատել է Ուրվագծերի մեքենագիր տարբեր օրինակների վրա, տարբեր շրջաններում ավելացրել առաջաբաններ ու վերջաբաններ: Տարիների ընթացքում դրանց վրա կատարված անընդմեջ խմբագրումներն ու հատկապես Դաշնակցությանը վերաբերող գլուխների էջերը թերթելիս կարծես պատկերի մակարդակում բացահայտվում է գրքի տպագրության համար Հովհաննիսյանի՝ տարիներ տևած կռիվը: Անընդհատ վերանայումների ու խմբագրումների, հատվածաբար ջնջումների ու կողադիր թղթերի ավելացումների արդյունքում աշխատության էջերը կարծես ինքնին դարձած լինեն հայ քաղաքական մտքի ջնջված պատմության պատկերներ: Բնագրի օրինակների համեմատությունը, տեքստային ու խմբագրական ծանոթագրությունները թույլ կտան վեր հանել գրքի վրա կատարված փոփոխությունների ու խմբագրումների շերտերը: Այդ շերտերն ի հայտ բերելով՝ հնարավոր կլինի նկատել հայ քաղաքական մտքի պատմության վրա երևացող ստալինյան մտայնության ստվերը: Հենց գրքի անընդմեջ խմբագրումների ու ջնջումների ենթարկված հատվածներն են, որ ըստ քաղաքական պահանջի պետք է վերանայվեին ու հենց այդ հատվածներում էր, որ Հովհաննիսյանի գրիչը կռիվ էր տալիս հայ քաղաքական մտքի պատմությունը խեղող ստալինիզմի դեմ:
Մերօրյա պետական քաղաքական միտքը ժառանգն է հայաստանյան իրականության հետ հարաբերվելու քաղաքական մտքի այն փորձի, որ խտացնում է Հովհաննիսյանի Ուրվագծերը, բայց այդ փորձն այսօր այլևս անտարանջատելի է նույն այդ փորձից մեզ զրկած քաղաքական ու գիտական մտայնությունից: Հովհաննիսյանի Ուրվագծերի քննական բնագրի կազմումն, ուրեմն, հնարավորություն է առերեսելու մեր ժառանգությունն ու բացահայտելու հայաստանյան իրականությունից ծնունդ առած քաղաքական մտքի մեր պատմությունը: