Հայկական արդիություններ․ նախագծի ներկայացում
2022 թվականի հունիսին Հովհաննիսյան ինստիտուտում կազմակերպվեց «Մշակույթ և արդիականացում» հետազոտական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց առաջին` «Բարք և քաղաքականություն» մոդուլը: Ծրագրում ներգրավված հինգ հետազոտողներ իրենց թեմաները ներկայացրեցին ընթացքի մեջ գտնվող աշխատանքներից ուշագրավ դրավագներով:
«Մշակույթ և արդիականացում» հետազոտական ծրագիրը բազմագիտակարգ հետազոտական ծրագիր է, որը հետևողական հետազոտության նյութ է դարձնում ավանդված մշակույթի և արդիականացման գործընթացների միջև լարումների ու սերտաճումների դինամիկան։ Ծրագիրը պատմաբանական, փիլիսոփայական, գրականագիտական և արվեստաբանական խաչվող դիտանկյուններից ձգտում է վեր հանել հարազատական կապերի վրա հիմնված համայնական արժեքների և քաղաքակրթական բարձր պահանջների բարդ փոխհարաբերությունը՝ ուրվագծելով դրա հետ կապված խնդիրների լուծման հնարավորություններ։
Հետազոտական ծրագիրը բաղկացած է երկամյա թեմատիկ մոդուլներից, որոնցից առաջին՝ «Բարք և քաղաքականություն» մոդուլի հետազոտողները շնորհանդեսին ներկայացրել են իրենց աշխատանքները․
• Աշոտ Գրիգորյան, «Ժան-Ժակ Ռուսոն հայոց քաղաքական ու կրթական արդիականացման ճանապարհին»
• Նարե Սահակյան, «Եկեղեցի և ժողովուրդ․ հայերի արդիականացման հեռանկարները դարադարձի Էջմիածնում»
• Սիրանուշ Դվոյան, «Քաղաքական ազատագրությունն ու կենցաղը խորհրդահայ վիպագրության մեջ․ «Երկիր Նայիրի» և «Այրվող այգեստաններ»»
• Աննա Գալստյան, «Որբություն և հեղափոխական քաղաքականություն․ Ադո Ադոյանի ճանապարհը»
• Իրինա Շահնազարյան, «Կենցաղի արդիականացում և արդիական արվեստ․ մշակութային հեղափոխության մարտահրավերները 1920-ականների Խորհրդային Հայաստանում»