Նոր Նախիջևանը՝ ֆրանսիական լուսավորական ժառանգության շրջանակում․ Ռափայել Պատկանյանի տեսակետը

 

19-րդ դարի Եվրոպայի հասարակական-քաղաքական կյանքը մեծապես պայմանավորված էր Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և վերջինիս թողած ժառանգությամբ։ Մայրցամաքային Եվրոպայում պետական կառավարման ձևերը մի զգալի չափով զարգացել ու իրենց արդի տեսքն են ստացել մի կողմից այս ժառանգությամբ պայմանավորված հեղափոխական հետագա տեղաշարժերի և մյուս կողմից դրա հիմքում ընկած լուսավորական գաղափարների հետ սերտ կապի մեջ։ 19-րդ դարի եվրոպական քաղաքական մտքի ամենատարբեր ճամբարների ներկայացուցիչները՝ պահպանողականներն ու ուտոպիստ-սոցիալիստները, ռոյալիստներն ու ազատականները ֆրանսիական լուսավորիչների՝ Վոլտերի, Ռուսոյի, Դիդրոյի, Դալամբերի և այլոց, փիլիսոփայական սկզբունքներն էին համարում նրանցից շուրջ մեկ դար անց ձևավորված նոր աշխարհակարգի հիմքը։

19-րդ դարի 50-60-ական թվականներին ֆրանսիական լուսավորության քաղաքական փիլիսոփայության զգալի ներկայությունը նշմարվում է նաև արևմտահայ և արևելահայ մտավոր իրականության մեջ։ Ռուսական և Օսմանյան կայրսությունների միջև բաժանված հայության մտավորական շրջանակներում այս գաղափարների հետ էր հաճախ կապվում հայ իրականությունն արդիականացնելու, հայ ժողովրդին արդի ազգ դարձնելու հույսերն ու ծրագրերը. ձգտումներ, որոնք առավելապես մնում էին լավագույն դեպքում կիսատ իրագործված և չէին ստանում որևէ շոշափելի քաղաքական-հասարակական դրսևորում։ Այս լույսի տակ ուշագրավ է Ռափայել Պատկանյանի փոքրիկ դիտարկումը Նոր Նախիջևանի հայ գաղութի ձևավորման պատմության վերաբերյալ։ Պատկանյանը ոչ թե ապագայի քաղաքական ծրագրերն է կապում ֆրանսիական լուսավորիչների թողած ժառանգության հետ, այլ քաղաքական որոշակի ինքնուրույնություն վայելող հայկական գաղութի պատմության մեջ է տեսնում այդ փիլիսոփայական մտքի ներկայությունը։ Հեղինակը պնդում է, որ «էնցիկլոպեդիստների» քաղաքական մտքին ականջալուր լինելու արդյունքում է Եկատերինա կայսրուհին ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ էին տալիս յուրաքանչյուր ժողովրդին ընտերել սեփական օրենքներ։ Այս իրողությունից ոգեշնչված են, ըստ Պատկանյանի, «մեր պապերը» հիմնել Նոր Նախիջևանի գաղութը։ Պատմականորեն հավաստի, թե ոչ, Պատկանյանի աչքում Նոր Նախիջևանի հայ արտոնյալ գաղութի գոյությունն ինքը, թեկուզ և միջնորդավորված եղանակով որոշակիորեն պայմանավորված է ֆրանսիական լուսավորության գաղափարներով։

Հրապարակվում է ըստ՝ Ռափայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հ. 5 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1968), էջ 260-261։

 

Նոր Նախիջևանի հիմնարկության պատմությունը

Նախիջևանի հասարակի կազմության մի հանգամանք ևս մեծապես նպաստամատույց եղավ, որի վրա մենք այնքան ուշադրություն չենք դարձրել, որքան որ պետք էր: Կարդացողին ձանձրություն չպատճառելու համար, ես կարճ խոսքով կմեկնեմ այդ հանգամանքի որպիսությունը, որ մի օր մեծ լույս պիտի ծագե մեր տեղական պատմության վրա, մանավանդ անցյալին:

Ինչպես շատերուն հայտնի է, XVIII դարը երևելի է ֆրանսիական ազգի մեջ մի նոր փիլիսոփայություն ծագելով, որ նախապատրաստեց ստրկացած ժողովրդին պահանջել թագավորներեն հպատակներու համար այնպիսի օրենքներ, որով կարող լինեին նոքա առավել երջանիկ վիճակի հասնելու: Այդ փիլիսոփաները պատմության մեջ հայտնի են էնցիքլոպեդիստներ (encyclopediste) ընդհանուր անունով, որոնց մեջ գլխավորներն էին՝ Վոլթերը, Ժան–Ժաք Ռուսսոն, Դալամբերը, Դիդրոն, Մոնթեսքյուն և հարյուրավոր ուրիշները, որոնք մերձավոր բարեկամ և մշտական թղթակից էին մեծ Եկատերինեին, և միշտ խորհուրդ կուտային նորան փոխել յուր հպատակների կառավարության ձևը: Երբ որ գրեթե Եվրոպայի ամեն թագավորներն կհալածեին այդ փիլիսոփաներուն, միմիայն հեռատես Եկատերինե կայսրուհին հասկացավ նոցա իմաստուն գաղափարները: Նոցա տված շատ ուրիշ խորհրդների մեջեն իմաստուն կայսերուհին երկու բանի վրա առանձին ուշադրություն դարձուց: Նախ՝ բազմացնել յուր հպատակներու թիվը, և երկրորդ՝ տալ նոցա այնպիսի կառավարություն, որ մոտիկ լիներ նոցա առօրյա պիտույքին, սովորությանց և մտավոր զարգացման, և այդ նպատակավ նա հրատարակեց «Հրահանգ նոր օրենսդրության» գրվածքըս, որի իմաստը այն էր, որ ամեն ժողովուրդ յուր երեսփոխանների ձեռքով ինքը գրե իրեն հարկավոր օրենքները և յուր ընտրած մարդոցմով կառավարվի: Այս բանի հիման վրա է, որ մեր պապերը հրապուրվեցան թողնել Խրիմը և Ռուսաստան գաղթել, և բարեխոսությամբ ու գործակցությամբ Արղության Հովսեփ արքեպիսկոպոսին և վեհազնյա Լազարյանց, ինչպես կերևի պատմական աղբյուրներեն, ստացան իրենց հռչակավոր արտոնագիրը, որն բերեց նոցա Պետրոս վարդապետը և նորա հետ գնացած ուրիշ երեսփոխաններ, և որով կառավարվեցան նոր նախիջևանցիք մոտիմոտո 80–85 տարի: