Նոր օրենքների գործադրումն ըստ հին սովորության. Զագսերի աշխատանքները 1920-ականներին

 

Հայաստանում 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումն ուղղակիորեն ենթադրում էր, որ կյանքի անխտիր բոլոր ասպարեզները պետք է կազմակերպվեին այդուհետ խորհրդային պետական օրենքների ներդրմամամբ: Հեղափոխությունից հետո քաղաքական օրենքի կիրարկումն ուրեմն անխուսափելի էր, և դրա հաստատման ուղղությամբ էին Հայաստանում գործող մեծամասնականները (Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Աշոտ Հովհաննիսյան, Ասքանազ Մռավյան և այլք) վարում իրենց հետևողական աշխատանքը: Այնուամենայնիվ խորհրդային քաղաքականության պատասխանատու նույն այդ գործիչների որդեգրած ռազմավարությունը, առնվազն մինչև 1920-ականների երկրորդ կեսը, ի վիճակի գտնվեց անհրաժեշտ զգուշավորություն և մեղմ մոտեցում ցուցաբերել հաստատված, եթե չասենք արմատացած հայաստանյան կենցաղի ու վարքուբարքի հանդեպ, այն կենսաձևերի, որոնց վերափոխմանն էր կոչված հենց քաղաքականությունը: Մշակույթը քաղաքականությամբ կանոնակարգելու մարտահրավերը խորհրդային արդիականացման նախագծի էական կողմերից է: Սակայն այդ մարտահրավերն ինքնին ամփոփում է կենցաղի և քաղաքականության միջև առաջացած այն լարումը, որն առաջ էր եկել քաղաքական հեղափոխությամբ: Հին կենցաղաձևերը վերափոխելուն կոչված քաղաքականությունը փաստացիորեն վերաձևակերպում էր ոչ միայն կենցաղը, այլև ինքը վերափոխվում ու վերադիրքավորվում էր ապրվող կյանքի հետ հարաբերման մեջ:

Ներկայացվող բնագիրը Ներքին գործերի կոմիսարիատի 1922 թվականի Բյուլլետենում տպագրված մի շրջաբերական է: Այն ուղղված է բոլոր գավառական գործադիր կոմիտեների վարչական բաժիններին և անդրադառնում է Զագսերի՝ քաղաքացիական ակտերի գրանցման բաժնի աշխատանքին: Շրջաբերականում Զագսերի աշխատանքում նկատված թերությունն ու այն շտկելու պահանջը դիպուկ ձևով է վերհանում այն անհամապատասխանությունը, որը գոյացել էր խորհրդային օրենքների և հաստատված կենցաղի ու սովորույթների միջև: 

Զագսը, որ ծննդի, մահվան, ամուսնության, ամուսնալուծության գործընթացների ցուցակագրությունն էր վարում, կենցաղը կանոնակարգելուն կոչված խորհրդային կարևոր ատյաններից էր: Միաժամանակ Զագսերի գործուներությունը նշում էր եկեղեցին պետությունից անջատելու խորհրդային քաղաքականությունը: Նախկինում եկեղեցուն ու հոգևորականներին պատկանող իրավունքը՝ մարդկանց կյանքի ու կենցաղի հիմնային ու ամենակարևոր իրադարձությունների արձանագրման գործը, խորհրդային օրենքով այժմ վերապահված էր Զագսին: Սակայն գործառութային թվացյալ պարզ այս փոխանցումը ներկայացվող շրջաբերականում երևում է իր ներքին լարումներով. պետական կարևորագույն կառույցներից մեկի՝ Ներքին գործերի կոմիսարիատի խորհրդային օրենքի պահպանման և Զագսի աշխատանքը չվարկաբերկելու պահանջը ելնում էր փաստից, որ իրենք՝ խորհրդային պետական աշխատողները՝ Զագսի վարիչները, նոր կարգն ըմբռնում և կիրառում էին հին սովորության համաձայն: Վարիչների՝ ծանոթներին ու բարեկամներին իրենց տներում ցուցակագրելը, քահանաների պես «քելեխի» գնալն այն դեպքերն են, որոնք իրենց կոնկրետության մեջ վեր են հանում նոր օրենքների ու հին սովորության միմյանց վերափոխմամբ ընթացած խորհրդային մշակութային արդիականացումը: 

Հետաքրքրականորեն շրջաբերականի ընթերցումը բացորոշում է նաև այն, որ պետական կառույցն իր հերթին լավատեղյակ էր իր իսկ առաջադրած օրենքի հարուցած հակասությանը՝ Զագսի աշխատանքային թերացման հիմքում տեսնելով հենց հին սովորությունների ուժը: Պատահական չէ, որ 1920-ականների նույն շրջանում, համաձայն խորհրդային օրենքի, հոգևորականներին չէր արգելվում կատարել մկրտության, պսակադրության և թաղման կրոնական արարողակարգերը՝ այդ կերպ օրենքի միջոցով տեղ թողնելով հին կենցաղի ու այն աստիճանաբար վերափոխելու համար:   

Բնագիրը հրապարակվում է ըստ՝ «Շրջաբերական № 138», Բյուլլետեն ներքին գործոց կոմիսարիատի, 1922, թիվ 15-16, էջ 17:

 

Շրջաբերական № 138

Բոլոր Գավգործկոմների վարչ. բաժիններին 

 

Ինչպես տեղեկացնում են, Զագսերի վարիչները ամուսնության ու ծննդյան ցուցակագրությունները ծանոթների կամ բարեկամների համար կատարում են վերջիններիս բնակարաններում, վորով և վարկաբեկում Զագս յենթաբաժինն ու Խորհրդային կարգը:

Ի նկատի ունենալով հիշյալը այլ և այն հանգամանքը, վոր Զագսերի վարիչները քահանաների պես տները «քելեխի» չպիտի շրջեն ու ձգեն Զագսերի նշանակությունը, վորպես Խորհրդային կարևոր որգանի, ուստի և խնդրվում ե բաժնիդ խստիվ հսկել Զագսերի այդ հակաորինական քայլերի վրա, անպարտաճանաչներին վարչական կարգով յենթարկել պատասխանատվության:

 

Վարչական Բաժնի Վարիչ՝ Ա. Կոստանյան

Կենտրոն. Զագսի Վարիչ՝ Գ. Կոստանյան