Մադրասի խմբակի քաղաքական ծրագիրը և տեսողական մշակույթը. Հայաստանի քարտեզի՝ Աշխարհացոյց Հայաստանեայցի ակունքներում

 

 

Ներածություն

2024 թվականի մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում տարածքային սահմանազատումների այժմեական խնդրի շուրջ հնչեցված հարցի իր քննարկումը բացում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ցուցադրությամբ:

Ես նախ ուզում եմ անդրադառնալ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Ես, իհարկե ոչ այս ասուլիսի առիթով, ուրիշ առիթներով, բայց առաջին անգամ օգտագործելու վիզուալ պատասխան եմ պատրաստել այդ հարցի համար: Հայաստանի Հանրապետությունը սա է[1]«Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից», Նիկոլ Փաշինյան, https://www.youtube.com/watch?v=VFM8jVaQ5Ow, այց՝ 13 հոկտեմբերի 2024 թ.::

Կառավարության և պետական այլ մարմինների որոշումներով «դե յուրե ամրագրված» պետական տարածքի տեսողական պատկերով է վարչապետը ներկայացնում և սահմանում Հայաստանի Հանրապետությունը: Այս փորձով քարտեզը ներկայանում է որպես մի պատկեր, որն օրենքի ուժով ու հայաստանյան կյանքի ներսից «կոնկրետ և միլիմետրի ճշգրտությամբ» տեղորոշում է Հայաստանի՝ որպես փաստական պետության ամբողջականությունը. պետություն, որ փոքր մի հատված է զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա:[2]«Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից»:

Սահմանաբաժանումների բարդ խնդրին աշխարհագրական լայն համատեքստում է անդրադառնում սույն թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում վերաբացված և համալրված՝ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցահանդեսը:[3]«Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդես, Հայաստանի պատմության թանգարան, բացումը՝ 14 օգոստոսի 2024 թ.: Ցուցադրությունը լրացված է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ջանքերով ձեռք բերված՝ մասնավորաբար եվրոպական, տարբեր ժամանակներում պատրաստված քարտեզների պատճեններով, որոնք ընդգրկում են պատմական Հայաստանի անունը: Միլիոնավոր քարտեզների մեջ «Հայաստան» անունը որոնած և գտած քարտեզագետը դեռևս 2018 թվականին հրատարակած իր Հայաստանը օտարների քարտեզներում. քարտեզագրական ժառանգություն գրքում անդրադարձել էր քարտեզների կարևորությանը.

Հին քարտեզները ցուցադրական հետաքրքրաշարժ իրեր կամ շրջանակված և պատից կախելու համար ակնահաճո առարկաներ լինելուց առավել պատմության, գիտության և միջազգային առևտրի լուրջ ուսումնասիրության համար հիմնական և կենսական կարևորություն ունեցող նյութեր են: Առանց քիչ թե շատ ճշգրիտ մի քարտեզ ուսումնասիրելու՝ անհնար է ըմբռնել հին և արդի աշխարհի քաղաքական զարգացումները: Անհնար է արժևորել իշխանությունների ուժի հենարանների դերն ու ազդեցությունը…:[4]Ռուբեն Գալչյան, Հայաստանը օտարների քարտեզներում. քարտեզագրական ժառանգություն (Երևան: Զանգակ, 2018), էջ 5: Ռուբեն Գալչյանը քարտեզագետ է, ում ջանքերով հավաքվել և հանրությանը հասու են դարձել եվրոպական արխիվներում պահվող բազմաթիվ ձեռագիր և տպագիր քարտեզներ, որոնցից օգտվել ենք սույն հետազոտության ընթացքում: 

Ընդգծելով քարտեզների գեղագիտական կողմը՝ Գալչյանը հայերի համար առանձնակիորեն կարևորում է դրանց պատմական ու քաղաքական մերօրյա նշանակությունը:[5]Այս մասին տե՛ս Rouben Galichian, «History of Armenian Cartography (up to the Year 1918)» https://www.youtube.com/ watch?v=KOGIBEkSgVE&t=199s, այց՝ 13 հոկտեմբերի 2024 թ.: Հայերի երկիր Հայաստանը (Armenia-ն) ոչ հազվադեպ հանդիպում է օտարերկրյա՝ հատկապես եվրոպական, թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր քարտեզներում: Դրանք արագորեն փոփոխվում էին պատերազմների և նոր աշխարհների բացահայտման հետևանքով՝ մատնանշելով պատմական անցքերի և ուժերի փոփոխականությունը և փոխելով ողջ աշխարհի ու դրանում Հայաստանի աշխարհագրական ու քաղաքական պատկերը: Սրանք քարտեզներ են, որոնք, ինչպես Գալչյանն է նկատում, հային հիշեցնում են իր ունեցած և կորսված հայրենիքի մասին:[6]«History of Armenian Cartography (up to the Year 1918)»: Հայրենիքի պատմական հիշողության, անցյալի փորձով պետության ուժը գնահատելու և դրանով ներկայի անկախ Հայաստանի՝ պատմականորեն հիմնավորվող քարտեզագրության հարցն է դնում նաև ցուցահանդեսը: 

Հայերի՝ օտարերկրյա քարտեզներն ուսումնասիրելու և Հայաստանը՝ իր տեղական կյանքի ներսից քարտեզագրելու և տպագրելու փորձերի ակունքները հասնում են մինչև 18-րդ դարի երկրորդ կես:[7] Մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը հայերի պատրաստած քարտեզներից հայտնի է միայն 1691 թվականին Կոնստանդնուպոլսում պատրաստված հասարակական-քաղաքական գործիչ, տպագրիչ, գրող Երեմիա Չելեբի Քէոմուրճեանի ձեռագիր քարտեզը՝ կատարված իտալացի կոմս Լուդովիկո Մարսիլիի պատվերով: Այս մասին տե՛ս Ռուբեն Գալչյան, Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը (Երևան: Զանգակ, 2017), էջ 23-25: Քարտեզն ունի զուտ կրոնական բովանդակություն և ներկայացնում է կրոնական վայրերը պատկերի մակարդակում՝ չհետապնդելով քարտեզագրական բովանդակություն: Այդպիսի մի փորձ էր 1778 թվականին հնդկաստանաբնակ վաճառական Շահամիր Շահամիրյանի ջանքերով Վենետիկում լույս տեսած Հայաստանի քարտեզի՝ Աշխարհացոյց Հայաստանեայցի (նկ. 1) հրատարակությունը, որի քննությանն է նվիրված ներկա հետազոտությունը: Պետականության բացակայության պայմաններում Հայաստանի քարտեզ պատրաստելու կարիքը, ըստ էության, այն քաղաքական օրակարգի մի մասն էր, որը մշակում էին հեռավոր Հնդկաստանում Շահամիր Շահամիրյանի շուրջը խմբված հայ գործիչները՝ հայտնի «Մադրասի խմբակ» անունով: 

Դեռևս Շահ Աբաս առաջինի տարիներին շահական Պարսկաստանի վարած բռնի քաղաքականության հետևանքով էր, որ Նախիջևանի հայերից կազմված և Սպահանի արվարձաններում հաստատված վաճառականները դժվարին կացության պայմաններում պետք է գաղթեին Հնդկաստանի տարբեր քաղաքներ՝ փրկության ու ապրուստի որոնումներում:[8]18-րդ դարի հնդկահայ գաղութի գործունեությունն այսօր ուսումնասիրվում է բազմաթիվ անկյուններից: Այս առիթով հատկանշական է 2024 թվականի սեպտեմբերի 11-12-ին տեղի ունեցած «ARMENIA IN INDIA–INDIA IN ARMENIA» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում մեր հետազոտության տեսանկյունից մասնավորաբար կարևոր են եղել հետևյալ բանախոսությունները. Hasmik Kirakosyan, «Armeno-Persian in the Cultural and Literary Exchange Among Armenians in Madras and Calcutta», որտեղ  բանախոսն անդրադարձել է հայերեն-պարսկերեն կամ հայատառ պարսկերեն ձեռագիր և տպագիր տեքստերին, որոնք հրատարակվել են Մադրասում և Կալկաթայում; Saténig Badwagan-Toufanian, «Looking for … կարդալ ավելին Տարագրության պայմաններում մադրասահայ գործիչները՝ այլադավան տիրապետողներից հայերի ազատագրման և ապագա պետության կառուցման իրենց բաղձանքի իրագործումը տեսնում էին ինչպես լայն արտաքին քաղաքական հարաբերությունների հաստատման, այնպես էլ տեղական հայ համայնքի ներքին մշակութային կյանքի ու կենցաղի կառուցման, կյանքն ապրելի դարձնելու մեջ: 

Նկ. 1. Աշխարհացոյց Հայաստանեայց, 1778 թ., Վենետիկ

 

Քաղաքականության ու մշակույթի այս «միավորումը» ի հայտ էր գալիս թե՛ հետևողական գործնական օրակարգում, թե՛ խմբակի մշակած տեսական գաղափարներում: Այս գործնական հետևողականությունն են փաստում նամակագրական կապերը՝ հաստատված վրաց Հերակլ երկրորդ թագավորի, Ռուսական կայսրության տարածքում ապրող հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի, Ղարաբաղի մելիքների, Էջմիածնի կաթողիկոսների հետ, որոնցից քաղաքական ու ռազմական օգնության ակնկալիք ուներ խմբակը: Մյուս կողմից՝ խմբակը փորձ էր անում հայերի ազատագրության հարցը դնել հայ մարդու կենցաղում՝ որպես առօրյա հրատապ աշխատանք ենթադրող համոզմունք:[9]Այս մասին տե՛ս Նոր տետրակ, որ կոչվում է Հորդորակ, թրգմ. և ծնթ.՝ Պողոս Խաչատրյանի (Երևան: Երևանի համալսարան, 1991), էջ 35: Գրքի գրաբար տարբերակի համար տե՛ս՝ Նոր տետրակ որ կոչի Յորդորակ (Մադրաս: ˇի տպր‾անի նոյնոյ Յակօբայ Շամիրեան կոչեցելոյ, 1772):  1772 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ գիրքը տպագրվել է «ջանիւք և ծախիւք Յակոբայ Շամիրեան կոչեցելոյ»՝ «աշխատութ‾բ Մովսիսի Բաղրամեան», ինչն էլ հետագայում դարձել է գրքի հեղինակի շուրջ ծավալված բանավեճերի առիթ: Այդ պատճառով գրքի այս և հետագա ծանոթագրությունները տալիս ենք առանց հեղինակի: 1771 թվականին Մադրասում հիմնադրած տպարանում լույս տեսնող հրապարակախոսական երկերի տարածմամբ՝ խմբակը հայ երիտասարդի առաջ պահանջ էր դնում դուրս գալու իր «բթացած կենցաղի միօրինակությունից», ճանաչելու սեփական պատմությունը թե՛ իր հերոսական դրվագներում, թե՛ իր անկումներում ու պարտություններում, և այդպիսով գիտակցելու կոնկրետ քայլերի դիմելու անհրաժեշտությունը: Ազատագրության գաղափարը նախևառաջ պահանջում էր դարեր շարունակ «թմբիրի մեջ ննջող կամակոր, օրինազանց, անհոգ ու անհամերաշխ» հայ մարդու մեջ իմաստություն սերմանելու գործ, որին և ուղղված էր 1772 թվականին հրատարակված Տետրակ, որ կոչվում է Հորդորակ երկը: Խմբակի համոզմամբ, նախ պետք էր ոչ միայն սթափվել, այլև ջանալ կրթվել և լուսավորվել «մեծահարուստ, կիրթ և ուսյալ» ազգերի օրինակով (Հորդորակ), ապա և, ազատագրվելով, ապագա պետությունը կառուցել նոր՝ օրենքի գերակայությամբ հաստատված հանրապետական սահմանադրական մոդելով՝ մշակված Որոգայթ փառաց աշխատության էջերում:[10]Որոգայթ փառաց, թրգմ. և ծնթ.՝ Պողոս Խաչատրյանի (Երևան: Հայաստան, 2002): Հայաստանի երրորդ հանրապետության հաստատումից ի վեր Որոգայթ փառացի՝ որպես հայերի սահմանադրության հիմքում ընկած տեսության ուսումնասիրությունները զբաղեցնում են բազմածավալ էջեր: Տե՛ս, օրինակ, Գագիկ Մելքումյան, «Մարդու հիմնահարցը Շ. Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ում», Բանբեր Երևանի համալսարանի,  1995, թիվ 3, էջ 145-154; Մալիկ Թելունց, «Իրավական պետություն» սկզբունքը և հայ իրավաքաղաքական միտքը XVIII դարի II կեսին, Բանբեր Երևանի համալսարանի, 1998, թիվ 3, էջ 150-154; Մալիկ Թելունց, «Պետության մոդելը … կարդալ ավելին Այսպես, ուրեմն, տպագրական գործը դառնում էր քաղաքական պայքարի գործիք՝ իր մշակութային գործառույթին տալով քաղաքական ներիմաստ:

Թերևս այս քաղաքական օրակարգի ներսում էր ձևավորվում Հայաստանի քարտեզ ունենալու ցանկությունը, որը, սակայն, հնարավոր չէր իրականացնել Մադրասի տպարանում: Ուստի այս ցանկությունը ստիպում է Շահամիր Շահամիրյանին հայացք ձգել դեպի Վենետիկ:[11]Մխիթարյան միաբանության հայր Սուքիաս Աղամալյանը 1770 թվականին Հայր Պետրոսին ուղղված իր նամակում նշում է քարտեզի մասին, որի համար նրանց էր դիմել Շահամիր Շահամիրյանը: Ըստ՝ Սահակ Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն (Վենետիկ: Ս. Ղազար, 1981), էջ 11: 1674 թվականին Ամստերդամում Հովհաննես Վանանդեցու հրատարակած աշխարհի քարտեզից՝ Համատարած աշխարհացոյցից հետո քարտեզների տպագրության գործին է նվիրվում Վենետիկի Մխիթարյան միաբանությունը:[12]Վենետիկի Մխիթարյան միաբանության քարտեզագրական դպրոցի ուսումնասիրությանն է նվիրված միաբանության անդամ, աղբյուրագետ Հայր Սահակ Ճեմճեմյանի՝ 1981 թվականի Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է միաբանության հրատարակած քարտեզների պատրաստության հարցերին: Հեղինակը քննում է նաև Շահամիրյանի քարտեզը՝ հնդկահայ գործչի և Մխիթարյան հայրերի բարդ հարաբերությունների հետնախորքին: Գտնվելով եվրոպական քարտեզագրական դպրոցների սրտում՝ Միաբանությունը զինվում էր քարտեզների պատրաստման համար անհրաժեշտ գործիքներով՝ իր շուրջը կենտրոնացնելով աշխարհի տարբեր վայրերում գործող հայ հրատարակիչների ուշադրությունը:[13]Մխիթարյան հայրերն  իրենց հրատարակությունները տարածում էին բոլոր այն վայրերում, որտեղ գոյություն ունեին հայ համայնքներ: Հմմտ. Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ: Այդ հրատարակություններից շատերը կրկին շարում և տպագրում էին տարբեր հրատարակիչներ: 17-18-րդ դարերի՝ Մխիթարյանների գրքերի բազմաթիվ վերահրատարակված օրինակների ենք հանդիպում Կոնստանդնուպոլսի, Տրիեստի, Պետերբուրգի հայկական տպարաններում: Բովանդակության հետ միասին պատճենվում էին նաև փորագրանկարները, երբեմն էլ պատկերվում էին ձեռքով՝ հավանաբար անհրաժեշտ տպագրական … կարդալ ավելին Շահամիրյանի Աշխարհացոյց Հայաստանեայցը ըստ երևույթին հաջորդում էր Մխիթարյանների՝ 1751 թվականին հրատարակված Աշխարհացոյց Հայաստանայցը ըստ հին և նոր աշխարհագրաց քարտեզին (նկ. 2): Եվ չնայած այս երկու քարտեզների միջև եղած ակնհայտ նմանությունները խոսում են հնդկահայ գործչի և Մխիթարյանների միջև ձևավորված գործնական հարաբերության մասին, այնուամենայնիվ վերջինս ընթանում էր գաղափարական անհամաձայնության մթնոլորտում: Կաթոլիկ Մխիթարյաններին «եկեղեցու հերձվածներ» որակող Շահամիրյանը, այս հողի վրա փոխադարձաբար բախվելով հայրերի ոչ բարեհաճ վերաբերմունքին, քարտեզի տպագրությունն ի վերջո իրագործում է նրանցից անկախ:[14]Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ, էջ 21: Հմմտ. Sebouh Aslanian, Early Modernity and Mobility. Port Cities and Printers Across the Armenian Diaspora, 1512-1800 (New Haven & London: Yale University Press, 2023), էջ 292, 322: Այնուամենայնիվ, չնայած այս առճակատմանը, Մխիթարյան միաբանությունը դառնում էր ուղիղ, սակայն անհարթ մի ճանապարհ, որը հնդկահայ գործիչներին կապում էր «քաղաքակրթված արևմուտքին»: Եվրոպայում գրատպության արհեստի տեխնիկական կատարելագործումն, ուրեմն, ըմբռնվում էր իբրև մի հենարան, որին մոտենալու եզրեր էր փնտրում Շահամիրյանը՝ ի դեմս արևմտյան «կիրթ և ուսյալ» ազգերի փնտրելով ազատագրական պայքարի գործիքները: 

Նկ. 2. Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին եւ նոր աշխարհագրաց,
1751 թ., Վենետիկ

 

Այսպես՝ մեր հետազոտությունը Շահամիրյանի՝ Հայաստանի քարտեզը քննում է միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային համատեքստում: Քիչ հետազոտողներ են անդրադարձել սույն քարտեզին:[15]Շահամիրյանի քարտեզի ուսումնասիրությունների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան, «Շահամիր Շահամիրյանի «Աշխարհացոյց Հայաստանեայց»-ը», Բանբեր Մատենադարանի, 1962, թիվ 6, էջ 353-362; Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ: Քարտեզին հպանցիկ անդրադառնում են նաև՝ Aslanian, Early Modernity and Mobility. Port Cities and Printers Across the Armenian Diaspora; Satenig Badwagan Toufanian, Le piège de l’orgueil. un projet républicain en Orient au XVIIIe siècle; Գալչյան, Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը: 1981 թվականին Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն գրքում Մխիթարյան միաբանության անդամ, աղբյուրագետ Հայր Սահակ Ճեմճեմյանը դիտում էր քարտեզը խմբակի մշակութային գործունեության տեսակետից՝  պարզելով Շահամիրյանի կապերը միաբանության հետ: Մինչդեռ ուշխորհրդային Հայաստանում գործող պատմաբան Վլադիմիր Գրիգորյանը շեշտում էր քարտեզի բուն քաղաքական նշանակությունը: Վերջինս քարտեզը տեղավորում էր «մայր հայրենիքը թուրք-պարսկական բռնակալ լծից ազատելու և հայկական հանրապետություն ստեղծելու» մադրասահայերի քաղաքական նպատակի հետնախորքին՝ ըմբռնելով այն որպես խմբակի հրատարակած հրապարակախոսական երկերի (մասնավորաբար Հորդորակի և Որոգայթ փառացի)  հավելված:[16]Գրիգորյան, «Շահամիր Շահամիրյանի «Աշխարհացոյց Հայաստանեայց»-ը», էջ 354: Քարտեզի՝ որպես «հավելվածի» այս ըմբռնումը, որ ձևավորվել էր դեռևս 1920-ական թվականների Խորհրդային Հայաստանում, շարունակվում է ընդհուպ մինչև 1990-ական թվականներ: 1991 թվականին նորանկախ հայաստանյան իրականության մեջ Հորդորակի աշխարհաբար թարգմանության էջերում ենք գտնում սույն քարտեզի վերատպությունը: Թե ինչ նպատակ ուներ քարտեզի կցումը հետևողականորեն մշակված և մանրամասն ծանոթագրված Հորդորակի թարգմանությանը, չի պարզում ոչ հրատարակիչը, ոչ էլ թարգմանիչը: Քարտեզի բնօրինակի չափերից (82սմ x 82սմ) փոքր այս վերատպությունից և մանրամասների դժվարընթեռնելիությունից կարելի է ենթադրել, որ այն չէր հետապնդում ավելի մեծ նպատակ, քան հանրությանը քարտեզին ծանոթացնելը՝ որպես զուտ խորհրդանշական մի առարկայի հետ:

Մեր հետազոտությունը փորձում է դուրս բերել Աշխարհացոյց Հայաստանեայցը իր «հավելվածային» նշանակությունից և դիտարկում է այն որպես մի առանձին գործ: Առանձնահատուկ է այս քարտեզը թե՛ իր քարտեզագրական ու տեքստային բովանդակության իմաստով, թե՛ ձևավորմամբ ու պատկերագրությամբ: Ուստի խմբակի քաղաքական ու մշակութային համատեքստում քարտեզը դիտարկում ենք և՛ որպես տեքստ, և՛ որպես պատկեր՝ փնտրելով այն ավանդույթները, որոնք ընկած են եղել քարտեզի հիմքում: Քարտեզով Մադրասի խմբակի գործունեությունն ըմբռնելու տեսանկյունից մեզ օգնության են գալիս Մադրասի տպարանում հրատարակված վերոհիշյալ գրքերը, տեղական և արտերկրյա աղբյուրների՝ մասնակի հաջողված որոնումները, տարատեսակ քարտեզների հետ համեմատությունները: Ընդհանրապես 18-րդ դարի քարտեզների ուսումնասիրությունը ենթադրում է դրանց քննություն տեքստային և պատկերային մակարդակում, քանի որ, բացի քարտեզագրական իմաստից, այս շրջանի՝ մեր ուսումնասիրած քարտեզներից շատերի համար հատկանշական են ինչպես թղթի ծավալը պատկերներով և ձևավորումներով հագեցնելը, այնպես էլ անվանացույցի գրառումները: Չնայած 18-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական քարտեզագրական դպրոցը մտնում էր անցումային մի փուլ, որտեղ քարտեզը՝ որպես պատկեր կամ արվեստի գործ խաչվում էր գիտության հետ և հեռանում իր գեղագիտական նշանակությունից, այնուամենայնիվ պատկերագրական այս հին ավանդույթը խոր հետք էր թողել ոչ եվրոպական քարտեզագրության վրա:[17]Այս մասին տե՛ս, David Woodward (խմբ.), History of Cartography: Cartography in Prehistoric, Ancient, and Medieval Europe and the Mediterranean, հ. 1 (Chicago: The University of Chicago Press, 1987), հմմտ., օրինակ, Matthew Edney, Mary Pedley (խմբ.), History of Cartography: Cartography in the European Enlightenment, հ. 4 (Chicago: The University of Chicago Press, 2019); J. B. Harley, David Woodward (խմբ.), History of Cartography: Cartography in the European Renaissance, հ. 3, մաս 1, 2 (Chicago: The University of Chicago Press, 2007); ինչպես նաև՝ Chet Van Duzer, «Colonialism in the Cartouche: Imagery and Power in Early Modern Maps», Figura: Studies on the Classical Tradition, 2021, թիվ 2, էջ 90-130; George Tolias,  «Antiquarianism, Patriotism and Empire: Transfers of the Cartography of the Travels of Anacharsis the Younger in Greece (1788-1811)», The Historical Review, 2005, թիվ 2, էջ 67-91; Rodney Shirley, «Allegorical Images … կարդալ ավելին Այդպիսի մի գործ է Շահամիրյանի քարտեզը, որն արդեն առաջին հայացքից իսկ իր ձևավորումով և պատկերագրությամբ ստիպում է մեզ համեմատականորեն քննել այն եվրոպական ավանդույթի շրջանակում:

18-րդ դարում քարտեզագրել, նշանակում էր գործնականում հետազոտել ու չափագրել որևէ տարածք, ապա ինչպե՞ս էր հնարավոր Հայաստանի քարտեզի պատրաստություն՝ անհրաժեշտ գործիքների և մանավանդ պետական սահմանների բացակայության պայմաններում: Ուրեմն ի՞նչ Հայաստան է մեզ ներկայանում սույն քարտեզով, որտե՞ղ են հատվում Հայաստան աշխարհի մասին հնդկահայ գործիչների երևակայական և իրական պատկերացումները, տեղական ու եվրոպական ի՞նչ փորձառության ու ուսումնասիրության վրա էր խարսխված Շահամիրյանի քարտեզը: Այս հարցերի պատասխանները որոնելիս մեր հետազոտությունն, այսպիսով, սույն քարտեզի՝ որպես պատմական փաստաթղթի և արվեստի գործի միաժամանակյա ուսումնասիրությամբ փորձ է անում ցույց տալու պետության մերօրյա ըմբռնումների հիմքերը և դրանց տակ ընկած ավանդույթները՝ պետություն ունենալու բաղձանքի և այն կյանքի կոչելու բարդ ճանապարհին:

 

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 «Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից», Նիկոլ Փաշինյան, https://www.youtube.com/watch?v=VFM8jVaQ5Ow, այց՝ 13 հոկտեմբերի 2024 թ.:
2 «Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից»:
3 «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդես, Հայաստանի պատմության թանգարան, բացումը՝ 14 օգոստոսի 2024 թ.:
4 Ռուբեն Գալչյան, Հայաստանը օտարների քարտեզներում. քարտեզագրական ժառանգություն (Երևան: Զանգակ, 2018), էջ 5: Ռուբեն Գալչյանը քարտեզագետ է, ում ջանքերով հավաքվել և հանրությանը հասու են դարձել եվրոպական արխիվներում պահվող բազմաթիվ ձեռագիր և տպագիր քարտեզներ, որոնցից օգտվել ենք սույն հետազոտության ընթացքում:
5 Այս մասին տե՛ս Rouben Galichian, «History of Armenian Cartography (up to the Year 1918)» https://www.youtube.com/ watch?v=KOGIBEkSgVE&t=199s, այց՝ 13 հոկտեմբերի 2024 թ.:
6 «History of Armenian Cartography (up to the Year 1918)»:
7  Մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը հայերի պատրաստած քարտեզներից հայտնի է միայն 1691 թվականին Կոնստանդնուպոլսում պատրաստված հասարակական-քաղաքական գործիչ, տպագրիչ, գրող Երեմիա Չելեբի Քէոմուրճեանի ձեռագիր քարտեզը՝ կատարված իտալացի կոմս Լուդովիկո Մարսիլիի պատվերով: Այս մասին տե՛ս Ռուբեն Գալչյան, Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը (Երևան: Զանգակ, 2017), էջ 23-25: Քարտեզն ունի զուտ կրոնական բովանդակություն և ներկայացնում է կրոնական վայրերը պատկերի մակարդակում՝ չհետապնդելով քարտեզագրական բովանդակություն:
8 18-րդ դարի հնդկահայ գաղութի գործունեությունն այսօր ուսումնասիրվում է բազմաթիվ անկյուններից: Այս առիթով հատկանշական է 2024 թվականի սեպտեմբերի 11-12-ին տեղի ունեցած «ARMENIA IN INDIA–INDIA IN ARMENIA» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում մեր հետազոտության տեսանկյունից մասնավորաբար կարևոր են եղել հետևյալ բանախոսությունները. Hasmik Kirakosyan, «Armeno-Persian in the Cultural and Literary Exchange Among Armenians in Madras and Calcutta», որտեղ  բանախոսն անդրադարձել է հայերեն-պարսկերեն կամ հայատառ պարսկերեն ձեռագիր և տպագիր տեքստերին, որոնք հրատարակվել են Մադրասում և Կալկաթայում; Saténig Badwagan-Toufanian, «Looking for Path to Freedom from Madras», որտեղ բանախոսը քննել է Հակոբ և Շահամիր Շահամիրյանների քաղաքական ծրագիրը՝ վերջինիս և վրաց Հերակլ 2-րդ թագավորի բանակցությունների անկյան տակ; Vardan Azatyan, «The Snare of Glory, Armenian Whiggism, and its Iconography». արվեստաբան Վարդան Ազատյանի սույն բանախոսությունը կառուցված է նրա՝ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում 2024 թվականի մարտի 23-24-ին ընթերցած՝ «Պետություն և հանրապետություն. Որոգայթ Փառաց» վերնագրով բանախոսության հիման վրա՝ բաղկացած երկու մասից: Ազատյանը Որոգայթ Փառացը քննում է որպես 17-րդ դարի բրիտանական վիգականության քաղաքական-փիլիսոփայական գաղափարաբանության ազդեցությամբ շարադրված գործ: Հանրապետական վիգերի առաջադրած գաղափարներն այստեղ դիտված են հայ առաքելական եկեղեցու ուսմունքի և միջնադարյան պատմահայր Մովսես Խորենացու պատմագրության պրիզմայի միջով: Սրա արդյունքում հայկական ապագա հանրապետությունը երևան է գալիս որպես քաղաքական եկեղեցի՝ ազգի փրկչական առաքելությամբ: Ըստ Ազատյանի՝ այս գաղափարաբանությունն արտացոլող փորագիր պատկերով է բացվում գիրքը. հասարակ բրիտանացու հագուստով պատկերված երիտասարդ հովիվն առաջնորդում է իր հոտին դեպի երկնային փրկության փարախը: Ըստ՝ Վարդան Ազատյան, «Պետություն և հանրապետություն. Որոգայթ Փառաց», բանախոսություն I, II, Հովհաննիսյան ինստիտուտ, Երևան, 2024:
9 Այս մասին տե՛ս Նոր տետրակ, որ կոչվում է Հորդորակ, թրգմ. և ծնթ.՝ Պողոս Խաչատրյանի (Երևան: Երևանի համալսարան, 1991), էջ 35: Գրքի գրաբար տարբերակի համար տե՛ս՝ Նոր տետրակ որ կոչի Յորդորակ (Մադրաս: ˇի տպր‾անի նոյնոյ Յակօբայ Շամիրեան կոչեցելոյ, 1772):  1772 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ գիրքը տպագրվել է «ջանիւք և ծախիւք Յակոբայ Շամիրեան կոչեցելոյ»՝ «աշխատութ‾բ Մովսիսի Բաղրամեան», ինչն էլ հետագայում դարձել է գրքի հեղինակի շուրջ ծավալված բանավեճերի առիթ: Այդ պատճառով գրքի այս և հետագա ծանոթագրությունները տալիս ենք առանց հեղինակի:
10 Որոգայթ փառաց, թրգմ. և ծնթ.՝ Պողոս Խաչատրյանի (Երևան: Հայաստան, 2002): Հայաստանի երրորդ հանրապետության հաստատումից ի վեր Որոգայթ փառացի՝ որպես հայերի սահմանադրության հիմքում ընկած տեսության ուսումնասիրությունները զբաղեցնում են բազմածավալ էջեր: Տե՛ս, օրինակ, Գագիկ Մելքումյան, «Մարդու հիմնահարցը Շ. Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ում», Բանբեր Երևանի համալսարանի,  1995, թիվ 3, էջ 145-154; Մալիկ Թելունց, «Իրավական պետություն» սկզբունքը և հայ իրավաքաղաքական միտքը XVIII դարի II կեսին, Բանբեր Երևանի համալսարանի, 1998, թիվ 3, էջ 150-154; Մալիկ Թելունց, «Պետության մոդելը ըստ «Որոգայթ Փառաց»-ի», Բանբեր Երևանի համալսարանի, 2000, թիվ 1, էջ 140-148; Նունե Ջոմարդյան, «Պետության սոցիալականության գաղափարը Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում»», Բանբեր, 2018, թիվ 2, էջ 18-31; Ռաֆայել Համբարձումյան, «Որոգայթ փառաց» ակունքները, այժէականութիւնը եւ առանձնահատկութիւնները (Երևան: Նժար, 1999): Մերօրյա հետազոտություններից կարևոր աշխատանք է Սաթենիկ Տուֆանյանի՝ «Որոգայթ փառաց»-ի ֆրանսերեն թարգամանությունը, որն ընդգրկում է նաև գրքի պատմական ու լեզվաբանական աղբյուրագիտական քննություն: Տե՛ս Satenig Badwagan Toufanian, Le piège de l’orgueil. un projet républicain en Orient au XVIIIe siècle (Paris: Inalco, 2018): Տե՛ս նաև Ազատյան, «Պետություն և հանրապետություն. Որոգայթ Փառաց», բանախոսություն I, II:
11 Մխիթարյան միաբանության հայր Սուքիաս Աղամալյանը 1770 թվականին Հայր Պետրոսին ուղղված իր նամակում նշում է քարտեզի մասին, որի համար նրանց էր դիմել Շահամիր Շահամիրյանը: Ըստ՝ Սահակ Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն (Վենետիկ: Ս. Ղազար, 1981), էջ 11:
12 Վենետիկի Մխիթարյան միաբանության քարտեզագրական դպրոցի ուսումնասիրությանն է նվիրված միաբանության անդամ, աղբյուրագետ Հայր Սահակ Ճեմճեմյանի՝ 1981 թվականի Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է միաբանության հրատարակած քարտեզների պատրաստության հարցերին: Հեղինակը քննում է նաև Շահամիրյանի քարտեզը՝ հնդկահայ գործչի և Մխիթարյան հայրերի բարդ հարաբերությունների հետնախորքին:
13 Մխիթարյան հայրերն  իրենց հրատարակությունները տարածում էին բոլոր այն վայրերում, որտեղ գոյություն ունեին հայ համայնքներ: Հմմտ. Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ: Այդ հրատարակություններից շատերը կրկին շարում և տպագրում էին տարբեր հրատարակիչներ: 17-18-րդ դարերի՝ Մխիթարյանների գրքերի բազմաթիվ վերահրատարակված օրինակների ենք հանդիպում Կոնստանդնուպոլսի, Տրիեստի, Պետերբուրգի հայկական տպարաններում: Բովանդակության հետ միասին պատճենվում էին նաև փորագրանկարները, երբեմն էլ պատկերվում էին ձեռքով՝ հավանաբար անհրաժեշտ տպագրական գործիքներ չունենալու պատճառով: Այս գրքերի մեր նախնական համեմատությունը ենթադրում է առավել ծավալուն և նոր հետազոտություն՝ բացահայտելու հրատարակիչների միջև եղած կապերը:
14 Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ, էջ 21: Հմմտ. Sebouh Aslanian, Early Modernity and Mobility. Port Cities and Printers Across the Armenian Diaspora, 1512-1800 (New Haven & London: Yale University Press, 2023), էջ 292, 322:
15 Շահամիրյանի քարտեզի ուսումնասիրությունների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան, «Շահամիր Շահամիրյանի «Աշխարհացոյց Հայաստանեայց»-ը», Բանբեր Մատենադարանի, 1962, թիվ 6, էջ 353-362; Ճեմճեմեան, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ: Քարտեզին հպանցիկ անդրադառնում են նաև՝ Aslanian, Early Modernity and Mobility. Port Cities and Printers Across the Armenian Diaspora; Satenig Badwagan Toufanian, Le piège de l’orgueil. un projet républicain en Orient au XVIIIe siècle; Գալչյան, Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը:
16 Գրիգորյան, «Շահամիր Շահամիրյանի «Աշխարհացոյց Հայաստանեայց»-ը», էջ 354:
17 Այս մասին տե՛ս, David Woodward (խմբ.), History of Cartography: Cartography in Prehistoric, Ancient, and Medieval Europe and the Mediterranean, հ. 1 (Chicago: The University of Chicago Press, 1987), հմմտ., օրինակ, Matthew Edney, Mary Pedley (խմբ.), History of Cartography: Cartography in the European Enlightenment, հ. 4 (Chicago: The University of Chicago Press, 2019); J. B. Harley, David Woodward (խմբ.), History of Cartography: Cartography in the European Renaissance, հ. 3, մաս 1, 2 (Chicago: The University of Chicago Press, 2007); ինչպես նաև՝ Chet Van Duzer, «Colonialism in the Cartouche: Imagery and Power in Early Modern Maps», Figura: Studies on the Classical Tradition, 2021, թիվ 2, էջ 90-130; George Tolias,  «Antiquarianism, Patriotism and Empire: Transfers of the Cartography of the Travels of Anacharsis the Younger in Greece (1788-1811)», The Historical Review, 2005, թիվ 2, էջ 67-91; Rodney Shirley, «Allegorical Images of Europe in Some Atlas Titlepages, Frontispieces, and Map Cartouches», Belgeo, 2008, թիվ 3-4, ըստ՝ https://shorturl.at/ZUdgg, այց՝ 12 հոկտեմբերի 2024 թ.: