Նահատակ ժողովուրդը՝ միաբան ուժ. Վարդանանքի առաջին հրատարակությունը

 

1943 թվականին՝ Ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության մղած պատերազմի շիկացած պահին, Խորհրդային Հայաստանում լույս է տեսնում Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք պատմավեպի առաջին հատորը. «… և քանի որ մեր ժողովուրդը դուրս էր եկել հայրենական պատերազմի՝ ես կամեցա հիշեցնել նրան, որ նա հնում շատ է ունեցել հայրենիքի պաշտպանության պատերազմներ, որոնց մեջ ամենամեծը Վարդանանց պատերազմն էր»։ Պատմավեպի հետագա բոլոր քննարկումներում հատուկ տեղ է հատկացվում Դեմիրճյանի կերտած ժողովրդի կերպարին, որն ըստ գրողի իսկ վկայության՝ ի հայտ է գալիս «ոչ իբրև ֆոն «գլխավոր» հերոսների՝ նախարարների և հոգևորականների հետևում», այլ հենց ինքն է ստանձնում գլխավոր հերոսի դերը։ 

Ներկայացվող վավերագիրը երկու հատված է Վարդանանքում հանգուցային կետ դարձած՝ պարսից արքունիքին պատասխան տալու համար Արտաշատում հրավիրված հայ նախարարների և հոգևորականների ժողովի նկարագրությունից։ Ստեղծագործության առաջին հրատարակության մեջ Դեմիրճյանն ի հայտ է բերում ժողովրդական զանգվածների շարժը ժողովից առաջ և հետո։ Մի ջերմեռանդ ոգով հափշտակված, իրենց իսկ համար անբացատրելի ուժով ոգորված ամբոխն առաջին հատվածում մղվում է դեպի տաճարն աղոթելու՝ իր հետ տանելով ու նույն ջերմեռանդությամբ լցնելով նաև զինվորականությանը։ Հրապարակվող երկրորդ հատվածում արդեն պատասխան նամակից ոգի առած ու «նահատակ գրված» ժողովուրդը մի յուրօրինակ ցույցի է դուրս եկել՝ իրեն իբրև առաջամարտիկ ունենալով մի կողմից Ղևոնդ երեցին, մյուս կողմից Վարդան Մամիկոնյանին։ Դեմիրճյանն այստեղ նկարագրում է նահատակության ոգով վառված տարերային մի ուժ՝ առաքինի նախարարների, զինվորականության, հոգևորականության և ժողովրդական զանգվածների ուխտյալ միաբանությունը, որն իրական վտանգ է դառնում դրա դեմ դուրս եկող Վասակի նախարարական իշխանության համար։  

Հատկանշական է, սակայն, որ «գլխավոր հերոսի»՝ ճշմարիտ հավատով հափշտակված նահատակ քրիստոնյա ժողովրդի այս առանցքային կերպարն էապես փոխվում է վեպի հետագա վերահրատարակություններում՝ առավելապես ստանալով գրեթե հեթանոս, աշխատանքից իմաստնացած ռամիկի կերպարանք, որն իր սուր հակասություններն ունի թե՛ հոգևորականության և թե՛ միաբան նախարարների հետ։ Ժողովրդի այս նոր կերպարն այլևս հազվադեպ է բնորոշվում իբրև «ուխտյալ» կամ «նահատակ»։ Գլխավոր հերոսի փոփոխվող կերպարի այս դինամիկայի պարագայում պատահական չէ, ուրեմն, որ ներկայացվող հատվածները դուրս են մնացել պատմավեպի հետագա հրատարակություններից։

Հրապարակվում է ըստ՝ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, հտ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1943), էջ 91-93, 204-209։

 

Վարդանանք    

– Գնանք, եկե՛ք շո՛ւտ … – գոչեց Զարեհ եղբայրը և վեր թռավ։

         Նստածները վեր կացան, մյուսները հետևեցին նրանց։ Բոլորին պաշարեց ինչ-որ երկյուղ և շարժման մեջ ընկնելու անորոշ զգացում։ Նրանք հետևեցին Զարեհին և ուղղվեցին դեպի քաղաք։ Բազմությունը մտավ քաղաք, և թեև մեծ չէր, բայց գրավեց բնակչության ուշադրությունը։ Տներից ու անկյուններից դուրս վազեցին քաղաքացիները և սկսեցին հարցնել, թե ի՛նչ է պատահել։ Ոչ ոք չկարողացավ բացատրել։ Նոր մարդիկ եկան միացան բազմության։ Անհասկանալի շարժումը բազմության հաղորդեց այն հետաքրքրությունը, որ մագնիսի պես ամեն բան քաշում է դեպի ինքը։ Մոտակա փողոցներից սկսեցին վազել նորանոր խմբեր։ Բազմությունն աճեց, սկսեց ուռչել վարարող հեղեղի արագությամբ և հորձանք տվեց։ Ամբոխված բնակչության այս հեղեղը ազդեց իր կողմից Զարեհ եղբայրին, Հովակիմ դարբնին և Աբրահամ պապիկին։ Նրանք ընկան հոգեկան հափշտակության մեջ, այլայլվեցին և մոլեռանդության կրակով խանդավառված՝ ձեռքերը օդում կարկառած՝ իրենց համար անհասկանալի զգացմունքից դողահար առաջ մղեցեին և տարան ամբոխը դեպի տաճար։

         Բերդապետն անհանգստացավ, զինվոր ուղարկեց դեպի ամբոխը՝ հրամայելով ցրիվ գալ։ Նա կասկածեց, որ ամբոխն ուզում է հարձակվել պարսից կայազորի վրա։ Զինվորները խմբերով արագ շրջապատեցին ամբոխը և ստացվեց հակառակ բան։ Նրանք խառնվեցին ամբոխին և հետաքրքրված ու մղված նրանով շարժվեցին։ Ամբոխի մեջ լսվեցին խուլ աղոթքի խոսքեր, հառաչանքներ և մոլեռանդ մռնչյուններ։ Ոչ ոք չէր անդրադառնում, թե ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ են այդպես մղվում, գնում և ի՞նչ են անելու եկեղեցում։ Կարծես բնազդաբար իմանում էին մարդիկ, որ ինչ-որ աղետ, աշխարհավեր փոթորիկ է վրա հասնում։ Վերջին օրերի այդ նախարարների հավաքը, հոգևորականների ժողովվելը տաճարում, անորոշ, անհասկանալի անցուդարձը կարծես հիմա նոր ազդեց բնակչության և նա նոր զարթնեց անմասնակցության և անտարբերության թմբիրից։ Նա բնազդաբար զգում էր, որ ինչ էլ պատահի՝ վերջը ինքն է պատասխան տալու ում-որ և ինչ-որ բանի համար։ Եվ ահա նա գնում էր հանդիպելու ում-որ և հաշիվ պահանջելու նրանից այդ ինչ-որ բանի համար։

         Զարեհ եղբայրն առաջ ընկած, բազկատարած աղոթում էր բարձրաձայն։ Նրա դեմքը փայլում էր՝ հափշտակված ինչ-որ մի բարձր սխրագործության գաղափարով։ Նրանից մի փոքր հեռու գնում էր Հովակիմ դարբինը՝ Աբրահամ պապիկի ձեռքը բռնած։ Նրանք երեքով մոռացել էին իրենց խաղաղ զրույցն ու գիտակից վիճակը, ընկել էին մի այնպիսի հոգեկան բռնկման մեջ, որ անգամ չէին հասկանում, թե ինչ պատահեց։ Նրանց խանդավառ, մոլեռանդ աչքերի և բուռն շարժումների շորշոփը հաղորդվել էր ամբոխին, որը իր հերթին բռնկվելով՝ ավելի էր սաստկացնում այս հանկարծական ամբոխային փոթորկի ալեկոծությունը։

         Ամբոխի մեջ կային ծերեր, կանայք, երիտասարդներ, երեխաներ, որ վախեցած լաց էին լինում՝ բռնած իրենց մայրերի փեշերը։ Եկեղեցու բակից ընդառաջ վազեց մուրացիկների և հաշմանդամների խումբը և սկսեց դողահար շարժումներով ու դեմքի ծամածռությամբ ավելի խտացնել ամբոխային երթի ծանր մթնոլորտը։

         – Ի՞նչ է եղել, ի՞նչ է եղել…- զայրացած հարցրեց մի սեպուհ և մղվելով դեպի զինվորները՝ կամենում էր արգելել նրանց երթը ամբոխի հետ։ Զինվորները չէին լսում նրան։ Այն ժամանակ նա բռնեց զինվորներից մեկի օձիքից և թափ տվեց.

         – Քեզ հետ եմ, ի՞նչ է եղել …

         Զինվորը դողահար կանգնեց ու մռայլ նայեց սեպուհին՝ առանց կարողանալու խոսել։

         Այն ժամանակ սեպուհը նետվեց դեպի ծերերն ու մյուսները, ուզեց կանգնեցնել նրանց, բայց նրանց հետևից շարժվող ամբոխը այնպես հորձանք տվեց նրա վրա, որ ինքը ևս մյուսների հետ մղվեց առաջ։ Ամբոխը լցվեց տաճար՝ փոշու և քրտինքի ամպը հետը տանելով ներս։ Առաջ եկավ ճնշում ու նեղություն, որին ոչ ոք չնայեց։ Երբ տաճարը լցվեց մինչև անկարելին՝ ամբոխի իրանն ու պոչը մնաց գավթում և փողոցում։ Տաճարի խորքից դուրս հոսեց մի խուլ մռնչյուն։ Դա մի կատաղի աղոթք էր, բողոք, ցասում, որով ամբոխը հայտնում էր իր անորոշ, բնազդական անդրադարձումը արհավիրքի դեմ։

         – Հրաժարիմք ի սատանայէ,- գոչեց Զարեհ եղբայրը բարձրաձայն։

         Ամբոխը կրկնեց նրա կոչը բազմաձայն մռնչյուններով։

         – Տեր, ցույց տուր ճանապարհ մեծ նեղության մեջ, – կրկին գոչեց Զարեհ եղբայրը։

         Ամբոխը կրկնեց։ Սեպուհը, որ կամենում էր ցրիվ տալ երթը՝ ինքը ևս խաչակնքեց երեսը և չոքեց սեղանի առջև։ Ամենքն աղոթում էին, լաց լինում, մռնչում և գոչում։

 

***

         Ու մինչ նրանք կմտնեին Էջմիածին՝ նրանց դիմաց դուրս եկավ մի հսկայական երթ ահագին բազմության, որի գլուխ էր անցել Ղևոնդ երեցը։ Հազարագլուխ վիշապի պես սողում էր նա Վասակի դեմ սև ու թանձր։ Այդ բազմահազար ամբոխը հավաքվել էր դաշտավայրի շեներից և ինչպես երևում էր գնում էր իր մեջն առնելու նորանոր շեներ։ Դա այլևս հեղեղ էր, որի առաջն առնել չէր կարելի ոչ դեմից բռնելով նրան, ոչ կողքից քաշելով։ Նա ծփում էր, հորձում, մրմռում և առաջ մակընթացում՝ սպառնալով կործանել, տապալել ճանապարհին պատահած ամեն բան։

         – Ո՞ւր ենք գնում, տեր մարզպան, – կանգնեցրեց իր նժույգը Գադիշոն։

         – Գնանք, – ասաց Վասակը տարօրինակ անվեհերությամբ։

         – Ամբոխը խելագարված է – ասաց Գադիշոն, – հետ դառնանք, օգուտ չունի։

         – Գնա՛նք, – պնդեց Վասակը գրգռված ու համառ ձայնով։

         Նրանք առաջ գնացին։ Վանքից այս կողմ, այգիների միջև փոշոտ փողոցից դուրս խուժեց թնջկված ու մոլեգնած բազմությունը։ Նրա առջևից գալիս էր Ղևոնդ երեցը՝ խաչը բարձր բռնած, դեմքը հափշտակված ու կորովի։ Հենց որ նա տեսավ մոտեցող Վասակին՝ մարգարեական շեշտով ձգեց.

         – Տե՜ր Սյունյաց, տե՜ր մարզպան հայոց աշխարհի, հանդե՜ս է նահատակների, հաղթանա՜կ ոգու։

         Երեցը մոլեգնեց, բոցավառվեց, մոտեցավ Վասակին, բարձրացրեց ձեռքի խաչը և թափահարելով օդում նրա դեմ՝ գոչեց.

         – Այս հավատից մեզ չեն կարող խախտել ոչ հրեշտակներ, ոչ մարդիկ, ոչ հուր, ոչ ջուր, և ոչ սուր …

         – Աստվա՜ծ է մեզ զորավիգ, – մռնչաց բազմությունը և առաջանալով եկավ դեմ առավ Վասակին։

         Հազարավոր դեմքեր այլայլված ու մոլեգնած սևեռուն աչքեր դարձան դեպի նա և մի խառնաձայն որոտ պոռթկաց։ Բազմությունը, որ խանդավառվել էր ըմբոստության կոչով և տեղեկություն չուներ Վասակի հակառակության՝ քաջալերվեց, բորբոքվեց, ցույց արեց իր ընդդիմության կամքը, և ահա ձայներ բարձրացան այս ու այն կողմից.

         – Տա՜ր մեզ նահատակության, տե՜ր մարզպան։

         – Տա՜ր, տա՜ր, տա՜ր …

         Վասակը սևացավ, այտի մկանները ցնցվեցին։ Այն է պետք է պոռթկար՝ որ Գադիշոն արագ մոտեցավ նրան և ականջին մի կերպ լսեցնել տալով գոչեց.

         – Խոհե՛մ եղիր, տեր մարզպան, տարաժամ է …

         – Ո՜չ, պիտի կալանեմ այդ խելագարին … մրմռաց Վասակը կատաղած։

         – Հե՛տ կաց, տեր իմ, – ընդդիմացավ Գադիշեն։

         Վասակը նժույգը քշեց Ղևոնդ երեցի դեմ և կանգնեց ընդհուպ նրա առաջ։

         – Ո՞ւր ես տանում ժողովուրդը, – հարցրեց նա։

         Բայց նրա ձայնը խլացավ բազմության որոտի մեջ։

         – Քեզ հետ եմ, ո՞ւր ես տանում ժողովուրդը կրկնեց Վասակը։

         – Նահատակության, տեր մարզպան։ Երանի է՝ եթե կգաս մասն առնես հանդերձյալի։

         Ղևոնդ երեցը նկատեց Վասակի դեմքին չարամիտ կնճիռներ, զգաց, որ նա կամենում է խափանել երթը։ Արծվային մագիլների նման ձեռքի մատներով խլեց նրա նժույգի սանձը և գոչեց դողահար.

         – Մի՛ կանգնիր հակառակ, այլևս մեզ երկյուղալի չեն ոչ իշխան, ոչ թագավոր։ Մեր խի՛ղճն է մեզ դատավոր։

         Բազմությունը սակայն չլսեց այս տրամախոսությունը և այլիք-ալիք շրջապատեց նախարարներին։ Վռամն սկսեց մտրակահարել աջ ու ձախ, սակայն ոչ ոք ծեծվողներից չէր զգում ոչ այդ ծեծի իմաստը, ոչ ցավը։ Սկսվեց մի արտասովոր, անհասկանալի մոլուցք։ Մարդիկ վազում էին որ ընկնեն մտրակի հարվածների տակ և չէին տեսնում հակառակությունը ոչ Վասակի ոչ Վռամի կողմից։ Հետևի շարքերը ոգևորված Վասակի ներկայությունից գոչում էին.

         – Օրհնյա՜լ լինես, նահատակ։

         Իսկ Ղևոնդ երեցը ցնցում էր նժույգի սանձը և չնայած Վասակի ճիգերին հեռացնելու նրան, ինչպես նաև նժույգի խրտնելուն՝ ոգորում էր.

         – Ե՜կ նահատակ, առաջնորդի՜ր ժողովուրդը հավատի պատերազմին։

         Հանկարծ բազմությունը ցնցվեց և հազարավոր դեմքեր դարձան դեպի դիմացը։ Այնտեղից հորձում էին մի ավելի մեծ բազմություն, որի գլուխն էր անցել Վարդանը և մյուս նախարարները։ Ափից դուրս ելած լայնածավալ լավայի պես, որ վրա հոսելով լափում է ամեն ինչ և աջ ու ձախ բազուկներ արձակում ու խուժում փոսերն ու անցքերը՝ բազմությունը ալիք-ալիք եկավ խռնվելու Ղևոնդ երեցի զանգվածին։ Վարդան Մամիկոնյանն ու նախարարները գալիս էին զանգվածի ուժով մղված։ Վարդանը ահեղ կերպարանքով նայեց Վասակին և բազմության հետ հոսեց դեպի նա։ Վռամը քաշվեց դեպի Վասակը, Գադիշոն ձեռը բարձրացրեց բազմության վրա՝ հանդարտեցնելու շարժումով։ Բազմությունն իրար լափելով միացան երկու ծովի պես և կուլ տվին նախարարներին։ Վասակը սարսափեց և սարսռաց։

         – Տե՜ր մարզպան, ո՜չ ենք կարող ընդդեմ գնալ աստծուն և աշխարհին. մի՛ կանգնիր հանդիման, – գոչեց Վարդանը։ Բազմությունը կատաղի թափով օրորվեց, քանդվեց ու բեկոր բեկոր եկավ սեղմեց Վասակին։ Գոռոց էր միայն լսվում, մի անընդհատ, ջրվեժի ահեղադղորդ գոռոց, որ սպառնում էր ոչնչացնել՝ եթե միայն – վա՜յ Վասակին – մի ակնթարթ կասկածեր նրա հակառակության։ Վասակը շարժում արեց որ նժույգն ազատի Ղևոնդ երեցի մագիլներից, սակայն իզուր եղան նրա ջանքերը։ Նրա նժույգը սեղմվել էր արդեն բազմության զանգվածի մեջ ինչպես խրված լիներ նա ուժով կուլ տվող մորուտի մեջ։ Նժույգը փնչացնում, ծառս էր ելնում, կոխկրտում էր մարդկանց ոտները։ մարդիկ մոլեգնած ոչինչ չէին զգում, իսկ չորս կողմից ավելի ու ավելի ճնշում էին հեռավոր ալիքները։

         Վարդանը գլխով նշան արեց բազմության շարժվելու դեպի Մասիսի կողմի փողոցով։

         – Առա՜ջ, առա՜ջ, – որոտաց բազմությունը և հոսանք առավ դեպի հարավային դուռը Վաղարշապատի պարիսպների։ Հոսանքը տարավ բոլորին, ինչպես նաև Վասակին, որի նժույգի սանձին կպել էին պողպատի մատները Ղևոնդ երեցի։ Վասակը սարսափից համակերպված գնաց առաջ և դադարեց ընդդիմանալուց։ Նրա կատաղությունը ճնշվել էր կենդանական սարսափից։ Նա նոր հասկացավ, որ իր կյանքը վտանգված է, և սմքեց։ Նա նման էր որսորդներից խիտ շարքով օղակված կատաղի գայլի, որ սարսափից անդիմադիր մղվում է առաջ դեպի մահ։ Նա ջանում էր չնայել Գադիշոյին, որից ամաչում էր իր այս անօրինակ նվաստացման համար։ Միայն իր հետևից զգում էր Վռամի մռնչոցները։ Երբեմն նա հատուկտոր լսում էր Գադիշոյի ձայնը։ Նախարարը խոսում էր Վռամի հետ ինչպես հավասարի հետ։ Այս բանն ավելի ազդեց Վասակին, և երկյուղը ավելի թափանցեց նրա սիրտը։ Մարդիկ հավասարվում են և հասարականում մեծ վտանգների պահին։

         – Պի՛նդ կպիր թամբին,- գոչեց Վռամը Գադիշոյին։

         – Նժույգը խրտնում է, հեռու քաշվեցեք, – դարձավ Գադիշոն բազմության, որ սեղմում էր նրա նժույգն ու ոտները՝ հսկայական աքցանի պես։

         – Մի՛ խոսիր, տեր, – հանդիմանեց Վռամը։ Գադիշոն նայեց Վռամի գունատված դեմքին և նոր հասկացավ, որ իր հասկացած վտանգից ավելի մեծ սարսափի մեջ են իրենք։

         Երթն իր ուռած վիշապի իրանը սեղմելով քաղաքադրան անցքի մեջ սողում էր դուրս։ Երկար տևեց անցումը։ Հազարավոր գլուխներ իրար էին զարկվում, բռունցքներ բարձրանում, արմունկներ ճնշում իրար։ Դրան երկու կողմի կավե պատը փլավ, դուռը ճռնչաց, դուրս ընկավ։ Պահակները հեռու փախան։ Ծերուկ պահակապետը մղվեց դեպի քարուքանդող բազմությունը բողոքի հայհոյանքով, սակայն նրան խլեցին ու տարան հետները։

         Երբ դուրս եկան դաշտ՝ Վարդանը նշան արեց, որ կանգնեն։ Երկար ժամանակ տևեց, մինչև բազմությունը կանգ առավ։ Դառնալով Ղևոնդ երեցին Վարդանը գոչեց.

         – Արձակի՛ր տեր մարզպանին։

         – Տե՜ր Մամիկոնեից, – աղաղակեց Ղևոնդ երեցը, – եթե տեր մարզպանը հավատարիմ է ուխտին՝ ի՛նքը կգա մեզ հետ, ի՛նքը կհեռանա։

         – Տեր մարզպանը հավատարիմ է ուխտին, – ասաց Վարդանը, – արձակի՛ր։

         – Աստվա՛ծ արձակի նրան, – թափ տալով սանձը բաց թողեց ձեռը Ղևոնդ երեցը, – ահա որ արձակեցի ես։ Գնա՛ խաղաղությամբ։

         – Օ՜ն, ճանապարհ, տեր մարզպան և դու իշխան, – դարձավ նաև Գադիշոյին Վարդանը։

         – Մնաք խաղաղությամբ, – կեղծ հպարտությամբ գոչեց Վասակը և նժույգի գլուխը թեքեց դեպի Արտաշատի կողմը։

         Բազմությունը ճեղքվեց և ճանապարհ բացեց նրան։ Վասակը ողջ էությամբ նողկանք ու սարսափ զգաց այդ քրտնահոտ, ծանրահև տաքացած զանգվածից և անցավ արագ, դուրս եկավ նրա միջից, ինչպես բանտից։

         – Փա՜ռք աստուծո, – մրմռաց Վռամը։

         Երբ մի փոքր անցան, հետ նայեցին։

         Բազմությունը սև գիշերի պես հոսում էր դեպի Արաքսի կողմը։ Նա գնում էր ավելի ուռչելու, ծավալվելու։ Վասակը լավ զգաց նրա ուժը ու մտադրությունը։

         – Մազապո՛ւյծ եղանք, – ասաց Գադիշոն։

         Վասակը դեռ շարունակում էր խուսափել Գադիշոյի հայացքից, կարծես եթե նայեր նրան՝ կոչնչանար։ Ամոթանքը, նվաստացման զայրույթը, անճարության դառնությունը կաշկանդել էին նրան։ Խոսել անգամ չհամարձակվեց։ Խոսքը քամու նման կդիպչեր նրան և կթափեր նրա սաղարթը։ Խոսել կարելի էր այստեղ միայն հզոր բռնակալի արժանապատվությամբ և իշխանությամբ, երբ խոսում ես ու արյունն հոսում է։ Այդպիսի խոսք էր պետք ասել այժմ այնպիսի մի նախարարի, որ կուսակից էր դառել նրան և նայում էր նրան, իբրև առաջնորդի։ Առաջնորդը մեռավ ամբոխի աքցանների մեջ, մի խելագար երեցի քրտնած մագիլների սեղմիչներում։ Հիմա մի բան միայն արժեք կտար որ նա խոսեր – անմիջապես բարձրացնել գետին ընկած մարզպանական կոչումը։ Դա կարելի չէր այլևս ընկնելով ըմբոստացած կատաղի ամբոխների մեջ, Վռամի մտրակներով և իր նժույգի սմբակներով։ Կարելի չէր նաև այն դանդաղ ու մանվածապատ, խոհեմ ու նրբակար գործելակերպով։ Հիմա հարկավոր էր զորական ուժ, զենք, կախաղաններ և արյունահոսություն։ Այդ բորբոքված, խելագար արյունը պետք էր թափել գետին, պետք էր քամել արյունը հազարավոր մարդկանց բորբոքված սրտերից ու երակներից։ Արյունն է այժմ աղմկում, ըմբոստանում, անպատվում, դիմադարձ կանգնում։

         – Արյո՜ւնը, միա՜յն արյունը, – շարունակեց բարձրաձայն Վասակը։

         – Մի վրդովի սիրտդ, – մխիթարեց Գադիշոն, – գարնան հեղեղ է. առաջ կխելագարվի, հետո կսմքի հեղեղատի մեջ։ Կպատահի՜, իշխանություն է։

         Գադիշոյի մեղմ փիլիսոփայությունն այս անգամ սաստիկ գրգռեց Վասակին։ Նա այժմ արդեն մղվեց նայելու նրան, խոսելու հետը և զայրույթից կատաղած գայլի պես աչքերը գամեց նրա աչքերի մեջ.

         – Իշխանությո՞ւն, – ասում ես. ո՛չ, սա իշխանություն չէ։ Խլենք իշխանությունը և հետո դուրս գանք աշխարհ։