1946 թվականին՝ Համաշխարհային պատերազմի հաղթանակից անմիջապես հետո, խորհրդային գրականության և արվեստի ոլորտում մեկնարկեց գաղափարական թերությունները սուր ինքնաքննադատությամբ շտկելու փուլը։ Սրա սկիզբը դրեց Անդրեյ Ժդանովը նույն թվականի իր «պատմական» համարվող ելույթում, որը խոշոր իրադարձություն էր Խորհրդային երկրի մտավորական մթնոլորտում։ Սրանից բխող «բուրժուա-նացիոնալիստական» տենդենցների դեմ անողոք պայքարի ստալինյան հռետորությունն ամենայն լրջությամբ է ընդունում փիլիսոփա Արամայիս Կարապետյանը, ով 1948-ին Լիտերատուրնայա գազետա ամսագրում հրապարակում է «Ընդդեմ բուրժուական նացիոնալիզմի մնացուկների» հոդվածը։
Ներկա վավերագիրը հոդվածի հայերեն թարգմանությունն է՝ հրապարակված Գրական թերթում։ Կարապետյանն այստեղ մի մեծ հայացք է գցում դեռ խորհրդային 40-ականներից հայ գրականության մեջ «սողոսկած» «նացիոնալիստական վտանգավոր տենդենցներին»։ Հեղինակի այս արմատական ու անողոք հայացքը մի զամբյուղի մեջ է դնում այնպիսի տարբեր գործիչների, ինչպես Մանուկ Աբեղյանը, Մկրտիչ Մկրյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Հովհաննես Շիրազը, Դերենիկ Դեմիրճյանը և շատ այլք։ Խորհրդային Հայաստանում հումանիտար ոլորտի ներկայացուցիչների զգալի մասի մեղքը Կարապետյանը համարում է ««միասնական հոսանքի» ազգայնական թեորիան», որը նշանակում էր հայ գրականության պատմությունը դիտել իբրև միասնական վերելքի ճանապարհ։
Կարապետյանի հոդվածը, սակայն, ինչքան էլ առաջին հայացքից միանգամայն համահունչ թվա ժդանովյան գաղափարական շրջադարձին, այնուամենայնիվ չափազանց հեռուն էր գնացել։ Հրապարակման առթիվ հրավիրվում է Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ և Հայաստանի սովետական գրողների միության ժողով։ Սրանց արձանագրումը փաստում է. «Ա. Կարապետյանի հոդվածում բավականին ցայտուն կերպով իրեն զգացնել է տալիս ազգային նիհիլիզմի ոգին»։ «Սխալները մերկացնելու» իր ջերմեռանդության մեջ Կարապետյանը հարվածել էր 1940-ականներից Խորհրդային Հայաստանի պետականության հիմքերում «ազգային ձևը» սահմանած առանցքային գործերի։ Սրա համար Խորհրդային Հայաստանում անցկացված ժողովներից հետո նրա հոդվածը նույն Լիտերատուրնայա գազետա ամսագրում անվանարկվեց իբրև «անբարեխիղճ և տենդենցիոզ»։
Հրապարակվում է կրճատումներով, ըստ՝ Արամայիս Կարապետյան, «Ընդդեմ բուրժուական նացիոնալիզմի մնացուկների», Գրական թերթ, 10 օգոստոսի 1948 թ.։
Ընդդեմ բուրժուական նացիոնալիզմի մնացուկների
Արամայիս Կարապետյան (Փիլիսոփայական գիտությունների թեկնածու)
Չի կարելի պատկերացնել սովետական եղբայրական գրականությունների զարգացումը՝ առանց վճռական պայքար մղելու բուրժուական նացիոնալիզմի մնացուկների, բուրժուական Արևմուտքի և ֆեոդալա-բուրժուական Արևելքի կուլտուրայի նկատմամբ ստորաքարշություն անելու որևէ դրսևորումների դեմ։ Սովետական գրականագիտությունը Հայաստանում շատ բան է արել այս ուղղությամբ։ Բայց մինչև հիմա էլ դեռ հայ գրականության մեջ իրենց զգացնել են տալիս նացիոնալիստական վտանգավոր տենդենցները, որ սողոսկել են վերջին տարիների բազմաթիվ գեղարվեստական, պատմական և փիլիսոփայական երկերի էջերը։
Այս տենդենցները երևան են եկել անցյալն իդեականացնելու, հայ ժողովրդի պատմության անցած էտապներում դասակարգային պայքարը բացասելու, ֆեոդալա-բուրժուական իրավակարգի սիստեմը կողմնակի կերպով գովերգելու մեջ։ Գրականության և պատմագրության ասպարեզում վերականգնվել են հին հայ լիբերալ-բուրժուական և կղերական գրականագետների ու պատմագիրների բուրժուա-իդեալիստական կոնցեպցիաները. դրա հետ նաև փիլիսոփայությանասպարեզում հայ իդեալիստները՝ քրիստոնեության մարտիկները ներկայացվել են որպես առաջավեր մատերիալիստ մտածողներ։
1940 թվին, Սովետական Հայաստանի 20-ամյակի կապակցությամբ Երևանում լույս տեսավ Սահակ Կարապետյանի «Սովետական Հայաստան» գիրքը։ Այդ գիրքը նպատակ ուներ ծանոթացնել ընթերցողին Հայաստանի ձեռք բերած վիթխարի հաջողությունները սովետական իշխանության պայմաններում։ Հեղինակն անհրաժեշտ է համարել կցել դրան անցյալի մի ակնարկ՝ սկսելով հայ ժողովրդի ծագումից։
Բնական է, որ այդպիսի ակնարկում պետք է պատմվեին հայ ժողովրդի պատմության կարևորագույն էտապները, նրա ծանր զրկանքները ոչ միայն օտարերկրյա նվաճողների, այլև սեփական արքաների ու իշխանների լծի ներքո։ Սակայն դրա փոխարեն, հակառակ սպասումներին և պատմական ճշմարտությանը, ակնարկում կար հայ արքաների ու իշխանների միահամուռ գովերգություն։ Հիշատակություն չկար նույնիսկ նրանց թագավորման տարիների դասակարգային պայքարի մասին, ոչ մի խոսք չկար, որ այդ թագավորներն ու իշխանները շահագործողներ էին։ Ամենադաժան թագավոր Տիգրան 2-րդին հեղինակը հայտարարում է «Հայաստանի պատմության ամենախոշոր, առաջադիմական թագավորներից մեկը», չնայած այն բանին, որ նույնիսկ 5-րդ դարում հայ պատմիչները սոսկումով են պատմել այդ թագակիր բռնակալի կամայականությունները։
Այսպիսով հակամարքսիստական, պատմագիտության տեսակետից անգրագետ գիրքը ընկալվեց որպես «դիրեկտիվ» և առանց մտածվելու փառաբանվեց մամուլում, հրապարակային բանավոր ելույթներում։
Տարօրինակ չէ, որ դրանից հետո լույս տեսան վեպեր, բանաստեղծություններ, «հետազոտություններ», որոնք մեկնաբանում էին անցյալի պատմությունն ու գործիչներին միևնույն ոգով։ Պատմության, ֆիլոլոգիայի, գեղարվեստական գրականության ասպարեզում սկսվեց արքաների մի այնպիսի փառաբանում, որպիսին չկար նույնիսկ նախասովետական շրջանում։
Ուղղակի արձագանքելով Ս. Կարապետյանի՝ Տիգրան Երկրորդի մասին ասածին, որպես «ամենախոշոր, առաջադիմական արքայի», բանաստեղծ Շիրազը Հայաստանի լեռները ներկայացրեց որպես Տիգրան Մեծի «հավերժական վրաններ»։
Շիրազի ուրիշ շատ երկեր նույնպիսի գույնով էին գովերգում անցյալը, մի քանիսն էլ կրում էին բացահայտ կրոնա-միստիկական բնույթ ….
Նույնպիսի փառաբանություններ ուղղվեցին Տրդատ, Արշակ Երկրորդ, Պապ, Գագիկ Երկրորդ թագավորներին, բոլոր իշխաններին և բարձրաստիճան ֆեոդալներին։ Բանաստեղծ Խ. Դաշտենցը դարձյալ Տիգրան Երկրորդին նվիրեց մի դրամատիկական գործ, որի մեջ կոպիտ կերպով աղավաղելով պատմությունը՝ իդեալականացրեց ստրկատիրական հասարակարգը։ Արձակագիր Դ. Դեմիրճյանը լույս ընծայեց եկեղեցին գովերգող «Վարդանանք» երկհատոր վեպը ….
Անցյալին նվիրված այդ բոլոր երկերում հարություն էին առնում բուրժուա-կղերական պատմագրության կեղծ կոնցեպցիաները, որ հավաստում էին, թե Հայաստանի անցյալում, իբր թե գոյություն է ունեցել «ոսկեդար»։ Արտասահմանյան հայ ֆաշիստական (դաշնակցական) մամուլը ոչ միայն հրատարակում էր այդ երկերից շատերը, այլև հանդես էր գալիս ի պաշտպանություն նրանց քարոզած նացիոնալիստական գաղափարների։
***
….
Մի ուրիշ «պատմագետ»՝ Էլչիբեկյանը իր հոդվածի մեջ Ռուսաստանի ժողովուրդների ռևոլյուցիոն շարժման կատաղի թշնամի, ցարական մինիստր Լորիս-Մելիքովին պատկերել է որպես հայ ժողովրդի հերոս … լոկ այն հիման վրա, որ նա ծագումով հայ է։ Քննադատ Հ. ղազարյանը անտեսելով ռեակցիոն հոսանքները հայ գրականության մեջ՝ իր հոդվածում հայրենասեր է ներկայացրել բոլոր գրողներին՝ հնագույն պատմական Մովսես Խորենացուց սկսած մինչև սովետական կոմունիստ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը։
Դժվար չէ հասկանալ, որ այս բոլոր աղավաղումների տակ թաքնված էր «միասնական հոսանքի» ազգայնական թեորիան առաջ քաշելու փորձը հայ ժողովրդի պատմության և կուլտուրայի զարգացման մեջ։ Այս վտանգավոր թեորիան ավելի ցայտուն կերպով դրսևորվեց գրականագիտության մեջ նախ և առաջ եռահատոր «Հայ գրականության պատմություն» դասագրքում, որ լույս է տեսել 1940 թվին և նույն Ս. Կարապետյանի կողմից հայտարարված է մեծ նվաճում։
Դասագրքի առաջին և երկրորդ հատորները, որ կազմել են Մ. Մկրյանը և Ռ. Զարյանը, նվիրված են նախասովետական շրջանի գրականության պատմությանը. երրորդ հատորը, որ գրել է ԱԱ. Ասատրյանը՝ սովետական տարիների գրականությանը։ Ըստ այդմ ամբողջ հայ գրականության զարգացումը ներկայացված է որպես մի միասնական և ամբողջական առաջադիմական շարժում։ Չի տրված գրականության դասակարգային վերլուծումը. առաջին հատորում նույնիսկ խնամքով զանց է առնված «դասակարգ» բառը։ Գրականության մեջ ոչ մի ռեակցիոն հոսանք չի նշվում. բոլոր գրողները բնութագրված են որպես հայ ժողովրդի ազատագրական դրվագների երգիչ։
Միջնադարյան հոգևոր գրողների բաժնում, որը կազմել է Մկրյանը, բոլորն էլ, հեղինակի կամքով, հանդես են գալիս որպես մատերիալիստ լուսավորիչներ, իսկ պատմականները՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ։ Հենց որ դասագրքի հեղինակները միջնադարյան գրականության մեջ գտնում են աշխարհիկ մի տարր, եզրակացնում են, որ դա մատերիալիզմ է։
….
1945-46 թվերին Երևանում լույս տեսավ Մ. Աբեղյանի երկհատոր «Հայ հին գրականության պատմությունը»։ Ճիշտ է՝ այս աշխատության մեջ առաջին անգամ հավաքված է փաստական նյութ, որն անկասկած հեղինակի վաստակն է։ Սակայն եթե ցույց տված չլիներ գրքի լույս տեսնելու թվականը, դժվար կլիներ որոշել՝ դա տպագրված է հիմա՞, թե կես դար առաջ, այնքան որ արխայիկ ու անժամանակակից է նրա կոնցեպցիան։
Հայ գրականության պատմությունը հեղինակը բաժանել է չորս ժամանակաշրջանի՝ ելնելով այն սկզբունքից, ըստ որի այդ ամբողջ գրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ օտարերկրյա նվաճողների դեմ մղված պայքարի տարեգրություն։ Այդ, ինչպես և նախորդ գրքերում հայ գրականությունը, պատկերված է որպես մի միասնական առաջադիմական շարժում։ Հեղինակը բոլորովին անտեսում է լենինյան ուսմունքը երկու կուլտուրաների՝ դեմոկրատական և բուրժուա-կալվածատիրական կուլտուրաների մասին, միևնույն ազգի կուլտուրայի մեջ եղած ռևոլուցիոն-դեմոկրատական և ռեակցիոն տենդենցների մասին։
Ամբողջ հայ գրականությունը եկեղեցա-քաղաքական պայքարի գրականություն է։ Հայ եկեղեցու շահերը կապված են հայ ժողովրդի շահերին, ազնվականության գրականության մեջ փայլեց հայ ազգի «առանձնահատուկ հանճարը», – ահա Մ. Աբեղյանի կոնցեպցիայի հիմունքները։
Ավելորդ է ապացուցել, որ այդ կոնցեպցիան ոչ մի ընդհանրություն չունի մարքս-լենինյան գիտության հետ։ Դա հայ բուրժուական իդեալիստ պատմաբանների կոնցեպցիան էր և այժմ էլ է։
Չնայած դրան, մինչև հիմա ոչ մի քննադատական խոսք չի ասված այդ արատավոր դասագրքի առթիվ։ Ընդհակառակը՝ Մ. Աբեղյանի աշխատությունները համարվում են հայ գրականությունն ուսումնասիրելու լավագույն ձեռնարկ, իսկ նրա կոնցեպցիաները ներկայացվում են որպես մարքսիստական։
….
Չի կարելի չխոսել նաև Հայաստանում լույս տեսած մի ուրիշ գրականագիտական գրքի մասին, որն ինքնին «ոսկեդարի» և հայ գրականության «միասնական հոսանքի» նացիոնալիստական բոլոր տեսությունների մի ուրույն ամփոփագրությունն է։ Դա Ե. Տեր-Մինասյանի գիրքն է, որը այդպես էլ կոչվում է «Ոսկեդարի հայ գրականությունը»։ «Ոսկեդար» տերմինն ինքնին առաջ են քաշել հայ բուրժուական պատմաբանները բնութագրելու համար որոշ հոգևոր վերելք 5-րդ դարի Հայաստանի կյանքում։ Տեր-Մինասյանն այդ տերմինը օգտագործում է ոչ թե պայմանական, այլ տառացի իմաստով ր հենց այդ լույսով էլ պատկերում է 5-րդ դարի գրողների ստեղծագործությունն ու իրականությունը։
Տեր-Մինասյանի գրքի առաջին մասը գրականության մասին փաստացի կերպով վերցված է հենց նրա իսկ, ռևոլուցիայից առաջ լույս ընծայած եկեղեցու պատմության վերաբերյալ աշխատությունից։ Տեր-Մինասյանի կարծիքով հայ ժողովուրդը առանց քրիստոնեության «կդադարեր գոյություն ունենալ որպես ազգային միավորում»։ Իսկական պատմությունը Տեր-Մինասյանի համար օրենք չէ. նրա համար նշանակություն չունի, որ հայերը իրենց պետականությունը կորցրին 5-րդ դարում, այսինքն հատկապես քրիստոնեություն ընդունելուց հետո։
Ակներև է, որ ոչ մի գիտական բան չկա այդ տերտերական, հակապատմական գրքույկում։ Բայց և այնպես դա լույս է տեսել 1946 թվին։
***
….
Հայաստանի Կ(բ)Պ Կենտկոմը, ռեսպուբլիկայի պարտիական կազմակերպությունները, սովետական հասարակայնությունը արդեն որոշ աշխատանք կատարել են այդ տենդենցները մերկացնելու ուղղությամբ։ բայց և այնպես հայ պատմաբանների, գրականագետների, փիլիսոփաների, գրողների աշխատություններում եղած նացիոնալիստական շատ աղավաղումներ տակավին որևէ լուրջ քննադատության չեն ենթարկվել։ Խնդիրը հետևյալն է՝ է՛լ ավելի լայն ծավալել ամենօրյա, սիստեմատիկ պայքարը բուրժուական նացիոնալիզմի մնացուկների դեմ։ Նացիոնալիստական վտանգավոր «թեորիաները» պետք է մինչև վերջը պսակազերծվեն և վտարվեն մեր գրականությունից։
(«ԼԻՏ. ԳԱԶԵՏԱ», ս. թ., թիվ 61)