Որբանոցը՝ պատկոմատուն

 

Ցեղասպանությունից հետո որբերի ահռելի քանակը և գոյության ակնհայտ փաստը ստիպում է նոր ստեղծված ազգային պետականությանը, իսկ այնուհետև խորհրդային իշխանությանը հաշվի նստել նրանց սեփական օրենքների, բարոյական նորմերի և աշխարհայացքի հետ: Որբերն էապես ձևավորել են 20-րդ դարի հայկական իրականության դիմագիծը՝ մեծապես ազդելով մշակույթի, գիտության ներկայիս տեսքին և բովանդակությանը:

Պատկոմական կազմակերպությունների գերակշիռ մասը կազմում էին որբերը: Լինելով լուսավորության նախարարության կազմի մեջ՝ արդիականության հրահանգներն էին իրագործում կրթադաստիարակչական բնագավառում: Կռվելով նույն որբերի հենքը կազմող գյուղական նահապետական բարքերի դեմ, որոնք են սնոտիապաշտությունը, անգրագիտությունը, կրոնական զանազան «զառանցանքները»՝ պատանի կոմունարները միաժամանակ հաղթահարում էին ավելի խորքային՝ հոգեբանական սկզբունքներ: Տնազրկության, ծնողազրկության հետնախորքային իրականությունը միախառնվում էր արդիական, լուսավորչական ներկայի համառ պայքարով՝ ընդդեմ այդ նույն հետնախորքի: Որբերը այժմ զբաղվում են արվեստով, գիտությամբ, գյուտեր են անում և հասարակագիտական ուսումնասիրություններ են իրականացնում: Սական 1700 տարվա պատմություն ունեցող նահապետական բարքերը չեն կարող իրենց տեղը հեշտ զիջել ընդամենը 300 տարի պատմություն ունեցող լուսավորության նախագծին: Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ կերպ և ինչպես է որբերի գյուղական հենքը արտահայտվում նրանց նոր կենսագործունեության մեջ: Թե՛ անցյալի պատվիրանների ծանրակշիռ փաստը, թե՛ բոլշևիզմի համառ և հեղափոխական ալիքը եղել են որոշիչ հայ արդիականության անբաժան մասը կազմող որբերի կյանքում: Անցյալի և հեղափոխական ներկայի մի կողմից հակասական, բայց միաժամանակյա գոյակցությունն է, որ կազմում է  հայ արդիականության տեղական առանձնահատկությունը:

Հասարակական-քաղաքական գործիչ և լրագրող Ադո Ադոյանը դեռ որբանոցից գտնվում էր Հայաստանի պատկոմական շարժման ակունքներում: 1924 թվականի Պատկոմ ամսագրում տպագրվում է նրա՝ մեզ հայտնի առաջին հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես որբանոցի շեմին կանգնած նա և իր ընկերները համաձայնվում են թողնել իրենց ապաստարանը և տեղափոխվել պատկոմական կազմակերպություն:

Սակայն Գուրգեն  Մահարու պատմվածքից և Սարմենի մի պոեմից մեզ հայտնի է, որ Ադոյանը շատ ակտիվ գաղափարական պայքար է տարել դեռևս որբանոցային տարիներին՝  սկաուտական իշխանության դեմ, որը ներկայացնում էր ազգային գաղափարախոսական թևը: Պատին փակցվող կծու երկտողերը ընդդեմ որբանոցի կառավարչի, հումորային և սրամիտ հակասկաուտական ոտանավորները, հմուտ և արագ գործողությունները՝  կառավարչի հրամանին հակառակ, շատ արագ դարձրեցին նրան հայտնի որբանոցի պատերից ներս և նաև դուրս, երբ կոմունիստ ավագ ընկերները, իմանալով նրա կարողությունների մասին, առաջարկում են նրան աշխատանք՝ Երիտասարդ կոմմունիստ թերթի տպագրությունում:

Հոդվածում, չմոռանալով նշել այն մասին, որ նրանք նույնիսկ կոշիկ չունեին հագնելու, պատճառաբանում է, թե ինչու սկզբից մերժեցին պատկոմականների առաջարկը՝ ընդգրկվելու կազմակերպության մեջ: Կարճ շալվար հագնելու և շարք կանգնելու փաստը բացարձակ դուր չեկավ գյուղացի որբերին, բայց երբ նրանց տեղեկացրին, որ հրահանգիչ են դառնալու, միանգամից կարկամեցին և համաձայնվեցին: Որբերի գյուղական հենքի ահա այսպիսի օրինակներն են, որ կարևորվում են որբական ինքնության կազմավորման գործում: Իսկ պատկոմների «ճշտության» մեջ իրենց հակառակորդներին՝ սկաուտներին, գիմնազիստներին, աշակերտներին համոզելու համար մտնում էին փողոցային քաշքշուկի մեջ: Որբերի «բանդաների» ներքին օրենսդրությունը կրկին գործի է անցնում, երբ անհրաժեշտ է լինում համոզել «թշնամիներին» պատկոմների իրավացիության մեջ:

Հրապարակվում է ըստ` Ադոյան, «7-ից-7000», Պատկոմ, թիվ 3 (7), 1924։

 

7–ԻՑ—7000

1921 թիվն եր. աշնան մի ամպամած ու մռայլ յերեկո: III–րդ վորբանոցի փողոցի կողմը գտնվող պատի տակ հավաքվել եյինք 7–ը ընկերներ և խոսում եյինք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ապագայում ինչ պիտի դառնա (յերբեք չեյինք կարծում, թե բախտը մեզ կարող ե պատկոմական ղեկավարներ դարձնել):

Մեր ցանկություններն իրագործելու համար մենք պետք ե տեղափոխվեյինք Պարիզ, սակայն կոշիկ ել չունեյինք: Մոտեցավ մեզ մեր ավագ ընկեր Յուզը ուրախ դեմքով ու ասաց. «Տղե՛ք, յեթե ձեզ մի լավ բան ասեմ, կանե՞ք»:

— Կանենք, ինչու չե— բացականչեցինք:

— Դուք գիտեք, վոր մեզ մոտ գոյություն ունի Պատկոմ. Կազմակերպություն, և մենք վորպես կոմսոմոլիստներ, պարտավոր ենք մտնել այդ կազմակերպության մեջ:

— Եհ, յեղբայր. մարդ չգտար. չե՞ վոր մենք տպարանում աշխատում ենք. մեր ի՞նչ բանն ե կարճ շալվար հագնելը:

— Ներեցեք, ընկերներ,— ասաց Յուզը. այս վորոշումը յեղել ե Յերևանի կոմիտեյի կողմից, վոր 16 տարեկանից ցած յեղողները պարտավոր են մտնել պատկոմական կազմակերպության մեջ. հետևապես դուք վորոշումը խախտել չեք կարող:

— Յո՛ւզ, մենք վոչ շարք կանգնել գիտենք, վոչ կարճ շալվարով ման գալ. ուրիշ ի՛նչ ասեք՝ կանենք:

— Ընկերներ, դուք պիտի դառնաք հրահանգիչներ. պա՞րզ ե թե վոչ:

Յերբ լսեցինք հրահանգիչ անունը, կարծեցինք, թե կարճ շալվարից պիտի ազատվենք, և կարկամած միաբերան ասացինք.

— Համաձայն ենք, համաձայն…

Այդ որվանից մտանք կազմակերպության մեջ. մենք յոթս այնքան սիրեցինք այդ կազմակերպությունը, վոր հրաժարվեցինք դպրոց գնալ ու մեզ միանգամայն նվիրեցինք նրան:

Բոլորս հրահանգիչներ եյինք և ղեկավարում եյինք միքանի կոլլեկտիվներ. աշխատանքներ սկսելուց միքանի որ հետո սկսում եյինք մեր հաջողությունները պատմել իրար և ուրախանալ: Հրահանգիչները (վորոնք 27 եյին) դեռ անփորձ եյին ու քչերն եյին ազատված ծեծ ուտելուց:

Յերբ ձմռան մի որ խոսում եյինք շտաբում առորյա անցուդարձի մասին, հանկարծ ներս մտավ հրահանգիչ Գ.–ն, վոտներն արյունալի:

— Ի՞նչ ե պատահել, Գ.:

— Գիմնազիստներն ինձ կամենում եյին ծեծել, յերբ ես մեկին հրեցի հեռու, բոլորը վրաս հարձակվեցին և տուր թե կտաս: Այս խառնակության ժամանակ մեկը չոքեց և վոտքս կծեց:

Տաս րոպե հետո մտավ հրահանգիչ Հ.–ն առանց գլխարկի. հարցուփորձից պարզվեց, վոր աշակերտները հրահանգիչ Հ.–ի գլխարկը նետել եյին յեկեղեցու կտուրը: Դրանից հետո ներս մտավ հրահանգչուհիներից մեկը, վորի վերարկուն պատառ–պատառ եյին արել:

Աշակերտների վերաբերմունքը դեպի մեզ շատ լարված եր. մեզ դիմավորում եյին «պատ կրծող» ածականներով ու գոչումներով:

Սակայն թե՛ սկաուտների պայքարը, թե՛ ուսուցիչների գործին արգելք հանդիսանալը և թե՛ մասսայի ծաղրն ու հեգնանքը մեր կարճ շալվարի վրա չկարողացան մեր կազմակերպության արագ ընթացքը դանդաղել: Որեցոր աճում եյին մեր շարքերը: Հունվարին արդեն 750 պատկոմներ եյինք: 7–ս վարժվեցինք կարճ շալվարներին և նրանցից չեյինք ուզում բաժանվել: 7–ը այժմ կուռ, միացած մեր ղեկավար ընկ. Ստյոպայի հետ, առաջ տարանք հաղթանակով Պատկոմական Կազմակերպությունը:

Ահա թե ինչպես հիմնվեց Պատկազմը, ինչպես 7–ըս դարձանք 7000:

ԱԴՈՅԱՆ