Ծխական քահանայի որդի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախկին սան, ապագա խոշորագույն հայագետ Գալուստ Տեր-Մկրտչյանը (ավելի ուշ՝ Միաբան) 1878 թվականից անցնում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ Արևելահայ մտավորական կյանքում սա մի շրջան էր, երբ ռուս նարոդնիկական շարժման՝ մասնավորապես «Նարոդնայա վոլյա» կուսակցության շրջանառած գաղափարներն ահագնացող դեր էին ստացել հատկապես երիտասարդության շրջանում։ Ժամանակի առաջադեմ այս հոսանքը չի շրջանցում նաև Տեր-Մկրտչյանին. 70-ականների վերջերից Թիֆլիսում գործում էր նարոդովոլյան ինքնազարգացման հայկական մի խմբակ, որի ղեկավարն, ըստ վկայությունների, ինքը՝ Գալուստ Տեր-Մկրտչյանն էր։
Ներկա վավերագիրն արդեն Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի ուսանող Տեր-Մկրտչյանի նամակն է Մեղու հայաստանի թերթին՝ գրված 1882 թվականին։ Հետագա հոգևորական հայագետն այս թղթակցության մեջ ներկայացնում է երկրի տնտեսական զարգացման շուրջ «իր հայեցողութեան ձևը»։ Սա ենթադրում է ցույց տալ երևույթների «աստառը», որ ոչ այլ ինչ է քան ժողովրդի կյանքի տնտեսական հիմքերը՝ զարգացման ու առաջընթացի ողջունվող պատկերի հետնախորքին։ Տեր-Մկրտչյանի առաջադրած հայացքում կենտրոնական են դառնում նախ և առաջ այդ զարգացումն առաջ տանող աշխատանքն ու աշխատավորի ապրուստը։ Ուսանողի այս հայեցակետը բացահայտորեն կրում է սոցիալիզմի նարոդնիկական ըմբռնման հետքերը՝ առաջարկվող վերլուծությունը երևան բերելով իբրև յուրօրինակ մի փորձ խոչընդոտելու «դրամատիրական սիստէմի»՝ կապիտալիզմի մուտքը Կովկաս։ Առավել հետաքրքականը, սակայն, Տեր-Մկրտչյանի նամակում այն ձևն է, որով նա իր մանկության ու պատանեկության տարիներին ապրածն ու տեսածը հիշողությամբ վերարտադրում ու դարձնում է տնտեսակարգի քննարկման նյութ՝ չխորշելով իր վերլուծությունը բխեցնել տարածաշրջանում ապրվող կյանքի առանձնահատկություններից։
Հոդվածում հստակ ձևակերպված է հեղինակի ժողովրդի ըմբռնումը, որի առանցքն են իրենց անդուլ աշխատանքով կյանքի հիմքերն ապահովող գյուղացիներն ու արհեստավորները։ Մյուս կողմից հայ աշխատավորի կյանքն այս հայացքում փոխներհյուսված է երևում տարածաշրջանի անցուդարձի և մյուս ժողովուրդների ապրուստի հետ։ Ուսանողական նամակում ակնբախ այս կետերը կարևոր կռվաններ են՝ հասկանալու նարոդնիկ Միաբանի հետագա գիտական գործունեության մղիչ ուժերը։
Հրապարակվում է ըստ՝ Տ. Ս., «Փարիզ 4 յուլիսի (22 յունիս). (Թղթակցութիւն «Մեղու Հայաստանի» լրագրի)», Մեղու Հայաստանի, 1882, թիվ 73, 75, 76։ Տ․Ս.։ Գալուստ Տեր-Մկրտչյանի հայրական ազգանունն է Տեր-Սարգսյան, որի առաջին տառերով՝ «Տ.Ս.» գիտնականը ստորագրել է 1882 թվականին Մեղու Հայաստանում հրապարակած բոլոր հոդվածները։
Փարիզ
4 յուլիսի (22 յունիս).
(Թղթակցութիւն «Մեղու Հայաստանի» լրագրի)
Տ. Ս.
Անցեալ նամակումս խոստացայ ցոյց տալ այն տարբերութիւնը, որ գտնվում է որևէ երկրի տնտեսական զարգացման և հարստանալու, ու նոյն երկրի ժողովրդեան տնտեսական զարգացման և հարստանալու պայմանների մէջ և թէ ինչ կերպով կարելի է այդ երկու զարգացումը միացնել հեռատես և խելացի գործնէութեամբ։
Հէնց այս նախադասութիւնից երեւում էր թէ ես ենթադրում եմ, որ մի երկիր կարող է տնտեսապէս զարգանալ, այսինքն նրա հողերը կանոնաւոր մշակուիլ, նրա զանազան մասերը յարմար ճանապարհներով կապակցուիլ, բնական բերքերն ու հանքերը շահաւէտ կերպով բովագործուիլ, քաղաքներն ու գործարանները ծաղկիլ, արհեստն ու վաճառականութիւնը մեծատարած սահման ստանալ, վերջապէս երկրի մէջ գտնուած դրամագլուխները աճիլ, բայց ժողովրդեան մեծամասնութիւնը լինել տնտեսապէս չքաւոր և զրկուած դրութեան։
Եւ ընդհակառակն, կարող է մի երկիր տնտեսապէս զարգացած չը լինել, այսինքն նրա հողերը լաւ չը մշակուած, հանքերն ու բնական բերքերը (ձուկ, անտառ և այլն) անկանոն արդիւնագործված և կամ բոլորովին բարձի թողի առնուած, հաղորդակցութեան ճանապարհները նահապետական դրութեան – սակայն ժողովուրդը տնտեսական գոհացուցիչ և բաւարար վիճակի մէջ։
Ընթերցողին կարող են այս խօսքերը իբրև առեղծուած երևիլ, բայց խնդրում եմ նրա երկայնամտութիւնը իմ բացատրութիւնները լսելու համար։
Շատ դժուար է միմեանց հասկանալ, երբ ոչ միայն գրողի և ընթերցողի, խօսողի և լսողի մէջ հայեացքների տարբերութիւն կայ, այլ նաև գործածուած բառերի միտքն ու յայտնի նախադասութեանց բովանդակութիւնը բոլորովին տարբեր հաստատութիւն են տալիս երկու կողմին՝ խօսողին և լսողին, երբ օրինակ «Անգլիան հարուստ է», «Ֆրանսիան ծաղկած է», «Կովկասը յառաջ է գնում» և այլն նախադասութիւնները իմ և քո մէջ բոլորովին տարբեր մտքեր են ներկայացնում, տարբեր նշանակութիւն ունին։ Սակայն չը նայելով բառերի մաշուածութեանը և յայտնի մտքերի յաջ ու յահեակ անտեղի և խեղաթիւր գործածութեանը ուրիշ միջոց չ’ունինք դժբաղդաբար իրար հասկանալու, ուստի և դիմում ենք նոյն բառերին, նոյն մաշուած ձևերին մեր նոր մտքերը, կամ թէ եթէ ոչ – նոր, գոնէ նոր – ձևաւորութեամբ մտքերը յայտնելու համար, և գոհ ենք լինում, եթէ մեր ասածը քիչ թէ շատ հասկացվում է և նպաստում է վերականգնել բառերի և մտքերի ուղիղ գործածութիւնը։
Ես ասում եմ, որ ժողովրդեան և նրա երկրի տնտեսական զարգացումը տարբեր բաներ են, ուստի և կարող են բաժանուիլ միմեանցից և ոչ միայն զանազան արագութեամբ յառաջ ու յետ ընթանալ նոյն ուղղութեամբ, այլ մինչև անգամ հակառակ ուղղութեամբ ընթանալ, այսինքն՝ երբ մէկը (երկիրը) տնտեսապէս զարգանայ, միւսը (ժողովուրդը) կարող է տնտեսապէս ընկնիլ և դժբաղդաբար առաջինի զարգացումը պայմանաւորուած է լինում շատ անգամ երկրորդի անկմամբը – չքաւորութեամբը, ստրկութեամբը, վարձկանութեամբը։
Այս արդեօք այսպէ՞ս է և իրաւունք ունի՞մ ես այս ասելու, այդ կը տեսնենք, երբ ձեր առաջ կը պարզեմ իմ փաստերս, ապացոյցներս և գլխաւորապէս իմ հայեցողութեան ձևը – իմ տեսակէտը։ Գլխաւորապէս իմ տեսակէտը, որովհետև այս յօդուածում յառաջ չեմ բերելու թուանշաններ, վիճակագրական տեղեկութիւններ, պատճառ. ուսանողական դրութիւնս անձեռնհաս է կացուցանում ինձ այդ անել և երկրորդ, այս յօդուածի նպատակը չէ տնտեսագիտութեան նիւթ հաւաքելը, թուանշաններ, վիճակագրական տեղեկութիւններ տալը, այլ պարզել՝ թէ ի՞նչ տեսակէտից ենք նայելու մենք այդ նիւթերի, այդ թուանշանների վերայ։ Արդեօք այնպէ՞ս ենք հասկանալու նրանց բովանդակութիւնը, ինչպէս նրանց արտաքին կերպարանքն է, թէ՞ ուրիշ տեսակ ենք հասկանալու, փնտռելով աւելի խորին և հիմնական միտք, աշխատելով թափանցել վիճակագրութեան տուած փաստերի բուն նշանակութեան մէջ և մեկնելով ոչ այնպէս, ինչպէս ընդունուած է, այլ այնպէս, ինչպէս իսկապէս պէտք է մեկնել։
«Անգլիան հազարաւոր գործարաններ ունի և վիթխարի դրամագլուխներ և կարող է ոչ միայն երկրի բոլոր բնակիչներին, այլ և մի քանի ուրիշ մոլորակներին հագուստ մատակարարել և տոկոսով փող տալ» – այս վիճակագրութեան տուած իրական փաստերից հետևցնելո՞ւ ենք արդեօք – ուրեմն անգլիացիները հարուստ են, նիւթապէս ապահովուած, երջանիկ երկրային մտքով՝ տաք հագնուած և կուշտ կերակրուած, թէ փոքր ինչ միւս կողմն էլ ենք նայելու, երեսին նայելուց յետոյ աստառն էլ ենք քննելու և տեսնելու, որ այդ հարուստ անգլիացիների մէջ աղքատութեան և թշուառութեան այնպիսի տեսակներն են յայտնի, որոնց վերայ թեթև գաղափար անգամ չ’ունին եզիտներն ու քիւրդերը։
Հին-աշխարհի յաղթանդամ յիշատակարանների ուսումնասիրութիւնից, բուրգերի ու եօթն հրաշալիքների պատմութիւնից հետևցնելու՞ ենք արդեօք միայն պատմական քաղաքակրթութեան ծաղկած դրութիւնը, Եգիպտոսի, Ասորեստանի, Նինուէի ժողովուրդների երջանկութիւնն ու տնտեսական ապահովութիւնը, թէ աստառն էլ ենք դարձնելու և այդ յիշատակարանները կանգնելու դատապարտեալ հրէաների, անդուլ աշխատութեան մատնուած ստրուկների ու պարիաների բազմաթիւ դասն էլ ենք տեսնելու, որոնց թշուառ ոսկորներից աւելի մեծ և աւելի վիթխարի յիշատակարաններ կարելի էր կանգնեցնել։
Իւրաքանչիւրի ազատ կամքիցն է կախուած տեսնել իրողութիւնները այնպէս, ինչպէս կամենում է ինքը, մեկնել ինչպէս բարեհաճում է, բայց իրողութիւնների բուն նշանակութիւնը միշտ կը մնայ անփոփոխ և մատչելի միայն նրանց, որոնք անկողմնապահ և ինքնուրոյն կամք ու միտք ունին և ընդունակ են ըմբռնելու։
***
Իմ յառաջադրեալ խնդիրը հեշտացնելու համար վեր եմ առնում մեզ ամենիս քիչ թէ շատ ծանօթ Կովկասը և նրա ժողովուրդների դրութիւնը վերջին մի քանի տասնեակ տարիների ընթացքում։
Վերիվերոյ ակնարկն անգամ բաւական է նկատելու համար, որ Կովկասը վերջին կէս դարում տնտեսապէս զարգացել է. նրա մշակելի հողերի քանակութիւնը աւելացել է, այն է վարելահող են դարձել կտրուած անտառները, արօտատեղերը և անմշակ հողերը։ Երկրի հանքերն ու բնական բերքերը աւելի կանոնաւոր կերպով և մեծ քանակութեամբ սկսել են մշակվիլ, ինչպէս են օրինակ նաւթ, ձուկ (Սալիան, Սևան և այլն), աղ, (Կողբ, Նախիջևան, Կասպից ծովի ափում գտնուած աղի լճեր) քարածուխ և այլն։ Երկրի զանազան մասերը կապակցուել են աւելի յարմար ճանապարհներով և այդ ճանապարհները անհամեմատ աւելի ապահով են դարձել թէ՛ աւազակներից և թէ՛ ուրիշ խոչընդոտներից, քան թէ էին առաջ։ Վերջապէս քաղաքները թէ՛ թուով և թէ՛ բնակիչներով աճել են և գեղեցկացել, բացուել են գործարաններ և երկրի մէջ գտնուած ու գործածուած դրամագլուխները շատացել են։ Միայն Բագուն, որ առաջ 10-15 հազար պուդ չը մաքրուած նաւթ էր տալիս տարեկան, այժմ բացի երկրորդակարգ արտաբերութիւններից վաճառահանում է տարեկան 20-30 միլիօն պուդ մաքուր նաւթ։
Ցոյց տալու համար Կովկասի տնտեսական զարգացման մանրամանութիւնները կարելի էր մի ամբողջ գիրք գրել, բայց այդ մեր խնդրից դուրս է, մեզ հետաքրքրում է միայն այսչափը, որ Կովկասեան երկիրը տնտեսապէս զարգացել է վերջին տասնեակ տարիների ընթացքում և հարստացել։
***
Այժմ տեսնենք թէ նո՞յնն է եղել արդեօք և ժողովրդեան, թէ ոչ։ Երկրի զարգացման հետ զարգացե՞լ է արդեօք և ժողովրդի (մեծամասնութեան) բարօրութիւնը։
Սկսենք երկրի բազմաթիւ տարրից՝ գիւղացիներից։ Դժբաղդաբար ինձ անհնար է այժմս օգուտ քաղել Կովկասի վիճակագրութիւնից, ուստի և հիմնուելու եմ յիշողութեանս և մօտաւորապէս ճիշդ թուերի վերայ, որից և ոչինչ չի կորցնի այն միտքը, որն ես մտադիր եմ արծարծելու։
Առաջինը, որ աչքի է ընկնում գիւղերում, այդ հողի համեմատաբար պակասելն է, ուրիշ խօսքով ժողովրդի բազմանալը։ Սկսած Լահիճից, Նուխիից, Շամախիի շրջակայ գիւղերից, Գանձակի, Ղարաբաղի, Նախիջևանի, Արարատեան դաշտի, Ալէքսանդրօպօլի, Լօռիի, Ախալքալաքի, Ախալցխայի գիւղերից մինչև Վրաստանի գիւղերը և Կովկասի միւս կողմը ամեն տեղ աւելի բազմամարդ են դարձել. շատ տեղերում ժողովուրդը ուղիղ կրկնապատկուել է. 10 տնւոր գիւղը դարձել է 20 տնւոր, 40 տնւորը – 80 տնւոր։ Շատ տեղերում էլ մի գիւղը դարձել է երկու գիւղ։ Ժողովուրդը աճել է և բազմացել նոյն հողի վերայ, որի վերայ առաջ ապրում էին համեմատաբար սակաւաթիւ բնակիչներ։
Սակայն ժողովրդի այս բազմանալը չը պէտք է միայն վերագրել բնական աճեցողութեան, այլ և արուեստականին, այն է՝ եկամուտ գաղթականների աւելանալուն, ինչպէս են օրինակ, բացի զօրքերից, պաշտօնեաներից և քաղաքացի ընտանիքներից, մալականների, հոգեմարտների և ուրիշ այլ և այլ աղանդաւորների, գերմանացիների գաղթականութիւնները, որոնք բռնել են Թիֆլիսի և գանձակի շրջակայքում, Տաղստանի ստորոտներում, Ղարաբաղի, Նախիջևանի հիւսիսային կողմը, Սևանայ սարահարթի վերայ, Ախալքալաքի դաշտի ամենալաւ և հովասուն տեղերը, շինելով իւրեանց խրճիթները և տունուտեղը լինելով առանց այդ էլ բնիկներիս անբաւարար հողի վերայ։ Լրագիրներում յայտնի Ղարս նահանգի ռուս նոր գաղթականութիւնն էլ պէտք է աւելացնել այդ թուին, միանգամայն աչքի առաջ ունենալով շիրակեցիների զգացած հողի մեծ պակասութիւնը։
Այսպէս ուրեմն ժողովրդի թիւը աւելացել է բնական աճեցողութեամբ և եկամուտներով, մինչդեռ աննշան են մահմէդական գաղթականութիւնները, որոնք թողել են մեր երկիրը և որոնց թողած հողերը կամ մնացել են դեռ անմշակ (Աճարա) և կամ գաղթողները չեն եղել երկրագործներ, այլ լեռնացիներ, որոնց թողած երկիրը ոչինչ չէ աւելացրել մշակելի հողի քանակութեանը։
Ժողովուրդը դրապէս բազմացել է նոյն հողի վերայ, ուրեմն հողի քանակութիւնը համեմատաբար սակաւացել է (Անդրկովկասի և Ռուսաստանի հետ էլ համեմատելով էլի մեր մշակելի հողը մեր թուին նայելով շատ քիչ է). մինչդեռ մշակութեան ձևը, երկրագործութեան գործիքները մնացել են նոյնը, ուրեմն և արտադրութիւնը չէ աւելացել։
Անտառներն ու արօտատեղիները պակասել են արտ դառնալու համար, առաջինները նաև անխնայ գործածութիւնից։ Սրա հետևանքն է եղել անասնապահութեան ընկնելը։ Կան այնպիսի գիւղեր, ուր խոտի պակասութիւնից այլ ևս ձեռնտու չէ կով, ոչխար, ձի պահելը և տան համար գործածելու իւղն անգամ գիւղացին գնում է քաղաքից։ Եւ վերջապէս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը բացի զանազան ապրանքներից և բերքերից, զուտ գիւղատնտեսական արդիւնաբերութիւններ անգամ ստանում է Ռուսաստանից, ինչպէս իւղ, կարագ, թթու դրած կանաչեղէններ, չիր և ալիւր, որ առաջ չէր ստանում։ Երկու տարի առաջ պատահած սովը ամենքդ էլ յիշում էք, մանաւանդ աղքատներդ, և մենք եթէ քաղցած չը մեռանք, այդ ի շնորհս Ռուսաստանի ալիւրին և երկաթուղուն էր։
Անտառների պակասելը բնականապէս ազդել է հեղեղների սաստկանալուն, յաճախ երաշտութեան և աղբիւրների ցամաքելուն, որոնք գիւղատնտեսութեան մէջ առանջնակարգ նշանակութիւն ունին։
Գիւղացիների տնտեսութեան մէջ նշանաւոր տեղ են բռնում այժմս քաղաքում գտնուած հագուստեղէնն և ուրիշ մթերքներ, ինչպէս նաւթ, լուցկի և այլն։ Սրանցից մեծ մասը առաջ պատրաստվում էր նոյն իսկ գիւղում։ Նաւթի փոխանակ ձէթ էին վառում, որ ստացվում էր կտաւատից ձիթհանքներում. լուցկիի փոխանակ գործածվում էր ծծմբափայտ, որ պատրաստում էին նոյն իսկ գիւղացիք, իսկ զգեստեղէնները առաջ ամբողջապէս, իսկ այժմս էլ դեռ մասամբ գիւղական արդիւնաբերութիւններ են։ Իւրաքանչիւր գիւղում, նայելով նրա մեծութեանը գտնվում էին շալ և կտաւ գործելու հորեր 1-10-15-20։ Այժմս այդ հորերից ամենամեծ մասը փակուած է, կտաւ ամենևին չէ գործվում, շալն էլ եթէ դեռ տեղ-տեղ մրցում է դրսից բերուած ապրանքների հետ, այդ իւր դիմացկունութեամբն է և գիւղական պարապմունքների աւելի յարմար լինելովը։
Բացի այս ծախսերից գիւղացու բիւտժէի վերայ աւելացել են հարկերը մի քանի բացուած ուսումնարանների կամաւոր և ակամայ ծախսերը, գիւղապետների և գրագիրների ռոճիկը, որ տրվում է (ոչ ամեն գիւղում) համայնքից, եթէ այգիներ և թթենիներ կան՝ աքցիզի հարկը օղիի համար, որն և քիչ ունեցողներին ստիպում է գինու տկուցքները և խաղողի չէչերը թափել կամ դրացի գործարանատիրոջ տալ, որովհետև մի քանի աման օղիի համար չ’արժէ նոյնչափ օղիի գնից աւելի աքցիզ տալը։ Պէտք է հաշուել և այն ժամանակաւոր, բայց գրեթէ պարբերական դարձած դժուարութիւնները, որն ստիպուած է կրել գիւղացին պատերազմների ժամանակ մարդով և անասուններով ծառայելով փոխադրութեանց և բեռներ կրելու։ Ճանապարհներ և կամուրջներ շինելու համար ծանր «սուրխաներ» տալը գիւղացիների համար մի անտանելի բեռն է։
Ճշմարիտ է, ճանապարհների հեշտանալը մասամբ ձեռնտու է և իւրեանց գիւղացիներին, բայց ոչ այնչափ, որ գէթ փոխարինել կարողանար նրանց թափած աշխատանքը։ Գիւղացին օգուտ պէտք է քաղէ լաւացած ճանապարհներից, իւր ապրուստից աւելացած մթերքները վաճառահանելով, բայց նախընթաց պայմանները, որոնց մասին խօսեցայ, օրից օր նուազեցնելու են գիւղացու աւելցուկը։ Տնտեսական մթերքները հազիւ-հազ են բաւականանալու աճող գիւղացիներին, իսկ արտաբերութիւնը չէ աւելանում, այն է՝ ոչ հողն է աւելանում և ոչ մշակութեան ձևը լաւանում։ Մինչդեռ ճանապարհները մօտեցնում են քաղաքները և քաղաքում վաճառուած ապրանքների գնելը հեշտացնում։ Քաղաքներին մօտ գտնուած գիւղերը աւելի են ծախսում զարդարանքների, շռայլութեան պիտոյքների և խանթի ապրանքների համար, քան թէ հեռու գտնուածները։ Քաղաքների մօտ գտնուած գիւղերում աւելի շուտով են ընկնում գիւղական արհեստները, չը կարողանալով մրցութեան դիմանալ, քան թէ հեռաւոր գիւղերում։ Եթէ ճանապարհների հեշտութիւնը օգնում է գինի, բրինձ և բամբակ ունեցող գիւղացիներին վաճառահանել իւրեանց ապրանքը, աւելի ևս օգնում է քաղաքների վաճառականներին գալ և գնել այդ ապրանքները նոյն իսկ իւրեանց տեղում, ժամանակից առաջ կէս գնով։
Ֆրանսիացիք հում մետաքս և ընկուզենու արմատներ են գնում մեր երկրի խորքերում, հացի վաճառականները ամբարներ և գործակատարներ ունին ետ ընկած գիւղերում, Թիֆլիսի միլիօնատէրերը – ոչխարի հօտեր, եզների նախիրներ, էշերի և ձիերի ջոկեր։
Աղհանքների, աղի լճերի, նաւթի հորերի, ձկնաշատ գետերի և լճերի կապալները գտնվում են դրամատէրների ձեռքը, մինչդեռ մի ժամանակ այդ բոլոր բնական աղբիւրներից օգտվում էր գիւղացին, թէև նահապետական ձևով։ Փայտ, վառելիք ծախելը, որ մի ժամանակ գիւղական հասարակութեան ձեռքում եկամուտի աղբիւր էր, այժմս պակասում է, կամ մեծ հարկերի ենթարկվում։ Գաճի, կրի հանքերը, քարհանքներն անգամ հարկ են տալիս, կամ գտնվում են կապալառուների ձեռքը։
Բացի ուղղակի և անուղղակի հարկերից, շատ գիւղեր տալիս են և մի երրորդ ծանր հարկ իւրեանց աղաներին, բէգերին, վանքերին։ Տաճկաց կամ պարսից տէրութիւնը, երբ գիւղ էր ընծայում այս կամ այն բէգին, դադարում էր այդ գիւղից հարկ պահանջել, որովհետև այնուհետև այդ գիւղի հարկը, որ այն ժամանակ պտղի էր (բնական բերքերով), տրվում էր բէգին։ Պարսից ձեռքից անցնելով ռուսաց ձեռքը աղալըղ գիւղերը հարկ են տալիս թէ տէրութեան և թէ՛ բէգերին։
Աւելորդ համարելով մանրամասնութեանց մէջ մտնել, այսչափից էլ կարող ենք հետևցնել մեր գիւղացիների տնտեսութեան ընթացքի ուղղութիւնը և թէ արդեօք նա բարձրանո՞ւմ է թէ ցածանում։ Մեր բոլոր ասածները գիւղացիների տնտեսութեան փոփոխութիւնների մասին կարելի է համառօտել այսպէս. ա) մշակելի հողի համեմատաբար սակաւանալը. բ) անտառների, արօտատեղիների պակասիլը. գ) գիւղական արհեստների անկումը. դ) եկամուտների զանազան աղբիւրների պակասիլը (ինչպէս են՝ աւելացած մթերքներ, անասուններ, վառելիք, ձուկ, նաւթ, աղ և այլն) կամ գիւղացիների ձեռքից դուրս գալը. ե) հարկերի, շռայլութեանց ծախսերի և քաղաքներում գնած ապրանքների շատանալը. զ) պատերազմի ժամանակ փոխադրութեանց և մանաւանդ կամուրջների և ճանապարհների շինութեանց տաժանակիր և գրեթէ անվարձ աշխատութիւնների տևական դառնալը. է) ուսումնարանների, չհաս պսակների, գիւղապետների և նրանց գրագիրների ծախսերը, որոնք մի ժամանակ գոյութիւն չ’ունէին և կամ շատ քիչ էին։ Գիւղացիների բազմանալը օգնել է նաև չհասութեանց աճելուն, կնքահայր, սանամայր, խնամի, քեռի, հօրաքոյր ու մօրաքոյր կապուել են միմեանց հետ։ Կան գիւղեր, ուր գրեթէ բոլոր աղջկներն ու տղայքը չհաս են մեր եկեղեցական եօթը պորտի օրէնքով. ը) երկրագործութիւնից ու գիւղական արհեստներից դուրս ուրիշ աշխատանքների պակասելը, ինչպէս է կանանց մանած անելը, մարդկանց փայտ սղոցելը, տախտակ ձևելը, բեռներ տեղափոխելը սայլերով կամ ձիով և այլն, այնպիսի աշխատութիւններ, որոնցով գիւղացին երկրագործական պարապմունքներից ազատ ժամանակ փող է վաստակում, այս բոլորը պակասում են գիւղացիի համար, որովհետև նրա ձեռքից դուրս են գալիս. թ) նախընթաց պատճառներից հետևած կլիմայական և տնտեսական փոփոխութիւններ. հեղեղներ, երաշտութիւն, վատ ապրուստ, հիւանդութիւններ և վերջապէս գիւղերից դէպի քաղաք աշխատանք գտնելու համար գաղթականութիւններ։ Այսպէս օրինակ Ղարաբաղի և Շամախու գիւղերից լցվում են Բագու, Վրաստանի գիւղերից Թիֆլիս և այլն, ծառայ, աղախին, բեռնակիր դառնալու համար։
Իսկ ի՞նչ է աւելացել գիւղացուն։
– Ճանապարհների համեմատաբար հեշտանալը, որ լաւ հետևանք կարող է ունենալ գիւղացիների համար, եթէ հողը միշտ մնայ նրանց ձեռքը և այնչափ պտուղ տայ, որ կարելի լինի արտահանել վաճառելու։ Գիւղացիների մտաւոր զարգացման նպաստում է երթևեկութիւնների հեշտութիւնը, բայց աւելացնում է նաև քաղաքից ապրանքները գնելը, վայր է ձգում գիւղական արհեստները, շռայլութեանց դուռ է բաց անում, ուրեմն և ճանապարհների հեշտութիւնը երկսայրի է, կարող է օգտակար և վնասակար լինել յայտնի հասարակութեանց նայելով պարագաներին։ Մանաւանդ մեր կովկասեան ճանապարհները, որոնք կարծես գլխիվայր են շինուած, միացնում են երկիրը Ռուսաստանի հետ, բայց նոյն երկրի զանազան մասերը չեն միացնում, օգնում են Ռուսաստանի ապրանքների մեզ մօտ տարածուելուն, մինչդեռ մեր հեռաւոր, բայց ամենահարուստ գաւառների բերքերը մնում են անվաճառ։ Ուրեմն և ճանապարհների լաւանալը չէ կարելի անպայման նպաստաւոր համարել գիւղացիներին։ Ուրիշ ի՞նչ է մնում. մի քանի հատ ռուսերէն «ազբուկա» և «Մայրենի լեզու» տարածուել և գիւղերում, մի քանի զոյգ կիսակօշիկներ էլ փոխարինել են հին քօշերն ու հողաթափները, թէյ ու շաքարի գործածութիւնը շատացել է և սամավարն էլ տեղ-տեղ սպրդել է հայ պղինձների և սինիների մէջ, չը մոռանանք յիշել և մի քանի ապակեղէն, մի քանի լամբ և մի քանի գտակներ։ Ուրիշ գոնէ ես ոչինչ չը գիտեմ։ Գիւղական հասարակութեան 50% պարտքի տակ է շատ գիւղերում և հատուցանում է տոկոս առնուազն 12%։
Եւ որովհետև այս տնտեսական անկման պատճառները պատահական չեն, այլ տևական և մեր կարծածից աւելի խոր, և տնտեսական անկումը պիտի շարունակուի օրից օր աւելի արագութեամբ։
***
Քաղաքներում աւելի արագութեամբ է կատարվում նոյն երևոյթը, բղխելով նոյն պատճառներից, որովհետև քաղաքները աւելի մօտ են կապուած քաղաքակրթուած աշխարհին, որովհետև երթևեկութեան ճանապարհները աւելի հեշտացել են և հեշտանում քաղաքների, քան թէ ընկած գիւղերի համար, և որ գլխաւորն է, որովհետև քաղաքների արդիւնաբերող, արհեստաւոր, բանւոր դասը աւելի քիչ կարող է դիմադրել այդ անկման հոսանքին, քան թէ գիւղացին։
Գիւղացին կապուած է անշարժ հողի հետ, նա կարող է աղքատանալ, ընկնել, բայց քանի հող ունի, դեռ այսուամենայնիւ կ’ապրի, մինչդեռ արհեստաւորը կապուած է իւր արհեստի հետ, դրսից բերուած ապրանքների մրցութեանը չը կարողացաւ դիմադրել և այդ բաւական է արդէն նրան ընկնելու, առանց հացի մնալու համար։
Թերևս դեռ նա ունի իւր սեպհական խանութը, փոքրիկ տունը, թերևս նաև պարտէզը, բայց այդ էլ չի դիմանայ, քաղաքի կեանքը թանգ է, քաղաքի հարկերը նոյնպէս ունին ծանրութիւն, վերջապէս ինքն անգործ է կամ գրեթէ անգործ և ահա գրաւ է դնում տունը, ծախում, կամ անկարող լինում նորոգել նրան, ուստի և այսպէս թէ այնպէս, ուշ թէ շուտ այդ անշարժ կալուածքի կտորն էլ պէտք է անցնի աւելի հարուստի՝ դրամատէրի ձեռքը։
Եւ յիրաւի, թէև ոչ ոք չէ գրել, թերևս արժանի անգամ չէ համարել գրի անցնելու մեր երկրի արհեստների անկման պատմութիւնը, արհեստների որոնք մի քանի հազար տարի գոյութիւնից յետոյ մեռնում են այսօր մեր աչքի առաջ, աղքատութեան և վարձկանութեան մէջ գլորելով այդ արհեստով պարապողներին, սակայն այդ արհեստների անկումը արժանի է հետազօտութեան և կրկին նշանակութիւն ունի. ա) դրանք ընկնում են չը կարողանալով մրցել դրսից բերուած ապրանքների հետ, բ) դրանք ընկնում են իրենց հետ թաղելով միջնադարեան, թէև շատ պակասաւոր, բայց անկախ սիստէմը և տեղի տալով նոր, բայց աւելի վնասակար սիստէմի, և մեզ պէտք է այդ երկու սիստէմների ուսումնասիրութիւնն էլ, որպէսզի քանի յարմար ժամանակ ունինք, ընտրենք մի ուրիշ – երրորդ սիստէմ, որը կարողանայ մրցել նոր սիստէմի դէմ և չ’ունենայ այդ նորի պակասութիւնները։
Ինչո՞ւ են ընկնում մեր արհեստները. – որովհետև դրսից բերուած ապրանքները աւելի լաւ են պատրաստուած, մեքենաներով և դրամատիրական սիստէմով, այն է՝ վարձկան արհեստաւորներով. ուստի և աւելի արժան են ծախվում. այսպիսով մեր արտաբերած ապրանքը կորցնում է իւր գինը և ընկնում։ Պետք է միշտ աչքի առաջ ունենալ, որ մրցութեան մէջ յաղթողը ոչ միայն արհեստների կատարելագործութիւնն է, այլ և արհեստների գործածութեան ձևը – սիստէմը։ Դրամատիրական սիստէմով պատրաստուած ապրանքները միշտ աւելի արժան են ծախվում, քան թէ անձնական սիստէմով պատրաստուածները, որովհետև դրամատիրական սիստէմում արհեստաւորները վարձկաններ են և ստանում են իւրեանց աշխատանքի միայն կէսը, մի երրորդը, մի քառորդը և այլն. մինչդեռ անձնական աշխատող արհեստաւորը օգտվում է իւր աշխատանքի բոլոր եկամուտից. վերջապէս դրամատիրական սիստէմում ամեն բան կատարվում է մեծ չափով, գործը դիւրացնող թանգագին մեքենաներով, բազմաթիւ գործաւորների աշխատանքը կենդրոնացրած մի գործարանում և այլն, որն և տալիս է միջոց չափազանց արժանացնել ապրանքի գինը և մրցման ժամանակ յաղթանակը տանել։ Առայժմ խնդրից չը շեղուելու համար դադարում ենք այս սիստէմների վերայ խօսելուց. միայն հարկաւորը այն է, որ մեր արհեստները ընկնում են տեղի տալով դրսից եկած ապրանքներին։
Մեր ընկնող արհեստները կարելի է երկու կարգի բաժանել. ա) այնպիսիներ, որոնք բոլորովին ընկել են և կամ մօտ են բոլորովին ընկնելու և մի քանի տարի ուշ, կամ մի քանի տարի շուտ անպատճառ պիտի ընկնին առանց վերականգնելու պայմանի, որովհետև այդ արհեստների արտադրած ապրանքը այլ ևս ամենևին չէ գործադրուելու, զորօրինակ տեղական զգեստներ, հին ձևի զէնքեր, զարդարանքներ, ծոպեր և այլն, բ) այնպիսի արհեստներ, որոնք ընկնում են առժամանակ, միայն շուտով ուրիշ կերպարանքով և ուրիշ սիստէմի վերայ հիմնուած վերականգնելու պայմանով, բայց ոչ հին արհեստաւորների ձեռքում, այսպէս են օրինակ ոստայնանկութիւնը, դարբնութիւնը և այլն։
***
Կովկասի գրեթէ բոլոր քաղաքներում շատ ծաղկած էր մի ժամանակ ոստայնանկութիւնը։ Ոստայնանկը իւր խանթի, իւր դէզկէհի տէրն էր, ինչպէս են և մեր միւս բոլոր արհեստաւորները (անձնական սիստէմ)։ Իւրաքանչիւր ոստայնանկ ունենում էր աշակերտներ, որոնք որոշ թւով տարիներ ծառայելուց լետոյ իրենք էլ վարպետ էին դառնում և բաց անում իւրեանց անկախ խանութն ու կտաւի հորը կամ նոյն խանթի մէջ երկու, երեք, չորս հոր բաց անում։ Բայց այժմ ոչ մի տեղ հին ձևով կտաւ գործողներ չես գտնի, հազիւ երբեմն ետ ընկած գիւղերում հանդիպիս թերևս տան մի անկիւնում մի հոր, որ և մշտական չէ գործում, որի ստորիները երբեմնակի միայն շարժվում են տեղից շալ կամ հաստ տանու կտաւ գործելու համար և ծերունի գիւղացին ձեռք է առնում մակոյկները հենքը առաջ տանելու։ Մեր գիւղերում ոչխարի շալը դեռ երկար ժամանակ կը դիմադրէր դրաբին ու մահուտին, բայց կիսամահուտ անուանուած կտորը արդէն կամաց կամաց դուրս է հանում նրան գործածութիւնից։ Բրդի սանդերքներով գզելը, թեշիկով մանելը, յետոյ քերելը, գործելը, հինելը, լմելը, վերջապէս ներկելը դժուար և երկարատև աշխատանք է, մինչդեռ կիսամահուտի արշինը կարելի է գնել մի քանի կօպէկով։
Շամախու և Նուխու կողմերը դեռ մնացել են մետաքսի գործուածքներ, բայց օր աւուր պակասում են և աւելի ձեռնտու է դառնում հում մետաքսը ծախել։
Կան քաղաքներ, ուր ամբողջ փողոցներ կտաւագործների էր պատկանում մի ժամանակ, որոնք այժմս փակուած են և նրանց տէրերը անգործ են կամ վարձկաններ են դարձած։
Ախալցխայում դեռ մնացել է մի փողոց՝ Կարապետեան ուսումնարանից մինչև Եղիսաբէթեան ուսումնարանը, խանութները թղթած պատուհաններով, ջարդուած ապակիներով, մի քանի կտաւի հորեր, մի քանի դալկացած, աղքատութիւնից և զրկանքներից ընկճուած ոստայնանկներ, որոնք դեռ պարապում են այդ արհեստով, ի շնորհս այդ գաղթական քաղաքի մայրերի – ապլաների էհրամներին (մի տեսակ բարակ և նուրբ շալ, որով ծածկվում են կանայք դուրս գալիս)։ Արդէն շատունց է, որ այդ ոստայնանկները կտաւ չեն գործում, որովհետև օրական չորս հինգ գազ գործելով՝ ամեն մի գազ գործուածքի համար ինչ վարձ որ ստանալու են, նոյն գնով կարելի է 10 գազից աւելի լաւ գործուած ամերիկա և կամ ուրիշ մեքենայագործ սպիտակ կտաւ գնել։
Ախալցխան այս կողմից մասնաւորապէս մի տխուր պատկեր է ներկայացնում, որովհետև այդ քաղաքի բնակիչները մեծաւ մասամբ արհեստաւորներ էին և յոյս ունէին ամեն տեղ արհեստով ապրել, բայց ուժեղ օրէնքներին, մանաւանդ առանց նրանց ճանաչելու, անհնար է դիմադրել։
Մի արհեստը ընկնում է, նրա հետ կապուած է մի ուրիշը, նա էլ է ընկնում և այսպէս շարունակ։ Ի հարկ է մենք չենք ողբում ուրիշների նման արհեստների անկումը, այլ արհեստաւորներինը։
Այսպէս Կովկասի շատ քաղաքներում ընկան բազմաթիւ համքարներ, որոնց խանութների կարգերը տեղ տեղ աւերակ և դատարկ փողոցների են նմանվում։ Ընկան լեղակով ներկողները, որովհետև այլ ևս կարօտութիւն չը կայ կապոյտ կտաւի, քանի որ կայ ամեն գոյնով և ամեն տեսակ չթեր։ Ընկան ոսկերիչները և արծաթագործները, չը կարողանալով մրցել Մօսկուայի և Վարշաւի հետ։ Ընկան տեղական զգեստներ և զարդարանքներ պատրաստողները և եթէ դրանցից դեռ կան մի քանի խանութպաններ, դրանց գոյութիւնը պայմանաւորուած է մի քանի ծերուկներով, որոնք ցանկանում են հին տարազով հագնուիլ և, եթէ կարելի է այսպէս ասել, հին տարազով մեռնիլ։
Այս օրումն են նաև զինագործները, թամբագործները, երկաթագործները, մինչև անգամ պայտառները, որոնց վնասում է երկաթուղին։
Վերջապէս կան արհեստներ և պարապմունքներ, որոնք չեն կարող վնասուիլ արտասահմանի կամ Ռուսաստանի մրցութիւնից, օրին. հացթուխութիւնը։ Բայց արտաքուստ ոչ միայն պատրաստի ապրանք, այլ և արհեստաւորներ, վաճառականներ, դրամատէրներ են գալիս մեզ մօտ և մեր խանթի կշտին բաց անում իրանցը և կատարելագործուած արհեստով, աւելի ճարպիկ սիստէմով և աւելի մեծ դրամագլխով մրցում մեզ հետ։
Ուրեմն մի կողմից մեռնում են հին արհեստները հին սիստէմի հետ, միւս կողմից բացվում են գործարաններ կատարելագործուած մեքենաներով և հարստահարիչ սիստէմով։ Նաւթը մշակվում է ահագին քանակութեամբ և այնպիսի գործիքներով, որոնց պատրաստել չենք կարող մեր հին խանութներում. կտաւը գործվում է, օրինակ Միրզոյեվի գործարանում, բայց ոչ հին ձևով և ոչ անկախ արհեստաւորների ձեռքով, օտարազգի դրամատէրները բացել են դարբնանոցներ, և մենք միայն վարձկաններ կարող ենք մատակարարել և այլն։
Միով բանիւ, մեռած և մեռնող արհեստների տեղ նորերն են դուրս գալիս, նոր սիստէմի վերայ հիմնուած և արտաբերում են աւելի լաւ և արժան պատրաստուած ապրանքներ և մենք կարող ենք յուսալ, որ Կովկասն էլ շուտով կ’ունենայ բազմաթիւ գործարաններ, կատարելագործուած մեքենաներով, 100 մարդով կ’անէ 1000 և աւելի մարդու գործ, երկրի հարստութիւնները կը մշակուին… Այո՛, այդ բոլորը կը լինի մենք ուզենք չ’ուզենք։ Եւ ահա հէնց այդ էլ քարոզում են մեր տնտեսագէտները, մեր լրագիրները։ Մեր երիտասարդներն էլ ձգտում են ուսումնասիրել մեքենայագործութիւն, գիւղատնտեսութիւն, գինէգործութիւն, արուեստներ, քիմիա, որպէսզի գործարաններ կառավարեն, հողեր մշակեն, նաւթ մաքրեն, ազնիւ գինի պատրաստեն և այլն։
Ահա մինչև այստեղ հասնում է մեր տնտեսագիտութիւնը, ահա այս քարոզում ենք մենք ամենքս, «Մեղուի» և «Մշակի» թղթակիցներն էլ, ուսանողներն էլ, խմբագիրներն էլ։
Ուրիշ ի՞նչ է պակասում, հարցնում ենք մեզ, ի՞նչ է հարկաւոր մեր տնտեսական անկման առաջն առնելու և տնտեսապէս (որից կախուած է մեծաւ մասամբ և բարոյապէսը) վերականգնելու համար։ – Մեքենաներ, գիտութիւն, պատասխանում ենք ամենքս։
Այո՛, ես էլ համաձայն եմ, մեքենաներ և գիտութիւն են հարկաւոր մեզ. բայց ոչ այն մտքով և այն ձևով, ինչպէս կարծում էք բոլորդ։ Հէնց որ գործարաններով երկիրը ծածկուեցաւ, մեքենաներն սկսան բանել, մեր հողերը և հանքերը մշակուեցան – դուք կարծում էք թէ արդէն մենք երջանիկ կը լինինք տնտեսապէս, այնպէս չէ՞։ Սխալվում էք։ Ստիպուած եմ կրկնել. մեր երկիրը կարող է շատ լաւ մշակուած լինել, գործարաններով ծածկուած, ամեն տեսակ արտաբերութեամբ զարգացած, իւր մէջ հարիւր-միլիօնաւոր դրամագլուխներ ունենալ, երկաթուղիներն ու խճուղիներն կարող են կապած լինել նրա ամենայետընկած անկիւնները, երկիրը բոլորովին ստացած լինի զարգացման և մշակման կերպարանք, քաղաքները բարգաւաճած… բայց այսուամենայնիւ մեծամասնութիւնը մնում է աղքատ և օրական հացի կարօտ։ Որովհետև այլ է երկրի տնտեսական զարգացումը, որ կազմում է ձեր իդէալը, այլ է ժողովրդի տնտեսական զարգացումը, որ պէտք է կազմէ իւրաքանչիւր ազնիւ և խելացի մարդու կէտ նպատակին։
***
Մի պարզ օրինակ.
Ենթադրենք թէ ամբողջ Կովկասում 1000 ոստայնանկ կար, որոնք կտաւեղէն և ուրիշ կտորներ էին գործում։ Այդ հազարի համար 5000 գիւղացի կանայք թել էին մանում։ Բայց այժմ դրսից եկած ապրանքների թիւը շատացաւ, այլ ևս չի կարող գոյութիւն ունենալ ոչ մեր ոստայնանկութիւնը և ոչ էլ մեր ձեռաց մանածը։ Գիւղացի կանայք զրկուեցան իւրեանց այդ մի աշխատանքից, բայց ոստայնանկները բոլորովին անգործ մնացին և կամաց-կամաց ցրուեցան ուրիշ ծառայական գործեր գտնելու և մեծ մասամբ վարձկաններ, օրական բանւորներ դարձան, իսկ նրանց որդիքը – խանթի աշկերտներ։ Գրեցինք, գոռացինք, որ փողը մեր երկրից դուրս է գնում ապրանք գնելու, խրիտ անելու, ինչպէս ասում են մեր տնտեսագէտները, պէտք է աշխատել, որ փողը դուրս չգնայ, այլ ներս գայ, որ մենք աղքատութիւնից ազատուինք, հարստանանք, զարգանանք, եւրօպացի դառնանք։ Դրամատէրը մեր գրածին լսելով, թէ իւր հաշիւներին հետևելով, ողորմեցաւ և իւր արտասահմանի առուտուրը վերջացնելով իւր ահագին գումարները տուն բերեց, այն է՝ Կովկաս և հէնց մեր ուզած պահանջած քաղաքը և բացեց կտաւի գործարան։ Մեր առաջին շարժմունքը կը լինէր, յայտնի բան է, քաղաքային խորհրդարանից շնորհակալութեան թուղթ գրել գործարանատիրոջ։ Մեր երկրի բամբակը այլ ևս դուրս չէ գնում վաճառուելու, այլ մանվում է մեքենայով և գործվում է նոյն իսկ մեր երկրում։ Մեր, այսինքն, դրամատիրոջ փողերը դուրս չեն գնում չիթ ու կտաւ բերելու, այլ մնում են և գործում մեր երկրում։ Այդ էր մեր ուզածը, այնպէս չէ՞ , այդ էր այն իդէալը, որին ձգտում էինք։ Տեսնենք հետևանքը։ Մի, երկու գործարան անում են այժմ 5-6 հազար մարդու գործ, ի հարկ է մեքենաներով և մի քանի հարիւր բանւորներով։
Ինչպէս մեքենաները և գործարանը, նոյնպէս և գործարանի բոլոր զուտ եկամուտը պատկանում է գործարանի տիրողջը, ուրիշ տեսակ էլ չէր կարող լինել, քանի որ գործարանն էլ նրանն է, մեքենաներն էլ։
Քանի մեծանայ գործարանատիրոջ դրամագլուխը, այնչափ աւելի կարող կը լինի նա ընդարձակել իւր գործունէութիւնը, գործարանների թիւը շատացնել, մեր երկրի բերքերը մշակել, տներ շինել, պալատներ կանգնեցնել և այլն։ Մեծամասնութեանդ մնում է գործարաններում տեղ գտնել։ Իսկ միջին թուով որչափ վարձ կարող էք սպասել դուք, այդ արդէն գիտութեանը յայտնի է։ Թերևս մտածէք թէ ես բամբասում եմ, թէ անկարելի է ենթադրել, որ մի պատուաւոր հարուստ զրկէ բանւորներին և կանոնաւոր չը վարձատրէ։ Քաւ լիցի, ես չեմ բամբասում։ Որչափ և կ’ուզէ հարուստ, որչափ և կ’ուզէ պատուաւոր լինի դրամատէրը, նա դրանից աւելի չի կարող տալ, մի կարծէք թէ նա «վարդերի վերայ է նստած», նա էլ ունի իւր ցաւերը։ Նա կարող է երբեմն մի քանի հարիւր, կամ մի քանի հազար ընծայաբերել, բայց եթէ փոքր ինչ սխալ շարժեցաւ, առատաձեռն եղաւ, անխոհեմութեամբ բացեց գրպանի բերանը, կարող է զրկուիլ իւր բոլոր կարողութիւնիցն էլ, գործարաններիցն էլ, մեքենաներիցն էլ, որովհետև նա միայն չէ աշխատում, նրա նմանները շատ կան։ Սարսափելի մրցումն կայ. եթէ փոքր ինչ ինքը շատ ծախսեց և ստիպուեցաւ իւր գործարանի ապրանքը թանգացնել, արդէն բանը բուրդ է, միւսը աւելի խնայող լինելով՝ հնար կ’ունենայ ապրանքի գինւ ցածացնել և մրցութեան մէջ յաղթող հանդիսանալ։ Ի՞նչ է պատճառը, որ մեր փոքր դրամատէրերը օրից օր փոխանակ յառաջ գնալու, յետ են գնում և աղքատանում։ Ի՞նչ է պատճառը, որ հայ հարուստ ընտանիքների կարողութիւնը կէս տարիից աւելի չեն տևում, որն և մեր խելացի Մարկոսները վերագրում են հայի ցեղական թոյլ յատկութիւններին։ Ի՞նչ է պատճառը, որ հարստութիւնները թիւրքերից և վրացիներից անցնում են հայերի ձեռքը, հայերիցն էլ պէտք է անցնին ռուսներին և եւրօպացիներին։ Բոլորի բուն և հիմնական պատճառը մրցութիւնն է, մենք չենք խօսում բացառիկ դէպքերի վերայ։ Մրցութիւնն է, որ ոչ միայն հարստութիւնները կենդրոնացնում է սակաւաթիւ դրամատէրների ձեռքը, այլ և դրամատէրներից շատերին զրկելով՝ վերջնականապէս կենդրոնացնում է դրանցից միայն մի քանիսne8ի գրպանում…
Բաժին ստացող բարի հարուստների անհատական կամքից կախուած չի լինի երբէք բանւորների վարձատրութեան չափը։
***
Այժմ եթէ ամփոփենք մեր ասածը քաղաքների տնտեսական փոփոխութեանց մասին, կը տեսնենք. ա) տեղական արհեստները բոլորովին ընկել են և կամ հետզհետէ ընկնում են, որով և արհեստաւորների դասը մնում է շուարած, բ) բացվում են նոր գործարաններ, նոր արհեստանոցներ և բնութեան տուրքերը հարստահարվում են աւելի կանոնաւոր կերպով, գ) անգործ մնացած արհեստաւորները և քաղաք եկած գիւղացիները վարձկան են դառնում և ծառայական աշխատութիւնների դիմում։
Քաղաքների ապրուստի թանգութեան մասին առանձին չենք խօսում, որովհետև այդ անխտիր է վարձկանների համար՝ ապրուստը որչափ արժանանայ, այնչափ օրավարձը պէտք է պակասի, ապրուստը որչափ թանգանայ, այնչափ օրավարձը պէտք է աւելանայ, այնպէս որ վերջը դուրս է գալիս միևնոյն բանը։ Այս կարելի է նկատել նոյն իսկ մի քանի քաղաքներում տուած օրավարձի համեմատութիւնից. օրինակ Շամախում ապրուստը մի քանի անգամ աւելի արժան է քան թէ Բագուում, դրա փոխարէն և Շամախու մշակների օրավարձը հազիւ թէ հաւասարուի Բագուի մշակների օրավարձի ⅓-ին։
Քաղաքների արտաքին տեսքը գեղեցկանում է, պալատանման տներ շինվում։
Թիֆլիսը և Բագուն տան վարձ են առնում տուն չ’ունեցողներից գրեթէ նոյն չափով, ինչպէս Եւրօպայի մայրաքաղաքները։ Օր. Փարիզում այն սենեակը, որ կարելի է վարձել ամսական 30 Ֆրանկով, հանդերձ կահկարասիքով, ջրով և սենեակի սպիտակեղէնով, Թիֆլիսում նոյնպիսին հազիւ 12-15 ռուբլիով, նոյն գնով կարելի է ունենալ և՛ Մօսկվայում, Բագուում դեռ փոքր ինչ էլ աւելի պէտք է վճարել…