Զանգվածային անգրագիտության վերացման հետ մեկտեղ 1920-ականներին լուսավորական քաղաքականության առաջնահերթություններից էր նաև մշակութային ու գեղարվեստական դաշտի կազմակերպումը։ 1920-ականներին այդ դաշտի գրեթե լիակատար բացակայությունը հիմնային այն գործոններից էր, որ զգալիորեն պայմանավորեց Խորհրդային Հայաստանի հիմնադիր ղեկավարների և արվեստի ու մշակույթի գործիչների միջև համագործակցության և փոխօգնության սկզբունքը։ Այս առումով առանձնակի ուշագրավ են Խորհրդային Հայաստանի առաջին լուսժողկոմ (1920-1921թթ․) Աշոտ Հովհաննիսյանի ընկերական կապերը 1920-ականներին Հայաստանում հաստատված ավագ սերնդի «ուղեկից» արվեստագետների հետ. հին սերնդի արվեստագետներն էին հենց (Գաբրիել Գյուրջյան, Մարտիրոս Սարյան, Վրթանես Ախիկյան, Հակոբ Կոջոյան), որ, կիսելով կոմունիստ ղեկավարների՝ արվեստի ու մշակույթի հանդեպ ընդհանուր հայացքները, շահում էին վերջիններիս վստահությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք էին մշակութային և գեղարվեստական հաստատությունների հիմնադրումը։ Ի վերջո հենց իր «բարեկամ» Հովհաննիսյանի առաջարկով է, որ Սարյանը ձեռնամուխ է լինում Պետական թանգարանի, Գեղարվեստական դպրոցի, Հնությունների պահպանության կոմիտեի, Կերպարվեստից աշխատավորների ընկերության հիմնարկմանը։
Ներկա վավերագիրը երևան է հանում 1920-ականներին Հովհաննիսյանի և Սարյանի միջև ուշագրավ մի դրվագ այն ժամանակ, երբ Հովհաննիսյանը երկար համառումներից հետո ի վերջո համաձայնել էր վարպետի՝ իրեն նկարելու առաջարկին։ Հովհաննիսյանը հետագայում այն կպատմեր իր ուսանողներին, որոնց թվում էր նաև պատմաբան Նորայր Սարուխանյանը, որի հուշերից էլ մեջ ենք բերում հիշյալ դրվագը ներկայացնող հատվածը։
Հայտնի է նաև, որ նկարիչը 1920-ականներին պատմաբանին վրձնել է ոչ մեկ անգամ։ 1930-ականներին, սակայն, «ստալինյան մաքրման» քաղաքականությունների համատեքստում Հովհաննիսյանի դիմանկարները՝ որպես հակահեղափոխականի դիմանկարներ, ոչնչացվում են։ Մինչդեռ ըստ Սարուխանյանի հուշերի՝ պահպանվել է հիշյալ դրվագը ներկայացնող Հովհաննիսյանի դիմանկարը։ Վերջինիս գտնվելու վայրի և նրա մասին այլ տեղեկություն, ցավոք, չունենք։
Հրապարակվում է ըստ՝ Նորայր Սարուխանյան, Մտորումներ և հուշեր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի մասին (Երևան։ Գիտություն, 2012), էջ 47-48։
– Սարյանը ցանկանում էր ինձ նկարել, իսկ ես համառորեն, ամեն կերպ խուսափում էի: Խուսափում էի ոչ թե նրա համար, որ չէի ուզում ընդհանրապես, այլև որ այդ հաճույքին տրամադրվելու ժամանակ չունեի, որպես Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար չափազանց շատ էի զբաղված, աշխատում էի նաև շաբաթ օրերին: Ստեղծվել էր մի այսպիսի վիճակ. Սարյանը ձգտում էր ինձ նկարելու իր համառությունը պատճառաբանել ոչ թե իմ կենտկոմի քարտուղար լինելու հանգամանքով, այլ՝ լուսանկարվողունակության արտաքինով, իսկ ես՝ «ժամանակ չունեմի» պնդմամբ: Բայց ի վերջո իմ ու Սարյանի համառությունների բախման ընթացքում հաղթանակեց ինքը: Մի շաբաթ օր, երբ դեռ չէի գնացել աշխատանքի, առավոտյան վաղ մտավ տուն, մի բաժակ թեյ խմելուց հետո կարգադրեց ինձ մի քանի ժամ հլուհնազանդ ենթարկվել իրեն: Համաձայնեցի: Նկարելու համար վրձնի վարպետը որոշեց նստած աթոռին իմ պահվածքի դիրքը: Սակայն ես ակամա խախտում էի պայմանը: Գլուխս անընդհատ թեքում էի վար՝ դեպի աջ ուսս: Մի քանի անգամ վարժապետի համբերատարությամբ կարգի հրավիրելուց հետո, այլևս չզսպեց զայրույթը.
– Աշոտ, ամբողջ մի կուսակցություն ես ղեկավարում, չգիտեմ գլխավոր քարտուղար ես թե ինչ ես, չե՞ս կարողանում գլուխդ մի քանի ժամ պահես նկարչի համար ցանկալի դիրքում: Ես էլ արդարանալու համար դրությունից ելք գտա: Բացատրեցի, որ Շուշիում դպրոցի բարձր դասարաններում սովորելու տարիներին ընկերներով գնում էինք մերձքաղաքային անտառ և ծառերից միրգ էինք քաղում, որ մի օր տանձենու ծառից ընկել եմ, վիզս վիրավորվել է և բուժվելուց հետո մնացել է ծուռ: Նկատեցի, որ բացատրությունս Սարյանին թվաց պարզունակ, չգոհացրեց: Նայեց, մեղմ ժպտաց ու շարունակեց.
– Աշոտ, ծուռ է ոչ թե վիզդ, այլ գլուխդ՝ իր ողջ պարունակությամբ, այդ թվում՝ ուղեղդ: Եթե մի քաղաքական գործիչ ու գիտնական իր փոքր ժողովրդի մեջ հասարակական–քաղաքական չորս հոսանք է տեսնում, թերևս ինչ որ բան իր տեղում չէ, ուղիղ չէ, շեղ է: