Մանկավարժությունն ու կուսակցական աշխատանքը Ղազարոս Աղայանի գործունեության մեջ

 

Այսօր հայ իրականության մեջ Ղազարոս Աղայանն առավելապես հիշվում է իբրև 19-րդ դարի լուսավորիչ, մանկավարժ ու հեքիաթագիր։ Սակայն 1890-ականներից, Աղայանը վարել է նաև ակտիվ  հասարակական-քաղաքական գործունեություն, հարել հնչակյան կուսակցությանը, որն իր առաջ խնդիր էր դնում հեղափոխական ճանապարհով հասնել հայերի պետական անկախությանը։ Հենց կուսակցական գործունեությանը մասնակցելու մեղադրանքով ցարական կառավարությունն Աղայանին, մի շարք այլ գործիչների հետ մեկտեղ, բանտարկել ու աքսոր է ուղարկել։ Այնուամենայնիվ, ինքնին քիչ բան է հայտնի Աղայանի վարած կուսակցական աշխատանքի կոնկրետ բովանդակության մասին և թե ինչպիսի հարաբերության մեջ էր այն իր լուսավորական գործունեության հետ։

Այս հարցին պատասխանելու ուղղությամբ փոքրիկ հուշում է ընձեռում ցարական ոստիկանությանը տված ցուցմունքները։ Հայաստանի ազգային արխիվում պահվող Աղայանի հիշյալ գրավոր ցուցմունքների պատճեններում Աղայանը բացատրություններ է տալիս, թե ինչու է ունեցել լայնածավալ նամակագություններ հնչակյան տարբեր գործիչների հետ։ Ստորև հրապարակում ենք այս հարցաքննությանն ուղղակի և անուղղակի առնչվող երկու վավերագիր։ Դրանցից առաջինը 1893 թվի մարտի 10-ին ոմն Ռուբեն Խոջավաքյանից ստացված մի նամակի վերաբերյալ Աղայանի՝ բացատրությունն է, որտեղ Աղայանը նկարագրում է, թե ինչ հարաբերության մեջ է եղել հնչակյան հայտնի գործիչ Մուրադի՝ Համբարձում Բոյաջյանի հետ։ Ըստ այս ցուցմունքի, նրանց շփումների միակ նպատակը եղել է հայության շրջանում ժողովրդական կրթության առաջմղումն ու զարգացումը։ Երկրորդ վավերագիրը հատված է Արսեն Կիտուրի Պատմութիւն Ս. Դ. հնչակեան կուսակցութեան գրքից, որտեղից պարզում ենք Աղայանի՝ Մուրադի հետ ունեցած շփումների իրական նպատակը։ Աղայանը, որպես Թիֆլիսում հաստատված հնչակյան ղեկավար գործիչ փորձում էր Սասունում ապստամբության համար նյութական միջոցներ հայթայթել։ Այս վավերագրերը միասին բացահայտում են, ուրեմն, ոչ միայն Աղայանի կուսակցական կոնկրետ աշխատանքի մի դրվագ, այլև հուշում, որ «անլեգալ» կուսակցական աշխատանքն, ընդհանրապես, Աղայանը փորձում էր սքողել կրթական-լուսավորական «լեգալ» գործունեությամբ։

Հրապարակվում է ըստ՝ ՀԱԱ ֆոնդ 1456, ցուցակ 1, գործ 13, թերթ 4, թարգմանությունը ռուսերենից՝ Աշոտ Գրիգորյանի; Արսեն Կիտուր, Պատմութիւն Ս. Դ. հնչակեան կուսակցութեան, հ. Ա. (Պէյրութ։ Շիրակ, 1962), էջ 140։

 

Աղայանը և Սասունի ապստամբությունը

Մուրատ 1893ի գարնան գաղթականի ցուպը ձեռքը առած՝ քանի մը մշեցիներու հետ դարձեալ կ՛երթա Թիֆլիս։

Մուրատ այս անգամ կը դիմէ Ղազարոս Աղայեանին, կը ներկայացնէ Սասնայ անձուկ վիճակը և կը հասկցնէ թէ տեղական միջոցներով անհնար է ապստամբութիւնը մէկ ամիս իսկ յարատեւօրօէն պահել։

Մուրատ կը շեշտէր զէնքի, զինամթերքի և պարէնի պակասը։

    Կովկասցիք կամ դրամ թող տան մեզի,- կ’ըսէ Մուրատ,- որ այդ բոլորը մենք տեղւոյն վրայ հայթայթենք և կամ իրենք թող այդ մթերքը ղրկեն։

Աղայեան քանի մը օր այս ու այն կողմ իյնալէ յետոյ, Մուրատին խորհուրդ կու տայ դիմել Դաշնակցութեան, որ յանուն յեղափոխութեան մեծաքանակ դրամ հաւաքած էր։ Մուրատ կ’ըսէ. «Ես եկած եմ ապստամբութեան պատրաստ հայ ժողովուրդի կողմէն, ինձ համար հաւասար է, թէ ո՛վ կ’օգնէ, ես պատրաստ եմ ընդունելու»։

 

Աղայանի ցուցմունքը՝ Մուրադի հետ ունեցած իր առնչությունների վերաբերյալ

Մուրադը հենց այն բժիշկ Համբարձում Բոյաջյանն է, ում մասին ես հիշատակել եմ սեպտեմբերի 20-ի իմ ցուցմունքում….։ Մուրադը ժամանել էր Թիֆլիս իմ՝ որպես փորձառու մանկավարժի հետ թուրքահայերի շրջանում ժողովրդական կրթության հարցով խորհրդակցելու նպատակով, քանի որ տեղի հայկական դպրոցների տեսուչ պարոն Դոմաթյանը (Доматян) հրավիրել էր Մուրադին իբրև իր օգնական։ Բացի դրանից Թուրքիայի ազգային կրթության գործում Մուրադը կովկասահայերի նյութական օգնության հույս ուներ։ Բայց քանի որ ինձ հայտնի էր, որ Թիֆլիսում նյութական օգնություն որևէ մեկից չէր ստանա, ապա, իմ խորհրդով նա վերադարձավ Թուրքիա՝ առանց որևէ օգնություն ստանալու։