Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, չնայած քայքայված երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային վիճակը բարելավելու համար մեծամասնական կառավարությունից պահանջվող հսկայական ռեսուրսների ու ջանքերի ներդրմանը, գեղարվեստական կյանքի կազմակերպումն ու կայացումը հետհեղափոխական առաջին իսկ տարիներից աներկբայորեն դառնում է խորհրդային կառավարության առաջնահերթություններից: Հենց հին մեծամանական գործիչների (ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սարգիս Լուկաշինի) հատուկ հրավերներով էր նորաստեղծ Խորհրդային Հայաստանում հաստատվում արվեստագետների մի ողջ սերունդ (Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Ալեքսանդր Թամանյանը, Վրթանես Ախիկյանը և այլք), որը ձեռնամուխ եղավ թե´ երկրում գեղարվեստական կյանքի կազմակերպման աշխատանքներին, թե´ նոր՝ խորհրդահայ արվեստի ստեղծմանը: 1920-ականների առաջին կեսին քաղաքական գործիչների ու արվեստգետների միջև ընդգծված համագործակից դիրքորոշումն էական նախապայման դարձավ նոր պետության պայմաններում ազդարարված մշակութային հեղափոխության համատեքստում արվեստի դերն ու դիրքը որոշարկելու համար:
1924 թվականին Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության ցուցահանդեսին անդրադարձող նկարիչ Գաբրիել Գյուրջյանի հոդվածը դիպուկ կերպով է բացահայտում մի կողմից Խորհրդային Հայաստանում ապրող ու գործող արվեստագետների ստեղծագործական մոտեցումները, մյուս կողմից ի հայտ բերում քաղաքական փոփոխված պայմաններում նոր մշակույթն ու կենցաղն իբրև նոր արվեստի խնդիր սահմանելու բարդությունը: Ակնհայտորեն Գյուրջյանն ընդունում է խորհրդային երկրում արվեստի վերասահմանված չափանիշներն ու ինքն էլ՝ իբրև արվետագետ, միանշանակ հաստատում արվեստը կյանքից ու կենցաղից չկտրելու անհրաժեշտությունը: Սակայն հենց այս կետում է բացահայտվում Գյուրջյանի հետևողականությունը ձևն իբրև գեղարվեստական գործի գնահատման միակ չափանիշ սահմանելու հարցում: Գյուրջյանի դիրքորոշումը բյուրեղացնում է 1920-ականների առաջին կեսին քաղաքականապես ամրագրված սահմանագիծը կենցաղի ու արվեստի միջև, որի դեպքում արվեստը միայն իրեն հատուկ ձևային միջոցներով էր մոտենում կենցաղի հետ հարաբերման, նոր կենցաղն իբրև նոր արվեստի նյութ դարձնելու խնդրին. դիրքորոշում, որի կրող էին ոչ միայն գործող արվեստագետները, այլև հին մեծամասնական քաղաքական այն գործիչները, որոնք անշուշտ գիտակցում էին նոր արվեստի ստեղծման պահանջը եկվոր արվետագետներին առաջադրելու առանձնահատկությունները:
Այս անկյան տակ դիտված Գյուջյանի հատուկ շեշտադրումը խորհրդային երկրում նոր կենցաղի առանձնահատկությունները յուրացնելու ու դրանք գեղարվեստական ձևերի վերածելու համար անհրաժեշտ ժամանակի վրա, բացահայտում է դրա ուղղակի կապը հին մեծամասնական գործիչների քաղաքականության արդյունքում ստեղծված այն պայմանների հետ, որոնք հենց կոչված էին ժամանակ տրամադրելու թե´ նոր կենցաղի հաստատման, թե´ այն նոր արվեստի կայացման համար, որը պետք է ձեռնամուխ լիներ գեղագիտական մակարդակում այդ կենցաղի վերափոխմանը:
Բնագրի տեքստը հրապարակվում է նույնությամբ: Ուղղվել են միայն որոշ վրիպակներ քերականական անմահաձայնությունները շտկելու համար:
Հրապարակվում է ըստ՝ Գ. Գյուրջյան, «Հայաստանի կերպարվեստից աշխատավորների ընկերությունը յեվ նրանց պատկերահանդեսը», Խորհրդային Հայաստան, 11 մայիս 1924 թ.:
Հայաստանի կերպարվեստից աշխատավորների ընկերությունը յեվ նրանց պատկերահանդեսը
Գ. Գյուրջյան
Կերպարվեստից աշխատավորների ընկերությունը կազմակերպվել ե 23 թվի դեկտեմբերին։
Այդ ընկերության մեջ են մտնում նկարիչները, կառուցողները, ճարտարապետները, արձանագործները, արվեստի պատմաբանները և գեղարվեստական քննադատները։ Այդ գեղարվեստական ասսոցիացիայի համապետական շինարարության յեռուն շրջանում յերևան գալը միանգամայն ժամանակին եր։ Յերկրի ուղիղ քաղաքականությունը, ստեղծարար աշխատանքն անշեղ կերպով տանում են նրան դեպի վերականգնում, վորի ճակատագրական հետևանք պետք ե լինի վերածնունդն առհասարակ և մասնավորապես արվեստների վերածնունդը։
Արվեստների գալիք ծաղկումն արագացնելու համար արվեստագետները պարտավոր են արվեստի ասպարիզում կոլլեկտիվ համերաշխ աշխատանք կատարել։ Համախմբվելու համար անհրաժեշտ եր ընդհանուր պլատֆորմ, ընդհանուր սկզբունքներ գտնել։
Հոգեպես անջատված արվեստագետները պետք ե մի միաբան, համերաշխ ընտանիք կազմեյին, վորպեսզի միասին գնային դեպի նախագծված նպատակը։ Այս խնդիրը վոմանց համար թեթև խնդիր չեր, դրա համար անհրաժեշտ եր ձեռք քաշել ինդիվիդուալ և հակակոլլեկտիվային ինքնավստահությունից, մոգական առանձնությունից և կազմակերպված աշխատանքի արդյունավետությունը հասկանալ։
Շատերը պետք ե ազատագրվեյին նախապաշարումներից և գիտակցեյին, վոր արվեստագետը կոլլեկտիվի մեջ գտնվելով չի կորցնում իր ինքնությունը, վոր, ընդհակառակն, նրա «յես»-ը բազմակողմանի և հարուստ ե դառնում, վոր արվեստների լավագույն շկոլաները արվեստագետների ընկերությունների կոլլեկտիվ ջանքերով են ստեղծվել, նրանց փոխադարձ ազդեցությունն ազգության վոճ են ստեղծել։ Յեվ վերջապես, պետք եր համաձայնել, վոր գեղարվեստական աշխատությունն ապահովում ե գեղարվեստական վայրենացումից, գեղարվեստական կուլտուրականության ե մղում, ոգտավետ տրադիցիաներ ե ստեղծում, վոր դա մի բողոք ե հանդիսանում ընդդեմ քաղքենիական եգո-ինդիվիդուալիզմի, վորին սովորաբար յենթակա յեն լինում բավարար չափով զարգացում չունեցող արվեստագետները։ Այս տեսակետն ընդունած արվեստագետները միացան և ընկերություն կազմեցին։
Իր աշխատանքն սկսելով, ընկերության վարչությունն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, վոր նկարիչները նկարչական մատերիալ չունեն, իսկ առանց այդ մատերիալի արդյունավետ աշխատանք կատարելու մասին խոսք անգամ չի կարող լինել։
Վարչությունը միջոցներ ե ձեռք առել նկարիչներին ներկեր հայթայթելու համար։ Յերիտասարդ ընկերությունն իր ծագման սկզբից նպատակ ե դրել դեպի արվեստը դարձնել լայն ժողովրդական մասսաների ուշադրությունը և ամեն կերպ նպաստել արվեստների դեմոկրատացմանն ու պրոլետարականացմանը։ Այդ բանի համար անհրաժեշտ ե գավառներում թանգարաններ և շրջիկ պատկերահանդեսներ կազմակերպել։
Ապրիլի 21-ին բացվեց առաջին գարնանային պատկերահանդեսը։ Փոքրիշատե գեղարվեստասեր կուլտուրական քաղաքացիների համար սա մի հազվագյուտ մեծ տոն պետք ե համարել։ Աննկարագրելի ծանր պայմաններում յերբ վոչ ներկեր, վոչ քաթան, վոչ ել այլ նկարչական պարագաներ կային, նկարիչները նկարել և ցուցադրել են 309 նկար։ Անորինակելի հնարագիտությամբ աննշան քանակությամբ, պատահաբար, նկարչական պարագաներ են ճարել առասպելական գներով նյութապես անապահով նկարիչները։ Բայց չնայած այս ամենին, ինչպես ցուցադրված գործերի քանակն ու վորակն ե ապացուցում, կերպարվեստից աշխատավորներն աշխատել են առանց շահադիտական նպատակների, միայն դեպի գեղարվեստն ունեցած սիրով ղեկավարվելով, լրջորեն գիտակցելով իրենց միսսիան և պատկերահանդեսների կուլտուրական դաստիարակչական նշանակությունը։
Տվյալ պատկերահանդեսն առաջին ծիծեռնակ, փորձնական քար և մի տեսակ քննություն ե թե՛ նկարիչների և թե՛ հասարակության համար։
Գարնանային պատկերահանդեսը գալիք պարբերական պատկերահանդեսների պատվանդանն ե։ Այստեղ արվեստագետներն իրենց ուժերի մի տեսակ ստուգումն են կատարում։ Սրանով գեղարվեստական վոճերի և գեղարվեստական բագաժի ստուգում, համեմատում ե կատարվում, փոխադարձ ծանոթություն և ընդհանուր գեղարվեստական պլատֆորմ գտնելու հողն ե շոշափվում։ Այս պատկերահանդեսը գործիքներ «քոքել» և ապագա համերգների նախապատրաստում – сыгровка յե։
Պատկերահանդեսներն առհասարակ մեծ, հսկայական նշանակություն ունեն հենց իրենց՝ նկարիչների համար։ Նրա միջոցով փոխազդեցության աննկատելի և անվիճելի հոսանքներ կը ստեղծվեն. շնորհիվ այդ փոխազդեցության՝ ժամանակի ընթացքում մեր արվեստի ընդհանուր դեմքը յերեվան կը գա։
Բնության ազատ սուբյեկտիվ վերարտադրությունն ընդունելով, գեղարվեստական գործի գնահատման չափանիշ ձեվը համարելով, ընկերությունն արվեստի քաղաքացիական ծառայական դերի պաշտպան ե հանդիսանալու։ Ընկերությունը գտնում ե, վոր չկա հակագեղարվեստական բովանդակություն, վոր ամենապրոզայիկ կենցաղային սյուժեն կարելի յե գեղարվեստական ձևի մեջ դնել, վոր ամեն մի գաղափարական բովանդակությանը կարելի յե գեղարվեստական բովանդակություն՝ հետեվապես և գեղարվեստական ձև տալ։ Ընկերությունը խորապես գիտակցում ե, վոր կյանքից ու կենցաղից կտրված արվեստն ասսիմիլյացիայի նշան ե, վոր արվեստագետը պետք ե ժողովրդական մասսաների մեջ արմատավորվի, նա պետք ե այդ մասսայի ձգտումների, հույսերի, ճաշակի պերճախոս արտահայտիչը, նրա հաղթանակների յերգիչը լինի։ Բայց տվյալ պատկերահանդիսին այդպիսի պահանջներ առաջադրելը վաղաժամ ե – դա միյեվնույն ե, թե մի անծանոթ վայր նոր յեկած մարդուց այդ վայրի ճանաչողություն պահանջել։ Հայաստանի նկարիչները համարյա թե առանց բացառության յեկվորներ են։ Մեր յերկրի նոր քաղաքական պայմաններում նոր կուլտուրա, նոր կենցաղ ե ստեղծվում, պետք ե փոքր ինչ յուրացնել այդ կենցաղի բնորոշ առանձնահատկությունները, մասնակցել այդ շինարարությանը – այդ յերեվույթներն ուղիղ կերպով գեղարվեստական ձեվերի վերածելու համար։ Հետեվյալ գարնանային պատկերահանդիսում կը տեսնենք, վոր այդ ուղղությամբ աշխատանքներ են սկսված։
Այժմյան պատկերահանդիսից առայժմ կարելի յե ձեվական խնդիրների, գեղարվեստական պրոբլեմների լուծում պահանջել։ Ի դեպ, հենց սրանք են գեղարվեստական գործի գնահատման չափանիշները։ Իսկ ինչ բովանդակության ե վերաբերում, դա, ինչպես ասացինք, շուտով՝ приложится к форме. դրան են արդեն իսկ ձգտում, այդ ուղղությամբ են աշխատելու մեր նկարիչները։
Իր առաջին պատկերահանդեսը կազմակերպելով՝ ընկերությունը մասսաներին ավելի հարուստ և ավելի բազմազան նյութ մատակարարելու դիտավորությամբ համաձայնության յեկավ «Հայարտան» գեղարվեստական սեկցիայի հետ, և «Հայարտան» ներկայացուցիչ ընկ. Գայֆեճյանն այնտեղից 70 նկար բերեց, վոր 19 նկարչի վրձնի յեն պատկանում։ Մնացած 230 նկարները ցուցադրել են Յերեվանի 11 նկարիչները։ Փակվելուց հետո, պատկերահանդեսը, «Հայարտան» հետ կապված համաձայնության հիման վրա, Թիֆլիս ե փոխադրվում։ Լենինական, Ղարաքիլիսա և հանրապետության այլ վայրեր այս գարնանը փոխադրել տվյալ պատկերահանդեսին շրջիկ բնույթը տալու համար ընկերությունը չի կարող, նյութականի բացակայության պատճառով։ Այս պատկերահանդիսի ծախսերը նկարիչներն իրենց սուղ միջոցներից են հոգացել։ Յեթե Լուսժողկոմատը սիրալիր կերպով պատկերահանդիսին շենք չը տրամադրեր – պատկերահանդեսը չեր բացվի։
Առաջին գարնանային պատկերահանդեսն ամեն տեսակետից արժանի յե ուշադրության և ընկերությունը՝ հասարակության և պետական որգանների բարոյական ու նյութական ոգնության։