1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումը միաժամանակ երկրում ազդարարեց մշակութային հեղափոխության մեկնարկը: Սոցիալիստական հասարակարգ կառուցելու ճանապարհին հաստաված կենցաղի ու վարքուբարքի վերափոխումը դարձավ քաղաքական առաջնահերթ խնդիր: Սակայն 1920-ականների կեսին արդեն հստակ էր քաղաքականությամբ կենցաղը փոխելու ողջ բարդությունը: Քաղաքական հրահանգով ներդրվող կենցաղավարության նոր ձևերը դժվարությամբ էին առօրյա կյանքիմաս դառնում, իսկ հաստատված հին կենցաղն իր տեղը զիջում էր մեծ դժվարությամբ:
Ստորև ներկայացվող բնագիրը 1926 թվականին Խորհրդային Հայաստան թերթում տպագրված Դերենիկ Դեմիրճյանի ֆելիետոնն է, ուր ժանրին բնորոշ քննադատական ու երգիծական տոնով հեղինակը երևան է բերում հայաստանյան կենցաղին հատուկ հակասականությունը: Խորհրդայնացված բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տարվում էր հակակրոնական լայն քարոզչություն և ջանք գործադրվում կենցաղից դուրս հանել նաև կրոնական տոներն ու դրանց հետ կապված սովորույթները: Զատկի տոնն ու այն նշելու ձևը Դեմիրճյանը սուր կերպով կոչում է «գաստրոնոմիա, ստամոքսի տոն, բերանի կենցաղ»: Տոնին բնորոշ ձուն կարմիր ներկելու սովորությամբ է Դեմիրճյանը պարզում հին ու նոր կենցաղի հակադրությունը: Գրվածքում տոնը նշելիս կարմիր ներկված, բայց ներսում սպիտակ ուտելիքի նկարագրությունն ուղիղ հղում է ռուսաստանյան քաղաքացիական պատերազմում կարմիրների ու սպիտակների պայքարին: Արդյունքում Զատկի տոնի նկարագիրը կարծես շեշտադրում է նոր կենցաղի համար պայքարի քաղաքական նշանակությունը: Սակայն քաղաքական նշանակություն ունեցող մշակութային հեղափոխության իրագործումն էր հենց որ 1920-ականների կեսերին Հայաստանում հարուցել էր գոյակցող ու միմյանց այլափոխող «ճերմակ» ու «կարմիր» կենցաղավարության թնջուկը: Ի վերջո այդ դրությունն անձնապես փորձառողի դիրքից է հնչում Դեմիրճյանի հարցը՝ «ի՞նչ կենցաղով ապրել»:
Հրապարակվում է ըստ՝ Դ. Դեմիճյան, «Կենցաղ», Խորհրդային Հայաստան, 4 ապրիլ 1926 թ.:
Կենցաղ
Զատիկ վոր ասում են՝ աչքիս առաջն ե գալիս քաղաքների շուկաները, մեղրաշաղաղ, յուղաթաթախ, գինու, կալբասի, թխվածքների, մրգեղենների, կանաչիների հոտով ծանրացած… Մսեր՝ կովի, վոչխարի, գոմեշի կալբասներ, վիչինանե՜ր… Ականջիս մեջ ճղղում են խոճկորները, ճչում են գլխիվայր կախված հնդկական, հայկական, վրացական և ամեն ազգի հավերը, գառները մայում են, լուռ ձկների փոխարեն ել գոռում են նրանց տերերը և գովաբանում (յեթե ձկները բանաստե՜ղծ լինեյին)…
Այնպես չե՞, ընթերցող, վոր յերբ Զատիկ են ասում, մարդ պատկերացնում ե մի լայն բաց արած սեղան՝ վրան գաթա, նազուք, պասկա, սարդինկա, փլավ, իսպանաղ և այլն, և այլն, և այլն:
Յեվ մարդը, այդ բնության պարծանքը, իմաստության բնակարանը, եակների թագավորը կատաղի մոլուցքով վրա յե ընկնում այդ սեղանին և խուճապային մոլուցքով սկսում են ուտել և´ ձուկը, և´ հավը, և´ խոճկորը, և´ գառն Միածին, և´ քեզ, յեթե պատահմամբ ընկնես նրա ափսեյի մեջ:
Ուրեմն ի՞նչ ե Զատիկը:
Պարզապես գաստրոնոմիա, ստամոքսի տոն, բերանի կենցաղ:
Չգիտեմ ընթերցող գնալո՞ւ յեք թաթախվելու:
Յեթե գնալու յեք, այն ժամանակ զգույշ կացեք: Դուք ուտելու յեք մի կարմիր ձու, վորի մեջ սպիտակ ե: Զգույշ կացեք կարմիր բոխկից, նրա մեջ ևս սպիտակ ե:
Դա կարմիր կենցաղ չե, դա ճերմակ կենցաղ ե՝ միայն ներկած:
Մի թաթախվեք զատկական կենցաղի մեջ, մի ուտիր կարմիր ձու, կարմիր բողկ, կարմիր գաթա, կարմիր հնդուհավ, կարմիր ձուկ:
Սրանց բոլորի մեջ սպիտակ ե:
Այո´, մի թաթախվեք: Վոչ հայտնի և վոչ ել ծածուկ, յեթե վոչ դուք ինքներդ կը դառնաք ներկած ձու:
Կենցաղը չի կարելի ներկել:
Նա ինքն իր միջոցով պիտի լինի կամ ճերմակ կամ կարմիր:
Հույս չունենաք թե ծածուկ թաթախվելուց բան դուրս կը գա: Վորովհետև ինչքան ել թաթախված տեղից կարմիր ձու, բողկ, գաթա, հնդուհավ կերած բերանդ սրբելով դուրս գաս, քեզ կը մատնի կարմիր գինին, վոր կը ներկի քեֆդ: Այդ ներկը կանցնի մի ժամում և տակին կը մնա ճերմակ քիթդ:
Ուրեմն ի՞նչ ուտել, ի՞նչ կենցաղով ապրել: