Շուշիի հասարակության «սուրբ ուխտը». Ստեփանոս  Ներսիսյանը դիմում է հանրային նամակով

 

1857-1865 թվականներին նկարիչ Ստեփանոս Ներսիսյանն իր գործունեությունը ծավալում էր Շուշիում։ Այստեղ ժամանելով իբրև Շուշիի հայոց թեմական դպրոցի նկարչություն առարկայի ուսուցիչ՝ արդի հայ նկարչության առաջնեկ գործիչն ակտիվորեն մասնակցում էր քաղաքի հասարակական կյանքին՝ ջանքեր ներդնելով կրթության ընդհանուր գործի կազմակերպման ուղղությամբ։ Ներկայացվող վավերագիրը Ներսիսյանի հանրային գրի՝ մեզ հասած մի հազվագյուտ օրինակ է՝ 1861 թվականին Շուշիի հոգևոր դպրոցի կազմակերպման թոհուբոհի մասին նամակ Կռունկ Հայոց աշխարհի պարբերականին։

Նկարիչն այստեղ դպրոցի կայացման գաղափարը «սուրբ միտք» է անվանում՝ շարունակելով կրթության գործը սրբացնելու՝ դեռևս հինգերորդ դարում սահմանադրված ավանդույթը։ Այս ավանդույթի հետ ուղիղ կապի մեջ է Ներսիսյանը նաև ձևակերպում իրենց կառուցելիք դպրոցի աշակերտների հետագա ուղին՝ համապատասխան «մեր նախնական սուրբ վարդապետների շաւղացն»։ Այս ուղին պետք է ի վերջո անցներ «լուսաւոր տէրութիւնների» համալսարաններով ու հետ գար՝ լցնելու հայրենյաց շտեմարանները։ Դպրոցի կայացման՝ արդեն սրբացված գործի շուրջ բանավեճերը նկարչին ամբողջ սրությամբ են երևում՝ ոչ ավել ոչ պակաս, քան Ավարայրի ճակատամարտի միջոցին վարդանանց ու վասակյանց միջև հակամարտությունը։ «…. Բայց սուրբ Վարդանանց խումբերը ջարդ ու փշուր արին նրանց յոյս դրած կարծր վահանները», ինչպես և Շուշիի հասարակությունը պայքարել ու մոտեցել է հոգևոր դպրոցի կայացումը գլուխ բերելուն՝ անկախ «Վասակայ և Մեհրուժանի նման» չարամիտներից։

Ամենահատկանշականն այստեղ, թերևս, նկարչի՝ Շուշիում «սուրբ գործի» համար կազմակերպված ստորագրահավաքի նկարագրությունն է. ժողովուրդը գալիս է ստորագրելու «ինչպես ոչխարի հօտն աղի վերայ են վազում»։ Այս պատկերն ուղիղ վերցված է Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկից, ուր վարդապետ պատմիչը նկարագրում է ուխտի միաբանների՝ դեպի մահը մղվելու խանդավառությունը. «գրոհ տալով դեպի մահ դիմեցին, ինչպես սուրբ զոհացուները դեպի երկնավոր աղը»։ Հայերի լուսավորման արդի գործի սկզբնավորողներ Ստեփանոս Նազարյանցի և Խաչատուր Աբովյանի բարեկամ նկարիչը աշխարհաբար հայերենով հանրային խոսք ասելու իր այս փորձում, փաստորեն, կենդանացնում է Եղիշեի նկարագրած մարտն ու արդիացնում սուրբ ուխտը Շուշիի հասարակության մեջ։   

Հրապարակվում է ըստ՝ «Հայոց աշխարհին կռնկան խապրիկները. ազգային դաստիարակութեան զարգացման վերաբերեալ նամակներ», Կռունկ հայոց աշխարհին, 1861, թիվ Դ, էջ 298-301։

 

Յարգոյ հրատարակիչ,

Ձեզ քաջ յայտնի է, որ էս անց կացած 1860 թուականիցն մինչ էս օրս արծարծուում է մեր Ղարաբաղցւոց միջում վերին նախախնամութենիյն հոգևորուած էս սուրբ միտքն, որ մեր միջին, այսինքն Շուշուայ քաղաքումը կեդրոնացնենք մի այնպիսի հայոց հոգևոր դպրոց, որ համապատասխան լինի մեր նախնական սուրբ վարդապետների շաւղացն, այսինքն՝ հայոց անարատ մանկունքն թէ հոգևորականաց և թէ մարմնաւորականավ կրթուին և զարգանան հայկական հոգւով իրանց անարատ և ոչ խմորուն՝ սուրբ եկեղեցւոյ ծոցումն, իրանց մաքուր և կաթոգին մարց գրկումն, իրանց սուրբ հողումն և ջրումն և յետոյ զարգացած թէ հօգւոյ բարոյական կրթութենով և թէ մարմնոյ ամենայն մասին կազդուրմամբն՝ գնան այնուհետև լուսաւոր տէրութիւնների համալսարաններումն և արհեստանոցներումն ստանան բարձր գիտութիւններ և արհեստներ, որ վերադարձած հայրենիքն՝ լքցնեն և համբարեն ամենայն մասամբ հայրենեաց շտեմարաններն, ինչպէս երբեմն մեր սուրբ նախնիքն էին Աթենքից վերադարձած։ Հենց էս սուրբ մտքովն երերուում էինք, որ յանկարծ մէկ քանի մարդիկ գտնուելով մեր հասարակաց Ընթերցարանումը, յետ ամենայն ասուլիսից՝ ծնուեց այս գաղափարը, որ հասարակութեան կարողութիւնը միացնեն Հոգևոր Դպրոցի սխմուած արդեանց հետ և նրա հետն էլ խնդրեն Վեհափառ Կաթուղիկոսին, որ մէկ քանի ժողովրդեան կամաւոր տուրքերն, որն որ մինչև այժմ վիճակն իրան է սեփականացրել, այն տուրքերն փոխադրուի Հոգևոր Դպրոցի արդեանց հետ. այս խորհուրդը մինչ դեռ արծարծուում էր ժողովրդեան մէջ՝ պատահեցաւ Գերամեծար Աղայ Համբարձումին Հախումեանց գնալ ի սուրբ Էջմիածին և նրա Վեհափառ Կաթուղիկոսին ներկայացած ժամանակումն Վերին նախախնամութենիցն ազդուած՝ ուրիշ առարկաների միջին էս ևս խնդրեց Կաթուղիկոսից և որը որ ուրախութենով ընդունելուց ետքը՝ իրան հայրապետական կոնդակաւ խրախուսեց և յորդորեց Շուշուայ հասարակութեանը, որ իրանց միջիցս չորս արժանահաւատ և ընդունած հոգաբարձուք ընտրեն, Դպրոցի համար կանոն շինեն, ներկայացնեն Նորին Վեհափառութեանը և նա ինքն հաստատէ մշտնջենաւոր յարատևութեան համար, որ և կարճ միջոցումն սոքա ամէնքը կենդանացան և հաստատուեցաւ կրկին իր սուրբ կոնդակովն կցուելով համեմատ հոգաբարձուաց խնդրանացն Հոգևոր Դպրոցի սուղ արդեանց հետ էն կամաւոր տուրքերն. բայց մէկ քանի ժամանակից յետոյ անդամներն Կոնսիստորիայի տեսնելով՝ որ ապօրինի շահուց դռներն պիտի այնուհետև իրանց առաջին փակուի, ծածուկ հնարքներով Սինօթականաց մտքերը պղտորեցին ու էլ հրաման ստացան նրանցից որ էլ յետ դարձնեն իրանց տեղը Նորին Վեհափառութեան կոնդակովն աւելցրած վերևը յիշուած ժողովրդոց կամաւոր տուրքերն, վասնորոյ այսօրուան օրս ժողովրդեան սուրբ միտքը թոյլ չի տալիս, որ յուսահատուին և յետ կենան էս մտքիցն, թէև նոյն Կոնսիստորիայի անդամները ժողովուրդն ևս ճեղքվել են երկու մասն. մէկ կողմն խարդախ մտքերով շաղախուած՝ յամառուել մնացել են էն խորհրդին, որ անդամներին պահպանելու համար խոչընդոտն լինին էս սուրբ մտքին. իսկ միւս կողմն սուրբ սրտով և մեծ մեծ քայլերով առաջ են գնում շինութեան ասպարիզումը և էս էր պատճառն, որ բարեկենդանի առաջի շաբաթումն երկու անգամ հասարակութեան ժողովք էլաւ գրատանը, որի առաջին ժողովքումը կարդացուեցաւ էս երկու ազգասիրական և ուսումնասիրական խօսքերն Հոգևոր Դպրոցի չորս անդամների մէկիցն, որ է բարեմիտ և ազգասէր աստիճանաւոր Յովհաննես Պետրոսեան Բահաթուրեանց ազնուականը. և որը առաքեցի ձեզ ի կողմանէ յիշեալ Շուշուայ քաղաքի Հոգևոր Դպրոցի անդամոց, որ տեղի տաք պատուական Կռունկ օրագրի մէկ անկիւնումն՝ յընթերցումն հասարակութեան. իսկ երկրորդ ժողովումն, որի մէջ խօսուեցաւ, որ դրամի օժանդակութեան ստորագրութիւն բացուի, խնդիր շինուի Նորին Վեհափառութեան և Սրբոյ Էջմիածնայ Սինօթի անուամբն, որ դարձեալ նոյն յետ դարձրած արդիւնքներն կրկին հաստատեն Հոգևոր Դպրոցի անուամբ և էլ Դպրոցի կարգ և կանոնը հաստատեն. այստեղ ժոցովրդից մէկ քանի անմիտ գլխները դարման ճխտած, ազգակործան մտքերով շաղախուած՝ Կոնսիստորիայի անդամների դրդմամբ ուզեցան, որ տակն ու վրայ անեն, շփոթեն ամբողջութեան սուրբ միտքն, բայց երբ որ «Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ». ամբողջութենից հեստուեցան էն մէկ քանի չարամիտներն, Վասակայ և Մեհրուժանի նման, հէնց նոյն օրերումը, որ նրանք պատրաստուել էին Հայաստանի գլխին կրակ թափելու, բայց սուրբ Վարդանանց խումբերը ջարդ ու փշուր արին նրանց յոյս դրած կարծր վահանները և իրանց նահատակութիւնովն յիշատակի ձայն կանգնացրին մեր հայոց հարազատ որդիքների սրտերումը բարեկենդանի հինգշաբթի օրն, որ էս նշանաւոր օրս էլ Աստուածանից մեզ նախասահմանուեց անզգալի եղանակաւ ստորագրութիւն բանալ մեր սուրբ նպատակին հասնելու համար. բացինք և համարեա՛ թէ հասանք ևս արդէն մեր նպատակին այնպէս՝ որ յերկուսն Մարտի սկսուեցաւ ստորագրութիւնն մինչի մարտի ինն, որ էս օրս է. զանազան տեսակ տրոց գումարն հասաւ քառասուն հազարին, դեռ ևս հարիւր անձանց ստորագրութեամբ, որոնց միջին կան ևս կանայք. ժողովուրդքն վառուած գալիս են ստորագրուում, ինչպես ոչխարի հօտն աղի վերայ են վազում, այնպէս՝ որ մինչև ստորագրելու կարգը միւսին հասնելն, սհաթներ են անց կենում։

Ահա՛ այս ուրախառիթ հանգամանքներն են, որոնք ձեզ ևս այսօր իրս ամենայն ճշդութիւնովն հաղորդում եմ կարճ ի կարճոյ՝ թողլով լիակատարն երկրորդ նամակաւս։ Ես ամէն արարմանց և գործողութեանց միջին գտնուելովս անձամբ անձին՝ կարող եմ համարձակ կենդանի և ականատես վկայ համարուիլ ամենայն ազգասէր սրտերի առաջին. ևս և ինձ մեծ ուրախութիւն է պատճառում էսպիսի ուրախառիթ լուրերով ուրախացնել մեր համայն ազգային սիրովը վառուած սրտերը։

 

Նկարիչ Ստեփանոս Ներսիսեանց։
յ9ն Մարտի 1861 ամի
Ի Շուուայ քաղաքի։