1920 թվականի հեղափոխությունը քաղաքական նոր պայմանների հաստատումից զատ Խորհրդային Հայաստանում նշեց մշակույթի ու կենցաղի վերափոխման խորհրդային հեղափոխական նախագծի մեկնարկը: Առանցքային հարց էր, թե նոր՝ արդեն խորհրդային երկրում երբ էր վերջնականապես հաստատվելու նոր՝ կոմունիստական կենցաղ: Ստորև ներկայացվող 1923 և 1928 թվականներին լույս տեսած տեքստերը մեծ հաշվով այս հարցին տրված պատասխաններ կարող ենք համարել: Դրանք բյուրեղացնում են 1920-ականների սկզբին և արդեն տասնամյակի երկրորդ կեսին քաղաքական միջամտությամբ նոր կենցաղի խնդիրը լուծելու երկու սկզբունքորեն տարբեր քաղաքականություններ: Եթե 1920-ականների սկզբին հին մեծամասնական գործիչները հակված էին քաղաքական միջոցներից առավել, տնտեսական հարաբերությունների վերակազմակերպումը հիմք ընդունելով, տեղ տալ երկարաժամկետ գործնական աշխատանքով սոցիալ-կենցաղային հարաբերությունները վերափոխելու հնարավորությանը, ապա 1920-ականների երկրորդ կեսին մեկնարկած ստալինյան առաջին հնգամյակը սահմանեց քաղաքական օրենքով հաստատված կենցաղն ու մշակույթն արմատախիլ անելու սկզբունքը։
1923 թվականի հոդվածում ակներևաբար կենցաղի խնդրի քննարկումն արդեն իսկ մեկնարկում է քաղաքական նոր իրադրության ուղեծրում, որտեղ կենցաղի հեղաշրջումն ակնկալվում էր իբրև «լրում» տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության: Սակայն արդեն կատարված քաղաքական հեղափոխության և դեռևս սպասվող կենցաղի հեղաշրջման միջև էր, որ հաստատված էին շարունակում մնալ հին վարքուբարքի ձևերը: Նախկին հասարակարգերի արդյունք համարվող կենցաղը քաղաքական ու տնտեսական նոր փոխհարաբերությունների պայմաններում տեղ չէր կարող ունենալ. հոդվածագրի իսկ պնդմամբ սա «մի մեծ ճշմարտություն» էր: Սակայն ինքնին քաղաքական այս «ճշմարտությունը» 1920-ականների սկզբին ստանում էր առանցքային մի լրացում՝ «կենցաղը որերի ու ամիսների ընթացքում չե, վոր ստանում ե վորոշ կաղապար»: Այս վերապահումն էր հենց, որ տասնամյակի սկզբում հնարավոր էր դարձնում քաղաքականապես ամրագրված սոցիալ-տնտեսական եղանակներով նոր ձև տալ հաստատված կենցաղին:
Հստակ գիտակցումը, որ տարիների ընթացքում ձևավորված կենցաղի պայմաններում հինը ջնջելու և նորը ստեղծելու համար ժամանակ էր հարկավոր, էապես նվազեցնում էր ուղիղ քաղաքական որոշումներով ու օրենքների հարկադիր կատարմամբ խնդիրը լուծելու հնարավորությունը՝ տեղ բացելով նոր կենցաղի հաստատմանն ուղղված հետևողական ու երկարատև հասարակական ու գաղափարական աշխատանքի համար: Այս աշխատանքն էր ենթադրում քաղաքացիական կյանքի կազմակերպմանն ուղղված օրենքների ներդրմանը զուգահեռ «համայնական կյանքի» ձևեր հաստատելուն միտված գործնական քայլերին դիմելը (հասարակական սննդի կազմակերպում, մանկապարտեզների բացում և այլն):
Սակայն 1920-ականների սկզբին արդեն «նահապետական կենցաղի» ու Հայաստանին հատուկ համարվող «ասիական մթնոլորտի» պախարակումն այն կետն էր, որով 1920-ականների երկրորդ կեսին սկսեց հիմնավորվել հին կենցաղի վերափոխումը նույն այդ կենցաղն արմատախիլ անելու սկզբունքով փոխարինելու ստալինյան առաջին հնգամյակի ծրագիրը: 1928 թվականին Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի լույս ընծայած գրքույկը հեղափոխությամբ ազդարարված կենցաղի հեղաշրջման ավարտն էր նշում: Սովորույթներն՝ իբրև ցեղակցական հարաբերություններով պայմանավորված միջնադարյան կարգերի հետ կապված երևույթներ, այժմ ըմբռնվում էին իբրև Միության ազգային հանրապետություններին բնորոշ կենցաղային հանցանքներ, որոնք հետապնդվում էին օրենքով: Սովորույթների քրեականացումը գլխիվայր շրջեց օրենքի և կենցաղի հարաբերությունը. այժմ ոչ թե օրենքն էր կոչված նպաստելու կենցաղի ու սովորույթների վերափոխմանը, այլ օրենքն էր այն սահմանված չափանիշը, որին արդեն հարկադրանքի ուժով պետք է համապատասխաներ կենցաղը:
Ներկայացվող բնագրերը հրապարակվում են ըստ՝ «Նոր կենցաղ», Մարտակոչ, 30 սեպտեմբերի 1923 թ. և Կենցաղային հանցանքները ՀԽՍ Հանրապետության մեջ (Երևան: Ա. հ., 1928):
Մեր կուսակցության կենտրոնական «Պրավդա» թերթում ընկեր Տրոցկու տպագրված մի շարք բանասիրականները, վորոնց մեջ շոշափվում են նոր կենցաղի, կոմմունիստական կենցաղի հարցերը, մեծ արձագանք գտան թե կոմմունիստական մամուլում և թե առհասարակ բանվորական լայն շրջաններում։ Մի շարք քաղաքներում – Բագու, Յեկատերինբուրգ, Մոսկվա, Սևաստոպոլ, Սամարա և այլն – տեղի յեն ունենում բանվորական ժողովներ, քննվում բանվոր դասակարգի արդի կենցաղը և այն հեղաշրջումը, վոր մեր կենցաղը պետք ե կրե՝ ի լրումն բանվորա-գյուղացիական հեղափոխության։
Մենք գիտենք, վոր ամեն մի կենցաղ տնտեսական փոխհարաբերությունների արդյունք ե, վոր ամեն մի շրջանի տնտեսական կյանքը խորը կնիք ե դրել այդ շրջանի գիտակցության, կենցաղի վրա։ Այստեղից պարզ ե, վոր ավատական ու կապիտալիստական իրավակարգերը, լինելով արդյունք ստրկական ու մասնավոր-սեփականատիրական փոխհարաբերությունների, այն աղբյուրներն են, վորոնք ստեղծել են արդի կենցաղը և վորոնք մեր իրավակարգում, քաղաքական ու տնտեսական նոր փոխհարաբերությունների մեջ տեղ չպետք ե ունենան։ Սա մի մեծ ճշմարտություն ե՝ մի լրացումով հանդերձ, վոր կենցաղը որերի ու ամիսների ընթացքում չե, վոր ստանում ե վորոշ կաղապար, այլ յերկար տարիների արդյունք ե և արգասիք մի շարք ապրումների։
Ի հարկե, այստեղից պետք ե յեզրափակել, վոր մեր ներկա կենցաղը չե համապատասխանում մեր կոմմունիստական պայմաններին։ Յեվ յեթե մանրազննին հայացք ձգենք մեր արդի կենցաղի վրա, կը տեսնենք, վոր այս 6 տարին, Հոկտեմբերյան հեղափոխությունից մինչև այսոր, խորհրդային աշխատավորությունը վորոշ չափով շեղվել ե իր անցյալ կենցաղից։ Ասում ենք վորոշ չափով, վորովհետև այնտեղ, ուր կենցաղը կազմակերպվել ե ու ձևավորվել տարիների ընթացքում, ի հարկե, վեց տարին չնչին ժամանակակիջոց ե՝ հինը ջնջելու և նորը ստեղծելու։
Խորհրդային իշխանությունը ստեղծել ե մի շարք քաղաքացիական իրավակարգեր, վորոնք չեն կարող վորոշ չափով չփոխել մեր կենցաղը։ Վերցնենք քաղաքացիական ամուսնությունը, ծննդի, մահվան, հղիության ցուցակագրությունը։ Վերցնենք կնոջ տնտեսական ու քաղաքական ազատությունը։ Վերցնենք ապահարզանի ազատ իրավունքը, ամուսինների իրարից անկախ լինելը։ Դարերի ընթացքում կղերական ու ավատական նեխված մթնոլորոտում, ուր ամեն ինչ կատարվում եր գոյություն չունեցող աստծու և հզոր տիրոջ անունից և ուր թե աստված և թե նրա անունով սպառնացող սարսափներն ստեղծված եյին աշխատավորությունը ստրուկ պահելու համար, աշխատավոր մարդը, կորցնելով իր կամքն ու բթացնելով իր միտքը, իր կենցաղն ել հարմարացրել եր ստրկական պայմաններին։ Քիչ ժամանակ հարկավոր չե, վոր բթացած ու ստրկացած և հետամնաց աշխատավորությանը կարելի լինի դուրս քաշել իրեն շրջապատող մտավոր խավարից։ Սակայն այդ ժամանակը կը գա և կը գա մեր հեղափոխական շրջանում ավելի շուտ, քան յերբևե։
Հին կենցաղն ունի և շատ այլ նահապետական կողմեր։ Բոլորի վրա կանգ առնել մի հոդվածում դժվար ե, բայց մենք կը շոշափենք մի քանի որինակներ ել։ Մեր ասիական մթնոլորտում դեռևս գոյություն ունի մի տեսակ գարշանք դեպի հասարակական սնունդը։ Մինչդեռ նորագույն պայմաններում, ի հարկե, նա պետք ե լայն ծավալ ստանա, վորովհետև վոչինչ այնքան չե ստրկացնում, կաշկանդում կնոջը, քան խոհանոցը, ուր նա անց ե կացնում իր կյանքի մեծագույն մասը։ Նույնը կարելի յե ասել և հասարակական դաստիարակության մասին։ Շատ մարդիկ նույնիսկ մեր կոմմունիստական բարձր շրջանում, դժվարանում են իրենց յերեխաներին տալ հասարակական մանկական տուն, մանկական պարտեզ։ Մինչդեռ կոմմունիստական կենցաղի տեսակետից՝ թե հասարակական հավաքական սնունդը, թե հասարակական մանկական տունը խոշոր նշանակություն են ունենալու։ Մեկում ընտանիքն ազատվում ե իր առորյա հոգսերից, մյուսում՝ մանուկը շատ վաղ սովորում ե հասարակության մեջ ապրել, հասարակական մտածելակերպով ու հասարակական հոգսերով համակվել։
Այս բոլոր հարցերում կոմմունիստական աշխատավորությունը մեծ դեր ունի կատարելու։ Նա պետք ե կրթի իր ընտանիքը՝ կոմմունիստաբար մտածելու, ասում ենք պետք ե կրթի ընտանիքն այն իմաստով, վոր տարաբաղդաբար կինը դեռ ևս ավելի հետամնաց ե, քան տղամարդը։ Կոմմունիստական աշխատավորը պետք ե դեռևս մաքառե գոյություն ունեցող հոգևորականության ազդեցության դեմ, ազատելով իր ընտանիքը յեկեղեցու ու հոգևորականության հմայքից։ Նա՝ այդ միևնույն աշխատավորը պետք ե իր առտնին կյանքում մտցնի համայնական կյանքի տարրերը, նա պետք ե աշխատի լինել հավաքական կյանքի մի մասնիկը, ապրել հավաքական աշխարհայացքով ու ապրումներով։ Այդ պայմաններն ահա կը նպաստեն մեր նոր կենցաղի, կոմմունիստական կենցաղի շուտափույթ մարմնացմանը։ Մի յերևույթ, վոր անպայման կատարվելու յե, իբր արդյունք տնտեսական նոր փոխհարաբերությունների և վորը կարելի յե արագացնել լոկ կոմմունիստների ու գիտակից աշխատավորության յեռանդուն ու ջերմ աջակցությամբ։
Կենցաղային հանցանքները, վորպես հին կյանքի տնտեսական ու կենցաղային պայմանների (ցեղ, միջնադարյան կարգեր) հետ կապված յերևույթ, կատարվում են մեր Միության ազգային շատ շրջաններում։ Այս բրոշյուրի մեջ մենք կխոսենք միայն այն կենցաղային հանցանքների մասին, վորոնք ուղղված են կնոջ ազատության և նրա արժանապատվության դեմ։
Ներկայումս աշխարհում միայն մի յերկիր կա, վորի որենքները վճռականապես ազատում են բանվորուհուն ու գեղջկուհուն այն բոլոր ասպարեզներում, վորտեղ նրանց ճնշել և այժմ ել ճնշում են բուրժուական որենքները։ Այդ – Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունն ե։ Յեվ այդ հասկանալի յե։ Կապիտալիզմը հիմնված ե աշխատավորների ստրկացման ու շահագործման վրա և չի կարող չճնշել կնոջը։ Իսկ բանվոր դասակարգը, ընդհակառակը, գիտե, վոր ստրկությունից ու շահագործումից լիովին ազատագրվելու համար անհրաժեշտ ե վոչնչացնել նաև կնոջ իրավազրկությունը՝ ինչ ձևով ել վերջինը արտահայտվելիս լինի։ Յեվ, իրոք, խորհրդային իշխանության առաջին իսկ որերից կինը – բանվորուհին ու գեղջկուհին – մեր որենքների համաձայն լիակատար իրավահավասարություն ստացավ։
Ն. Լենինը ասել ե. «Կնոջը բացարձակապես ստորադրյալ վիճակի մեջ դնող որենքներից խորհրդային հանրապետության մեջ քարը քարի վրա չի մնացել, և մենք հպարտությամբ, առանց չափազանցության կարող ենք ասել, վոր բացի խորհրդային Ռուսաստանից աշխարհում չկա ուրիշ վոչ մի յերկիր, վորտեղ կնոջ լիակատար իրավահավասարություն լինի, և վորտեղ կինը ստորացված չլինի, հատկապես ընտանեկան կյանքում»։ (1919 թ. Մոսկվայի աշխատավորուհիների կոնֆերենցիայում արտասանած ճառից)։
Այսպես են մեր խորհրդային այն որենքները, վորոնք վերաբերում են կնոջը։ Չե՞ վոր բավական չե լավ որենքներ հրատարակելը. անհրաժեշտ ե, վորպեսզի այդ որենքները իսկապես կիրարկվեն կյանքում։ Իսկ մենք գիտենք, վոր միշտ այդպես չի լինում։ Մենք այստեղ չենք խոսում այն դեպքերի մասին, յերբ կնոջ պաշտպանության համար հրատարակված որենքները ուղղակի խախտվում են մասնավոր և յերբեմն նաև պաշտոնատար անձանց կողմից։
Այս տեսակետից խորհրդային որենքի պաշտպան ե հանդիսանում դատախազությունը, վորը կռվում ե որենքի վերոհիշյալ խախտումների դեմ։
Մենք այստեղ նկատի ունենք այն ոբյեկտիվ արգելքները, վորոնք կանգնած են կնոջ լիակատար ազատագրության ճանապարհի վրա և կապված են կյանքի տնտեսական ու կենցաղային պայմանների հետ։ Դրանք – այսպես կոչված՝ հին կենցաղի (ցեղ, միջնադարյան կարգեր) մնացորդներն են։ Հայտնի յե, վոր մեր Միության շատ ազգային շրջաններում, մասնավորապես, ԱՍՖԽՀ կազմի մեջ մտնող հանրապետություններում (Ադրբեջան, Վրաստան և Հայաստան) մինչև այժմ ել գոյություն ունեն կենցաղային և կրոնական սովորություններ, վորոնք հազարավոր տարիների ընթացքում ճնշել են աշխատավոր կանանց։ Այդ սովորությունները այժմ ել դեռ դժվարացնում, խանգարում են կնոջ ազատագրության գործը։ Անցյալից մեզ ժառանգություն մնացած այնպիսի սովորությունները, ինչպես՝ ղալիմը, բազմակնությունը, վաղաժամ ամուսնությունը, կնոջը՝ հետն ամուսնանալու նպատակով փախցնելը և այլն, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը և նրան զրկում են տարրական ազատությունից. կնոջ հետ վարվում են հակառակ նրա ցանկության ու կամքի, նյութական շահ ստանալով ի հաշիվ նրա ազատության։ Իզուր չեր, վոր ԽՍՀՄ Կենտգործկոմը անհրաժեշտ համարեց հատուկ կոչով դիմել Արևելքի ժողովուրդներին, առաջարկելով անշեղ կերպով հետևել, վորպեսզի կյանքում կիրարկվեն կանանց իրավունքները պաշտպանող որենքները, կռվել կնոջ ստրկացման բոլոր տեսակների դեմ և միջոցներ ձեռք առնել նրանց հասարակական ու քաղաքական կյանքին մասնակից դարձնելու համար։
Նկատի ունենալով այդ ակտի հսկայական նշանակությունը, բերենք նրա բովանդակությունը.
Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը, – ասված ե այդ կոչի մեջ, – վոչնչացրեց ցարի, կապիտալիստների, բեդերի (կուլակների) իշխանությունը և ազատագրեց խորհրդային Արևելքի ճնշված ժողովուրդներին ազգային ճնշումից։ Բանվորա-գյուղացիական իշխանությունը մաքրեց ժողովուրդների յեղբայրական համագործակցության ճանապարհը և նրանց համախմբեց՝ կազմելով ԽՍՀ Միություն։
Հետևելով ճնշված ժողովուրդների մեծ առաջնորդ և բարեկամ Լենինի ավանդներին, խորհրդային իշխանությունը նպատակ ե դրել բարձրացնել, զարթեցնել աշխատավոր բնակչության ամենից ավելի ստրկացած տարրերին – Արևելքի աշխատավորուհիների բազմամիլիոն մասսային և նրանց մասնակից դարձնել նոր կյանքի կառուցման գործին։
Խորհուրդների հանրապետությունը դեռ Հոկտեմբերյան հեղափոխության որերին հռչակեց կնոջ լիակատար ազատագրության լոզունգը։ Դանդաղ, սակայն անշեղ կերպով բանվորա-գյուղացիական կառավարությունը վերջին տարիների ընթացքում գործնական միջոցներով իրականացրեց կանանց փաստական իրավահավասարությունը։
Հեղափոխության ազատագրական ազդեցության տակ արդեն շարժվել են արևելյան ժողովուրդների կին մասսաները, միլիոնավոր աշխատավորների առաջ խնդիր ե դրված ամեն կերպ աջակցել և ոժանդակել կնոջ ազատության գործին։
Սակայն, կենցաղային և կրոնական նախապաշարմունքները (սովորույթի իրավունք, ադաթ, շարիաթ), վորոնք առանձին ուժով ստրկացնում են Արևելքի ժողովուրդների կանանց, դժվարացրել և դժվարացնում են Արևելքի աշխատավորուհու ազատագրության գործը։
Արևելքի կնոջը վերջնականապես ազատագրելու համար անհրաժեշտ ե նրա ազատագրության գործին մասնակից դարձնել Արևելքի ժողովուրդների լայն մասսաներին։ Ուստի, ԽՍՀՄ Կենտգործկոմը անհրաժեշտ ե համարում ազգային հանրապետությունների և ինքնավար մարզերի ամբողջ բնակչության ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, վոր մինչև այժմ դեռ ուզբեկ ու թուրք, ղրղըզ ու կալմիկ, թուրքմեն ու մոնղոլ, յակուտ ու բուրիաթ և խորհրդային արևելքի մյուս կանայք չեն ազատագրված դարավոր ճնշումից, վորը հիմնված ե հին սովորույթների վրա, և բավարար չափով չեն գրավված խորհրդային պետություն կառուցողների շարքերը։
ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահությունը կոչ ե անում խորհրդային Արևելքի բոլոր ազգությունների աշխատավորներին անշեղ հետևել, վորպեսզի կյանքում կիրարկվեն այն որենքները, վորոնք պաշտպանում են կնոջ իրավունքները, պայքարել նրա սրտկացման բոլոր ձևերի դեմ և ձեռք առնել բոլոր միջոցները Արևելքի աշխատավորուհուն մասնակից անելու հասարակական ու քաղաքական կյանքին՝ պետական աշխատանքի բոլոր աստիճաններում։
ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահությունը, ցանկանալով ոգնել Արևելքի ճնշված կնոջը իր ազատագրության համար մղվող պայքարում, անհրաժեշտ ե համարում նորից հիշեցնել ու բացատրել Արևելքի կնոջը այն իրավունքները, վորոնք տրված են յեղել նրան դեռևս Հոկտեմբերյան մեծ հեղափոխության առաջին որերին և հետագայում ձևակերպվել են խորհրդային որենսդրությամբ։
ԽՍՀՄ Սահմանադրության համարձայն Արևելքի կինը վայելում ե խորհրդային իշխանության բոլոր մարմինների մեջ ընտրելու և ընտրվելու իրավունք, բացառություն չեն կազմում նույնիսկ ամենաբարձր պետական հիմնարկությունները։ Աշխատավոր կինը պետք ե ոգտագործի այդ իրավունքը, նա պետք ե մասնակցի խորհուրդների ընտրությանը և ակտիվ կերպով աշխատի այն բոլոր կազմակերպություններում, վորոնց անդամ կընտրվի նա։
Արևելքի կինը տղամարդկանց հետ հավասար վայելում ե քաղաքացիական բոլոր իրավունքները և կրում ե Քաղաքացիական Որենսգրքով սահմանված պարտականությունները։ Նրան իրավունք ե տրվում ազատ կերպով իր համար այս կամ այն զբաղմունքն ու արհեստը ընտրելու, գույք ձեռք բերելու և ոտարելու և որենքով սահմանված պարտավորությունները հանձն առնելու։
Որենքը խիստ կերպով պատժում ե այն բոլոր անձանց, վորոնց թվում նաև մերձավոր ազգականներին, վորոնք կնոջը հարկադրում են ամուսնանալու իր կամքի հակառակ կամ նախքան չափահաս դառնալը։
Որենքը նմանապես պատժում ե կնոջ հետ ամուսնանալու նպատակով նրան փախցնողին, գլխագին (ղալիմ) տվողին, մի քանի կին առնողներին և այլն. այս յերևույթները կնոջ դարավոր ճնշման մնացորդներն են, վորոնք արգելք են հանդիսանում նրա կուլտուրական ու քաղաքական զարգացման և առաջադիմության գործում։
Բուրժուական որենքը խտրություն ե դնում որինական և ապորինի զավակների միջև. խորհրդային իշխանությունը, վերջ տալով այդ խտրությանը, բոլոր զավակներին հավասար իրավունք ե տալիս, իսկ կնոջը իրավունք ե վերապահում յերեխայի հորից նյութական ապահովություն պահանջելու, անկախ այն հանգամանքից, թե այդ յերեխան տոմարագրված կամ չտոմարագրված ամուսնությունից ե ծնվել, թե՞ պատահական կենակցությունից։
Միաժամանակ, ցանկանալով ոգնության գալ Արևելքի կնոջը իր զավակներին խնամելու գործում և մայրերի առողջությունը պահպանելու նպատակով՝ խորհրդային իշխանությունը ազգային հանրապետությունների ու մարզերի բնակչությանը կոչ ե անում կազմակերպելու մոր և մանկան տներ, մսուրներ, մանկատներ, գաղութներ, մանկաբարձական կայաններ և այլն և յեղածները պահպանել, պետական բոլոր մարմինների միջոցով ամեն կերպ աջակցելով ու օժանդակելով նրանց։
Կազմակերպելով բնակչության մայրենի լեզվով դասավանդող դպրոցների ու կրթական այլ հիմնարկների ցանց, խորհրդային իշխանությունը կոչ ե անում ազգային հանրապետությունների ու մարզերի բնիկ ազգաբնակությանը՝ յերիտասարդ սերունդը դաստիարակել կանանց ազատագրական պայքարի վոգով և աղջիկներին տղաների հետ հավասարապես տալ ընդհանուր պրոֆեսիոնալ դպրոցներ, մասնակից դարձնել ակումբների և կրթական այլ հիմնարկների, ինչպես նաև պիոներական ու պատանեկական կազմակերպությունների աշխատանքներին։
Ընդունելով, վոր կնոջ լիակատար ազատագրությունը, հնարավոր ե միայն նրա տնտեսապես անկախ լինելու դեպքում, խորհրդային իշխանությունը կոչ ե անում տեղական հասարակական կազմակերպություններին ել ավելի մեծ չափերով կանանց գրավել արտադրական արտելների և տեղական արդյունաբերական ձեռնարկությունների մեջ։
Խորհրդային իշխանության մարմինները ամբողջ գիտակից բնակչության աջակցությամբ պետք ե ոգնեն աշխատավորուհուն, վորպեսզի նա դառնա խորհուրդների ու գործկոմների, արհեստակցական ու կոոպերատիվ կազմակերպությունների, փոխօգնության կոմիտեների և հասարակական այլ կազմակերպությունների ակտիվ անդամը և հնարավորություն ստանա, վորպես դատավոր, ժողատենակալ, դատապաշտպանների կոլլեգիայի անդամ կամ դատախազ, մասնակցություն ունենալու կնոջ իրավական դրությանը վերաբերող հարցերի լուծման մեջ։
ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահությունը առաջարկում ե բոլոր մարմիններին լայն չափերով իրազեկ դարձնել ազգային հանրապետությունների ու մարզերի կանանց այն իրավունքների մասին, վոր Հոկտեմբերյան հեղափոխությունը տվել ե նրանց, այլ և այն մասին, թե ինչ ձևով պետք ե պայքարել այդ իրավունքները խախտողների դեմ, համաձայն խորհրդային որենքների. (ԽՍՀՄ Որ. Ժող. 1925 թ. № 9):
Այսպիսով, հին կենցաղի մնացորդների դեմ մղվող պայքարը կուսակցական մարմինների և խորհրդային իշխանության հերթական անելիքն ե։ Վորքան աշխատավոր մասսաները շուտ ազատագրվեն ցեղական-ընտանեկան հին հարաբերություններից, հին կենցաղի մնացորդներից, այնքան ավելի մեծ հաջողությամբ նրանք առաջ կը շարժվեն սոցիալիստական շինարարության ուղիով։
Այս բրոշյուրի մեջ մենք կանգ կառնենք հին կենցաղի այն մնացորդների վրա, վորոնք գոյություն ունեն մեզանում – Հայաստանում, ինչպես նաև այն միջոցների վրա, վորոնց նպատակն ե վերացնել այդ մնացորդները։
Խորհրդային Իշխանությունը Հայաստանում այդ յերևույթների դեմ պայքարում ե մի կողմից՝ քրեական ներգործության միջոցներով, յերբ կենցաղային հանցանքները արդեն կատարված են, մյուս կողմից՝ կուլտուրական-սոցիալական միջոցներով, այսինքն՝ միջոցներ ե ձեռք առնում կնոջ կուլտուրական մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրա նյութական դրությունը բարելավելու համար։
Ա. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ.
I. Կնոջը՝ նրա կամքին հակառակ հետն ամուսնանալու նպատակով առեվանգելու (փախցնելու) համար կիրարկվում ե ազատությունից զրկել մինչև յերկու տարի ժամանակով։
Սոցիալական պաշտպանության նույն միջոցներն են կիրարկվում նաև մեղսակիցների նկատմամբ. (ՀՍԽՀ Քրեական Որենս. 188 հոդված)։
Մինչև այժմ ՀՍԽ Հանրապետության սահմաններում բնակվող քուրդ, թուրք, յեզիդ և մասամբ նաև հայ բնակչության մեջ գոյություն ունի տեղական սովորություն, վորի համաձայն կանանց առևանգում են, այսինքն՝ փախցնում են նրա կամքին հակառակ հետն ամուսնանալու համար։
Խորհրդային իշխանությունը, նկատի ունենալով, վոր այդ յերևույթը տարածված ե գյուղական կյանքում, խստորեն պայքարում ե նրա դեմ. կուլտուրական-կրթական միջոցների հետ միաժամանակ իշխանությունը սոցիալական պաշտպանության միջոցներ ե կիրարկում կնոջը փախցնողի նկատմամբ։
Դեռ ևս 1927 թ. Հ. Ս. Խ. Հ. Կենտգործկոմը Քրեական Որենսգրքի մեջ մտցրեց հատուկ հոդված, վորի համաձայն այն անձինք, վորոնք կնոջը փախցնում են հակառակ նրա կամքի հետն ամուսնանալու համար, յենթարկվում են ազատազրկության մինչև յերկու տարի ժամանակով։ Այս որենքը հրատարակելուց առաջ ել մեր դատարանները առիթ ունեյին պայքարելու կանանց առևանգելու յերևույթի դեմ, և փախցնողներին համարում եյին վորպես կնոջը բռնությամբ և ապորինաբար ազատությունից զրկողներ, նրանց յենթարկելով ազատազրկության մինչև մեկ տարի ժամանակով։ Պետք ե նշել նաև այն հանգամանքը, վոր դատարանը, նպատակ ունենալով պաշտպանելու կնոջ ազատությունը և պայքարելով վերոհիշյալ յերևույթի դեմ, չեր կարող նկատի չունենալ այս հարցի նաև կենցաղային կողմը։ Քիչ չեր պատահում, յերբ փախցնելը միայն ձևական բնույթ եր կրում և փաստորեն ուղղված եր լինում ծնողների դեմ, վորոնք չեյին կամենում համաձայնություն տալ իրենց աղջկա ամուսնությանը փախցնողի հետ։ Այսպիսի դեպքերում նպատակահարմար չեր լինի քրեական գործ սկսել կնոջը փախցնողի դեմ, քանի վոր կինը փաստորեն համաձայն եր ամուսնանալու իրեն փախցնողի հետ։ Ընդհակառակը, այն դեպքում, յերբ իսկապես բռնություն եր կատարվում փախցրած կնոջ կամքի և անձի դեմ, թեկուզ ծնողները համաձայն լինեյին հաշտվելու առևանգման փաստի հետ՝ ամուսնության միջոցով ձևակերպելով կատարված դեպքը, դատարանը քերական գործ եր սկսում փախցնողի դեմ, և դատական գործերը հաճախ ցուցադրական բնույթ եյին կրում ագիտացիայի նպատակով։
Իրենք – գյուղացիները և գեղջկուհիները մասնակցում եյին այդ դատավարություններին, վորպես ժողովրդական ատենակալներ, իսկ հասարակական կազմակերպությունները իրենց կողմից նշանակում եյին հասարակական ամբաստանողներ (մեղադրողներ). դատարանի վճիռները վոչ միայն հայտարարվում, այլ և բացատրվում եյին մասսաներին։ Դատարանները սոցիալական պաշտպանության միջոց ընտրելիս նկատի եյին ունենում այն հանգամանքը, թե փախցնելուց հետո կինը յենթարկվել ե բռնաբարման, թե վոչ. բռնաբարման դեպքում կիրարկվում եյին նաև այն համապատասխան որենքները, վորոնց համաձայն պատասխանատվության են յենթարկվում այս կամ այն հանգամանքներում կնոջ հետ սեռական հարաբերություն ունեցողները։
Սոցիալական պաշտպանության նույն միջոցները կիրարկվում են նաև հանցագործության մասնակիցների վերաբերմամբ. մասնակից (դրդիչ և ոժանդակիչ) են համարվում այն անձինք, վորոնք իրենց խորհուրդներով, ցուցումներով, միջոցներ տրամադրելով և արգելքները վերացնելով աջակցում են և նպաստում հանցագործությունը գլուխ բերելուն և հանցավորին կամ հանցանքի հետքերը թագցնելուն։
II. Ծնողների, խնամակալների կամ ազգականների կողմից ամուսնական տարիքի հասած կնոջը իր կամքին հակառակ ամուսնանալուն բռնադատելու համար կիրարկվում ե ազատությունից զրկելը մինչև յերկու տարի ժամանակով։
(ՔՐ. ՈՐ. 189 ՀՈԴՎԱԾ։)
Ամուսնական տարիքի հասած աղջիկներին նրանց կամքին հակառակ ամուսնացնելու սովորությունը մինչև այժմ ել գոյություն ունի թուրքերի, քրդերի, ասորիների, յեզիդների, իսկ մի քանի կուլտուրապես հետամնաց շրջաններում (Դարալագյազ, Շամշադին, Աբարան և այլն) – նաև հայերի մեջ։ Այս յերևույթը այն հին կենցաղի մնացորդն ե, յերբ կնոջ ծնողները, խնամակալները կամ ազգականները, ինչպես կամենում, այնպես ել վարվում եյին նրա հետ, ամուսնացնում եյին նրան՝ ում հետ իրենք եյին ցանկանում, նյութական շահ ստանալով այդպիսի հարկադրական ամուսնությունից։
Խորհրդային իշխանությունը, վորը թե ամուսնական և թե ընտանեկան ասպարեզում կնոջը հավասարեցրել ե տղամարդու հետ, պայքարում ե վերոհիշյալ յերևույթների դեմ. հետապնդում ե այն անձանց, վորոնք կնոջը զրկում են իր համար ազատ կերպով փեսացու ընտրելու հնարավորությունից, վորոնք դրանով կնոջը դնում են անհավասար և ստրկական վիճակի մեջ։
III. Արբունքի չհասած արական կամ իգական սեռի անձի հետ ամուսնանալու համար, կամ յեթե այդ ամուսնությանը բռնադատում են ծնողները, խնամակալները կամ ազգականները, կիրարկվում են –
այս Որենսգրքի 177 հոդվածի 1 և 2 մասերով և 178 հոդվածով նախատեսված սոցիալական պաշտպանության միջոցները (Քրեական Որենսգիրք 190 հոդված)։
(Քրեական Որենսգրքի 177 հոդվածի 1 մասը նախատեսնում ե ազատությունից զրկելը մինչև ութ տարի ժամանակով, իսկ 177 հոդվածի 2 մասը և 178 հոդվածը նախատեսնում են ազատությունից զրկելը մինչև հինգ տարի ժամանակով)։
Մեր որենքը այսպիսի արարքների համար պատասխանատվության ե յենթարկում վոչ միայն արբունքի չհասած անձի հետ ամուսնացողներին, այլ նաև փոքրահասակ անձի ծնողներին, խնամակալներին կամ ազգականներին, վորպես մեղսակիցների։
ՀՍԽՀ Ամուսնության, ընտանիքի և խնամակալության որենսգրքի համաձայն ամուսնական հասակը տղամարդկանց համար սահմանված ե 18 տարին, իսկ կանանց համար – 16 տարին։ Ամուսնական այս տարիքը համապատասխանում ե մեր յերկրի կենցաղային ու տնտեսական պայմաններին ու միևնույն ժամանակ ապահովում, պահպանում ե ամուսնացողների և նրանց սերնդի առողջությունը։ Բանն այն ե, վոր մեր գյուղացիական իրականության մեջ, մանավանդ վերջերս, հաճախ են տեղի ունենում վաղ ամուսնության դեպքեր։ Այս յերևույթը գյուղացիական ծխի մեջ ունի իր տնտեսական պատճառը։ Հայաստանում հողը սակավ ե և բաժանվում ե ծխի անդամների թվի համեմատ. այս նպատակով գյուղացիական ծուխը աշխատում ե իր շնչերի թիվն ավելացնել, վորպեսզի դրանով մի շնչի հող ել ավելի ստանա. և ահա, գյուղերում փոքրահասակ տղաներին վաղ ամուսնացնում են (տունը հարս բերելու համար) կամ աղջիկներին մարդու յեն տալիս այնպիսի անձանց, վորոնք մտնում են նույն ծխի կազմի մեջ, վորպես «տնփեսա». այսպիսով ավեացվում ե ծխի անդամների թիվը։
Այս մի կողմից։ Մյուս կողմից՝ գյուղացիական ծխերը բավականաչափ աշխատող ձեռք չունենալու դեպքում դարձյալ դիմում են իրենց փոքրահասակ տղաներին ամուսնացնելու միջոցին, վորպեսզի ծխի կազմի մեջ մտնող նոր անձը – հարսը, աշխատի տնտեսության գործերում։
Այս սովորույթը շատ մեծ չափերով տարածված ե մեր գյուղերում, և այս հողի վրա շատ ու շատ դեպքերում գյուղացիները իրենց փոքրահասակ տղաներին (12-14 տար.) ամուսնացնում են չափահաս կանանց հետ։ Այս ե ահա վաղ ամուսնությունների ծագումը։ Պարզ ե, իհարկե, վոր մեր դատարանները քրեական ներգործության միջոցներով կռվում են այդ յերևույթի դեմ, պատասխանատվության յենթարկելով փոքրահասակներին ամուսնացնող և դրանով նրանց ֆիզիքապես վնասող անձանց։ Այսպիսի հանցանք կատարողները յենթարկվում են ազատազրկության մինչև հինգ կամ մինչև ութ տարի ժամանակով, նայած գործի հանգամանքներին։
IV. Հարսնացուի համար նրա ծնողներին, ազգականներին կամ բարեկամներին փեսացուի, նրա ծնողների կամ բարեկամների կողմից դրամով, անասուններով կամ այլ գույքով կամ թե անձնական աշխատանքով փոխհատուցում տալու համար (ղալիմ) կիրարկվում ե –
Ազատությունից զրկելը մինչև յերկու տարի ժամանակով կամ տուգանք մինչև հինգ հարյուր ռուբլի։ Փոխհատուցում ընդունելու համար – նույն միջոցները՝ անկախ փոխհատուցումը բռնագրավելուց, և տուգանք փոխհատուցման չափով.
(Քր. Որ. 191 հոդ.)
Ղալիմ տալու սովորությունը գոյություն ունի թուրք, քուրդ և յեզիդ բնակչության մեջ։ Այս արարքի համար սոցիալական պաշտպանության միջոց ե սահմանված, նախ, այն պատճառով, վոր ղալիմը, վորպես հարսնացուի համար տրվող փոխհատուցում, նվաստացնում ե կնոջը, ստորացնում ե նրա արժանապատվությունը, և յերկրորդ՝ ղալիմը վերոհիշյալ ազգությունների սովորություններից ամենավատթար սոցիալական չարիքն ե, վորովհետև դրամ, անասուն կամ այլ գույք (ղալիմ) ստանալով՝ աղջկա ծնողները կամ հարազատները պարտավոր են աղջկանը հակառակ նրա կամքի ամուսնացնելու անպայման այն մարդու հետ, վորից «ղալիմը» ստացել են, և այդպիսով միաժամանակ աղջիկը – հարսնացուն դառնում ե իր ծնողների և հարազատների անաշխատ յեկամտի աղբյուրը։ Ահա այս պատճառով ել որենքը թե ղալիմ տվողին և թե առնողին յենթարկում ե սոցիալական պաշտպանության միջոցի անկախ այն բանից, թե ինչ ձևով ե վճարվում ղալիմը։
V. Յերկկնության կամ բազմակնության համար կիրարկվում ե ազատությունից զրկելը մինչև յերկու տարի ժամանակով կամ տուգանք մինչև հինգ հարյուր ռուբլի.
(Քր. Որ. 192 հոդված)
Յերկկնությունն ու բազմակնությունը Հայաստանում ամենից հաճախ և ամենից ավելի պատահում են մահմեդականների մեջ, վորպես շարիաթի համաձայն կատարված կրոնական ամուսնություններ. պետք ե ասել, վոր յերկու կամ ավելի կին պահողները գլխավորապես թուրք, քուրդ և յեզիդ բնակչության հարուստ տարրերն են, այսինքն՝ կուլակները, վորոնք նյութական հնարավորություն ունեն մեկի փոխարեն յերկու և ավելի կին պահելու, և վորոնք ոգտվելով հին կարգերի մնացորդ՝ շարիաթից և կրոնից, ստրկացնում են կնոջը իրենց անձնական բավականության համար և տնտեսական նպատակներով։
Յերկկնության դեպքեր լինում են նաև հայերի մեջ, յերբ գյուղացին Զագսի միջոցով ամուսնանալուց և կին առնելուց հետո, իր տնտեսությունը վարելու համար աշխատող ձեռքի կարիք ե զգում և այդ նպատակով բատրակուհի յե վարձում և ապա կենակցում ե նրա հետ. այսպիսով առաջ ե գալիս յերկրորդ փաստական ամուսնությունը։
Այստեղ պետք ե հիշել, վոր մեր դատարանները այսպիսի դեպքերում պաշտպանում են և յերկրորդ փաստական կնոջ շահերը, վորի հետ կենակցել ե ծխի այս կամ այն անդամը. թեև առաջին կնոջ (տոմարագրված ամուսնություն) գոյության դեպքում յերկրորդ կինը (փաստական ամուսնություն) իրավունք չունի ապրուստի միջոց պահանջելու, սակայն նա կարող ե պահանջել, վորպեսզի նրան վճարվի այն աշխատանքի վարձը, վոր նա կատարել ե գյուղացիական ծխի մեջ գտնված ժամանակ հոգուտ ծխի տնտեսության։
Ընդհանրապես պետք ե նկատել, վոր որենքը՝ հետապնդելով այսպիսի կենցաղային հանցանքները, նպատակ ունի քրեական միջոցներ կիրարկելով պայքարել յերկկնության ու բազմակնության դեմ և վերացնել այդ յերևույթը, վոր կնոջ շահագործման մի ձևն ե կուլտուրական հետամնացության և հին կարգերի մնացորդների պայմաններում։
VI. Արյան վրիժառություն
Կա նաև մի այլ կենցաղային հանցանք, վորը չի նախատեսված հատուկ որենքներով, – այդ արյան վրիժառության հողի վրա կատարվող սպանությունն ե։ Արյան վրիժառության սովորությունը թեև այնքան ել տարածված չե, սակայն դեռ պահպանվում ե Հայաստանի մի քանի շրջաններում, ինչպես՝ Զանգիբասար, Վեդիբասար, (Յերևանի գավառ) և այլն, վորտեղ բնակչության մեջ մասը թուրքեր են։ Արյան վրիժառության հողի վրա կատարվող սպանությունների հիմք ե ծառայում յուրահատուկ կենցաղային մի այլ յերևույթ, վորը կոչվում ե «թայֆայականություն»։
Թայֆան կազմվում ե մի խումբ ազգականներից, վորոնք կարող են իրենց նյութական դրությամբ բոլորովին տարբեր խմբերի պատկանել. թայֆայի մեջ կարող են մտնել և՛ հարուստ և՛ միջակ և՛ աղքատ ազգականները. խնամիությունը (կնոջ կողմից) նշանակություն չունի. հաճախ պատահում ե, վոր կինը՝ ամուսնանալով հակառակ թայֆային պատկանող այս կամ այն անձի հետ, կտրում ե իր կապերը հարազատների հետ։ Ընդհանրապես թայֆայի գլուխ կանգնած ե լինում ազգականներից վորևե հարուստ, տնտեսապես ուժեղ մեկը – կուլակը, վորը հանդիսանում ե թայֆայի ղեկավարը և վորպես թե՝ նրա «պատիվը» (նամուսը) պաշտպանողը։ Այսպիսով թայֆան, հակառակ իր անդամների տնտեսական տարբեր դրության, ներքուստ մի ամբողջություն ե կազմում։ Այս հանգամանքը անպայման շատ նպաստավոր ե թայֆայի ղեկավարների համար, վորոնք շահագործում են թայֆան իրենց անձնական նյութական նպատակների համար։ Արյան վրիժառությունը, վորպես հին կենցաղի մնացորդ, թայֆայի ղեկավարների ձեռքին մի ուժեղ զենք ե մասսաների դասակարգային գիտակցությունը մթագնելու համար։
Մեր դատարանները այս յերևույթի դեմ պայքարելիս հավասարապես պատասխանատվության են յենթարկում այն բոլոր անձանց, ովքեր այս կամ այն կերպ մասնակից են արյան վրիժառության հողի վրա կատարվող հանցանքներին, այսինքն՝ թե հանցանքը իսկապես կատարողներին և թե դրդիչներին ու ղեկավարներին. ղեկավարների նկատմամբ որենքը, վորպես սոցիալական պաշտպանության միջոց նախատեսնում ե – ազատազրկություն մինչև տաս տարի ժամանակով. այսպիսի սպանությունները դատարանը համարում ե (վորակում ե) վորպես ստոր շարժառիթներով կատարված սպանություն (Քր. Որ. 162 հոդ.)։
Ի հարկե, այս կարգի հանցանքների դեմ միայն սոցիալական պաշտպանության խիստ միջոցներով պայքարելը բավական չե. պետք ե ագիտացիոն լայն աշխատանք կատարել թայֆաները քանդելու, նրանց պատկանող չքավոր տարրերի մեջ դասակարգային գիտակցություն զարթեցնելու համար, վորից հետո միայն թայֆան, վորպես գյուղական կյանքի վատթար մի յերևույթ, կամաց-կամաց կվերանա։
Վերջացնելով կենցաղային հանցանքների վերաբերյալ մեր այս զրույցը, անհրաժեշտ ենք համարում նշել, վոր մեր դատական մարմինները այդ հանցանքների դեմ կռվելու համար պետք ե այսուհետև ևս նման դատերին ցուցադրական բնույթ տան։ Այժմ, յերբ կենցաղային հանցանքները նախատեսված են առանձին որենքներով, և յերբ այդ գործերը յենթակա յեն ժողովրդական դատարաններին, պետք ե դատավարությունը գավառակային կենտրոններից փոխադրել գյուղական վայրերը։ Այս դեպքում, բացի նրանից, վոր այդ դատավարությունը կը կատարվի գյուղական լայն մասսաների աչքի առաջ, հնարավոր կլինի նաև գյուղական հասարակական ուժերին ոգտագործել այդ դատավարության ժամանակ թե վորպես ժողովրդական ատենակալներ, և թե վորպես հասարակական մեղադրողներ։ Այս ձևով կազմակերպված դատավարությունները շատ մեծ ագիտացիոն նշանակություն կունենան։
Բ. ՀԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԱՌՆՎՈՂ ԿՈՒԼՏՈՒՐ-ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ.
Ինչպես ասվեց վերևում, հին կենցաղի բացասական մնացորդների դեմ պայքարելու համար կանանց ազատագրությունը և քրեական միջոցները բավական չեն. պետք ե այդ պայքարին մասնակից դարձնել աշխատավորության լայն շերտերին, հասարակական կազմակերպություններին և առաջին հերթին՝ իրենց, աշխատավոր կանանց։
Աշխատավորության լայն մասսաներին գյուղխորհուրդների աշխատանքներին մասնակից դարձնելու ամենանպատակահարմար միջոցը գյուղխորհուրդների կուլտուր-կրթական սեկցիաներն են, ինչպես նաև աշխատավոր կանանց աշխատանքն ու կենցաղը բարելավող հանձնաժողովները։ Այս հանձնաժողովները կազմված են դեռ անցյալ տարի Կոնտգործկոմին (կենտրոնական) և գավգործկոմներին կից (տեղական)։
Ի՞նչ անելիքներ ունեն կուլտ-կրթական սեկցիաները և աշխատավոր կանանց աշխատանքն ու կենցաղը բարելավող հանձնաժողովները հին կենցաղի դեմ պայքարելու գործում և ինչ միջոցներով պետք ե իրագործեն նրանց այդ պայքարը։ Գյուղխորհուրդների կուլտուր-կրթական սեկցիաների աշխատանքներին, բացի խորհուրդների անդամներից, պետք ե մասնակցեն նաև լայն մասսաները – գյուղացիներն ու գեղջկուհիները, բատրակներն ու բատրակուհիները, կուսակցական մարմինների, հասարակական կազմակերպությունների (կոոպերացիա, փոխոգնության կոմիտե և այլն), գործարանային կոմիտեների ներկայացուցիչները և այլն։ Կուլտ-կրթական սեկցիաների գլխավոր անելիքն ե – բարձրացնել աշխատավոր մասսաների ակտիվությունը և նրանց դարձնել հին կենցաղի դեմ պայքարելու հենարան։ Իսկ այս նպատակով կուլտ-կրթական սեկցիաները պետք ե կյանքում կիրարկեն այն միջոցները, վորոնք նպատակ ունեն կանանց տնտեսական ու իրավական անհավասարությունը վերացնելու. այսպիսով սեկցիաները նրանց մասնակից կանեն յերկրի պետական և տնտեսական շինարարության աշխատանքներին։ Այլ խոսքով ասած՝
ա) կուլտուր-կրթական սեկցիաները պետք ե կազմակերպեն պրոֆեսիոնալ դպրոցներ, ակումբներ, կուլտ-կրթական այլ հիմնարկներ և աղջիկներին ու տղաներին միասին տեղավորեն այդ հիմնարկներում.
բ) լայն չափերով ագիտացիոն աշխատանք կատարեն հին կենցաղի մնացորդների, այն ե՝ բազմակնության, յերկկնության, ղալիմի, անչափահասների հետ ամուսնանալու և նման այլ յերևույթների դեմ պայքարելու համար։
գ) նյութական ոգնություն ցույց տան իրենց ազատագրության համար պայքարելու հետևանքով նյութական ծանր կացության մեջ ընկած կանանց, տեղավորելով նրանց ձեռնարկություններում ու հիմնարկներում, կազմակերպելով արտադրական զանազան արտելներ, արհեստանոցներ և այլն։
Բացի այդ աշխատանքից կուլտ-կրթական սեկցիաները կոոպերատիվ մարմինների և փոխոգնության կոմիտեների միջոցով պետք ե թեթևացնեն կնոջ աշխատանքը, ստեղծելով աշխատանքի կոլլեկտիվ ձևեր և տարածելով գյուղատնտեսության ու տնայնագործության բարելավված ձևեր։ Սեկցիաները պետք ե գյուղական վայրերում կազմակերպեն ու ծավալեն աշխատավոր մասսաներին իրավաբանական ոգնություն ցույց տալու գործը, հատկապես այն շրջաններում, վորոնք կուլտուրապես հետամնաց են։ Սեկցիաները պետք ե սերտ կապ հաստատեն համապատասխան բանգեղջբաժինների, պատգամավորական ժողովների և այլ կազմակերպությունների հետ, ոգտագործելով նրանց՝ աշխատավոր կանանց շրջանում տարածելու ու բացատրելու համար խորհրդային այն որենքները, վորոնք վերաբերում են կնոջ, վորպես հասարակության իրավահավասար անդամի՝ իրավունքների պաշտպանությանը։
Հին կենցաղի մնացորդների դեմ պայքարելու գործում կուլտ-կրթական աշխատանքը պետք ե շաղկապվի աշխատավոր կանանց աշխատանքն ու կենցաղը բարելավող հանձնաժողովների աշխատանքի հետ։
Այստեղ մենք կանգ չենք առնում այն միջոցների վրա, վոր ձեռք են առնում այդ հանձնաժողովները կնոջ ազատագրության համար մղվող պայքարի ասպարեզում. այդ միջոցները նույն կուլտուր-կրթական միջոցներն են, վոր կիրարկում են կուլտ-կրթական սեկցիաները։
Միայն այդ սեկցիաների սիստեմատիկ աշխատանքը և հասարակական և կուսակցական կազմակերպությունների, ինչպես նաև խորհրդային մարմինների աջակցությունը հնարավորություն կտան կամաց-կամաց վերացնելու հին կենցաղի մնացորդները և այդ մնացորդների հետ կապված հանրորեն վտանգավոր արարքները։