Որպես բնագրի նյութ են ներկայացված Գուրգեն Մահարու «Մեծ գործի սկիզբը»[1]Գուրգեն Մահարի, «Մեծ գործի սկիզբը» (1934), ըստ՝ Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հ․ 7, կազմեց Գուրգեն Աճեմյանը (Երևան: Անտարես, 2016), էջ 223-228: Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1934 թվականի ապրիլի 20-ին, Խորհրդային Հայաստանի-ի 91-րդ համարում, այն ժամանակ երբ Ադոն այդ թերթի խմբագիրն էր: Այնուհետև տպագրվում է Նյու Յորքի ՙԲանւոր՚ թերթի 1934 թվականի մայիսի 17-ի համարում, որը կարելի է ասել, փաստորեն, նույնպես Ադոյանի խմբագրության ներքո էր: պատմվածքը և Սարմենի «Ռաջիե Ջնդի» պոեմը:[2]Սարմեն, «Ռաջիե Ջնդի (Պ Ո Ե Մ)», տե´ս Սարմեն, Թռիչք (Երևան: Պետհրատ, 1935), էջ 25-39: Այս երկու գրական նյութերը շաղկապված են միմյանց նրանով, որ իրենց նյութի համար ընտրել են նույն գրական հերոսին, ով իրական կյանքում հանդիսանում էր նրանց մանկության և պատանեկության մտերիմ ընկերը: Այդ հերոսը Ադո Ադոյանն է, ով որբանոցային տարիներից սկսած և խորհրդային տարիներին եղել է նրանց աջակիցը և բարեկամը:
Մահարին և Ադոյանը միմյանց ծանոթանում են որբանոցի պատերի ներսում, ընկերանում են և միասին աշխատում են որբանոցային մի ընդհատակյա տպարանում, որտեղ նաև ներգրավված էին ալաշկերտցի Վահրամ Շառոյանը, վանեցիներ Վահան Հացագործյանը և Արշիլ Գորկին: Մահարու որդուց՝ Գրիգոր Աճեմյանից, տեղեկանում ենք, որ հայրը մի փոքրիկ պատմվածք ունի՝ նվիրված հենց Ադո Ադոյանին, որտեղ սակայն հեղինակը Ադո անունը վերափոխել է Անդոյի: Այս պատմվածքից ուրվագծվում է Ադոյի ազդեցիկ դերը որբանոցում՝ նորամուտ բոլշևիկյան հոսանքի ընդլայնման գործում: Գրում է Մահարին այս պատմվածքը 1934-ին, երբ Ադոն արդեն Խորհրդային Հայաստան թերթի գլխավոր խմբագրի պաշտոնն էր զբաղեցնում, և անվանում է այն «Մեծ գործի սկիզբը»՝ Ադոյանի նվաճումների սկիզբը տեսնելով հենց որբանոցային ակտիվ կյանքի մեջ: Պատմվածքը առաջին անգամ տպագրվում է վերոնշյալ թերթի 1934 թվականի համարներից մեկում, այնուհետև Նյու Յորքի Բանվոր թերթում:
Մահարին որբանոցը համեմատում է բռնապետության կամ չակերտների մեջ ներառված հանրապետության հետ, երբ բնութագրում է որբանոցի աշխատակիցներին որպես «մինիստրական խորհրդի դիկտատորի», «ռազմական մինիստրի», «արտակարգ ժողովրդական կոմիսարի» կոչումներով: Գրողի ճկուն լեզուն գրեթե աննշան է դարձնում այն «բեկումնային» անցումը, որ տեղի է ունենում քաղաքական դաշտում կոմունիստների մուտքով Հայաստան, որը երկնային մանանայի պես սպասված մի բան էր նրա ընկերոջ՝ Ադոյի համար: Ստացվում է, որ նորաստեղծ խորհրդային հանրապետությունը, կրկին տարածելով բռնության ճիրանները, ոմանց համար դառնում է մոր գրկի պես քնքուշ և ջերմ օրրան, ոմանց համար էլ, ինչպես ռամկավար Մահարու՝ ոչ: Ադոն որբանոցի մյուս երեխաներից առավել քան տարբերվում էր առանձնահատուկ սիրով դեպի գիրը և գրականությունը: Գրելու կարողությունը նա օգտագործում էր ի վնաս որբանոցային «բռնակալների», երբ սրամիտ և քննադատական քառատողեր էր գրում պատերի վրա: Հետագայում նաև այս հատկությունը համարվեց պատճառ՝ նրան աջ տրոցկիստական հակումների մեջ մեղադրելու համար: Ադոն՝ այդ «երդվյալ ըմբոստը», «ներքին օդերևութաբանական կայանը», այս պատմվածքում երկու ծայրահեղությունների արանքում ընկած «զոհ» է, քանի որ թե՜ որբանոցային կյանքը, թե՜ մոտալուտ խորհրդային իշխանությունը խավար և բռնություն են գուժում հերոսի համար: Պատահական չէ, որ այս պատմվածքը ծնվել է 1934-ին, երբ Աղասի Խանջյանը՝ ՀԿ առաջին քարտուղարը, Ադոյին ուղղված նամակում արտահայտում է իր վախը հավատարիմ ընկեր կորցնելուց, բայց միաժամանակ նաև չի ուզում կորցնել նման հազվագյուտ կադրային աշխատողի, երբ խոսք է գնում Ադոյանին Խորհրդային Հայաստան թերթի խմբագրի պաշտոնից հանելու մասին: Դեռ 1933-ին բերիական ոհմակի կողմից կազմակերպվել էր ծուղակը ընդդեմ Գիրք ճանապարհի, որի հանգուցալուծման համար մեծ դեր ուներ Ադո Ադոյանը:
Եթե Մահարու համար որբանոցային կյանքն ունի նույն վախճանաբական ավարտը, ինչ խորհրդային ռեժիմը, ապա Սարմենի պոեմում կոմունիզմի մուտքը Հայաստան համեմատվում է մոր քնքուշ գրկախառնության հետ: Այն ժամանակ, երբ Ադո Ադոյանը ստանձնում է Մոսկվայում Հայպետհրատի տնօրենի պաշտոնը, տպագրվում է Սարմենի Թռիչք բանաստեղծությունների շարքը, որի խմբագիրն Ադոն էր: Ահա այդ ժողովածուում Սարմենը և Ադոն զետեղում են մի պոեմ, «Ռաջիյե Ջնդի» վերնագրով, որը պատմում է մի քուրդ հովվի մասին, ով վայելում էր իր հովվերգական ներդաշնակ և խաղաղ կյանքը, երբ հանկարծ սկսվում է պատերազմ անունով արհավիրքը, սովը և համաճարակը ու որբ է դարձնում քուրդ հովվին: Հայտնվելով Գյումրու որբանոցներից մեկում, շրջապատված դաժան ու անգութ դատիարակներով, նա կարողանում է մի ընկեր գտնել այնտեղ, ով լուսավորում է իր կյանքը՝ բացահայտելով նրա համար գրքերի անհուն աշխարհը: Այդ ընկերոջ անունն էր Աթո: Հայտնի է, որ Ադոն մնացել է ոչ թե Գյումրու, այլ Երևանի Գ որբանոցում, սակայն մնացյալ բնութագրումները, սկսած նրա անվանումից, վերջացրած նրա գործունեությունից մանկատանը, համապատասխանում է այն ուղուն, որ բռնել էր Մահարին «Մեծ գործի սկիզբը» պատմվածքում: Դա ըմբոստ, ընդունված նորմերը քանդող, ընթերցասեր պատանու կերպարն էր: Ռաջին մտերմանում է Աթոյի հետ, սկսում է հայերեն գրքեր կարդալ, բոլշևիկների հաղթանակից հետո Աթոյի շնորհիվ դառնում է ակտիվ պատկոմական, ընդունվում է համալսարան, այնուհետև դառնում է պատմաբան, թարգմանիչ, պոետ:
Ադոյանի խմբագրությամբ լույս տեսած Հայաստանի պիոներիայի ծնունդը գրքից կարելի է իմանալ, որ պատկոմականների մեջ կային նաև քրդեր, որոնցից ամենահայտնին Ջարդոյե Գենջոն էր, ով ավելի ուշ դարձավ ակնառու լրագրող և գրող: Ադոյի վերափոխված Աթոյի կերպարը պոեմում հայտնվում է Գյումրու որբանոցում, որպեսզի այլաբանորեն ցույց տրվի, որ մեծ փոփոխությանը սպասում էին բոլոր քաղաքների որբանոցներում, իսկ այդ փոփոխությունը մտցնում էին որբանոցի ակտիվները, ինչպիսին էր Ադո Ադոյանը:
Սարմենի մոտ գյուղացու զարթոնքը ու շինարարի վերածնունդը համեմատվում են արդիականացման առարկաների՝ շոգեկառքերի, ռելսերի, շչակների հետ: Ավարտվում է տեքստը մթի հանդեպ լույսի, կարդանք, լուսավորականության հաղթանակով, որը գրական հարացույցի մեջ դիտվում է «Գիքոր-Ֆաուստ» անցման կտրվածքով:
Երկու ստեղծագործություններում էլ առավել քան զգացվում է նորամուտ կոմունիզմի որբ հիմքը: Կոմերիտականների գերիշխող մեծամասնությունը որբեր էին, ահա այդ պատճառով էին մանկատները անվանում պատկոմատուն, իսկ Հայաստանը՝ որբերի երկիր: Եթե Մահարու մոտ չի զգացվում էական որակական տարբերություն որբանոցային և կոմերիտական կյանքերի միջև, ապա Սարմենի մոտ պատկոմատունը նույնանում է մոր, կարելի է ասել հայրենիքի վերահառնման, վերաբացահայտման հետ: Եթե հին հայրենիքը կորսվեց տգիտության, սնահավատության, սահմանափակ խելքի գերակշռության պատճառով, ապա նորը կառուցվում էր արդիականացման ծրագրի բնականոն ընթացքի վրա, որտեղ վերոնշյալ հատկանիշները լուսավորականության վատագույն թշնամիներն էին:
Այս երկու պոեմները տալիս են երկու հայացք, թե ինչպիսի ընտրության առջև էին որբ պիոներները: Մի կողմից նոր ընտանիքը՝ կոմունիզմը, արդիականացումը ոչ մի զիջում չեն անում որբի հետնախորքին, մյուս կողմից խոստանում են լուսապայծառ ապագա: Սակայն հայկական կոմունիզմի որբական ինքնությունը չի թույլատրում կուրորեն հետևել արդիականացման գնացքին՝ առանց հետ նայելու, կարևորելու նույն արդիականացմանը դիմադրող առարկային: Ահա այս կետում կարևոր է դառնում հայկական արդիականության մեջտեղայնության՝ ավանդույթի և արդիականացման մեջ լրիվ ներգրավվման արանքում գտնվելու խնդրի հաստատումը և դրա պարզաբանումը: Ադո Ադոյանի կենսագործունեության քայլ առ քայլ ուսումնասիրությունները, որը ոչ այլ ինչ է, քան այդ արանքում հնարավորինս գոյատևելու պատմություն, կպարզաբանի հայկական ինքնության արդիականացման մեջտեղայնության ընկալման խնդրի մանրամասները՝ միաժամանակ վեր հանելով այդ դիրքավորման տեղային, ազգային և համաշխարհային, մայրցամաքային կապերի առանձնահատկությունները:
Ծանոթագրություններ[+]
↑1 | Գուրգեն Մահարի, «Մեծ գործի սկիզբը» (1934), ըստ՝ Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հ․ 7, կազմեց Գուրգեն Աճեմյանը (Երևան: Անտարես, 2016), էջ 223-228: Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1934 թվականի ապրիլի 20-ին, Խորհրդային Հայաստանի-ի 91-րդ համարում, այն ժամանակ երբ Ադոն այդ թերթի խմբագիրն էր: Այնուհետև տպագրվում է Նյու Յորքի ՙԲանւոր՚ թերթի 1934 թվականի մայիսի 17-ի համարում, որը կարելի է ասել, փաստորեն, նույնպես Ադոյանի խմբագրության ներքո էր: |
---|---|
↑2 | Սարմեն, «Ռաջիե Ջնդի (Պ Ո Ե Մ)», տե´ս Սարմեն, Թռիչք (Երևան: Պետհրատ, 1935), էջ 25-39: |
Մեծ գործի սկիզբը
1.
Մի քանի ամիս եր, ինչ Հայաստանը խորհրդայինացվել էր:
Ձմեռ:
Քարաշեն, մռայլ որբանոցը քուն եր մտել: Ընդարձակ բակով և ցարական ստանդարտ կորպուսներով այդ մռայլ շենքում, ապրում եյին շուրջ յոթ հարյուր մանուկներ և պատանիներ, դաժան կառավարիչների, քաղցի, զրկանքի և տարափոխիկ հիվանդությունների ճիրաններում:
Բայց յերբ յերկիրը խորհրդայնացավ, ամենադաժան Արամ Տոտոմյանն անգամ ժպտաց: Պարոն Արամ Տոտոմյանը մինչ այդ զբաղված եր բացառապես «վորբանոցային հանրապետություն» ստեղծելով և վորպես «վորբանոցային մինիստրական խորհրդի «դիկտատոր», հրամայում եր «ռազմական մինիստրին», ծեծել Վահրամին, կամ «պարենավորման մինիստրին»՝ ճաշազուրկ անել Տիգրանին, իսկ ինքը՝ վորպես յոթհարյուր հոգիանոց յերկրի արքա, անցնում եր ննջարանից–ննջարան, քաշում եր «անհնազանդ» մինիստրների ականջները, պաշտոնանկ եր անում և տեղերը նորերն եր նշանակում, միշտ մռայլ, միշտ անժպիտ և տիրական:
Բայց յերբ յերկիրը խորհրդայնացավ, ամենադաժան Արամ Տոտոմյանն անգամ ժպտաց:
Նա մինիստրական վեհաժողով հրավիրեց, մինիստրական խորհուրդը հայտարարեց լուծված, շոյեց մինիստրների պատանեկական աղվամազոտ, փայլող թշերը և… անհայտացավ: Ո՞ւր գնաց, ո՞ւր կորավ, վոչ ոք չիմացավ, բայց մի բան պարզ եր, վոր նա անհայտացավ խորհրդավոր կերպով, գնաց ու գնաց:
Պարոն Արամ Տոտոմյանին հաջորդեց նրա ոգնականը՝ պարոն Լեվոնը, կարճահասակ, աքլորային արտաքինով մի յերիտասարդ, վորը հենց նշանակվելու որն առանձին-առանձին կանչեց նախկին մինիստրներին և ասաց.
— Մանչս, հին կառավարությունը տապալվե՞ց: Ասա՝ այո:
— Այո´:
— Նոր կարգեր ստեղծվեցին, այնպես չե՞, ասա՝ այո:
— Այո´:
— Հիմա յես քեզ նշանակում եմ մեր վորբանոցի արտակարգ ժողովրդական կոմիսար: Վոչ մի խոսք, վոչ վոքի: Միայն ես և դու կիմանանք այդ մասին, լա՞վ: Ասա՝ այո:
— Այո´:
— Ուրեմն վաղվանից ո´վ ինչ կխոսի իմ մասին, վորբանոցի մասին, կգաս և առանձին ինձ կհայտնես: Այո՞: Ասա՝ այո:
— Այո´:
— Դե, գնա: Այնպես արա, վոր բացի ինձանից և քեզանից վոչ վոք… չիմանա, վոր դու… կոմիսար ես, լա՞վ:
— Լա´վ:
Յեվ այսպես՝ տասներկու հոգու:
Յերկրորդ որը, սակայն, ինչ վոր անձնական հողի վրա Սարգիսն արյունլվա արավ Մանուկի քիթ-պռունկը: Վերջինս իրեն կորցրեց ցավից և գոռաց.
— Շա´ն վորդի, վի՞ր կզարկես, վորբանոցի արտակարգ կոմիսարի՞ն, հո՜ւմմմմ, յես քո…
— Լակոտ,— հարձակվեց Սարգիսը,— վո՞վ ե կոմիսար: Կոմիսար յես եմ:
— Դո՞ւ:
— Յես…
— Տո դո՞ւ…
— Յե´ս, յե´ս…
Կռվողներին բաժանող Գեվորգը շառագունեց.
— Կորեք, մունդռիկներ, վոչ դու, վոչ նա, պարոն Լևոնն ինձ ե նշանակել կոմիսար:
Յեվ այսպես, քաղաքական իմաստուն և դիվանագետ պարոն Լևոնի գործը բացվեց: Նա վոչինչ չշահեց, բացի գաղտնի «արտակարգ կոմիսարների» բացահայտ ատելությունից:
2.
Որերը սահում եյին վորբանոցում, կրիաների պես գորշ, աննկատելի, դանդաղ, տաղտկալի: Որերը սահում եյին վորբանոցում, անհաղորդ ու հեռու՝ դրսում աղմկող փոթորիկներից, բայց կային ներքին կենդանի ոդերևութաբանական կայաններ:
Այդ կայաններից ամենաբարձրը և զգայունն Անդոնն եր: Գունատ դեմքով, սև խաղողի հատիկների նման շարժուն պտուղներով մի տղա, ներամփոփ, բարի, բայց կատաղի իր դասերի և պատերի տակ միզելու ցանկության մեջ:
Անդոն խորհրդավոր կապեր ուներ դրսի աշխարհի հետ: Դեռ յերբ պարոն Արամ Տոտոմյանը վորբանոցի ճաշարանի պատին կպցրեց իր ձեռքով գրված մի հայտարարություն, ըստ վորում «Ռուսաստանում կործանում ե, մայրերը կուտեն իրենց զավակներին, իսկ հայրերը՝ իրենց կանանց»— սպիտակ պատի վրա սև ածուխով, մյուս որը, առավոտյան, ծուռ ու մուռ տառերով վորբերը կարդացին հետևյալը.— «Սուտ ե: Յեթե հայրերն ուտում են իրենց կանանց, ուրեմն կերված մայրերը չեն կարող ոտել իրենց զավակներին: Շան վորդի, սուտ»:
Անդոնը հայտնի յեր, ի միջի այլոց, և իր խորհրդավոր տետրերով: Ամերիկյան կաթի դուրս նետված տուփերի վրա փակցված թղթերը պոկում եր նա և մյուս յերեսի վրա գրում: Գրում եր, ինչ եր գրում, հայտնի չեր, բայց նա իր գրածները կոշտ թելերով կարում եր և պահում, սատանան գիտի՝ թե վորտեղ: Վորբանոցային պարոն Լեվոնը գաղտնի «ժողովրդական կոմիսարների» ոծման առաջին իսկ որից, նա մի քանի մանր–մունր բունդեր կազմակերպեց իր բռունցքների անմիջական ոգնությամբ՝ այն «կոմիսարների» դեմ, վորոնք պահանջում եյին գիշերները ննջարաններում մարել լույսերը, մի հանգամանք, վոր զրկում եր նրան գիշերները պարապելու հնարավորությունից: Յերբ պարոն Լևոնը տեսավ, վոր չի կարելի պարզ յերեխաների հետ բարդ դիվանագիտությամբ զբաղվել, անցավ պարզագույն քաղաքականության. նա սկսեց գիշերային պահակի միջոցով սավաններ, ադյալներ հանել և ծախել, գիշերները թղթախաղով և հարբեցաղությամբ զբաղվել, իսկ ցերեկներն անխտիր բոլորին ժպտալ և ճառել.—
— Կառավարիչ, վորբ չկա, յես ել վորբ եմ, դուք ել մեկ-մեկ կառավարիչ, մենք հավասար ենք, կեցցե Խորհրդային իշխանությունը, կեցցեք դուք, ձեր գաղափարով…
Որեր: Շաբաթ, ամիս:
3.
… Ձմեռ:
Քարաշեն, մռայլ վորբանոցը քուն եր մտել: Աբովյանական մի ձմեռ ճարճատում եր, ասես յերկրին մոտեցած աստղերի տակ: Լսվում եր միայն պահակի համաչափ վոտնաձայնը, վորբանոցի պատշգամբից: Արեվելքում աստղերը գունաթափվեցին, իսկ ցուրտն ավելի ցրտեց: Ճիշտ այդ ժամին, քաղաքից դուրս լսվեցին անընդհատ մոտեցող կրակոցներ:
Ամենից առաջ զարթնեցին և հագնվեցին պաշտոնաթող կոմիսարները: Խանգարված քնով, սրթսրթալով, քաշ տալով իրենց չուստիկները, նրանք վազեցին գրասենյակը: Այնտեղ, ընդարձակ գրասենյակում, մերթ յերկարությամբ, մերթ լայնությամբ, ջղային քայլերով յերթեվեկում եր պարոն Լեվոնը: Յերբ նրանք ներս մտան, կանգնեց մի պահ և կարծես աչքերով համրեց ներս մտնողներին: Յերբ ներս մտավ վերջին սրթսրթացող կոմիսարը, նա համլետավարի ձեռները խաչեց կրծքի վրա և հարցրեց նրանց.
— Բարի լույս, ընկեր կոմիսարներ, վո՞նց եք, լա՜վ եք… հանրապետությո՜ւն ե, հավասարությո՜ւն… Իսկ այս ձայները կլսե՞ք… շփացածներ, փչացածներ,— հանկարծ պայթեց նա վոտքը խփելով գետնին, վորից դողացող կոմիսարները անակնկալի յեկած վեր թռան:
— Յես ձեզ ցույց կտամ… վորբկոմխ՜որհ…
Պատուհանի տակից լսվեցին անցորդների շտապ վոտնաձայններ: Զինվորներ եյին անցորդները, հայտնի չեր՝ ինչ բանակից: Պարոն Լեվոնը մոտեցավ պատուհանին և կանչեց.
— Ընկեր, ե՜յ, զինվոր, ինչպես ե դրությունը:
— Բոլշևիկները յաման են դեմ կանգնե,— յեղավ պատասխանը:
Պարոն Լեվոնը քիթը պճկեց և ապա տարածեց ձեռները:
— Այսինքն ձեզանից ո՞վ կարող ե ասել, վոր յես վատ եմ վարվել ձեզ հետ, տղերք: Վոչ վոք: Յես միշտ ել կողմնակից եմ յեղել հավասարության, այնպես չե՞, հը՞, ճիշտ չե՞մ ասում: Ընկե´ր, եյ՜, զինվոր, ի՞նչ լուր…
— Տո յես խայու հոգուն մեռնեմ: Հուփ ենք տալըմ… ես ա, դաշնակ խմբերը Զանգուն կտրին…
— Վորբկոմխո՜րհ, սրիկանե՜ր, յես ձեզ մեկ–մեկ… գլուխներդ հանել եյիք, հա՜ ձեզ մարդ եք հաշվում, հա՜, խուժան սրիկաներ… հը´, ինչ եք կծկվել, լրբե՜ր…
4.
Եր առավոտ: Դաշնակցական բանդաները մտան Յերևան: Վրբանոցի բակում խժժում եյին վորբերը: Նրանք դրսից մի լքված գնդացիր քաշեցին վորբանոցի բակը և սկսեցին ուսումնասիրել: Պարոն Լևոնը զինվեց, մաուզերը կախեց կողքից և դուրս յեկավ վորբանոցի բակը: Տեսնելով լքված գնդացիրը, նա մշուշվեց մի պահ, գրասենյակը մտավ և գրեց հետեվյալ գրությունը:
«Զինվորական մինիստրին.
Զանգու գետի կամուրջի հանգուցային դիրքում, մեր կողմից գրավված ե մեկ գնդացիր: Կեցցե Հայաստանի ազատ, անկախ, միացյալ հանրապետությունը:
Կեցցե մեր դատը:
Խնդրում եմ կարգադրեք հերոսաբար խլված գնդացիրը վերցնել»:
«ԼԵվՈՆ ՈՇԻՆ»
Ո՞ւմ միջոցով ուղարկել, մտածեց պարոն Լևոնը և գտավ: Անդոն, այդ յերդվյալ ըմբոստը, նրա միջոցով պետք ե ուղարկել, թող գնա, քիչ խելքի գա:
Վերցրեց Անդոն յերկտողը, կարդաց և տեղավորեց գլխարկի մեջ:
— Միայն շտապ, հրահանգեց պարոն Լեվոնը:
— Նախաճաշից հետո… թեյ խմեմ… գնամ:
— Լավ:
Նախաճաշից հետո Անդոն վորբանոցից դուրս թռավ, հանեց գլխարկի միջից թուղթը, չորս կտոր արավ և նետեց ձյուների վրա: Այդ որը պարոն Լեվոնը իզուր սպասեց: Վոչ վոք չեկավ «հերոսաբար խլած» գնդացիրը վերցնելու: Մյուս որը, առավոտյան…
Մյուս որը, առավոտյան, գնդացիրը բակից անհայտացել եր:
Պարոն Լեվոնը բոլոր «կոմիսարներին» զրկեց նախաճաշից, ապա ճաշից, հետո, յերբ վոչ վոք չխոստովանեց, զրկեց նաև ընթրիքից: Գնդացիրը չկար ու չկար:
***
Յերբ թշնամին վերջնականապես դուրս շպրտվեց Յերևանից և Անդոն, վորբանոցամերձ, լքված տնակներից մեկից դուրս քաշեց գնդացիրը: Ապա ութը հոգով «Ինտերնացիոնալ» յերգելով, լծվեցին գնդացիրին և քաշեցին դեպի քաղաքային պարետի շենքը:
— Այսոր մի գնդացիր եք գրավել,— ասաց պարետը,— վաղը դուք կգրավեք ամբողջ աշխարհը…
Մեծ գործի սկիզբն եր:
Ռաջիյե Ջնդի (Պ Ո Ե Մ)
Մի գեղածիծաղ, աստղալի գիշեր,
Հեռավոր, անհայտ, մոռացված գյուղում,
Խաշնարած Ջնդու հինավուրց հյուղում
Լսվեցին լացող նորածնի ճիչեր,
Ու աշխարհ յեկավ մի սեվաչ մանկիկ,
Վոր այս պոեմիս հերոսը դարձավ,
Ու մաքառումով կյանքի հատակից
Լերան կատարը յելավ բարձրացավ,
Վոր խիզախորեն իր նավը մղեց
Ընդդեմ փոթորկի, ալեկոծության,
Վոր… սակայն լսեք վիշտն ու խինդը մեծ
Իմ այս տողերի նվագածության…
Խաշնարած Ջնդու անշուք խնճիթում
Ծնվեց մի տղա, անունը Ռաջի:
Այն Ջնդին ուներ մի շուն, մի կատու,
Մի քանի վոչխար, մի սիրուն աղջիկ.
Այն Ջնդին ուներ մի հոգեզմայլ,
Չնաշխարհիկ կին՝ անունը Զոզան.
Այն Ջնդին ուներ մի ալեզարդ մայր
Ու մի պառավ տատ՝ անունը Սայրան:
Լեռների լանձին, ժայռի ստվերում
Մի արտ ել ուներ այդ հովիվ Ջնդին.
Ո՜, նա ուրիշի չութով եր վարում
Այդ հողամասը՝ ուժատ, անջրդի:
Հովիվ եր Ջնդին հիսուն տարեկան,
Սակայն մազերում՝ վոչ մի ճերմակ թել,
Մանուկ որերից այդ պարթև հսկան
Լոկ փրփրացող թարմ կաթ եր կթել,
Ծծել լեռնային ոդը կենսաբեր,
Աղբյուի ջուր եր ըմպել անհագուրդ,
Ծաղկի բույրով եր մեծացել, արբել
Այդ ծեր — ջահելը, այդ հովիվը քյուրդ:
Իր չոբան հորից ժառանգել եր նա
Նամուս, քաջություն, հյուրասիրություն.
Վոչ վոք չեր կարող չարաչք մոտենալ —
Ջնդին իր հոտին հսկում եր արթուն…
Ահա այն որը, յերբ ծնվեց Ռաջին,
Նստել եր Ջնդին սառն աղբյուրի քով,
Ականջ եր դնում ջրի կարկաչին,
Հիանում կապո՜ւյտ — լազուր յերկնքով…
Հոտը փռվել եր ծով կանաչի մեջ,
Այծերն եյին լոկ կռթնել ժայռերին,
Իսկ Ջնդու կողքին նստել եր մի մեծ,
Հաստավիզ գամփռ՝ խիստ ու ահռելի:
Ջնդու աչքերը հոնքերի տակից
Բոցկլտում եյին՝ ինչպես զույգ խարույկ,
Բարձրանում եյին մտքի հատակից
Հուշեր սրբազան ու հավետ առույգ:
Յեվ հաջորդ որը Ջնդուն լուր բերին,
Թե Զոզանն ծնվեց մի թխլիկ տղա.
Ինչպես յերաշտից խանձված արտերին
Հանկարծ կենսատու հորդ անձրև տեղար,
Այնպես ել Ռաջու ծննդյան լուրից
Ջերմ ջահելությամբ հուրհուրաց Ջնդին…
Ո՜, տղան վոր կա՝ ուրիշ ե, ուրիշ,
Հովիվը սիրում ե տղա հաջորդին.
Յեվ այդպես անվերջ սերունդից սերունդ
Կանցնի կեռ ցուպը՝ անգին հիշատակ,
Հովիվ կդառնան Ջնդիները քյուրդ,
Կապրեն կեղտակուր վրանների տակ…
Ռաջին ել բռնեց պապերի ուղին՝
Մանուկ հասակից դարձավ գառնարած
Ու սար եր տանում գառները գյուղի
Արևածագից շա՜տ ու շատ առաջ:
Ո՜, ամբողջ տարին բոկոտն, կիսամերկ
Իր գառների հետ շրջում եր Ռաջին,
Անուշ յերգում եր սրտառուչ մի յերգ
Բարձրաբերձ ու զով լեռների լանջին.
Մեծանում եր նա սարերի գրկում
Իր պապերի պես՝ բնության գերի,
Յեվ նրանց նման «լոլո» եր յերգում,
Յերանի՜ տալիս յերկնի հավքերին:
Նախանձում եր նա և բուռն ատում
Թե´ բեկ Բրոյին, թե´ ռես Մուրադին.
Բրոն հարուստ եր, հզոր, մեծատուն,
Իսկ ի՞նչ եր այն խեղճ խաշնարած Ջնդին…
Բրոյի տղի շորերը շքեզ,
Կողքին կապում եր արծաթապատ սուր,
Ել ինչո՞վ ասես իրեն չեր զուգել
Այդ չեչոտ Զայդոն՝ ցուրտ, մահասարսուռ.
Ինչե՜ր չեր անում այդ փոքրիկ աղան,
Կարդում եր գրքեր անծանոթ լեզվով.
Թեկուզ վողջ գյուղը հաներ կախաղան՝
Նրա կամքի դեմ ո՞վ դուրս կգար, ո՞վ…
Ռաջին հաճախ եր նստում քարափին,
Անդունդին հառում աչքերը թախծոտ,
Նայում վոլորուն գետակի ճամփին,
Ջրերին փրփուր, հավքերին անցորդ,
Հաճախ տարվում եր վառ յերազներով,
Ոդում կառուցում չքնաղ դղյակներ,
Ու վորս-յերազի հետքից վազելով՝
Քիչ եր մնում՝ խոր հեղեղատն ընկներ…
Յերբ սթափվում եր յերզուն Ռաջին,
Նորից նույն աշխարհն, նույն լեռները լերկ:
Ու այդ ահալի լեռների լանջին՝
Թախծալի լացո՜ղ սրինգների յերգ…
Բնության ծոցում — աճում եր Ռաջին
Ու կոկոնում եր, վորպես վայրի վարդ,
Յերբ պատերազմը՝ անգութ, ահածին՝
Արյունով ներկեց ձոր, անտառ ու արտ,
Յերբ տիֆը հրեշ, սովն անագորույն
Մահվան մատնեցին յերկիրը համայն,
Յերբ մարդը մարդուն մորթում եր, մաշկում,
Նույնիսկ մի պատառ չոր հացի համար,
Յերբ ամայացավ գյուղը վշտահեծ,
Ու ել հոտերը սար չբարձրացան,
Յերբ աղջիկները ու հարսները հեզ
Մի մեծ, վիթխարի վշտից համրացան…
Սոսկալի սովը՝ մի համաճարակ,
Աշխարհակործան հիվանդության հետ
Ներս մտավ նաև մի խարխուլ տնակ,
Ուր հառաչում եր պառավն ալեհեր,
Ուր մանուկները հաց եյին հայցում,
Ուր տնքում եր մի հաղթանդամ չոբան,
Ուր մայրը գրկած գառնարած Ռաջուն՝
Լացով հիշում եր հի՜ն կյանքի ճամբան…
Ու որեր անցան… հյուղում մնացին
Լոկ Ռաջին վորբուկ ու իր գորշ կատուն.
Բոլորը մեռան, անդարձ գնացին,
Իսկ տրտում Ռաջին մտավ մանկատուն:
Այդ մանկատունը խարիսխ եր գցել
Հին Գյումրու բերդից հազար քայլ հեռու.
Դիմացը՝ վսեմ Արագածը ծեր,
Իսկ ինքը՝ տոչոր, վոչ ծառ, վոչ առու.
Դա մի ինքնիշխան փոքրիկ քաղաք եր
Իր որենքներով, տերերով, բանդով.
Կարծես այդտեղ եր յեկել, հավաքվել
Մի պարտված բանակ՝ վողջ ապարատով:
Վեհանիստ շենքեր, սև, մռայլադեմ,
Նրանք նման չեն Ջնդու խրճիթին.
Քմահաճ բախտի նժույգը նստել
Պալա՞տ ե յեկել Ռաջիյե Ջնդին…
Պալա՜տ, ինչ պալատ այդ անհույս ձմռան…
Հին զորանոցներ՝ մռայլ, անժպիտ.
Վերից վար չափեց տնդղեց նրան
Կառավարիչը և´ դաժան, և´ բիրտ.
Նրա նայվածքը խոցող եր ու չար,
Ձեռքին բռնում եր միշտ դալար ճիպոտ,
Հին խմբապետ եր յեղել անպատճառ,—
Այդ եր վկայում կզակը ճարպոտ.
Նրա հայացքից սարսռած, սոսկաց,
Կարծես փոքրացավ, կծկվեց Ռաջին,
Իր սրտում ցավի դառն կսկիծ զգաց,
Բայց նա պատվարեց գետակը լացի:
Ռաջին մենակ չե, գալիս են ահա
Նրա պես ուժատ, նորանոր վորբեր,
Գալիս են անվերջ հիվանդ, սովահար,
Աչքերում սարսափ, շրթներին՝ վողբեր
Գալիս են նրանք դաշտերից խոպան,
Գյուղերից ամա, քաղաքից ավեր…
Մեկի պապերը յեղել են չոբան,
Մեկինն հողագործ, մյուսինը՝ բանվոր.
Յես հազար ասեմ, դու՝ տասը հազար,—
Գալիս թափվում են մեկ մեկի գլխին.
Հյուծված են նրանք, սկսում են հազալ,
Այտերը՝ աշնան տերևներ դեղին:
Ծեծն եր այդ բանտի ամենահզոր
Դաստիարակը «անհիշաչար մայր»
Ու ահա մի որ, աշնան լալկան որ՝
(Այդ հուշը Ռաջին միշտ կպահի վառ)
Մի ինչ-վոր անմեղ չարության համար
Շիլաչք Յեգորը «սաստեց» Թաթուլին.
Ձողը բարձրացավ, թափով իջավ վար
Ուղիղ Թաթուլի վտիտ արմունկին.
Ճչած Թաթուլը, գալարվեց մարեց,
Իսկ «դաստիարակ» Յեգորը գոռաց.
— Վերցրեք սրան, շուտ, հիվանդանոց…
Ու ինքը անփույթ սուլելով գնաց…
Շաբաթներ անցան: Թաթուլը յեկավ,
Բայց լոկ մի թև կար նրա ուսերին…
Աչքերում վառվող կրակը չկար,
Ծերության ձյունն եր իջել հույզերին.
Ել չեր թռվռում մեր Թաթուլն աշխույժ,
Նա խույս եր տալիս մարդկանց հայացքից,
Թախիծ եր իջել աչքերին խաժուժ,
Սրտին՝ տխրամած ու դառնակսկիծ.
Մի ուրիշ մանկիկ՝ անունը Արամ,
Մստր Հոթորի ծեծի տակն ընկավ.
Արամին վերցրին, ուշաթափ տարան,
Ու նա ել յերբե՜ք, յերբե՜ք հետ չեկավ…
Վորպես մի հմուտ, «կլասիկ» ծեծող՝
Հռչակ եր հանել Կնուտ Արտաշը
Ծեծում եր անհագ այդ արյուն ծծող,
Այդ հանրածանոթ պարոն անտաշը.
Մանկատներում չկար մի վորբուկ,
Վոր այդ կնուտից խույս տված լիներ…
Գալիս եր հանկարծ՝ ինչպես ձմռան բուք՝
Մռայլ ճակատին կնճիռի լեռներ.
Կնուտ Արտաշին ո՞վ չեր ճանաչում,
Ո՞վ չեր ճանաչում ժանգոտ դահիճին.
«Բարերարների» ինքնիշխան վորջում
Դեռ ինչե՜ր, ինչե՜ր պիտ տեսներ Ռաջին…
Ռաջին այդ անսեր, այդ մռայլ բանտում
Ապրում եր՝ վորպես թևաբեկ կաքավ.
Ի՜նչ դուրեկան եր ջինջ, վճիտ ոդում
Շվի ածելով հոտի հետ ման գալ…
Արհամարում եր, ատում եր Ռաջուն
Կառավարիչը՝ «ազգային փրկիչ».
Ռաջին հաճախ եր խորունկ հառաչում,
Մորմոքում տխուր ու դառնակսկիծ.
Թախծում եր Ռաջին, անսահման թախծում,
Չեր գտնում ազիզ, ընկեր սրտակից.
Վորպես մի ոտար, մոլորված անցորդ՝
Այդ ի՜նչ խորթ, անգութ աշխարհ եր ընկել…
Ռաջին չգիտեր հայերեն խոսել,
Լոկ թոթովում եր մի կամ յերկու բառ.
Իսկ քրդերե՞նը… արյուն կհոսեր՝
Թե հանկարծ հնչվեր միամտաբար.
«Պետք ե մոռանալ թշնամու լեզուն,
Քաջ կորյուն դառնալ հայ դատի համար,
Մեծ ե մեր ցեղը, ցեղը Հայկազուն,
Մեր ճամփից բացի՝ վոչ մի ճանապարհ».
Այսպես եր ասում վարժապետ Արան,
Այդ եր քարոզում Նշան պատվելին,—
Չե՞ վոր այդպես եր տվել հրաման
«Ամենակարող» Կեսարը վերին:
Փոքրիկ հովիվը պապանձվեց, լռեց,
Համրացավ՝ ինչպես մի սառած առվակ,
Ազատ ժամերին տխուր, վշտահեծ,
Մենակ թառելով — պատի, թմբի տակ՝
Կամ մտնելով խուլ, ամայի անկյուն,
Մտքերի ծովն եր ընկղմվում Ռաջին,
Հիշում եր լեռներ, վտակ ու աղբյուր,
Հիշում եր նույնիսկ իրենց չալ այծին,
Հիշում եր մորը, տատին, քույրերին,
Հիշում եր հորը՝ բարեսիրտ հովիվ,
Ի՜նչ կարոտով եր հիշում գառներին
Շվիի յերգը, իրիկվա հովին:
Ռաջին մենակ չեր. նրա պես այնքա՜ն,
Այնքա՜ն մանուկներ կային այդ բանտում.
Ու ահա մի որ, վորպես բարեկամ՝
Մտերմանում են Ռաջին ու Աթոն.
ԻՆչ-վոր մանկական չարության համար
Նրանց բռնեցին, բերին մանկատուն.
Մթնում եր արդեն, ցուրտ եր ու խավար…
Բուքը վոռնում եր, իրեն կտրատում.
Այդ ցուրտ գիշերին նրանք յերկուսով
Կրում եյին մի սոսկալի պատիժ,—
Նրանց տանջում եր դաղված յերեսով
Որիորդ Սանդուխտը՝ անապատի իժ:
Սալահատակին ավազ եր փռված,
Ավազի վրա՝ ծնկաչոք ու մերկ՝
Աթոն ու Ռաջին, ճիպոտը բռնած՝
Հսկում եր Հայրոն, այդ ստրուկը հեգ.
Նրանք խոր ցավից գալարվում եյին,
Բայց չեյին լալիս՝ չգիտեմ ինչու,
Թեև պղտորվում, մշուշվում եյին
Վճիտ աչքերը գառնարած Ռաջու.
Իսկ Աթոն՝ այդ ժիր, այդ ըմբոստ տղան,
Վոր շատ եր կրել այդպիսի պատիժ,
Խոհուն աչքերը — վառ ու հուրհուրան
Չեր հեռացնում դիմացի պատից:
Այդ դանթեական դժոխքում, սակայն,
Չընկճվեց Ռաջու հուսավառ հոգին.
Ջանքերով համառ ու հերոսական
Տիրապետեց նա գիտության զենքին.
Սովորեց կարդալ: Կարճ ժամանակում
Ընտելացավ նա հայերեն լեզվին:
Յերկար գիշերներ նստելով անքուն՝
Գալիքի համար սրում եր սվին.
Անվերջ կարդում եր մատչելի գրքեր,
«Գիքորը» գիտեր համարյա անգիր,
Համով յերգում եր գեղջկական յերգեր,
Պատմում հեքիաթներ — վառ, հետաքրքիր:
Մի որ ել Ռաջին, յերբ մենակ նստած՝
Որորում եր իր հուշերը աննինջ,
Նկատեց մի բան, վորից և´ սոսկաց,
Յեվ աչքին մթնեց ամեն, ամեն ինչ…
Խոնավ նկուղից դուրս բերին մեկին՝
Վոտքերին շղթա, ձեռքին ծանր գունդ…
ԻՆչպես վոր ծովը հուզվի, մրրկվի՝
Ալեկոծվեց մեր գառնարածը քյուրդ.
Շղթայակապը՝ նրա սիրելի,
Մտերիմ ընկեր անվախ Աթոն եր.
Ռաջին մղկտաց, բայց բանտարկյալի՝
Աթոյի համար կարծես մեծ տոն եր:
Վերից նայում եր ամռան բորբ արփին
Անթիվ աչքերով, և´ այրող, և վառ.
Աթոն մոտեցավ մի հողաթմբի,
Շղթային կապած գունդը գցեց վար,
Քլունգը վերցրեց, սկսեց փորել
Ժանգոտ շղթայի զրնգոցի տակ…
Հեռվում նստել եր, բեխերն վոլորել
Մի հին կամավոր, մի «կտրիճ» պահակ:
Ռաջին ուզում եր մի հնար գտնել
Ոգնելու համար թակարդն ընկածին,
Յերբ զերթ ցնծություն ավետող ձայներ՝
Ճաշն ազդարարող զանգերն զնգացին:
Ռաջին շտապեց դեպի մանկատուն,
Հևիհև, արագ մտավ ճաշարան.
Ճաշը կուլ տվեց մի ակնթարթում,
Հացը գրպանեց, թափով դուրս թռավ…
Զննիչ, խորամանկ չորս կողմը նայեց,
Հետո սլացավ դեպ գերված Աթոն.
Աթոն փորում եր, աշխատում անվերջ,
Իսկ պահակը դեռ հսկում եր արթուն.
Կիսաքաղց Ռաջին աննկատ, զգույշ
Հեռվից իր հացը նետեց Աթոյին,
Իսկ ինքը հապճեպ, ճկուն, կուզեկուզ
Ծլկվեց՝ ինչպես այծյամն լեռնային…
Այսպես եր Ռաջին, յերբ մեր արնաքամ,
Ավեր աշխարհում բռնկվեց մի այգ…
Այդ, վոր զերթ մարտի փողփողուն վահան՝
Վեր բարձրացրեց մի նոր դասակարգ,
Այգ, վոր բորբոքվեց աշնան առավոտ,
Նոյեմբերյան ցուրտ, ամպամած մի որ,
Այգ, վոր այնքան ջերմ, այնքան փառավոր
Մեր հողը գրկեց՝ ինչպես քնքուշ մոր…
Այգ, վոր վողողեց մեր լեռները սեգ,
Մեր ձորերը խոր, մեր սրտերը բաց,
Այգ, վորի լույսով յեզերքից յեզերք
Լցվեց յերկիրը ու խինդով ծփաց…
Ո՜, ինչ ցնծությամբ վողջունեց Ռաջին
Այդ այգաբացը վառ, գարնանաբեր.
Մեր պայծառ կյանքի այդ որն առաջին
Նրա դեմ բացեց դյութական ափեր,
Սակայն — մանկատան կարգերը դարձան
Ավելի մռայլ, ավելի ճնշիչ.
Ո՜, մստրները բռնությամբ դաժան
Բանտել ուզեցին մեր գալիքը ջինջ:
Ցանցեցին բանտը յերկաթալարով,
Բոլոր կողմերում պահակներ դրին,
Վոր մանուկները անտես թելերով
Չկապվեն կարմի՜ր, կարմի՜ր սրտերին…
Որական ուղիղ տասներկու անգամ
Պետք ե աղոթեր մեր վորբուկ Ռաջին,
Առավոտ կանուխ յերգով բարձրաձայն
Փառք ու պատիվ տար յերկնի արարչին.
Նախքան թեյն՝ աղոթք, խմեցիր՝ աղոթք,
Նույնպիսի կարգով ճաշին, ընթրիքին,
Քնելուց առաջ՝ ծնկաչոք աղոթք,
Ու այդպես անվերջ կրկին ու կրկին.
Իսկ կիրակի որն տերտերը կգար,
Շուքով կմտներ նոր յեկեղեցին
Հայ ազգի մասին քարոզ կկարդար
Յերանի՜ կտար «վոսկի անցածին»…
Բայց աշնանային մի խավար գիշեր,
Յերբ ամպը ծածկեց և´ աստղ, և´ լուսին,
Յերբ քամին ճիչով սկսեց գուժել
Դռները ծեծող ձմեռվա մասին,
Յերբ խորասուզված կարդում եր Ռաջին,
Ու բանտում լռեց, մարեց ամեն ինչ,
Այդ աթոները կազմակերպեցին
Մի ընդհատակյա, կոմյերիտ բջիջ.
Այդ խիզախների բջիջն անդադրում
Իր ծոցն եր առնում նորանոր մարդկանց,
Ու այդ քչքչան գարնային առուն
Դառնում եր մի գետ՝ խոր, արագընթաց…
Ռաջին ընդունվեց այդ ըմբոստացած
Պատանիների քաջարի գնդում.
Գլխարկը հանեց, կանգնեց խոնարհած,
Բջիջին տվեց սրբազան յերդում.
Նա յերդվեց լինել միշտ առաջապահ,
Յերբեք խուճապով հետ չնահանջել,
Լավ որվա համար հարթել ճանապարհ,
Յեվ բիրտ թշնամու սրտին հարվածել.
Ու մստրների, խմբապետների,
Բյուր լրտեսների այդ վորջում խավար՝
Վառվեց, բորբոքվեց մահու և կյանքի
Մի հրաբորբոք, անխնա պայքար…
Նոր թևեր առած՝ բոցկլտուն Ռաջին
Ղեկավարում ե պիոներ մի ողակ,
Այդ ժանտատեսիլ խավարում ճղճիմ՝
Հույսի, լույսերի հորձանուտ կոհակ:
Խորունկ գիշեր ե: Ցուրտ սառնամանիք:
Վերադառնում ե Ռաջին քաղաքից.
Վերից նայում ե մի լուսնի մահիկ,
Հեռվում՝ ստվերը անքուն պահակի:
Նա բանտն ե բերում բոցաշունչ գրքեր,
Նորաստեղծ յերգեր — հեղափոխական,
Ել վոչ մի Կնուտ, պահակ կամ մստր
Չի կարող մարել վառվող ապագան:
Հաճախ պատերին, դռներին բոլոր
Փակցվում եյին մարտաշունչ կոչեր,
Ձեռագիր թերթեր՝ ահալի, բոցոտ,
Վոր տալիս եյին խոր, անբուժ խոցեր…
Ու խոցում եյին՝ դահիճ Սանդուխտին.
Նշան պատվելուն՝ կեղծ-հեզահամբույր,
Փետրահան անում և խմբապետին
Յեվ մստրներին — կուշտ ու հաստափոր.
Սուր ծաղրում եյին սողացողներին,
Քամելիոններին՝ յերկերեսանի,
Ու այդ բոլորին պինդ գամում եյին
Խայտառակության զազրելի սյունին:
Մստր Ոգդենը՝ իսկական աղվես,
Անսահման «բարի», «մարդասեր» ու «հեզ»,
Վարպետ հետախույզ այդ ամերիկացին,
Առավոտ կանուխ նստում եր գորշ ձին,
Ծայրից ծայր շրջում բանտն այդ ալեկոծ,
Հրամայում եր վորբերին ցրել,
Պատերից պոկում թռուցիկ ու կոչ,
Մռայլվում՝ ինչպես փոթորկոտ ձմեռ…
Հետո կանչում եր, քննում, բանտարկում,
Ընդմիշտ աքսորում այդ «դրախտ» վորջից.
Բայց ընդհատակում հրդեհ եր վառում
Պատանեկական մի խիզախ բջիջ…
Ու որեր անցան: Բյուր շինարար ձեռք
Բուժեց մեր երկրի վերքերը անհուն,
Ամեն կողմ հնչեց ուրախության յերգ,
Խայտաց, կարկաչեց ծիծաղի առուն:
Հին յերդիկները նորից ծխացին,
Դաշտը հերկեցին գութաններն լայն խոփ,
Ու սար բարձրացավ հովիվ գյուղացին՝
Սրտում ցնծություն — ովկիանի պես խոր:
Շոգեկառքերը ազատ փնչացին,
Անուշ զնգացին ռելսերը զվարթ,
Ու շչակները ուրախ ճչացին,
Խինդով լցվեցին ձոր, անտառ ու արտ:
Կարիքը քիչ քիչ դիրքերը զիջեց,
Մանկատները մնացին թափուր,
Յերկիրը իրենց զրահով զինեց,
Վարարեց, փրփրաց մեր գինին պուր-պուր:
Ու Ռաջին գարնան մի արևոտ որ
Հրաժեշտ տվավ իր «դրախտ» բանտին,
Հետը տանելով մի քանի հատոր,
Մի աղջկա նկար՝ ամենից անգին…
Նոր ահյրենիքը ընդունեց Ռաջուն
ԻՆչպես հարազատ մայրը զավակին,
Նրա դեմ բացեց անսահման ջանքի,
Բուռն աշխատանքի դաշտը հարաճուն…
Վոսկևարս աշնան մի պարզ առավոտ
Մեր Ռաջին մտավ համալսարան,
Ճամբան դժվար եր, անհարթ, անծանոթ,
Դեռ շա՜տ հեռու յեր կատարը լեռան:
Իր սրտում հույսի ծաղիկներ պուր պուր,
Ձեռքին՝ լենինյան անհանգչելի ջահ,
Վառեց մաքառման վոգևորիչ հուր,
Բռնեց վերելքի ուղին տքնաջան:
Գրոհի յելավ գիտության համար,
Դիրք դիրքի վրա տիրեց, գրավեց,
Մի որ ել Ռաջին խնդությամբ անմար —
Բարձրագույն ուսման ընթացքն ավարտեց:
Այլևս այն չե դարավոր հովիվ,
Այս աշխատավոր ժողովուրդը քյուրդ,
Լույսով ե լցնում և´ ձոր, և´ հովիտ,
Յե´վ միտք, և´ հոգի, և´ խրճիթը մութ:
Յելել ե կռվի, ցրում ե ամպեր,
Ամպեր խավարի, կրոնի զազիր,
Նա բախտը վաղուց, վաղուց ե կապել
Մեր մեծ Միության դաշտերին անծիր,
Ծովերին կապույտ, մեծ սրտին անսաստ,
Գործարաններին վիթխարահսկա,
Ու նա ապրում ե իր յերիտասարդ
Վերելքը հուր-հուր ու հերոսական…
Յեռանդ ե Ռաջին, անհատնում յեռանդ,
Պատմաբան ե նա և լավ թարգմանիչ,
Ունի նորածիլ պոետի տաղանդ,
Աչքեր՝ շողշողուն գալիքի պես ջինջ:
Ու գիշեր ցերեկ համառ, անտրտունջ
Այրվում ե Ռաջին, գրում, թարգմանում,
Ստեղծում ե նոր, հյութեղ, լիաշունչ
Յերգեր, պոեմներ, գրքեր բազմանուն…
Ուսուցիչ ե նա: Բոցավառ ջահեր,
Նոր մարտիկներ ե տալիս քյուրդ գյուղին.
Յեվ այսպես՝ Ռաջին դեռ այնքա՜ն ջահել՝
Անցնում ե իրա փառավոր ուղին:
Իմ այս տողերը գրելու ժամին
Ռաջին նստել ե սեղանի առաջ,
Դրսում յերգում ե բքաշունչ քամին,
Քամին սանձարձակ ու դառնահառաչ:
Ռաջին կարդում ե «Ֆաուստ»-ի մասին
Հետազոտական մի ստվար հատոր,
Դրսում պարում ե ձմռան ցուրտ քամին,
Ներսում անսահման խաղաղ ե ադորր:
Ռաջին կարդում ե, ընդգծում, գրում…
«Գիքոր»-ից՝ «Ֆաո՜ւստ», հովվից՝ գիտնակա՜ն…
Ո՜, մեր լայնարձակ, յերջանիկ յերկրում
Հերոս Ռաջիներ ինչքա՜ն, ինչքա՜ն կան…
Յերևան
1934 թ. դեկտեմբեր
Սարմեն, «Ռաջիյե Ջնդի (Պ Ո Ե Մ)», տե´ս Սարմեն, Թռիչք (Երևան: Պետհրատ, 1935), էջ 25-39: