Միաբանի կապերն Իգդիրի Անգլիական կոմիտեի հետ. Սարգիս Թոփալյանի նամակը Գալուստ Տեր-Մկրտչյանին

 

1915 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը որոշում կայացրեց հիմնել 20-րդ դարի առաջին կեսի բրիտանական ամենախոշոր նպաստամատույց կազմակերպությունը՝ Հայ փախստականների ֆոնդը, կամ Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդը (Lord Mayor’s Fund)։ Անգլիական օգնության կոմիտե (Անգլկոմ) ընդհանուր անվամբ հայտնի նպաստամատույց այս կառույցը 1916 թվականից բաժանմունքներ ուներ Եգիպտոսում, Բուրսայում, Ադանայում, Վանում և Իգդիրում։

Ներկա վավերագիրը Անգլկոմի Իգդիրի բաժանմունքում 1910-ականների վերջին թարգմանչի կամ քարտուղարի պաշտոն զբաղեցնող Սարգիս Թոփալյանի նամակն է Մայր Աթոռի դպիր, հայագիտության հիմնադիրներից Գալուստ Տեր-Մկրտչյանին (Միաբան)։ Ըստ այլուր գտնված սուղ վկայությունների՝ այնթափցի Թոփալյանը Միաբանի «շնորհիվ ու ղեկավարությամբ» է կրթվել (տե՛ս, օրինակ, Մատենադարան, Գալուստ Տեր-Մկրտչյանի ֆոնդ, թղթ. 24, վավ. 319)։ Տեր-Մկրտչյանին ուղղված երիտասարդի մյուս նամակներից երևում է, որ Թոփալյանը վերջինիս ընդունում էր իբրև իր հոգևոր հոր և անհրաժեշտ էր համարում հայտնել նրան թե՛ Էջմիածնից Իգդիր ճանապարհին և թե՛ Անգլկոմի գործերում գլխով անցած ամեն մանրուք։ Ներկայացվող նամակում հետաքրքրական է իր անգլիացի գործակիցների բարքը, սնվելու սովորությունները, ճաշացանկը նկարագրելու երիտասարդի ջանասիրությունը. ուրիշ աշխարհում հաստատված կյանքի ձևեր, որոնցով Թոփալյանը կարիք է զգում կիսվելու իր հետ հաց կիսած և իր կրթության խնամատարը եղած հոգևորականի հետ։

1918 թվականի փետրվարին գրված այս նամակը, որ Միաբանը ստացել է արդեն մահվան մահճում, ակնարկում է Անգլկոմի հետ հոգևորական-գիտնականի կապերի և պլանների մասին, որոնց մանրամասները դեռևս հայտնի չեն մեզ։ Բազմաթիվ հարցեր առաջացնող այս տեղեկությունն այնուամենայնիվ գալիս է լրացնելու դարադարձին քաղաքական հոսանքներում իր դերակատարությունն ունեցած, միջազգային գիտական (և թերևս ոչ միայն գիտական) լայն կապեր հաստատած Մայր Աթոռի դպիրի առանձնահատուկ կերպարը։ Չնայած երիտասարդ տարիքում ձեռք բերած հաշմանդամութանը և եկեղեցական աստիճանակարգության մեջ ամենաստորին աստիճանին՝ «ամեն ինչին խառնվող» Միաբանը ոչ միայն հայագիտական բեղուն գործունեություն էր ծավալում, այլև հրապարակի վրա չերևացող իր մասնակցությունն էր բերում հասարակական տարբեր խնդիրների վճռմանը։

Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Մատենադարան, Գալուստ Տեր-Մկրտչյանի ֆոնդ, թղթ. 24, վավ. 323։

 

Սիրելի հայր Գալուստ!

Արդեն մեծ մասամբ պատրաստած լինելով հարկ եղած պարագաները շուտով Որբանոցը բաց կ’անէնք մի մէծ  շինութեան մէջ, որ ունի ընդարձակ բակ, պարտեզ և այգի և բաց հեռաւոր հորիզոն և ազատ օդ գրեթէ գիւղի մայթին։ Այս անգամ էլ տպաւորութիւններս չխառնելու համար գրում եմ Ձեզ այս 3-րդ նամակը, Որբանոցի վերաբերեալ բոլոր տեղեկութիւնները թողնելով յաջորդ նամակներիս։

Վերջին նամակս գրելուս ատեն, ինչպէս յիշեցի, Թիֆլիսից վերադարձաւ Լորդ Մեյեր Ֆոնդի Գլխաւոր ներկայացուցիչ Մր. Ալփրետ Բէկհաուզ. երկու շաբաթից աւելի միասին նոյն բնակարանում ապրելէ վերջ այսօր ի վիճակի եմ Ձեզ մի որոշ գաղափար տալու այդ մարդու մասին. առաջին տեսութեամբ Մր. Բէկհաուզ իմ վրայ լաւ տպաւորութիւն թողեց։ Նա աւելի հասակաւոր լինելով քան Մր. Քեջփուլը, որին ծանօթ եք, կարծեք աւելի ծանր, աւելի նստած և ըստ ամենայնի իր ցեղի բնորոշ գիծերը աւելի արտայայատող մի մարդ է. 35-36 տարեկան է. ուսումը առել է Քեմբրիջի մէջ. ապրել է Ֆրանսիայում. և այժմ եկել է Lord Mayor Fund-ի գործերը վարելու։ Լինելով հարուստ մարդ, ոչ մի ռոճիկ չի ստանում և իր ծախսովն է ապրում. խօսում է լավ ֆրանսերեն։

Մր. Քեջփուլ աւելի երիտասարդ և աւելի դեմոկրատիկ հակումներ ունի. Մր. Բէկհաուզ աւելի ծանր, աւելի տրադիցիաներին հետևող մէկն է։ Մր. Քեջփուլ նրբակազմ է, և եթէ ուտելու մէջ նորմալ չափը անցնի շուտով կհիւանդանայ։ Մր. Բէկհաուզ բարձրահասակ և ամրակազմ մարդ է, որոշ խնամք կտանի ուտելեղենի վրայ, և ոչինչ չխնայիր այդ ուղղութեամբ։ Ես պատշաճութեան դէմ մեղանչած չեմ լինիր, եթէ նրան նմանեցնեմ մի աղօրիքի, որ պէտք է միշտ աղայ։ Նրա գալուց ասդին սեղանի վրայ կերակուրի ամանները աւելացել են և տեսակները բազմացել։ Բնորոշ է ուտելու ժամանակ նրա ձեռքի շարժումները, վարժ են այդ շարժումները և շատ ճիշտ. այդտեղ չկայ վեհերոտութիւն կամ վարանում, որ ես նշմարում եմ իմ մէջ համեմատելով իմ շարժումները իր շարժումների հետ. խոզի մի՞ս պիտի ուտէ, կարագ կամ մե՞ղր պիտի վերցնէ. րոպէական են իր շարժումները, ճիշտ և արագ։ Թեև անպատշաճ նմանութիւն, բայց իր շարժումները յիշեցնում են ինձ անգղին, որ րոպեապէս իջնում խլում է ճնճղուկի ձագուկը, կամ իր այլ որսը. սուր, խիզախ և ճիշտ։ Ինքն է որ ճաշի սեղանի վրայ միշտ պիտի ծառայէ մեզ համար, պիտի լցնէ մեր ամանները, պիտի կտրէ մեր հացերը, և իր այդ բոլոր վարժ շարժումները շատ հաճելի են ինձ և յաճախ րոպեներով ուտելէ կդադրիմ, և կդիտիմ իր այդ շարժումները. և հաւատացէք հայր Գալուստ, ամէն անգամ, որ սեղան կնստիմ Դուք իմ մտքիս մէջ եք. և ամէն անգամ ինձ համար հոգեկան մէծ տանջանք է յիշել Ձեզ այդ հիվանդ վիճակում, սնունդի այդ խեղճ պայմաններում, իսկ ինձ անհամեմատ աւելի ճոխ սեղանի գլխին տեսնել, և կրկին հավատացեք որ իմ ձեռքը չի երկարում այդ ամաններին անխտիր. շատ անգամ նրանք ինձ ասում են ինչու կարագ չեմ վերցնում, ինչու մեղր չեմ ուտում, ևալյն, ևայլն. չեմ ասում, որ ես ինձ զրկում եմ. բայց ես տեսնելով 5-6 տեսակ ուտելիք 2-3 ով բաւականանում եմ. այդ էլ մէծ բան է համեմատած իմ Էջմիածնայ կէանքի հէտ. հապա ինչպէս չյիշեմ Ձեր վիճակը։

Այս է ինչ որ ուտում ենք ընդհանրապէս՝

I. առաւօտուն՝ 1. թեյ, 2. հաց՝ թոսթ toast (բարակ կտրած կրակի վրայ կարմրած՝ 2 կտոր միայն),  3. խոզի միս՝ բարակ կտրած 3-4 կտոր, 4. «ճաշ»՝ ձավարով եփած առանց եղի, խառնելով հետը կաթ և մանր շաքար, 5. կարագ, 6. մեղր, 7. մեկական ձու։

II. կէսօրին՝ 1. սուբ չկայ, երկրորդ տեսակի կերակուր՝ հաւի կամ ոչխարի մսով տապակած քարտոփել, 2. փուտինկ՝ բրինձ եփած առանց եղի, երեսը կարմրած, խառնելով կաթի և մանր շաքարի հետ, 3. հոլանդական պանիր, 4. խօշաբ՝ չոր մրգեղեն շաքարով եփած, 5. մրգեղեն՝ խաղող, խնձոր և 6. քոփե.

III. Իրիկունը՝ 1. թեյ, 2. սուբ, 3. երկրորդ տեսակ կերակուր առ հասարակ ճաշինը, 4. փուտինկ, 5. խօշաբ, 6. չոր մրգեղեն։

Այս բոլորն է առ հասարակ ապրուստի շրջանակը, որից կարող էք մի գաղափար ունէնալ. ես այժմ իմանում եմ, որ Մր. Բէկհաուզի պէս մի մարդ պէտք է բնակակից լինէր Ձեզ, իսկ եթէ Տէրը յաջողի ես էլ կրկին բնակակից լինէմ, կարծում եմ առաջուանը չէմ լինի։

Դառնանք գործարաններին միակ փայլուն երևոյթը Անգլ. կոմիտէին։ Երանի թէ լինէիք այստեղ։ Քանի քանի անգամներ Մր. Քեջփուլ ասել է, թէ հայր Գալուստը չի՞ գար այստեղ եթէ երթանք և յարմարութիւններով բերենք։ Ես ասել եմ, աւա՜ղ, այդ մարդը 4 տարի է սենեակից դուրս չի եղել. այժմ սպասում ենք Գարնան, և յոյս ունինք Ձեզ տեսնել այստեղ։ Ձեր հոգին պիտի հրճուի տեսնելով 800-1000 մարդ գործի վրայ. և նորեր 100-ներով դիմելով ի՞նչ կուզէք հարցումին պատասխան տալով «Գործ կուզէնք»։Հայ գաղթականը գործ է ուզում, ոչ թէ նպաստ. ահա բարոյական մեծութիւնը, որ տուել էր այս կոմիտէն. և առաւոտը դէռ անկողնի մէջ երիտասարդ Քեջփուլը վէր կենալով ինձ կասէ. Սարգի՛ս, այսօր մի խորհուրդ ունեցայ մէր կծիկ անողների համար. այժմ Ձեր աչքի առաջ բերեք մի մէծ շինութիւն 90-100 տղամարդ նստած նազուկի առաջ կծիկ են անում, ի՞նչ կրթիչ բան կայ այս գործի մէջ, ասում էր երիտասարդ Քեջփուլը, սրանք 2-3 շաբաթ վէրջ զինուոր պիտի երթան, լաւ չի՞ լինիր որ ճաշերից յետոյ գործը դադարեցնենք և 2-3 ժամ նրանց կրթէնք։ Հայոց պատմութիւնից, երկրի կազմութիւնից, լրագրական տեղեկութիւններից, հասկանալի ձևով բացատրէնք, թող իմանան թէ ինչու՞ համար են գնում կռուելու. թող ժամանակը կարճ լինի, սովորէն իրէնց անցեալը և երկիրը։ Եւ երկու երիտասարդ ծրագիրներ ենք կազմում, և խոստանում ենք պնդել, որ մէծ Բէկը հաւանի։ Թերևս մոտ է այն օրը, որ մէր ծրագիրը իրականանայ. յուզիչ է ինձ տեսնել մի օտար սիրտ այսքան սիրով բաբախող Հայաստանի համար. անկեղծ է այդ, անգլիական քաղաքականութիւն չկայ. ինչպէս պիտի կասկածէին շատեր …․ 

Հրաժեշտի ժամանակ Ձեր արտասանած խոսքին «ամուր կաց» եկավ Ձեր գրութիւնը կրկին ազդարարելով «սրտապինդ եղիր և ամուր»։ Շնորհակալութիւն այդ տողերի համար, որ 4 շաբաթուայ լռութեան մէջ եկաւ առաջին անգամ սրտապնդելու ինձ։ Մաղթելով առողջութիւն, մնամ խորին յարգանոք

Ձեր՝ Ս.Զ.Թ.