«Նվաճում, թե՞ հեղափոխություն». Հայաստանի խորհրդայնացման պատմությանը նվիրված Աշոտ Հովհաննիսյանի անդրադարձը

 

Ստորև ներկայացվող վավերագիրը Խորհրդային Հայաստանի լուսավորության ժողովրդական առաջին կոմիսար, պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի ուշագրավ այն հոդվածներից է, որոնք նվիրված են Հայաստանի խորհրդայնացման պատմությանը։ Խորհրդային Հայաստանի եռամյա տարեդարձը առիթ է պատմաբանի համար անդրադառնալու ոչ միայն խորհրդային կարգերի հաստատման քաղաքական ու սոցիալ-տնտեսական նախադրյալներին, այլև շոշափելու ազգային անկախության սահմանները։ Հոդվածը գրված է խորհրդայնացումից հետո արտասահմանում ապաստանած դաշնակցական գործիչների և ազգային կոմունիստների միջև 1920-ականներին հրապարակայնորեն ծավալվող բուռն բանավեճերի հետնախորքին, որոնց առանցքում էր նաև Դաշնակցության՝ Հայաստանի խորհրդային իշխանության դեմ ուղղված քննադատությունը, թե գյուղացիական Հայաստանը զարգացած չէր կոմունիզմի հաստատման համար։ Դաշնակցական գործիչների աչքում Հայաստանի անկախության կորուստը մարմնավորող խորհրդայնացումը ոչ թե բանվոր դասակարգի ՝ քաղաքական ներքին հեղաշրջման, այլ արտաքին ՝ ռուսական ուժի ազդեցության հետևանք էր. արտաքին և ներքին գործոնի մի հակադրություն, որ Հովհաննիսյանի իսկ բնորոշմամբ «թյուրիմացություն» է ինքնին. «կարծես չի կարող ներքին հեղափոխություն լինել կամ հակահեղափոխություն՝ թեկուզ հենց ոտար «նվաճումի» կամ արտաքին ուժի «միջամտության» շնորհիվ»։ Այդուհանդերձ, ազգային կոմունիստները (ինչպես օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Ասքանազ Մռավյանը, Արտաշես Կարինյանը), այդ թվում՝ Հովհաննիսյանն ինքը, չեն ժխտում քաղաքական նախագծի՝ կոմունիզմի և Հայաստանի անմխիթար դրության միջև եղած անհամաչափությունը, սակայն միաժամանակ հենց այդ անմխիթար դրությունն է, որ իբրև անհրաժեշտ նախապայման են նկատում սոցիալիստական կարգերի հաստատման համար։ Այսպես եթե կոմունիզմը իր գաղափարական բարձր իդեալով է ներկայանում Առաջին հանրապետության ղեկավարներին և Հայաստանի պարագայում դառնում անիրագործելի, ապա մարքսիստ պատմաբանի համար այդ գաղափարն իջնում է հողին՝ կապվելով տեղական կոնկրետ իրականության և ժողովրդի կարիքների բավարարման հետ։

Հովհաննիսյանն՝ իբրև մարքսիստ պատմաբան, Հայաստանի խորհրդայնացումը երևան է հանում «արտադրական տիրող հարաբերությունների ներհակության» անկյան տակ։ «Պրոլետարական ամուր վողնաշարից զուրկ Հայաստանում» սոցիալիստական կարգերի հաստատումը պատմաբանը դիտարկում է իբրև «հասարակական զարգացման ներքին անհրաժեշտություն», քանի որ միտված է երկրի գլխավոր արտադրական ուժի՝ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովմանն ու նրա զարգացմանը։ Այս է պատճառը, որ Հովհաննիսյանը խորհրդայնացումը դիտարկում է իբրև գոյաբանական՝ ժողովրդի «լինել կամ չլինելու» և այդպիսով որպես «ազգային ինքնապաշտպանության» խնդիր։ Հովհաննիսյանը սակայն մի քայլ էլ է առաջ գնում՝ ազգային ինքնապաշտպանության խնդիրը շրջելով «դասակարգային-հեղափոխական» ուղղությամբ։ Ազգային կոմունիստները համաշխարհային մեծ քաղաքականությունների բեկբեկման ընթացքին հայ ժողովրդի ազգային ազատագրության խնդրի լուծումը հնարավոր էին համարում միայն հայության՝ միջազգային աշխատավորական շարժումներին մասնակից լինելու մեջ։ Այդպիսով սոցիալական ու տնտեսական պայմանների բարեփոխումն էր հենց, որ իբրև գրավական էին նկատում նաև ժողովրդի իրական անկախության։ Ուրեմն՝ խորհրդային կարգերի հաստատմամբ հնարավոր դարձած ժողովրդի բարօրությունն է, որ Հովհաննիսյանին  թույլ է տալիս միաժամանակ քննադատելու ժողովրդի «ֆիզիքական գոյության» հաշվին գործադրվող ազգային անկախության գաղափարն Առաջին հանրապետությունում՝ վերջինիս «ձևական» անկախությանը հակադրելով խորհրդայնացմամբ նվաճված քաղաքական «իրական» անկախությունը։

Հրատարակվում է ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, «Նվաճում, թե՞ հեղափոխություն», Խորհրդային Հայաստան, 29 նոյեմբերի 1923 թ.։ 

 

 

ՆՎԱՃՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Հովհաննիսյան

Ներքին հեղափոխությո՞ւն եր դա, թե՞ ոտար նվաճում.— այսպես են դնում խնդիրը մեր հակառակորդներն ամեն անգամ, յերբ խոսք ե լինում նոյեմբերի 29-մասին:

Թյուրիմացություն ե ինքնին հասկացողությունների այդ հակադրությունը: Կարծես չի կարող ներքին հեղափոխություն լինել կամ հակահեղափոխություն՝ թեկուզ հենց ոտար «նվաճումի» կամ արտաքին ուժի «միջամտության» շնորհիվ: Եյականն այստեղ պայքարող ուժերի ծագումը չե, այլ նրանց սոցիալական բովանդակությունը: Դաշնակցական րեժիմի ազդակները մեծ չափով հենց միջազգային բուրժուազիայի նվաճողական քաղաքականության մեջ են ամփոփված: Նշանակո՞ւմ ե դա սակայն, թե այդ րեժիմը նվազ հակահեղափոխական եր, քան կարող եր լինել «ինքնամփոփ» հակահեղափոխությունը: Հայաստանի աշխատավոր մասսաները սեփական մարմնի վրա յեն ճաշակել դաշնակցական  մտրակի հարվածները: Սակայն իրանց միջազգային «րիթմով» այդ հարվածները նույնքան եյին խորթ ու ոտար նույն այդ մասսաներին, վորքան ոտար են և խորթ Հայաստանի ձևական անկախությունը վորդեգրած քաղքենիներին հոկտեմբերյան Ռուսաստանի… «նվաճումները»: «Նվաճումներ», վոր Հայաստանի աշխատավոր ժողովուրդն ընձեռեց, վորպես իրական անկախության հարազատ ճանապարհ:

Թողնենք սակայն և այս խորհրդածությունները: Կարո՞ղ ենք իրոք պնդել, թե հասարակական զարգացման ներքին անհրաժեշտության արգանդից չե, վոր դուրս ժայթքեց Հայաստանի Հոկտեմբերը: Ի՞նչ եր հիրավի նոյեմբերյան հեղափոխության որերին ռուսական Կարմիր բանակը — ծնող մա՞յր, թե՞ վերահաս մանկաբարձ:

Յուրաքանչյուր հեղափոխությունը հասունանում ե հասարակության զարգացող արտադրական ուժերի և արտադրական տիրող հարաբերությունների ներհակության ծոցում: Յեթե ժողովրդի աշխատավոր մասսան գլխավոր արտադրական ուժն ե մի  յերկրի, ապա դաշնակցական րեժիմը վոչ միայն խեղդում եր այդ ուժի զարգացումը, այլ և չեզոքացնում եր իր նշանակությունն արտադրության պրոցեսսում, վոչնչացնում եր արտադրական գործառնությունը: Դաշնակցական Հայաստանի արտադրական հարաբերությունները փոխանցվում եյին սպառողական հարաբերության: Սպառողական հարաբերություններ՝ առանց արտադրության, սպառում ի հաշիվ արտադրական ուժերի: Իզուր չե վոր դաշնակցական Հայաստանում այնքան շատ եր խոսվում «հայության ֆիզիքական գոյության» մասին: Անգիտացվում եր միայն, վոր «հայության ֆիզիքական գոյությունը» վտանգում եր վերջին հաշվով վոչ թե թուրքական յաթաղանը, այլ ինքը՝ դաշնակցական րեժիմը: Հասարակական տիրող հարաբերությունները հասցրել եյին յերկիրը մի յեզրի, վորից դեն թռչելը նշանակում եր անդունդի բերան նետել աշխատավոր մասսաներին, վոչնչացնել նրանց ֆիզիքական գոյությունը:

Հեղափոխությունն այս պարագային արտադրական ուժերի զարգացման նախապայման չեր սոսկ, այլև նրանց պահպանության հրամայական պահանջ: Ահա թե ինչու պրոլետարական ամուր վողնաշարից զուրկ Հայաստանում բանվորա–գյուղացիական հեղափոխությունը վոչ միայն զգացվում եր վորպես ներքին, հասարակական անհրաժեշտություն, այլև ժայթքում եր յերկրի սրտից վորպես տարերային, ժողովրդական շարժում: Այսպես եր մայիսյան ապստամբությունը: Պարտված ապստամբությունից հետո հեղափոխության պահանջը ծառանում եր Հայաստանի աշխատավորության առաջ վորպես լինել կամ չլինելու խնդիր: Բանվորա–գյուղացիական մասսաների դիկտատուրան ձևակերպվում ե վորպես ազգային ինքնապաշտպանության խնդիր այս բառի բարձր, դասակարգային–հեղափոխական իմաստով:

Ռուսական Կարմիր բանակը, վոր օգնության ձեռք մեկնեց արտադրական աշխատանքի հունից դուրս նետվող Հայաստանի բանվորներին և գյուղացիներին, փշրեց Հայաստանի աշխատավորության մեկուսացման այն ողակը, վոր ձևական անկախության շղթայով լծել եր նրան փաստորեն յեվրոպական ստրկատերերի կառարշավին ու գազազած բորենու յերախը շպրտեց նրան, յերբ անշնչացող իր մարմինը բեռ դարձավ ասպատակող կապիտալի շլնքին: Սակայն «ռուսական նվաճումը» նոյեմբերին ազգային հեղափոխական իմաստ ուներ վոչ միայն այն տեսակետից, վոր ապահովագրեց Հայաստանի ազգային արտադրական ուժերի գոյությունը: Այն հնարավոր դարձրեց միաժամանակ Հայաստանի ազգային արտադրական ուժերի զարգացումը: «Ազգային խնդրի» լիակատար լուծումը նոյեմբերյան Հայաստանում հեղափոխական իմաստ նվաճեց վոչ միայն այն պատճառով, վոր վերջ տվավ աշխատավոր մասսաների ցեղամիջյան–գեոլոգիական պայքարին, այլև այն, վոր սկիզբ դրվեց նրանց ցեղամիջյան, կուլտուրական համագործակցության: «Ազգային դասակարգ» դառնալով՝ Հայաստանի բանվորներն ու գյուղացիները հայտնագործեցին յերկրի բնական հարստությունների արտադրական շահագործման և աշխատանքի հավաքական կազմակերպության ուղիներ, վոր անմատչելի եյին քաղքենի յերևակայությանն անգամ:

Այսոր այդ խոստովանում են անգամ մեր հակառակորդները: Չի՞ հարկադրում այդ հանգել նաև անմհրաժեշտ յեզրակացության: Չի՞ դրվատում արդյոք նոյեմբերյան  հեղափոխության յեռամյա գործը պայքարի այն ուղեգիծը, վոր հեղափոխական մարքսիզմի և Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ տասնյակ տարիներից ի վեր տարել ե հայ պրոլետարիատը: Ընթացիկ մեր աշխատանքի վերագնահատությունը պահանջում ե հայ բանվորական շարժման քաղաքական և գաղափարական վողջ ժառանգության սկզբունքային ընձեռումն, և նույնքան սկզբունքային ժխտումն այն վարքագծի և գաղափարականության, վոր առաջնորդ ե յեղել նույն ժամանակամիջոցին հայ քաղքենիության:

«Իմ անհատական անկեղծ կարծիքն այն ե, վոր Հայաստանի ազատությունը տաճիկների և ռուսների ձեռքից կարող ե տեղի ունենալ միմիայն ռուսական ցարիզմի տապալման որը»: Այսպես եր գրում 1894 թ. նոյեմբերի 25–ին Ֆրիդրիխ Ենգելսն Ավ. Նազարբեկին ուղղած իր նամակում: Ցարիզմի տապալումը նվիրագործվեց Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակով: Զինվորագրվելով այդ հեղափոխության՝ նոյեմբերը նվաճեց Հայաստանի ազատագրությունը Յերևանի սատրապության քաղքենի ժառանգների տապալման գնով: