Անդրկովկասում հայկական ինքնուրույն պետականություն ունենալու գաղափար չի եղել ո՛չ դարադարձին ձևավորված հայ ազգային կուսակցությունների և ո՛չ էլ 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի օրակարգում։ Անկախության կամ ազգային ինքնուրույնության գաղափարները կապվել են նախևառաջ «Երկրի»՝ Տաճկաց Հայաստանի ազատագրության հետ։ 1918-ին Արևելահայաստանի «անձուկ» սահմաններում հռչակված առաջին անկախ պետությունը ռազմաքաղաքական հանգամանքների բերումով էր, որ իրողություն էր դարձել. մի պետություն, որը համեմատվում էր «գերեզմանոցի» ու «գաղթակայանի» հետ։
Մեծ իմաստով հարկադրաբար հռչակված Առաջին հանրապետությունը կանխորոշում էր ոչ միայն ազգային պետականության և առկա անմխիթար իրականություն միջև անհամաչափությունը, այլև Հայաստանի երկու՝ արևելահայ և արևմտահայ զանգվածների միջև լարումները։ Այսպես եթե արևելահայերի աչքում Արևմտահայաստանից գաղթած հայերը պարզապես «եկուոր» կամ «հիւր» էին ըմբռնվում, ապա արևմտահայերն իրենց հերթին արևելահայությանը դիտարկում էին որպես մի ժողովրդի, որին խորթ էին անկախության գաղափարները, բայց որն այդուհանդերձ ազատ ու ապահով էր իր հայրենիքում, իսկ իրենք՝ «թափառական» իրենց համար օտար երկրում։
Արևելահայ և արևմտահայ հասարակաշերտերի միջև լարումները մեղմելու և ուրեմն՝ թրքահայության պահանջներին ընդառաջելու հետնախորքին է, որ 1919-ի մայիսի 28-ին՝ անկախության տարելիցին, Հայաստանի կառավարության կողմից հրապարակվում է Միացյալ ու անկախ Հայաստանի «ակտը»։ Ըստ այդ «ակտի»՝ Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածները հայտարարվում են մեկ պետական ամբողջություն։
Ներկա վավերագիրը, համաձայն այդ ակտի, կառավարության խորհրդարանում ընդգրկված թրքահայ 12 պատգամավորներից Զավեն Կորկոտյանի «Անկախ ու Միացեալ» վերտառությամբ հոդվածն է։ Եթե հոդվածագրի համար անկախությունը կապվում է կորսված ազգային ազատության վերականգնման և ուրեմն՝ «երազներու» իրականացման, ապա Միացյալ Հայաստանը՝ «ոյժերը խտացնելու» ու «թռչելու հնարաւորութիւններ» ստեղծելու հետ. հանգամանք, որն այդուհանդերձ ի հայտ է բերում Միացյալ ու անկախ Հայաստանի՝ ավելի շուտ որպես նվիրական գաղափար, քան ապրված փորձառություն լինելու իրողությունը։
Հրապարակվում է ըստ՝ Զ. Կորկոտեան, «Անկախ ու միացեալ», Աշխատանք, 28 մայիսի 1919 թ.։
ԱՆԿԱԽ ՈՒ ՄԻԱՑԵԱԼ
Զավեն Կորկոտեան
Այսօր անդրանիկ տարեդարձն է մեր անկախութեան և շաղկապող տօնը մեր միացման։
Անկախ ու միացեալ երկու սկզբունքներ իրար շաղկապւած ու զիրար լրացնող։ Մէկն առանց միւսի թերի ու անկատար։
Հայաստան պէտք է ըլլայ անկախ, որովհետև դարերով բոլոր հայերը սերունդէ սերունդ այդ են տենչացեր։
Անկախութի՛ւնը կ’ուզենք, որովհետև կ’ուզենք իբր մարդ ապրիլ, ապրիլ որպէս ազատ քաղաքացիներ, և ոչ, որպէս ստրուկներ ու հպատակներ։
Կը տենչանք անկախութեան, որովհետև ստեղծագործելու տենչն ունինք։
Կը ցանկանք տեսնել Հայաստանը ազատ ու անկախ, որովհետև անոր մէջ ու անով միայն կը յուսանք զարգացնել մեր մշակոյթը, մեր միտքն ու հոգին։
Անկախ Հայասատան իրականութիւն կը համարենք, որովհետև ատիկա կայ, զայն կը տեսնենք ու անոր հովանու տակ, այժմ անոր տօնն է, որ կը տօնենք։
Անկախ Հայաստանն իրագործելի կը գտնենք, որովհետև ան ունի ապրելու ու յարատևելու տնտեսական բոլոր տւեալները։
Անկախ Հայաստանի իրականացումով այլևս կ’ազատւինք, որպէս հպատակ ու փոքրամասնութիւն ապրելու տւայտանքներէն ու հնարաւորութիւն կունենանք համամարդկային գաղափարներով ու հարցերով զբաղիլ։
Կըղձանք տեսնել Հայաստանն անկախ, որովհետև հաւատացած ենք, որ միայն անիկա է, որ վերջ պիտի դնէ մեր դարաւոր տառապանքներուն ու սկիզբը մեր երազներու աշխարհին։
Հայաստանը պէտք է միացած ըլլայ, որովհետև մեր սէրը բաժանել չենք կարող։
Միացեալ Հայաստանը կ’ուզենք, որովհետև ալ յոգնած ենք և վերջ մը պէտք է մեր տառապանքներուն։ Ատով այլևս մենք մեզի չենք ծանրաբեռնելու նոր ազատագրական պայքարներ սկսելու անոնց դէմ, որ կուգան մեր հայրենիքը անդամահատելու, մեզ հպատակեցնելու ու մեզ թևատելու։
Միացեալ Հայաստանը պարզ հետևութիւնն է «միութիւնը ոյժ է» նշանաբանին։
Միացեալ Հայաստանը մեր ոյժերը խտացնելու ու դասաւորելու, մեզի թևեր և թռչելու հնարաւորութիւններ կը ստեղծէ։
Միացեալ Հայաստանն անհրաժեշտութիւն մըն է, որովհետև միայն ատով մենք ապահոված կ’ըլլանք մեր հայրենիքի տնտեսական ամբողջութիւնը։
Միացած, բայց ոչ անկախ Հայաստան՝ կը նշանակէ ջրէն ելնել ջրհեղեղն իյնալ։
Անկախ, բայց ոչ միացած Հայաստանը կը նշանակէ անդամալոյծ դառնալ ու «երանի» տալ ցեխի մէջ խրւած կառքին։
Մէկը միւսով է պայմանաւորւած ու երկուքը միասին մէկ ամբողջութիւն կը կազմեն։
Անկախ ու միացեալ Հայաստան, ատիկա մեր դարերու երազանքն էր, երէկւայ մեր փափաքը ու այսօրւայ մեր իրականութիւնը։