1922 թվականին Երևանում լույս տեսնող Նորք ամսագրի առաջին համարում հրապարակախոս, հայագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի Հայ ազատագրական շարժման յերկու հոսանք XVIII դարի վերջերում հոդվածին կից ընթերցողին է ներկայացվում հետաքրքրական մի գրություն: Ստորև ներկայացնում ենք խմբագրության կողմից (խմբ.՝ Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան) արված սույն ծանոթությունը, որը 18-րդ դարի երկրորդ կեսին այլադավան տիրապետողներից հայերի ազատագրության գործը գլուխ բերելու համար հնդկահայ գործիչների և Ցարական Ռուսաստանի միջև քննարկվող, սակայն այդպես էլ իրավական ուժ չստացած դաշնագրերի՝ Ավդալբեգյանի քննության մի հավելում էր: Նորքի խմբագիրը մասնավորաբար քննում էր դաշնագրերից մեկի հեղինակ՝ հնդկահայ վաճառական Շահամիր Շահամիրյանի՝ որպես «Հայաստանի դեմոկրատիկ հանրապետության» և որպես «երրորդ դասի իրավունքների» պաշտպանի՝ Ավդալբեգյանի համոզումը: 1770-ականների «ամերիկյան հեղափոխությունը ոգեկոչող» Շահամիրյանին Ավդալբեգյանը տեսնում էր որպես «հայ դեմոկրատական հոսանքի նախահայր» և «նոր բորբոքման մարգարե՝ հայոց մթնած աշխարհում»: Մինչդեռ, Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «հնդկահայ առևտրական բուրժուազիայի» ծրագիրը սնող աղբյուրը հայ-ռուսական դաշինքի ցանկալի պատրանքն էր. պատրանք, որին ի վերջո պետք է բախվեր «հայ քաղքենին»: «Թագավորք ըստ թագավորաց կարեն գտնել զդաշինս, ազգի ձերում ո՞վ է թագավորն վոր համարձակեսցի զդաշն խնդրել…». ռուսաց կողմի այս պատասխանն էր, որ պետք է ջախջախեր հնդկահայերի ազատագրական բաղձանքը:
Այս դաշնագրի համար էր, ըստ էության, Շահամիր Շահամիրյանի որդին՝ Եղիազար Շահամիրյանը, 1786 թվականին կամ գուցե դրանից որոշ ժամանակ առաջ գտնվում Ցարական Ռուսաստանում: Այս ժամանակ էր, որ Մադրասի տպարանում լույս տեսած Տետրակ, որ կոչվում էր Հորդորակ (1772 թ.) հրապարակախոսական երկի երկու՝ միայն պատմական Հայաստանի աշխարհագրությանը և պատմությունը կերտող անձերին նվիրված բաժինները թարգմանվում են ռուսերեն: Ի վերջո, ինչպես Հովհաննիսյանն է կարծում, այդ ժամանակ է 1778 թվականի՝ (խմբագիրը սխալաբար նշում է 1775 թվականը) Շահամիր Շահամիրյանի պատվերով տպագրված Հայաստանի քարտեզը՝ Աշխարհացոյց Հայաստանեայցը, հայտնվում ռուսական արքունիքում՝ կարծես իբրև Հորդորակի հավելված: Ռուս-թուրքական պատերազմում հաղթանակած եկատերինյան Ռուսաստանի՝ բյուզանդական Կոնստանդնուպոլիսը նվաճելու քաղաքականության ուղեծրում էր Մադրասի խմբակը գործնականում տեղակայում իր ազատագրական ծրագիրը, որում հայ-ռուսական դաշնագիրը հնդկահայ գործիչների համար Հայաստանի փրկության երաշխիքը պիտի լիներ:
Վավերագիրը հրապարակվում է ըստ՝ Ծանոթություն խմբագրությունից (Թադ. Ավդալբեգյանի «Հայ ազատագրական շարժման յերկու հոսանք XVIII դարի վերջերում» հոդվածի առթիվ), Նորք, գիրք առաջին, 1922 թ., էջ 161-162:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Տպագրելով այս ուսումնասիրությունը, հարկավոր ենք համարում նկատել, վոր նյութին վերաբերող մեզ հայտնի ուրիշ փաստեր գալիս են ճշտելու հայ–ռուս «դաշնադրության» յերկրորդ վավերագրի մասին հեղինակի հայտնած կարծիքը:
Մադրասի հայ քաղաքական գործիչները մեծ հետաքրքրությամբ եյին հետեվում Հյուսիսի բանակցություններին: Այդ մասին ե վկայում ամենաից առաջ Հովսեփ Արղությանի յեվ Շահամիր Սուլթանումի թղթակցությունը: Կարեվոր են մանավանդ Արղությանի անտիպ նամակները, վորոնց պատճենները Եջմիածնի մատենադարանի ձեռագրական ֆոնդից ներկայումս Հայաստանի պետական թանգարանն են փոխադրվել: Անմիջական «ոգնության» համար Արղությանը ցանկալի յեր համարում նույնիսկ Շահամիրյանների տեղափոխությունը Մադրասից Պետերբուրգ: «Յերանի թե այժմ քրիստոսապարգեվ վորդովք ի կողմանց այս լինիցեք,— գրում ե 1783 թ. Արղությանը,— վորքան եր յերանություն ազգի մերո զի ըստ բանի յերից մանկանցն վոչ գո ի ժամանակիս այսմիկ իշխան յեվ այլն, զի նվազեցաք քան զամենայն ազգս: Յես մեկ տկար անձն կարգավոր, զի՞նչ պարտ եյի առնել առանց ուրուք ոգնության»: Թերեվս այս գրության հետեվանքով եր, վոր Շահամիր աղան Պետերբուրգ ուղարկեց իր վորդուն, Յեղիազար Շահամիրյանին, 1773 թ. Մադրասում լույս տեսած «Պատմություն մնացորդաց հայոց յեվ վրաց» գրքի «հրատարակչին»: Ռուսաց մայրաքաղաքում Յեղիազարին հանդիպում ենք 1786 թվին: Նույն տարում այստեղ տպագրվեց 1772 թվին Մադրասում լույս տեսած նշանավոր «Հորդորակ»–ի ռուսերեն փոխադրությունը: ,,Краткое историческое и географическое описание царства Арменского из древних писателей сего народа, яко верных источников, собранное и на арменском языке в Индии изданное Яковым Шамировым ныне с арменского на российской язык переведенное подпоручиком Варлаамом Вагановым“: Տպագրությունը քաղաքական ձեռնարկություն եր: Նպատակը՝ ներկայացնել ռուս բարձր շրջաններին Հայաստանի անցյալն ու ներկան, «Հորդորակ» յեվ ուղեցույց լինել հայերի ազատագրությանը: Հավանական ե, վոր գրքի տպագրությունը Յեղիազարի նախաձեռնության յեվ նյութական ոժանդակության արգասիք լինի: Ըստ յերեվույթին նույն այդ ժամանակներից ե մնացել ռուսաց արտաքին գործոց դիվանում 1775 թ. Վենետիկում Շահամիր աղայի ծախքով տպված «Աշխարհացույց Հայաստանյայց» քարտեզը: Մինչայժմ անհայտ այդ քարտեզը նույնպես քաղաքական նպատակ ուներ յեվ կարող ե ըստ ամենայնի «Հորդորակ»–ի հավելված նկատվել, գունավոր մանրանկարներով, խորհրդանշաններով յեվ հայ թագավորների պատկերներով զարդարված մի հետաքրքրական գործ ե, նվիրված վաղամեռ Հակոբ Շահամիրյանի հիշատակին:
Թագ. Ավդալբեգյանի սրամիտ դիտողությունները հավանական են դարձնում, վոր Յեղիազարը բերել եր իր հետ նայեվ ռուսների հետ կնքվելիք «Դաշնադրության» նախագիծ: Կարելի յեր, իհարկե, ավելի ընդարձակել այդ դիտողությունների շրջանը յեվ բնագիրների համեմատության յեղանակով ավելի ակներեվ դարձնել «Դաշնադրության» յեվ հնդկահայ առեվտրական կապիտալի քաղաքական գաղափարախոսության ներքին հարազատությունը: Գուցե այդ դեպքում Հնդկաստանի փարթամացած աղաները չներկայանային հեղինակին «յերրորդ դասի» յեվ «դեմոկրատական հանրապետության» հեղհեղուկ յեվ առաձգական շրջանակի մեջ: Սակայն դա չե հիմնականը: Կա արտաքին փաստ, վոր ամուր կռվան ե դառնում հեղինակի առաջադրած գլխավոր թեզիսին: 1786 թ. Շահամիր աղային Արղությանի գրած մի նամակից յերեվում ե, վոր ռուսների հետ դաշինք կնքելու բաղձանքն իսկ հնդկահայ բուրժուազիայի հոգեվոր ջերմոցից եր բխում, բաղձանք, վոր յերբեք արձագանք չգտավ Նեվայի ցուրտ ափերին: «Յեվ մինչ մենք զքանի գլուխս դաշանց հառաջադրության արարաք յեվ թարգմանյալ յետուք ի ցույցս պատասխանեցին թե թագավորք ըստ թագավորաց կարեն գտնել զդաշինս, ազգի ձերում ո՞վ ե թագավորն վոր համարձակեսցի զդաշն խնդրել, իսկ հոգեվոր պետն ձեր հեռացուցանե զինքն այսմանե խորհրդյանն յեվ այսպես մնաց բանն անկատար»:
Անհայտության քողով ծածկված այս դառն խոստովանությունը, անգամ յեթե հանրության սեփականություն դառնար ժամանակին, հազիվ թե կարողանար զերծ պահել հայ քաղքենուն կղերի յեվ բուրժուազիայի քաղաքական միստիֆիկացիայից: Բաղձանքի զավակը մտքի ծնողն ե, վոր յերբեմն քաղքենուն հիմարացնող մտայնության ծանծաղուտներում ե բեղմնավորվում: Հեռու չվազենք որինակների հետեվից: Բավական ե թեկուզ վերհիշել «ավտոնում Հայաստանի» մեր ժամանակների magna charta–ն, վոր պիտի հանձնվեր հայոց կաթուղիկոսին, բայց «դիպվածաբար» կորավ Ալեքսանդրապոլի կայարանում փրկչական 1914 թվին…