Մշակի հրապարակախոսն ընդդեմ Էջմիածնի «աստվածաբանների». Կարապետ վարդապետի պատասխանը

 

Դարադարձի Հայ եկեղեցու բարենորոգչական շարժման առաջամարտիկ Կարապետ Տեր-Մկրտչյանի ներկայացվող հոդվածը գրվել է ի պատասխան հասարակական գործիչ Լևոն Սարգսյանի՝ 1900 թվականին Մոսկվայում լույս տեսած Հին ցաւ ժողովածուի։ 1890-ականների երկրորդ կեսին Մշակ հանդեսում հրապարակված մի քանի հոդվածից կազմված այս գրքույկը ներկայացնում է Սարգսյանի խոհերը հայերի շրջանում «վեղարի դերի», «կղերական դասակարգի» անօրենությունների, և հոգևորականության՝ ժողովրդից կտրված լինելու մասին։ Համագյուղացի երկու գործիչների՝ Սարգսյանի և Տեր-Մկրտչյանի՝ ակնհայտորեն հին արմատներ ունեցող այս խոսակցության առկայծումը Արարատի էջերին հազվադեպ այն դիպվածներից է, երբ իր բարենորոգչական գործունեության մեջ խիստ զգուշավոր վարդապետը բացեիբաց խոսում է իր և իր ընկերների գործունեության մասին՝ իբրև հոգևորականության մեջ մի «նոր հոսանք», «աստուածաբանների նոր սերունդ»։

Բանավեճը նաև ի հայտ է բերում այս նոր հոսանքին դրսից գցված մի հայացք, որում Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի ուսուցչական գործունեության արգասիք ընկալվող գերմանավարտ բարենորոգիչների այս խումբը դիտվում է իբրև մի «օտարամուտ պատվաստ»՝ ի հակադրություն, օրինակ, Մկրտիչ Խրիմյանի գործունեության։ Ժողովրդին մոտ լինելու, նրա ցավերը դարմանելու և «աստվածաբանության» ու «միջնադարյան պարապ վեճերի» հակադրությունն է Սարգսյանի համար տարբերում Խրիմյանին «Օրմանյաններից և Կարապետ վարդապետներից»։

Հետաքրքրականորեն այս վեճի մեջ աստվածաբանական գիտությունն առհասարակ ստանում է խիստ կոնկրետ իմաստ. Սարգսյանի համար դա այն կրթությունն է, որ Կարապետ վարդապետն ու Գարեգին Հովսեփյանը ստացել են Գերմանիայի իրենց համալսարաններում և որը կտրել է այս գործիչների կապն իրենց հոգևոր հոտի հետ։ Աստվածաբանության տեղական այս ընկալման, հայ եկեղեցու հոգևորականների՝ իբրև առանձին «կղերական դասակարգ» ըմբռնվելու դեմ Կարապետ վարդապետը հանդես է եկել նաև առանձին հոդվածներով (տե՛ս, օրինակ, Կարապետ վարդապետ, «Հայ հոգեւորականութեան մէջ կրօնական ոգի որոնողները», Արարատ, 1895, թիվ 7, էջ 250-254, «Աստուածաբաններ պէ՞տք են», Արարատ, 1898, թիվ 5, էջ 199-204)։ Ներկա վավերագրում, սակայն, անձնապես Սարգսյանին ուղղված պատասխանի մեջ բյուրեղացած` երևում է աշխարհական մամուլում տարածում գտնող քննադատությունների մի թնջուկ, որից և վարդապետը պաշտպանում է շարժման դատը՝ ընտրելով  իր անձը քրիստոնեական խոնարհությամբ վեհացնելու ճանապարհը։

Հրապարակվում է ըստ՝ Կ.Վ., «Հին ցաւ», Արարատ, 1900, թիվ 7, էջ 338-343։

 

Հին ցաւ

Կարապետ Տեր-Մկրտչյան

Այս վերնագիրն ունի մի փոքրիկ գրքոյկ, որի մէջ ամփոփել եւ մօտ օրերս լոյս է ընծայել իւր «հրապարակախօսական խոհերք» պ. Լ. Սարգսեան։ Մենք առանձնապէս շնորհապարտ ենք պ. Սարգսեանին, որ այդպէս թանգ է գնահատում իւր «խոհերը» եւ թոյլ չի տալիս օրաթերթի վաղանցուկ էջերի մէջ փայլին մի քանի ժամ եւ մոռացուին անհետ, այլ ներկայացնելով ընթերցող հասարակութեան երկրորդ անգամ աւելի երկարակեաց պատեանի մէջ եւ իբրեւ մի կապակցեալ ամբողջութիւն՝ առիթ է ընծայում նոր ի նորոյ զմայլելու, նորանոր մեծ մտքեր քաղելու նոցա իմաստութեան բովից։ Մենք շնորհապարտ ենք ո՛չ միայն նորա համար, որ պատճառ ունինք աւելի քան ուրիշ ոք հետաքրքրուելու պ. Սարգսեանի վերակենդանեցրած «Հին ցաւ»ով, այլեւ որ նորա «խոհեր»-ի մէջ, աւելի գուցէ քանի ուրիշ տեղ, կենդանի կերպով պատկերացած ենք գտնում մի ուրիշ հնացած ցաւ, ո՛չ պակաս ուշադրութեան արժանի, այն է՝ հայ ժողովրդի ցաւերն ըմբռնելու եւ բուժելու նկատմամբ մեր հրապարակախօսների յաճախ ցոյց տուած ծայրահեղ անընդունակութիւնը։ Պ. Սարգսեան ներկայ տետրակի մէջ շատ բան է ասում, որոնց պատասխանը պարտաւոր էինք առաջ տալ, երբ նորա խոհերն առանձին առանձին լոյս էին տեսնում, բայց ինչ ինչ հանգամանքներ խանգարել են. կաշխատենք այժմ երկրորդական կէտեր մի կողմ թողած՝ ընդհանուր գծերով պարզել, թէ ինչպէս են վերաբերուում դէպի «հին ցաւը» պ. Ս. եւ իւր նման քաջ հրապարակախօսներ, եւ ինչպէս ենք վերաբերուում մենք՝ «ս. Էջմիածնի անշնորհք աստուածաբաններս»։

Այն հին ցաւը, որի մասին խօսում է պ. Ս., հայոց հոգեւորականութեան անկեալ վիճակն է։ Նա այն կարմիրներից չէ, որոնք առհասարակ հոգեւորականութեան գոյութեան իրաւունքը չեն ճանաչում ու նաեւ հայ հասարակութիւնից պահանջում են «մի կողմ նետել կղերի հարցը». նա համոզուած է, որ ո՛չ միայն քահանան, այլ նաեւ «ներկայ մեր պայմաններում վեղարը կարող է մեծ ծառայութիւն մատուցանել մեր ժողովրդին». ուրեմն եւ մենք իրաւունք ունինք սպասելու նորանից, որ միջոցներ ցոյց տայ, թէ ի՞նչպէս պէտք է վեղարն ու ամբողջ հոգեւորականութիւնը իւր կոչման բարձրութեան հասցնել. բայց նա բաւականանում է միայն չափազանց յառաջադէմ հակակղերականների դէմ պնդելով, թէ անտարբեր չէ մեզ համար հոգեւորականների լաւ կամ վատ լինելը, ուստի պէտք է աշխատել լաւ հոգեւորականներ ունենալ, ո՞րտեղից առնել այդ լաւերին նա չէ ասում, միայն մի պայման է դնում լաւերի շարքն անցնել կամեցող հոգեւորականի առաջ – «հրաժարուել դասակարգային շահերից եւ աստուածաբանութիւնից»։ Անփորձ ընթերցողին տարօրինակ կթուի անշուշտ խնդրի այսպիսի ձեւակերպութիւնը, սակայն առանց պատճառի չէ այդ. պ. Ս. վերացական տեսութիւններով չէ խօսում, այլ աչքի առաջ ունի մեր կեանքի իրականութիւնը. նա չի կարող ուրանալ, որ վերջին ժամանակ փորձեր են եղել նոր հոսանք մտցնելու մեր հոգեւորականութեան մէջ. բայց որովհետեւ նորա կարծիքով այդ «արուեստական հոսանք»-ը որ սկսուեցաւ «Մակար կաթուղիոսի օրով Էջմիածնում, աստուածաբան Օրմանեանի օրհնութեամբ, յառաջ է բերել մի «կղերական գերիշխանութիւն քարոզող նոր սերունդ», բոլորովին անհամապատասխան մեր ժողովրդի պահանջներին՝ ուստի նորա բանակռիւն ուղղուած է գլխաւորապէս այդ նոր սերունդի դէմ, եւ մենք բաղդ ունենալով անդրանիկ ներկայացուցիչը լինելու նոյն սերունդի եւ միաժամանակ առաջին «աստուածաբանը». պարտաւորուած ենք զգում ելնելու մեր դէմ բարդուած մեղադրանքի տակից՝ հարցնելով. ե՞րբ եւ որտե՞ղ ենք մենք կղերական գերիշխանութիւն քարոզել. ի՞նչ վնաս է բերել Հայոց եկեղեցուն կամ հայ ժողովրդին մեր աստուածաբանութիւնը։ Յիրաւի առաջին անգամը չենք այդ հարցը տալիս, բայց մենք գործ ունինք այնպիսի ընդդիմախօսների հետ, որոնց գլխի մէջ մեխուածը հատորներ գրելով, լոյսի պէս պայծառ փաստերով իսկ հանել կարելի չէ։

«Եւրոպական ժողովուրդների կեանքում այժմ վայրենութիւն կը համարուէր վիճել թէ ազնիւ, կրթված հոգեւորական աւելի օգտակար է, քան տգէտն եւ չարագործը» – այդ դուք էք ասում չէ՞, պ. Ս. իսկ ի՞նչ էք կարծում, ի՞նչ կհամարուի նոյն եւրոպական ժողովուրդների կեանքում վիճել, թէ հոգեւորականի համար կարեւո՞ր է արդեօք եւ օգտակար աստուածաբանութիւն ուսանել։ – «Գլաղստոնի մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրան կմեղադրեն, թէ ինչու իր ազնիւ, կրթուած որդին քահանայութիւն է անում, կղերական է». շատ ճշմարիտ է. բայց ի՞նչ կմտածէր նոյն Գլաղստոնը, եթէ Դուք պահանջէիք, որ նորա «ազնիւ, կրթված որդին» հրաժարուի աստուածաբանութիւնից, որպէս զի կարողանայ լաւ քահանայութիւն անել եւ իւր ժողովուրդին ծառայութիւն մատուցանել. եթէ դատապարտէք նոյն ինքն աշխարհահռչակ մեծ Գլաղստոնին, որ իւր թանկագին ժամերից այնչափ շատ աստուածաբանական գրքեր կարդալու եւ գրելու է նուիրել։ Թէ Դուք գուցէ չգիտէք, որ «Եւրոպական ժողովուրդների կեանքում» ո՛չ մի հոգեւորական չկայ առանց աստուածաբանութիւն ուսած լինելու. ի՞նչ էք կարծում, ո՞րն է այն «անհրաժեշտ հմտութիւնը», որ կարեւոր է համարուում այստեղ հոգեւորականի «մասնագիտական գործունէութեան համար». կարող էք հաւատացած լինել, որ Գլաղստոնի «ազնիւ եւ կրթուած որդին», ինչպէս եւ Եւրոպայի Ձեր բոլոր փառաբանած հոգեւորականները՝ աստուածաբանութիւնն են համարել եւ այն էլ ուսել են, եւ նոքա բոլորեքեան Ձեզ կասեն, թէ աստուածաբանութիւնը «մետաֆիզիկական փիլիսոփայութիւն է» այն պինդ գլուխների համար միայն, որոնք համալսարանական կրթութիւն ունենալով հանդերձ չիմացած բանի մասին դատողութիւն տալուց չեն քաշուում. իրենց համար «անհրաժեշտ հմտութիւն» է եղել այն։

Սակայն կարելի է «Արարատի անշնորհք աստուածաբանների» աստուածաբանութիւնն ուրիշ է, Եւրոպայինն ուրիշ. – չէ՞ որ մենք նոյն Եւրոպայում ենք ուսել, այն եւս ո՛չ թէ երկրորդական, հին, խաւարամիտ, այլ ամէնից աւելի աչքի ընկնող եւ ամենայառաջադիմական ուսուցչապետների մօտ. իսկ թէ ուսել ենք եւ ո՛չ կողքից միայն անցել՝ ապացոյց մեր անարժանաբար ձեռք բերած գիտական ցէնզը, որ եւրոպական աստուածաբանների մէջ իսկ համեմատաբար քչերն ունին։ Այդ ցէնզին Դուք հարկաւ նշանակութիւն չէք տալիս. Դուք մտածում էք գուցէ, թէ մենք մեր ուսածը «դասակարգային շահերի համար յեղաշրջել ենք, անգործադիր թողել, կամ թէ՝ ինչ որ Եւրոպայում հարկաւոր է, աւելորդ բեռ է եւ վնասակար արգելք մեր ժողովրդի մէջ։ Դուք յիրաւի անչափ միամտութեամբ ենթադրել կարող էք, թէ «Սահակները, Մեսրոպները, Ներսէսները» նորա համար «հոգեւորականութեան պարծանք» են, եւ «մի Խորէն Ստեփանէ կամ Խրիմեան վարդապետ» նորա համար լաւ քարոզիչներ, որ «աստուածաբանութեան մէջ (ի պատիւ իրենց) բոբիկ են»։ Բայց մենք Ձեզ պէս միամիտ չենք եւ չնայած մեր եւրոպական աստուածաբանութեան լեցենցիատի դիպլոմին՝ ամենեւին յաւակնութիւն չունինք երեւակայելու, թէ աւելի հմուտ աստուածաբան ենք, քան եղել են «Սահակները, Մեսրոպները, Ներսէսները», աւելի մօտ ծանօթ աստուածաշունչ ս. Գրքին (որի, եւ ո՛չ մետաֆիզիկական հարցերի շուրջ պտտում է ամբողջ աստուածաբանութիւնը) – քան «մի Խրիմեան վարդապետ»։

Թողէք ուրեմն հանգիստ աստուածաբանութիւնն եւ ուղղակի ասացէք, թէ ի՞նչ ունիք «այն նոր տիպի աստուածաբան-վարդապետների դէմ, որոնց հռչակը այնքա՜ն տխուր է». բացատրեցէ՛ք՝ ինչո՞ւ է տխուր եւ որքա՞ն։ Դուք եւ Ձեր բարեկամները սովորաբար այնպէս էք խօսում, իբր աստուածաբանների ամբողջ լեգէոն կայ ս. Էջմիածնում, մինչդեռ իրողութիւնն այն է, որ ցայժմ նորա միաբաններից երկուսը միայն աստուածաբանութիւն ուսել եւ գործի մէջ են մտել։ Մէկը՝Գարեգին վարդապետ, 3 տարի առաջ է վերադարձել Եւրոպայից եւ աշխատելով աւելի քան իւր ուժերը կներէին (մասամբ այն առթիւ, որ անխոհեմութիւն է ունեցել վատ եղանակին ձիով մի յետ ընկած գիւղ քարոզութեան գնալու) հիւանդացել է. Դուք այնչափ մեծահոգի կգտնուիք անշուշտ, որ առ ժամանակ գոնէ ազատ կկացուցանէք հիւանդին այդ տխուր հռչակից։ Միւսը տողերիս գրողն է, որ համարձակութիւն ունի ուրեմն միայնակ կանգնելու Ձեր անողոք դատաստանի առաջ. ահա վեց տարի ասպարիզի վերայ է նա, իսկ Դուք իբրեւ համագիւղացի մանկութեան օրերից ի վեր ճանաչում էք նորան. իրաւունք ունիք հետախուզելու այդ աստուածաբանի ամբողջ 34 [տարիների] կեանքը եւ որոնելու ցոյց տալու այն սեւ բծերը, որոնց շնորհիւ նորա «հռչակը այնքա՜ն տխուր է»։

Թող բարեմիտ ընթերցողը ներէ, որ հարցը անձնականի վերայ ենք դարձնում։ Մեզանում դեռ չեն սովորել անձը եւ գործը բաժանել միմեանցից եւ որովհետեւ, ինչպէս պ. Ս. ի, այնպէս եւ ուրիշ նման գրուածներում մեր խեղճ անունը կապուում է ապագայ հայ հոգեւորականութիւն պատրաստելու նշանաւոր գործի հետ՝ չէինք ցանկանայ, որ մեր եւ մեր մօտիկ ընկերների անձնական պակասութիւնների պատճառաւ գործի վարկն ընկնէր. ահա դորա համար առաջարկում ենք որոշել մեր մեղքերը, որպէս զի լաւ պարզուի, թէ ինչու ս. Էջմիածնում եւ Արմաշում սկսուած հոսանքը ցանկալի արդիւնք չէ ունեցել՝ արժանաւոր հոգեւորականներ յառաջ չէ բերել, եւ ի՞նչ պէտք է անել աւելի յաջողութեամբ այդպիսի նպատակի հասնելու համար։ Պ. Ս. լաւ ըմբռնում է անշուշտ այս խնդրի կարեւորութիւնը, բայց այն ամէնը ինչ որ բերում է սորա պարզաբանութեան համար՝ իւր միակողմանի եւ կարկատուն բնաւորութեամբ աւելի պէտք է շփոթէ ընթերցողի միտքը։ Նորա առարկութիւնների ուղն ու ծուծը այն է, թէ նոր հոսանքի մէջ կղերական ոգի է իշխում, որի կազմող տարրերն են, ինչպէս տեսանք՝ աստուածաբանութիւնը եւ դասակարգային շահերը։ Առաջինի մասին վերեւ տուած բացատրութիւնները բաւական համարելով՝ երկրորդի նկատմամբ ստիպուած ենք առանց այլեւայլութեան ասել, որ բացարձակ սուտ է եւ երեւակայութեան ծնունդ։ Եւ եթէ պ. Ս. թոյլ կտայ, կարող ենք գուցէ մինչեւ իսկ այդ զրպարտութեան ծննդաբանութիւնը նկարագրել։ – Յայտնի է, որ օրիցս 6 տարի առաջ Շուշւոյ Թեմ. դպրանոցը զրկուեցաւ պ. Ս.-ին տեսուչ ունենալու բաղդից. այնուհետեւ հանգամանքների բերմամբ Շուշի գնաց մի անձնաւորութիւն, որ վերոյիշեալ հոսանքի մէջ առաջնորդողի դեր է կատարել, եւ թէպէտ նա գնաց արդէն այն ժամանակ, երբ բանը բանից անցել էր, թէպէտ նա առաջ այնպիսի պայմանների մէջ էր, որ ո՛չ մի մասնակցութիւն պ. Ս.-ի հրաժարեցման խնդրում ունենալ չէր կարող, բայց այդ միեւնոյն է. պ. Ս.-ի երեւակայութիւնն ասում էր, թէ պէտք է ունեցած լինի, թէ մի այնպիսի համազգային աղէտ, որպիսին էր իւր հրաժարուիլը տեսչութիւնից՝ պէտք է հասարակ պատճառներից յառաջ եկած չլինի, այլ դաւադրիչների մի ամբողջ բանակ ունենայ իւր ետեւ. եւ ուրիշ ո՞ւմ վայել էր այդպիսի մի որոշ սկզբունքների վերայ հիմնուած դաւադրութիւն, եթէ ոչ «կղերական նոր սերունդին». իսկ պ. Ս., որ մի քանի շաբաթ առաջ իւր եւ իւրայինների անաչառութիւնն ու անկողմնակալութիւնը ջատագովում էր հրապարակաւ՝ այն անձնաւորութիւններից է իրօք, որ հակառակորդի նկատմամբ, լինի նա իսկական կամ երեւակայական հակառակորդ՝ փաստերի ետեւից ման չի գայ. բաւական է կազմեց իւր ենթադրութիւնը եւ տեսաւ որ սազում է՝ այլեւս մեղաւոր կլինի իւր աչքում ո՛չ միայն հակառակորդը, այլ եւ նորա բարեկամը, բարեկամի բարեկամը – ամեն ոք, որ այսպէս կամ այնպէս յարաբերութիւն է ունեցել նորա հետ՝ մինչեւ եօթներորդ սերունդ։

Ուղիղ չէ՞ միթէ. եթէ ո՛չ՝ ուրախութեամբ եւ ներողութիւն խնդրելով յետ կառնենք մեր մեղադրանքը, միայն գոնէ մի հատիկ փաստ բերուի, որ մենք երբ եւ իցէ «կղերական գերիշխանութիւն» քարոզել ենք, որ մի ազգային եկեղեցի կազմող հայ ժողովրդի շահերից դուրս ուրիշ շահեր պաշտպանել ենք եւ ձգտում ցոյց ենք տուել անջատելու այդ ժողովրդից եւ առանձին դասակարգ կազմելու։ Մենք հարկաւ տարբեր կերպով ենք հասկանում հոգեւորականութեան եւ ժողովրդի կատարելիք դերը «դպրոցական, եկեղեցական, քահանայական եւլն» խնդիրներում քան պ. Ս. , եւ չէինք կամենայ, որ մեր եկեղեցական-ազգային հաստատութիւնները կամայականութեանց ազատ ասպարէզ լինին այնպիսի խեղկատակների համար, որոնք ամէն չափ ու սահման անցնող յանդգնութեամբ պնդել կարող են, թէ հոգեւորականների միջամտութիւնը հոգեւոր դպրոցների գործում անտեղի է. բայց այդ իրաւունք չէ տալիս ամենեւին կղերական ոգի եւ ձգտումներ վերագրելու մեզ։ Մենք երբէք կողմնակից չենք եղել ո՛չ հոգաբարձուներին դպրոցներից հեռացնելու, ո՛չ քահանայական եւ այլ խնդիրներում ժողովրդի ընտրողական իրաւունքը կարճելու եւ ո՛չ որեւ է ուրիշ ծրագրի, որ դէմ լինէր Հայոց եկեղեցու ազգային-ժողովրդական բնաւորութեան։ Մենք պաշտպանել եւ քարոզել ենք միշտ այն սկզբունքը, որ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ հոգեւորականը ո՛չ մի իրաւական առաւելութիւն չունի աշխարհականից, որ մեծի եւ փոքրի խտրութիւն չկայ այստեղ, այլ միակ խտրուիթւնը պարտականութեան այս կամ այն սահմանն է. եւ եթէ հետեւցնում ենք դորանից, որ եկեղեցւոյ անդամ չէ՝ ով ոչ մի պարտականութիւն չի ճանաչում դէպի նա եւ միայն ընտրողական պայքարներում ներկայանում է իբրեւ իրաւատէր՝ այդ չի նշանակում, թէ ժողովուրդի իրաւունքները ոտնակոխ ենք անում, այլ թէ պաշտպանում ենք եկեղեցական համայնքի սրբազան իրաւունքներն ընդդէմ արտաքին շահատակութեանց։

Վեղար ծածկել ենք մենք այն համոզմամբ, որ ոչ միայն դասակարգային շահեր, այլ առհասարակ որ եւ է շահու խնդիր չի կարող կապուած լինել նորա հետ. եթէ մարդիկ զանազան շահերի համար ի չարն են գործ ածել այն՝ ինքը պ. Ս. էլ նկատում է, որ վեղարն այդտեղ մեղք չունի. ի՞նչ նուիրական բան ի չար գործ չեն դնում մարդիկ. մեզ դատապարտելու համար հարկաւոր են ապացոյցներ, թէ մեր համոզման հակառակ ենք գնացել եւ վեղարի տակ մի շահ որոնել ենք։ Գիտենք ի հարկ է, որ պ. Ս.-ի եւ իւրայինների համար այսպիսի դէպքում ապացոյցներ անպակաս են։ – Մեզ մեղադրում էին մի ժամանակ, թէ ժողովրդի մէջ քարոզելու չենք գնում. մի քանի տարի առաջ սկսեցինք գնալ, բայց անմիջապէս մեղադրանք լսեցինք, որ գիւղերը թողած քաղաք ենք գնում. գնացինք գիւղերը. այժմ էլ մեղադրում էին թէ մեծ գիւղերն ենք գնում. գնացինք նաեւ փոքրերն ու ամենափոքրերը – պէտք էր ենթադրել, որ բամբասանքը կդադարի վերջապէս, բայց ո՛չ. փառասիրութեան համար գիւղերն են ընկել՝ լսեցինք։ – Այսպէս է նաեւ պ. Ս.-ի դատողութիւնը։ Գանգատուում էին, թէ ուսեալ հոգեւորականներ չկան. ելան Ճեմարանից այդպիսիները եւ դեռ արտասահման էլ գնացին կատարելագործեցին ուսումը. բայց դոքա աստուածաբաններ էին, ուսեալ չէին. հարկաւոր էին իրաւաբաններ, գիւղատնտեսներ եւլն. եղան եւ այդպիսիները. բայց ի՞նչ ենք լսում. դոցա պաշտօնները աշխարհականներն էլ կարող են կատարել, ճեմարանական եւ արմաշական կրօնաւորները պարտաւոր են Պարսկաստանի, Տաճկաստանի խուլ անկիւնները գնալ գործել։ – Կարծո՞ւմ էք գանգատն ու մեղադրանքը կվերջանայ, եթէ այդ պատճառն եւս կատարուի։ – Ահա ինչպէս յայտնի է, արմաշականները ցրուած են կարեւոր պաշտօններով տաճկաստանի ամենահետաւոր գաւառներում. այնպիսի խուլ անկիւններից յաճախ նոցա հովուական այցելութիւնների լուրն է գալիս, որոնց մասին գաղափար անգամ չունի «Թիւրքաց Հայաստանի» երեւելի այցելուն. բայց միեւնոյն է. հիւս. մայրաքաղաքում փափուկ թիկնաթոռի վերայ բազմած շանթեր կարձակէ նա այնուամենայնիւ եւ կպնդէ, թէ «երիտասարդ արմաշականները չեն ուզում թողնել Բօսֆօրի գեղեցիկ ափերը եւ իրենց պաշտելի մարմինը պարարտացնող անդորրութիւնը»։ Ի՞նչ կարելի է անել այդպիսի դատողութեան դէմ. ի՞նչ կարելի է ասել այն մարդոց դէմ, որոնք չեն ամաչում անդադար կրկնելուց, թէ մենք «հացալից պաշտօնների սիրահար լինելուն համար ենք ս. Էջմիածնում նստած, չնայելով որ գիտեն կամ պարտաւոր են իմանալ. թէ ի՞նչ գործ ենք կատարում մենք այստեղ, ի՞նչ ռոճիկ ենք ստանում եւ ինչպիսի՜ կեանք վարում։

Յիրաւի այստեղ նստելով մենք գուցէ շատերի առաջ հացալից պաշտօնների ճանապարհը փակում ենք, բայց չարաչար մեղանչած կլինէինք մեր պարտքի դէմ, եթէ այլ կերպ վարուէինք։ Մեր հասկացողութեամբ այն «կամաւոր զինուորութիւնը, որի նպատակն է՝ անձնազոհութեամբ նուիրվել իր հօտի բարօրութեան համար» – Ճառերով ու մեծաբան յօդուածներով յառաջ չի գայ, այլ երկարատեւ, քրտնաջան, տոկուն աշխատութիւն է պահանջում՝ «քրիստոնէական աշխարհայեցողութեամբ» առաջնորդուած. եւ մենք կաշխատենք հաստատ մնալ մեր տեղում, քանի դեռ զգում ենք, որ մի որոշ բաժին ունինք այդ կարեւոր աշխատութեան մէջ. իսկ երբ իշխանութիւնը հրամայէ «վազել այնտեղ, ուր վտանգ է սպառնում ժողովրդին, ուր մխիթարութեան, սփոփանքի եւ խրախոյսի է կարօտ ցրված ու ջարդված հօտը» – թո՛ղ հաւատացած լինի պ. Ս. որ մի վայրկեան անգամ չենք տատամսի։ Նա շատ յոռետես է «Ճեմարանի ղեկավարների եւ նրանց երեւելի խմբի գործունէութեան նկատմամբ». բայց կգայ օրը, եւ արդէն եկել է, երբ հրապարակի վերայ այդ «խմբի» գործունէութեան արդիւնքն էլ կչափուի, ուրիշ բարձրագոչ խմբերինն էլ։ Պ. Ս.-ին որ երկար ժամանակ ուսուցիչ եւ տեսուչ է եղել՝ ներելի չէ այնպէս կարծել տալ, իբրեւ թէ կատարեալ մարդիկ, անձնազոհ հոգեւորականներ պատրաստելը մի բաժակ ջուր խմելու նման դիւրին գործ է. իբր թէ շատ դիւրին է, այնպիսի մի ժամանակ, երբ ամբողջ կրթուած երիտասարդութիւնը Բագու է վազում՝ անձնազոհութեան այն ոգին ներշնչել աշակերտներին, որ բոլորեքեան անխտիր աւարտման վկայականը ստանալուն պէս Տաճկաստանի եւ Պարսկաստանի խուլ անկիւնները վազեն։ Սակայն փա՜ռք Աստուծոյ՝ մենք տասնեակներով կարող ենք ցոյց տալ վերջին շրջանի Ճեմարանականներ, որոնց Բագուն չէ հրապուրում, որոնք համեստ հասարակական գործիչներ են ո՛չ միայն մեր երկրի, այլեւ Պարսկաստանի եւ Տաճկաստանի խուլ անկիւններում. որոնք պատրաստ են յետ ընկած գիւղերում իսկ քահանայ լինելու եւ խոչընդոտների են հանդիպում։ Թո՛ղ պարծենայ, ով աւելին է արել, ով այնպիսի կուսակրօններ է հանդէս բերել, որոնք դպրոցական նստարաններից ելնելուն պէս ժողովուրդ հովուելու ընդունակ են լինում եւ ուրիշ պատրաստութեան կարօտութիւն չունին։

Կանգ առնենք այստեղ, չափազանց չերկարացնելու համար մեր խօսքը, թէպէտ ասելիք դեռ շատ է մնում։ մեր եզրակացութիւնն այն է, որ հին ցաւը չի բուժուի՝ վերացական պահանջներ դնելով, մինչեւ այժմ ձեռք առած իրական միջոցներն անտես անելով եւ երեւակայական յանցանքներ բարդելով ձեռնարկողների վերայ։ Մենք ամենեւին դէմ չենք, որ հոգեւորական նոր սերունդի իւրաքանչիւր քայլը քննադատութեան ենթարկուի եւ պախարակուի ինչ որ պախարակելի է. բայց ի՞նչ բարերար ազդեցութիւն կարող են ունենալ այն քննադատները, որոնք մի բերան պախարակում են եւ ո՛չ մի գովեստի ու քաջալերութեան արժանի գիծ չեն գտնում։ – Մի ցաւ բժշկելու համար պէտք է նախ լաւ ուսումնասիրել նորա ծագման պատճառները. պ. Ս. եւ իւր համախոհները այդ նեղութիւնը երբէք յանձն չեն առել. մի քանի կցկտուր տեղեկութիւնները ընդհանուր խօսքերով կապկպած՝ ահա նոցա պատմագիտական պաշարը հայ հոգեւորականութեան անցեալի մասին, – եւ ինչպիսի՞ համարձակ եզրակացութիւններ չեն հանում նոքա այդ ողորմելի պաշարից։ Ընդունենք սակայն, թէ նոցա եզրակացութիւններն ուղիղ են, թէ մեր հոգեւորականութեան մէջ նոր կեանք մտցնելու մինչեւ այժմ եղած փորձերն եւս սխալ են եղել եւ անյաջող. ի՞նչ է արդեօք անաչառ հրապարակախօսի պարտքը. եղածը դատապարտելո՞վ միայն բաւականանալ, թէ նոր ճանապարհներ ցոյց տալ։ Երանի՜ չէր ամենախիստ կերպով քննադատէին մեր ամէն մի արարքը. միայն թէ քննադատութեան հիմք կենդանի իրողութիւնները կազմէին, եւ ոչ կանխակալ կարծիքներ, քննադատութեան չափ՝ արդարամտութիւնն ու գործի բարւոքմանը նպաստելու ցանկութիւնը, եւ ո՛չ  թէ կուսակցական նեղ ոգին, արմատացած նախապաշարմունքները։ Պ. Ս. այդպիսի անաչառ քննադատ լինելուց շատ հեռու է, ուստի նորա «հրապարակախօսական խոհեր»ը եթէ եօթանասուն անգամ էլ տպուին՝ «հին ցաւ»ը դարմանելուն չեն նպաստի ոչնչով։