«Յամառ և ինքնամոռաց» նարոդնիկը՝ հոգևորական. Ստեփան Ղորղանյանը Միաբանի մասին

 

Վկայություններ կան, որ Գևորգյան ճեմարանը վաղաժամ թողնելուց և Ներսիսյան վարժարան տեղափոխվելուց հետո՝ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին, ապագա հայտնի հայագետ հոգևորական Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) ակտիվ մասնակցություն է ունեցել Թիֆլիսում գործող նարոդնիկական ինքնազարգացման խմբակներից մեկում։ Նարոդնիկական սոցիալիզմի ազդեցությունը նկատվում է թե՛ հասարակական տարբեր խնդիրների շուրջ Տեր-Մկրտչյանի վաղ հրապարակումներում և թե՛ հետագա հայագիտական գործունեության մեջ։

Ներկա վավերագիրը հայ նարոդնիկ գործիչ Ստեփան Ղորղանյանի մահախոսականն է՝ գրված Միաբանի մահվանից ամիսներ անց Թիֆլիսի հայկական եկեղեցում Հովհաննես Թումանյանի ջանքերով տեղի ունեցած հոգեհանգստի արարողությունից հետո։ Հին գաղափարակից ընկերոջը մատուցած Ղորղանյանի այս հարգանքի տուրքը անվանի հայագետին ի հայտ է բերում իբրև մասը 1980-ական թվականներին ժողովրդի զորացման երազներով տարված այն «հավատացող և սիրող» երիտասարդության, որոնք վեղար ընդունելով՝ միաժամանակ «դէպի գաւառ, դէպի ժողովուրդն» էին գնում։

Ռազմական և պետական բազմաթիվ պաշտոններ վարած, գեներալ-մայոր Ղորղանյանի հայացքները խորհրդային պատմագրության մեջ քննարկվում են իբրև «լեգալ նարոդնիկություն». վաղ շրջանի հեղափոխական նարոդնիկության և լիբերալ ուղղության՝ 1980-90-ականներին թափ առած մի խաչասերում, որի նպատակն առանց ընդունված կարգը՝ այդ թվում և ցարական կառավարությունը տապալելու ժողովրդի վիճակի բարելավմանը հասնելն էր։ Չափավոր այս դիրքավորումն է թերևս պատճառը, որ Ղորղանյանի մահախոսականում հայ կուսակրոն հոգևորականությունը չի հակադրվում «առաջադէմ արշաւներին», այլ հանդես է գալիս իբրև դրանց առաջամարտիկ։ Ներկայացվող մահախոսականն, ուրեմն, մի ակնարկ կարելի է դիտել դարադարձին հայերի շրջանում արդի առաջադեմ գաղափարների և կրոնականության ընդհանուր ծնողի՝ «յամառ և ինքնամոռաց իդէալիստների» երազների  մասին։

Հրապարակվում է ըստ՝ Ստ. Ղորղանեան, «Գալուստ Տէր-Մկրտչեան», Մշակ,  4 օգոստոս 1918 թ.։

 

Գալուստ  Տէր-Մկրտչեան

Եթէ վաթսունական թւականները ընդ միշտ կը մնան ռուսաց պատմութեան ամենախոշոր բերկորը, ուր ռուս ինտելիգենցիան այնպէս ինքնուրաց հերկեց իր հայրենիքի առաջադիմական ապագան, մեզ համար ևս այդ դարաշրջանը կը մնայ միշտ քաղցր և ախորժելի, որովհետև այդտեղ է և մեր յետագայ նմանօրինակ տրամադրութեան խանձարուրը։

Ռուս 60-ական թւականներն սկսում են ծփալ Կովկասի ափերում 70-ական թւականներին միայն և մեր տրամադրութիւնների այդ մեծահաւատ և իդէալիստ ալիքները յախուռն և դղրդալից անցնում են հայկական գաւառի սահմանները միայն 80-ական թւականներում։

Այդտեղ ձևակերպվում է մեր պատմութեան վերաստեղծ նշանաւոր շրջանը։ Գաւառը և ժողովուրդը դառնում են մեր իղձերի և երազների ամենազգայուն տարածութիւնը և մեր երիտասարդութիւնը շտապում է նուիրաբերել այդտեղ իր բոլոր բարձր և վսեմ զգացմունքները։

Մենք շտապում էինք շահագործելու մեր բոլոր միջոցները և ուղիները գաւառ անցնելու և ժողովրդի մէջ «գործելու» համար։

Իսկ մի խումբ յամառ և ինքնամոռաց իդէալիստներ իրանց այդ երազները կապում են միշտ մռայլ և միշտ լուրջ վեղարի հետ … Այդտեղ են կրակոտ Խորէն Ստեփանէ, Բաստամեան, Նահապետեան, այդտեղ է Դաշնակցութեան առաջին դրօշակակիրներից մէկը՝ Թաւաքալեան, այստեղ է շտապում և երիտասարդ Գալուստ Տէր-Մկրտչեան, որ միշտ մնաց միայն դպիր, միայն սարկաւագ և 30 տարվայ ընթացքում միայն Միաբան։

Թէ ի՞նչ յարաբերութիւնների մէջ են քաղաքակրթութիւնը և հոգևորականութիւնը, այդ գուցէ աւելի ակադեմիկ խնդիր է։ Դառնալով մեր, մանաւանդ կուսակրօն հոգևորականութեանը, ճշմարտութիւնը պահանջում է ասել, որ այդ դասակարգի փայլուն ներկայացուցիչները մեր առաջադէմ արշաւների միշտ առաջին շարքերումն են եղել։

Որպէս էքսպանսիվ բնաւորութիւն, մեծահաւատ և իդէալիստ, մեր կուսակրօն այդ ընտրեալները բնազդօրէն գնում էին իրանց ժամանակների առջևից։ Իսկ հայրենի տրամադրութիւնը, ի դէմս մեր ոսկեզօծ երիտասարդութեան, ինքնամոռաց և ինքնագոհ, մեծաղմուկ գոչումով գնում էր մեր այդ տաղանդաւոր վեղարաւորների ետևից։

Երբ երկիրը իրաւազուրկ էր, երբ խօսելու ու գրելու արտօնութիւնը պահպանվում էր մի առանձին զրահի տակ, հայ հոգևորականի լուրջ վեղարը կազմում էր այն մենաշնորհ առանձնութիւնը, ուր անարգել ծաղկում էր մայրենի լեզուն, մայրենի գրականութիւնը։

Հայ կուսակրօնի մռայլ վեղարի տակ պահպանել են իրանց կենսունակութիւնը մեր մտայոյզ մրմունջները և այդտեղից է տարածվել դէպի երկրի ծալքերը այն սէրը դէպի մայրենի հողը և հայրենի ջուրը, ուր հայրենիքի ջերմը հասունացրել է հասարակական գաղափարները։

Եւ եթէ վերջին 40 տարվայ ընթացքում մեր առաջադիմական տրամադրութիւնը այնպէս սիրահար էր դէպի երկիրը և ժողովուրդը և այնպէս համոզված և յամառ փորում էր երկրի քաղաքակրթութեան ակօսը, մենք պէտք է վկայենք, որ մեր պատմութեան այդ մեծիմաստ ակտում մեծ տեղ է գրաւել և մեր հոգևորականութիւնը։  

Հաւատացող և սիրող երիտասարդութիւնը անձնուրաց մտնում էր սև վեղարի տակ և այդ անթափանցելի զրահի տակ նա մեծ սիրով դէպի իր հայրենիքի բարօրութիւնը՝ հերկում էր սիրոյ և ճշմարտութեան անդաստանը։ Իր ժամանակի այդ ալեկոծ և յափշտակիչ տրամադրութիւնը յուզում և տանում է իր ետևից դէպի գաւառ, դէպի ժողովուրդը և երիտասարդ Գալուստին։

Բայց անհասանելի են նախախնամութեան ուղիները. և եռնդալից Գալուստին վիճակվեց մնալ ընդմիշտ սարկաւագ, մնալ այն համեստ և իր օրերի մեծահամբաւ խուցում, ուր աւելի քան 30 տարվայ ընթացքում նա այնպէս մեծահռչակ կերտեց հայրենի գրականութիւնը։

Ֆիզիքական անկարողութիւնը զրկեց նրան ժողովրդի մէջ գնալու հնարաւորութիւնից, բայց նա այնու ամենայնիւ մեծ պատւով շահագործեց իր մռայլ և խորհրդաւոր զգեստը։ Միաբանի խուցը Էջմիածնի այն նշանաւոր անկիւնն էր, ուր շտապում էին իրանց յարգանքներով բոլոր բանիմաց մարդիկ, որոնք այս և այն դէպքում լինում էին Աթոռանիստում։

— Բայց, այնու ամենայնիւ, — նկատեց մի օր Միաբանը, երբ ես խօսում էի նրա գիտնական աշխատութիւնների մասին, — ես մեծ պատրաստակամութեամբ կը տայի իմ բոլոր գիտութիւնը, կը մոռանայի, բացի հայերէնից, բոլոր լեզուները, միայն թէ հնարաւորութիւն ունենայի ձեզ պէս ոտքով ման գալու…

Այդչափ համեստ են և մարդկային իղձերը և այդչափ խաբուսիկ է մեր աշխարհիկ կեանքը։

Բայց ափսոս Գալուստ սարկաւագը։ Նա իջաւ հրապարակից այն վերին աստիճանի հետաքրքրական օրերում, երբ վերջնականապէս իջնում է մեր պատմութեան վարագոյրը։

Այդ հին բեմի վիթխարի կամարի տակ նա տասնեակ տարիների ընթացքում ոգևորվել և երազել է։

Եւ եթէ մենք և դուք, ընթերցող, թողնում ենք մեր ետևից քաղաքական զառանցանքների ջարդված և խորտակված մեծաքանակ կոյտեր, որի շուրջը դեռ շատ երկար կը ծխէ սարսափահար գաղթականութիւնը, Միաբանը թողնում է հայ հասարակութեան այն մնայուն և գրական ժառանգութիւնը, որ ոչ միայն թանգարժէք է, այլ և շատ պատուաբէր։

Մեր Գրողների Ընկերութիւնը Թիֆլիսի Վանքի եկեղեցում կատարում էր անցեալ օր Միաբանի հոգեհանգիստը։

Մենք լիայոյս էինք տեսնել այնտեղ հայ ինտելիգենցիան, մեր բազմաթիւ դիպլօմաւորներին, բայց պատահական աղօթողների մէջ մենք նկատեցինք միայն այդ Ընկերութեան նախագահին և մի քանի համեստ գրականագէտներ։

Չը կար և մեր բաղդը և կացութիւնը ինքնահաւան չափող և ձևող մեծ բազմութիւնը. չը կային մեր սնկաբնոյթ «կուսակցութիւնների» գէթ ներկայացուցիչները։

Գրականութիւնը «ազգի հոգսերով» բեռնաւորված այդ «վաստակաւորների» համար պարապ ժամանակվայ մի խաղալիք է միայն, ի հարկէ։

Եւ մենք իրաւունք էլ չունենք պահանջելու, որ հայութեան համար «հաշւի առնված» այդ թանգագին ժամերից նրանք գէթ մի քանի րօպէ նուիրեն յարգելու այն Միաբանի յիշատակը, որ տասնեակ տարիներ տքնել է մայրենի գրականութեան շուրջը…