Այլադավան տիրապետողներից հայերի ազատագրության և կորսված հայրենիքը վերագտնելու նպատակը Մադրասի հնդկահայ գործիչների օրակարգում դրված էր որպես ամենօրյա «փութաջան» աշխատանք պահանջող հարց: Այս նպատակի իրագործման ճանապարհին կարևոր գործնական նշանակություն էր ստանում հրատարակչական գործունեության ծավալումը՝ գրատպության արհեստը վերածելով խմբակի գաղափարաբանությունը տարածող զենքի: 1772 թվականին Մադրասի տպարանում հրատարակված Նոր տետրակ, որ կոչվում է հորդորակ երկի հեղինակի վկայությամբ, սակայն, տպագրական գործի ձեռնարկումն իր հետ բերում էր մի շարք բարդություններ, որոնց լուծմանն ուղղված Շահամիր Շահամիրյանի ջանքերի լուսաբանում է ներկայացվող վավերագիրը: Մխիթարյան միաբանության աղբյուրագետ Հայր Սահակ Ճեմճեմյանի Քարտեզագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն (1981) գրքից մեջբերված հատվածը պարզում է թե՛ 1778 թվականին Շահամիրյանի պատվերով Վենետիկում լույս տեսած Հայաստանի քարտեզի՝ Աշխարհացոյց Հայաստանեայցի որոշ մանրամասներ, թե՛ այն համատեքստը, որում հնարավոր էր խմբակի տպագրական գործունեությունն ընդհանրապես:
Վավերագիրը գալիս է կասկածի տակ առնելու առ այսօր գրականության մեջ տարածում գտած այն համոզմունքը, թե Հայաստանի այս քարտեզը տպագրվել է Մխիթարյան միաբանության տպարանում: Միաբանության պահոցներում չգտնելով այս հանգամանքը պարզող որևէ ուղիղ ապացույց, Ճեմճեմյանն այնուամենայնիվ չի ժխտում, թե Միաբանության անդամներն այս կամ այն կերպ առնչություն չեն ունեցել քարտեզի պատրաստմանը: Սակայն թե գործնականում ինչպիսին է եղել այդ առնչությունը, մնում է ենթադրությունների մակարդակում: Այս առումով Ճեմճեմյանը հատկանշականորեն ընդգծում է Շահամիրյանի և Մխիթարյան միաբանության հայրերի միջև համագործակցությունը խաթարող գաղափարական տարաձայնությունը: Շահամիրյանը հայերի ազատագրության և ապագա պետության կառուցման հիմքում տեսնում էր հայերի՝ դարերով եկած առաքելական եկեղեցու ավանդույթը՝ կաթոլիկ հայրերի «քահանայությունը համարելով անվավեր և թշնամի հայ ազգին ու Էջմիածնի կաթողիկոսին»: Այսպիսի տարբեր ավանդույթների վրա խարսխված ներքին հակամարտության սրումն ակնառու էր դառնում Շահամիրյանի՝ Մադրասի իր տպարանի համար Մխիթարյաններից հղկված հայկական կապարե տառեր ձեռք բերելու, Սուրբ Ղազարի կղզու տպարանում՝ քարտեզ, իսկ ավելի ուշ՝ Հայերեն-անգլերեն բառարան հրատարակելու թե՛ ուղիղ, թե՛ միջնորդավորված անհաջող ձեռնարկումներում: Այսպես Մխիթարյան միաբանությունն ուղիղ, սակայն անհարթ մի ճանապարհ էր, որը Մադրասի խմբակին կապում էր «քաղաքակրթված արևմուտքի» հետ: Գրատպության արհեստի տեխնիկական կատարելագործումն ըմբռնվում էր իբրև հենարան, որին մոտենալու եզրեր էին փնտրում հնդկահայ գործիչները՝ արևմտյան «կիրթ և ուսյալ» ազգերի օրինակում փնտրելով ազատագրական պայքարի իրենց գործիքները:
Հրատարկվում է ըստ՝ Հ. Սահակ Ճեմճեմեան, Քարտեզագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն (Վենետիկ: Ս. Ղազարի տպարան, 1981), էջ 19-22:
ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ (տպ. Վենետիկ, 1778)
Վենետիկ տպագրուած, սակայն Մխիթարեան հրատարակութիւն չէ այս քարտէսը, որ շքեղ ու մեծղի, եւ կրնայ պարծանքը համարուիլ ԺԸ. դարու բոլոր հայկական քարտէսներուն: Քարտէսին ստորին կեդրոնը կը գտնուի զարդանկար անուանացոյցը, ճոխացած զանազան դրօշակներով, ռազմական գործիքներով, ուր կը տեսնուին Հայկ՝ իր աղեղով, Արամ՝ որ ձեռքին մէջ ունի Հայաստանի քարտէսը, Մեծն Տիգրան՝ արքունի մականով, ու Տրդատ թագաւոր:
Քարտէսին կեդրոնական մասը կը գրաւեն Փոքր Ասիան ու Մեծ Հայքը, ուր խիտ առ խիտ նշանակուած են տեղագրական անունները, մինչ այլ տեղերու անունները աւելի ցանցառ են: Հիւսիսային մասը ունի ամբողջ Սեւ ծովը իր շրջակայքով, Կասպից ծովը իր ամբողջութեամբ. հարաւէն գրեթէ ամբողջ Կարմիր ծովն ու Եգիպտոսը, Պարսից ծոցն ու Պարսկաստանը:
Քարտէսին մեկենասը եղած է Աղայ Շամիր, որու անունը գրուած է քարտէսի անուանացոյցին մէջ: Նոյն անունին կը հանդիպինք նաեւ մեր դիւանի նամակներուն մէջ, ուսկից կ’իմանանք թէ ան Հնդկաստանի Մատրաս քաղաքի երեւելի անձերէն մէկը եղած է, Սուլթանեան մականունով, որու որդին տան մէջ բացած է փոքրիկ տպարան մը, խոշոր ծախսերով փորագրել տուած է հայկական պղինձէ տառեր, ինչ որ, սակայն, անյաջող ելք ունեցած է: 1770 թուականն ենք. Հ. Սուքիաս Աղամալեան եւ Հ. Պետրոս Հազարմալեան կ’անցնին Մատրասէն ու կը ծանօթանան Շամիրի. սա կը դիմէ երկու Մխիթարեան վարդապետներուն, որպէսզի անոնց միջնորդութեամբ Վենետիկի Ս. Ղազարէն ստանայ երկու էջի համար հայկական կապարէ գիրեր եւ տպագրութեան թսւղթեր՝ իր առեւտրական գործին դիւրութեան համար: Հ. Սուքիաս, հակառակ որ իր դիմաց կը դնէ Վենետիկի հասարակապետութեան վճիռը՝ որ կ’արգիլէր դուրս հանել տպագրական տառեր, սակայն միւս կողմէ բարեխօս կ’ըլլայ՝ գրելով Վենետիկ, որպէսզի Մելքոնեան Աբբահայր բարեհաճէր թոյլատու ըլլալ եւ կատարէր անոր խնդիրքը[1]«Սա խնդիր ինչ խնդրէ ի Գերյարգութենէդ, այսինքն զի առաքեսջիք սակաւ ինչ տառս կապարեայս ի տպագրութիւն թղթոց ինչ վերաբերելոց տուրեւառութեան իւրեանց՝ զօրէն ազգացն Եւրոպիոյ: Որդի սորա փոքր մի հնագէտ գոլով արարեալ էր գործատուն տպագրութեան ի տան իւրեանց, եւ բազում ծախս արարեալ՝ տուեալ էին փորագրել զտառս մի մի ի վերայ պղնձոյ, ամենեւին անհարթ եւ անհաւասար: Ի խնդրելն նորա զայս, փոքր մի դժուարին ցուցաք զառաջինն՝ զվճիռն թագաւորութեան Վենետիկոյ պատճառեալ վասն ոչ տանելոյ այլուր զտառս: Սակայն եթէ հնար է, առաքեսջիք ի տառից Աստուածաշնչին որչափ բաւական լինի … կարդալ ավելին:
Շամիրի կրօնական համոզումներու մասին խօսելով Հ. Սուքիաս կը գրէ. «ըստ կրօնից մասին զամենայն իբրեւ ճշմարիտս ընդունի եւ ոչ միումն հետեւօղ լինի, ըստ աղանդաւորացս օրինի յորս շաղաղեալն»[2]Հ. Սուքիաս՝ Բանգալայէն, 20 Հոկտ. 1770ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ:. իսկ Հ. Պետրոս աւելի բացայայտ կերպով կ’ըսէ «երեւելին յամենեցունց եւ անուամբն Պրն. Շահմիրն է. սա հակառակն է ուղղափառութեան, եւ ընդ մեզ չունի այնչափ ինչ բարեկամութիւն, մանաւանդ զի խնդրեաց ի մէնջ ձեռագիր զի տացի նմա ի մենաստանէն փոքր ինչ տպագրութեան, զի կամի զմուրհակսն վաճառականութեան տպել, զի մի՛ վաստակեսցին որդիքն նորա գրելով. եւ Հ. Սուքիասն պատասխանեալ էր թէ չիք հրաման ի Վէնէտիկ արտաքս տանել գիր տպագրութեան, եւ վասն այնորիկ փոքր մի տրտմութիւն ունի ընդ մեզ»[3]Հ. Պետրոս՝ Պասրայէն, 24 Հոկտ. 1770ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ:: Քանի մը ամիս ետք Հ. Պետրոս դեռ աւելի կը շեշտէ Շամիրի հակառակութիւնը Մխիթարեաններու հանդէպ, զանոնք վնասակար համարելով Հայ ազգին եւ թշնամիներ Էջմիածնի կաթողիկոսին, յայտարարելով թէ անվաւեր է Մխիթարեաններու քահանայութիւնը, որովհետեւ անոնք ձեռնադրուած են Էջմիածնէ բանադրուած եպիսկոպոսներէ[4]«Յազգէն Հայոց իբրեւ 40 տուն գտանին աստ, յորոց երեւելին մեծութեամբ եւ անուամբ պարսկաբարոյ Պրն. Շահմիրն է, ծանօթ պէկումին, մեծ թշնամին ուղղափառութեան, եւ եւս առաւել մեզ, զի վնասակարս համարի զմեզ Հայոց ազգին, եւ թշնամիք կաթողիկոսին եւ Էջմիածնայ, իբր զի պարտ ու պատշաճ պատիւ ոչ ընծայեմք նոցա, եւ ի նախանձու համարի զմեզ՝ յօրացուցի զշինութենէ Էջմիածնայ որպէս զՀռօմայու եւ զայլոց ոչ յիշատակել, եւ ի ճակատս գրոց մերոց զանուն կազթողիկոսին լոկ գրել. եւ թէպէտ ինքն վրէժխնդիր է Հայոց պատուոյն, սակայն ընդդէմ դաւանութեան նոցա բազում մոլորութիւնս ունի, այսինքն … կարդալ ավելին:
Այս բոլորը կը բացատրեն Շամիրի դիրքը Մխիթարեաններու նկատմամբ եւ թէ ինչո՛ւ քանի մը տարի ետք, այն է 1778ին, Հայաստանի քարտէսին համար դիմած է Վենետիկ բնակող Պր. Առաքելի մը, որու ձեռքով կատարած է այս գործը[5]Ուրիշ առիթով, այն է 1789 թուականին, Շամիր դարձեալ կը դիմէ Վենետիկ, Պրն. Առաքելին, իր անձնական ծախսով տպել տալու համար Հայերէն–Անգլերէն բառարան մը: Պր. Առաքելի համար անհնար էր անշուշտ նման գործի մը ձեռնարկել. ուստի կը դիմէ Ս. Ղազար, անոնց առաջարկելով գործը: Հ. Միքայէլ Չամչեան 1 Օգոստ. 1789 թուակիր նամակով, Պրն. Առաքելի դիմաց կը դնէ զանազան կարելիութիւններ, թէ ի՛նչ կերպով կարելի է պատրաստել բառգիրքը. այս նամակին սեւագիր օրինակին վրայ գրուած է. «Օրինակ թղթոյն տուելոյ պարոն Առաքելին, ըստ խնդրոյ Շամիրին»: Նոյն թուղթին ետեւ կայ Հ. Միքայէլի երկրորդ նամակին … կարդալ ավելին: Քարտէսը մեր վարդապետներէն կը ճանչցուի իբր «Պր. Առաքելի աշխարհացոյցն»:
1786ին, Հ. Յարութիւն Մաղաքեան Պոլիսէն կը գրէ Վենետիկ, միահազոյն ստանալու համար հարիւր օրինակ, ու Վենետիկէն կ’ընդունի հետեւեալ պատասխանը. «Այսու տէֆտէրով խնդրեալ ես նաեւ զ100 աշխարհացոյցս տպեալս ի Պր. Առաքելէն. եթէ գտցուք հարիւր առաքեսցուք, ապա թէ ոչ՝ որչափ ինչ եւ գայցէ ի ձեռս մեր»[6]Հ. Ստեփան Ասլիկեան՝ Վենետիկէն, 5 Օգոստ. 1786ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս:: Յաջորդ նամակով մը Վենետիկէն կը գրեն ըսելով. «ծանիր, զի առ մեզ 50 հատ միայն գտանի, եւ զաւելին, եթէ հարկաւոր է, ի նմանէ (ի Պր. Առաքելէ) պարտիմք գնել, ոչինչ պակաս քան զչորս լինէ»[7]Հ. Ստեփան Ասլիկեան՝ Վենետիկէն, 9 Դեկտ. 1786ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս: Պոլիսէն խնդրուած քարտէսները Ս. Ղազարէն ղրկուած են հաւանաբար երկու անգամով. առաջին «ահա զկնի Զատկիս ելանէ նաւ մի աստի, յորում եղաք զերիս սնտուկս, մինն գրեանց, մինն աշխարհացուցից եւ այլ ոմանց պատկերաց…» (Մելքոնեան Աբբայ՝ Վենետիկէն, 7 Ապրիլ 1787ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս). երկրորդ «յերկոսին սնտուկս գրեանց յառաքեալս յայսմ նուագի, է ինչ զոր նախընթաց գրովդ խնդրեալ էիր, որպէս Ճաշոցն եւ աշխարհացոյցք Հայաստանեայց Պր. Առաքելին». (Հ. Ստ. Ասլիկեան՝ Վենետիկէն, Յունիս 1787ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս)::
Այս վերջին խօսքերը, թէ քարտէսին տպագրութենէն տասը տարի ետք, այն է 1786ին, Մխիթարեանները իրենց տրամադրութեան ունէին 50 օրինակ, խորհրդածել կու տայ որ քարտէսին պատրաստութեան եւ տպագրութեան գործին մէջ անոնք պէտք էին դրական դեր մը ունեցած ըլլալ. գուցէ պատրաստած ըլլային նախագիծ օրինակը եւ կամ Պր. Առաքելի տուած ըլլան Հայաստանի տեղանունները եւ կամ ուրիշ զանազան ծանօթութիւններ, թէեւ այս մասին չունինք դիւանական որեւէ արձագանգ: Մանաւանդ որ տեսանք թէ ի՛նչպէս այլ առիթով Պր. Առաքել կը դիմէ Մխիթարեաններուն, գլուխ հանելու համար Պր. Շամիրի մէկ ուրիշ յանձնարարութիւնը[8]Տե՛ս թիւ 5 ծանօթութիւնը::
Ծանոթագրություններ
↑1 | «Սա խնդիր ինչ խնդրէ ի Գերյարգութենէդ, այսինքն զի առաքեսջիք սակաւ ինչ տառս կապարեայս ի տպագրութիւն թղթոց ինչ վերաբերելոց տուրեւառութեան իւրեանց՝ զօրէն ազգացն Եւրոպիոյ: Որդի սորա փոքր մի հնագէտ գոլով արարեալ էր գործատուն տպագրութեան ի տան իւրեանց, եւ բազում ծախս արարեալ՝ տուեալ էին փորագրել զտառս մի մի ի վերայ պղնձոյ, ամենեւին անհարթ եւ անհաւասար: Ի խնդրելն նորա զայս, փոքր մի դժուարին ցուցաք զառաջինն՝ զվճիռն թագաւորութեան Վենետիկոյ պատճառեալ վասն ոչ տանելոյ այլուր զտառս: Սակայն եթէ հնար է, առաքեսջիք ի տառից Աստուածաշնչին որչափ բաւական լինի լցուցանել զերկու երեսս թղթոյ Կտակարանին, հանդերձ ամենայն հանգամանօք, այսինքն կտրոցիւք, կիտիւք եւն., զի եւ ազգն Եւրոպիոյ վասն այսպիսի թղթոց տան բերել տառս յԵւրոպիոյն». (Հ. Սուքիաս՝ Բանգալայէն, 20 Հոկտ. 1770ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ): |
---|---|
↑2 | Հ. Սուքիաս՝ Բանգալայէն, 20 Հոկտ. 1770ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ: |
↑3 | Հ. Պետրոս՝ Պասրայէն, 24 Հոկտ. 1770ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ: |
↑4 | «Յազգէն Հայոց իբրեւ 40 տուն գտանին աստ, յորոց երեւելին մեծութեամբ եւ անուամբ պարսկաբարոյ Պրն. Շահմիրն է, ծանօթ պէկումին, մեծ թշնամին ուղղափառութեան, եւ եւս առաւել մեզ, զի վնասակարս համարի զմեզ Հայոց ազգին, եւ թշնամիք կաթողիկոսին եւ Էջմիածնայ, իբր զի պարտ ու պատշաճ պատիւ ոչ ընծայեմք նոցա, եւ ի նախանձու համարի զմեզ՝ յօրացուցի զշինութենէ Էջմիածնայ որպէս զՀռօմայու եւ զայլոց ոչ յիշատակել, եւ ի ճակատս գրոց մերոց զանուն կազթողիկոսին լոկ գրել. եւ թէպէտ ինքն վրէժխնդիր է Հայոց պատուոյն, սակայն ընդդէմ դաւանութեան նոցա բազում մոլորութիւնս ունի, այսինքն չլինել դիւաց յաշխարհի, եւ զայլ բազում այսպիսիս. վասն որոյ յոյժ զգուշանայ ի մէնջ եւ ջանայ ի ձեռն արբանեկաց իւրոց դաւաճանս եւ ատելիս երեւեցուցանել զմեզ, եւ միշտ հնարի խափանել զճանապարհ ընդ որ կարելի է մեզ մուտս առնել». (Հ. Մանուէլ՝ Մատրասէն, 6 Փետր. 1771ին, առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ): |
↑5 | Ուրիշ առիթով, այն է 1789 թուականին, Շամիր դարձեալ կը դիմէ Վենետիկ, Պրն. Առաքելին, իր անձնական ծախսով տպել տալու համար Հայերէն–Անգլերէն բառարան մը: Պր. Առաքելի համար անհնար էր անշուշտ նման գործի մը ձեռնարկել. ուստի կը դիմէ Ս. Ղազար, անոնց առաջարկելով գործը: Հ. Միքայէլ Չամչեան 1 Օգոստ. 1789 թուակիր նամակով, Պրն. Առաքելի դիմաց կը դնէ զանազան կարելիութիւններ, թէ ի՛նչ կերպով կարելի է պատրաստել բառգիրքը. այս նամակին սեւագիր օրինակին վրայ գրուած է. «Օրինակ թղթոյն տուելոյ պարոն Առաքելին, ըստ խնդրոյ Շամիրին»: Նոյն թուղթին ետեւ կայ Հ. Միքայէլի երկրորդ նամակին օրինակը, գրուած չորս տարի ետք, ուր կը մերժուի Պրն. Առաքելի առաջարկը, պատճառ բերելով ժամանակի չգոյութիւնը. «Օրինակ պատասխանւոյ տուեալ պարոն Առաքելին, վասն խնդրոյ պարոն Շամիրին, յամի Տեառն 1793 ի Յունուարի 11»: Այս պարագան եւս կը յստակէ թէ ի՛նչպէս Շամիր կը խորշի գործել Մխիթարեաններու հետ, ու Մատրասէն կը դիմէ Պրն. Առաքելի, որ իր կարգին կը խնդրէ Մխիթարեաններու օժանդակութիւնը: |
↑6 | Հ. Ստեփան Ասլիկեան՝ Վենետիկէն, 5 Օգոստ. 1786ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս: |
↑7 | Հ. Ստեփան Ասլիկեան՝ Վենետիկէն, 9 Դեկտ. 1786ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս: Պոլիսէն խնդրուած քարտէսները Ս. Ղազարէն ղրկուած են հաւանաբար երկու անգամով. առաջին «ահա զկնի Զատկիս ելանէ նաւ մի աստի, յորում եղաք զերիս սնտուկս, մինն գրեանց, մինն աշխարհացուցից եւ այլ ոմանց պատկերաց…» (Մելքոնեան Աբբայ՝ Վենետիկէն, 7 Ապրիլ 1787ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս). երկրորդ «յերկոսին սնտուկս գրեանց յառաքեալս յայսմ նուագի, է ինչ զոր նախընթաց գրովդ խնդրեալ էիր, որպէս Ճաշոցն եւ աշխարհացոյցք Հայաստանեայց Պր. Առաքելին». (Հ. Ստ. Ասլիկեան՝ Վենետիկէն, Յունիս 1787ին, առ Հ. Յարութիւն, Պոլիս): |
↑8 | Տե՛ս թիւ 5 ծանօթութիւնը: |