«Որբերի ու մոլորվածների» պոետը` Ադոյանի Տերյանը

 

Ադո Ադոյանը  ձերբակալվում է 1937 թվականի սեպտեմբերի տասնվեցին, ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67 և 68 հոդվածներով, որպես «հակահեղափողական աջ տրոցկիստական կազմակերպության անդամ»: 1940 թվականի ապրիլի 5-ին դատապարտվում է 5 տարվա ազատազրկման՝ աքսորվելով Կարագանդայի ուղղիչ աշխատանքային գաղութ (Կարլագ): Հենց այդ ժամանակ էլ գրի է առնում Մտերմական տողեր և Տրտմության ժամեր բանաստեղծական շարքերը, որոնք  գեղարվեստական ժանրի իր միակ ինքնակենսագրական տողերն են: Տրտմության ժամեր-ից է Վահան Տերյանի հիշատակին նվիրված «Զրույց սրտալին»՝ գրված հույզերի, կսկիծի, խոր կարոտի ու վշտի ապրումներով:

Զարմանալի չէ, որ Ադո Ադոյանը  բանաստեղծությունը սկսում է Տերյանի աքսորի ճանապարհի նկարագրությամբ: Չէ՞ որ տողերը գրելուց երեք տարի առաջ նա անցնում է նույն այդ ճանապարհը՝ հասնելով Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքը, սակայն գնում է ավելի հեռու՝ հետևում թողնելով Տերյանի անհայտ շիրիմը: Ադոյանը շնորհակալություն է հայտնում  պոետին իր սիրային լիրիկական տողերի համար, որոնք բոցավառում էին նրա սիրահար սիրտը, ու այնուհետև անցնում է պոետի այն ընդունելությանը, որը կատարվեց բոլշևիկյան գրականության համատեքստում: Արդիականության կրողը՝ Չարենցը, «թքում է» Տերյանի ժառանգության վրա, իսկ այդ ժամանակ, ինչպես գրում է Ադոյանը, նա անհոգ ապրում է և երազում է դառնալ չոբան: Ո´չ Հայաստանի պոեզիա-յի խմբագիր Վալերի Բրյուսովը, ո´չ էլ այդ ժողովածուի համար Տերյանի բանաստեղծությունը թարգմանած Սոլոգուբը Ադոյանին հարազատ չեն այնքան, ինչքան հենց ինքը Տերյանը և Թումանյանը: Ադոյանը նշում է Տերյանի հետ կապը հենց օրորոցից, որն էլ ավելի էր ամրացել Տերյանի մահից քսանհինգ տարի անց: Ադոյանը նկատում է, որ այդ երկարատև նվիրվածության պատճառն այն է, որ Տերյանը ժողովրդական պոետ է: Ադոյանը նշում է ցեղասպանությունը, անվանելով այն «մեծ փորձանք», և կարևորում է Տերյանի նվիրաբերությունը այդ օրհասական պահերին, ով ամեն կերպ փորձում էր սփոփել ժողովրդի տառապանքները: Վերջում իր փափագի մասին է պատմում, որ այդպես էլ չհասցրեց իրագործել, այն է՝ պոետի աճյունը բերել, թաղել Երևանի պանթեոնում և ցանել շուրջը զանազան ծաղիկներ: Եվ երդում է տալիս լինել հավերժ երախտապարտ պոետին որպես աշակերտ և անկեղծ բարեկամ:

Ադոյանի համար հստակ է, որ նա անցել է ու դեռ անցնում է այն նույն ճանապարհը, ինչ Տերյանը: Չէ՞ որ նա իրեն պոետի աշակերտն է համարում: Նա բանաստեղծություններ է գրում, Պուշկին է թարգմանել, բարձր պատասխանատու պաշտոններ է գրավել խորհրդային կառավարության կազմում: Բայց դա չէ էականը: Ադոյանը, լինելով ստալինյան աքսորում, խոսք է բացում հայ ժողովրդի  ու նրա մեծ փորձանքի՝ ցեղասպանության մասին: Տերյանին համարում է այդ արհավիրքի դեմ պայքարողներից մեկը:  1917-ին Տերյանը գրում է «Թուրքահայաստանի մասին» զեկուցագիրը, մասնակցում է Բրեստ-Լիտովսկի բանակցություններին, փրկում է հայ հասարակական գործիչների ոչ սակավ կյանքներ, հոգում է գաղթականների մասին որպես բոլշևիկյան պաշտոնյա: Տերյանը ակտիվ դերակատարություն է ունենում Հայաստանի գրականության ժողովածուն և Հայաստանի պոեզիան ժողովածուի ստեղծման մեջ: Դրանք ցեղասպանությունից դրդված իրագործումներ էին հայության հավաքման գործընթացում այն ժամանակ , երբ խոսքը չէր կարող դեռ պատմել տեսածի և լսածի մասին:

Սակայն ներկայացվող վավերագիրը առավել քան կարևոր է Տերյանի որբախնամ աշխատանքի տեսանկյունից: Ադոյանի որպես նախևառաջ որբի այս հուզումնալից նվիրվածությունը Տերյանի անձնավորությանը բացատրվում է հենց այս կտրվածքով: Ինչպես նշում  է Գևորգ Էմին-Տերյանը իր՝ Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը գրքում,  Ցեղասպանությունից հետո Տերյանը երկու անգամ այցելում է Երևան: Այցելության ժամանակ նա Երևանի որբանոցների սաներին խնդրում է գրի առնել այն ամենը, ինչ կարող են հիշել ինքնապաշտպանությունից, գաղթից: Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, որը որբերին հեղինակի իրավունք է տալիս խոսելու այն մասին, ինչի մասին միայն իրե՜նք իրավունք ունեն խոսելու: 

1915-16 թվականներին, այն ժամանակ, երբ Տերյանը Երևանում էր, Ադոյանը գտնվում էր Դիլիջանի առաջին ապաստարանում և միայն 1917-18 թվականներին է տեղափոխվում Երևան: Ըստ Մահարու հուշերի, որբանոցի սաներից մեկի ֆոտոալբոմում նա գտել էր Տերյանի և նրա կնոջ լուսանկարը, որն անիջապես վերցրել էր և տարել Չարենցին: Այս դրվագն անգամ բավական է հասկանալու համար, թե ինչ կարևոր նշանակություն ուներ որբերի համար Վահան Տերյանը:

Աքսորի ժամանակ Ադոյանի մոտ սրվեց ազգային-ազատագրական մտայնության ալիքը: Անազատությունը և անպաշտպանվածությունը նրան կրկին շպրտում են որբության գիրկը: Եվ նա հիշում է որբերի խնամակալ Տերյանին, ով  բոլշևիկյան կառավարությունում նաև հավասարապես մաքառում էր՝ Հայաստանի ապագան շոշափելու համար: Բանաստեղծության մեջ Ադոյանը Տերյանի նույն շառավիղն է՝ անօթևան, որբ, մտամոլոր: Այդ շառավիղը հատվում է սիրո, ըմբոստության, հեղափոխության հետ, սակայն չի բերում փոփոխություն: Էլի սերունդները անցնում են որբի դրոշի ներքո, էլի հայալած քաղաքականությունը հիշեցնում է Տերյանի տողերը.

«Մենք բոլորըս, բոլորըս

Մանուկներ ենք որբ.

Մանուկներ ենք մենք կորած-

Հավիտյան անմայր»:

Ադոյանը աքսորից հետո հանձն առնելով Սիրո և ընտանիքի էվոլյուցիան աշխատության տպագրությունը՝ «Երգ-երգոցը մեր լեռներու» գլուխն ամբողջությամբ նվիրում է Թումանյանին և Տերյանին: Այնտեղ նա գրում է. «Կրկին սիրով արբած պոետը կյանքի է կոչում բոլոր խոցվածներին, որբ ու մոլորվածներին՝ միասին ընթանալ «չարիքի դեմ»:…Ինքը Տերյանը, որպես կոմունիստ, պատրաստ է իր տաղանդն ու կյանքը ողջակիզել կեղեքվածների ազատագրության սուրբ գործին…» (տե՜ս Ադո Ադոյան, Սիրո և ընտանիքի էվոլյուցիա, հ.2 (Երևան, 1972, ) էջ 505, 509): Այս նախադասությունների մեջ Ադոյանը բացում է չակերտները: Տերյանին նվիրյալ աշակերտ և հարազատ լինելու հանգամանքը կայանում է նրանում, որ նա իրեն զոհաբերեց հանուն կոմունիզմի ջահակիրների՝ որբերի, կեղեքվածների և մոլորվածների:

Ադոյանի ստեղծագործությունները, գրված անազատության տարիներին, այն չգրված և չխոսված գրականությունն են, որ ծնվեցին միայն ստալինյան աքսորի տարիներին: Բոլշևիզմի մեջ ապաստան գտնելու Ադոյանի հույսերը փարատվեցին: Աքսորի այս «կրակե շրջանակում» Ադոյանը ստանձնեց նույն դերը, ինչ ժամանակին որբանոցում՝ որպես   ըմբոստ, գրագետ, անհանդուրժող սան: Նրա այս բանաստեղծությունը ըմբոստության յուրատեսակ շարունակություն է, որ փորձում է հաղթահարել խորհրդային իշխանության թերությունները հենց այդ նույն իշխանության ներսում: Աքսորից հետո նա պետք է լուռ մաքառի նաև իր երկրում իր ձեռքերով կերտած հասարակարգի խնդիրների հետ՝ պայքարը ուղղելով ընտանիքի և սիրո դաշտ:

Հրատարակվում է ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆ.1304, ց.89, գ.3, թ.28-30։

 

Զրույց սրտալի
(Վ.Տերյանի հիշատակին)

Ադո Ադոյան

 

Ուղիներով ձանձիր, յերկաթձիգ, ունայն,

Որոնցով դու յեկար ավան Բոզուլուկ,

Մեր քերթության վարպետ, ազնիվ Վահան Տերյան

Ճամբեքովտ այդ սառ ու դաշտերով դալուկ

………………………………………………

Ինձ աքսոր բերին այդ իսկ ուղիներով:

Մինչև Պետրոպավլովսկ քո հետքերովն յեկա,

Ցանկացա գէթ տեսնել քո շիրիմտ լքած,

Սակայն պատժակիրս հանված էր հեռակա,

Շոգեկառքն էլ սուրաց դեպ ստէպներ բքած:

Ձմեռը ինձ բերին նոր քաղաքը սեվ,

Ավա՛ղ, քեզ թողեցի բլուրների յետև:

Քո ստինքն է վառել նրբին հոգուս ջահեր

Յերբ բուռն սիրում էի կույսին այն թխադեմ,

Ու քո աշակերտը՝ մեծ պոետ գանգրահեր

Թքելով քեզ վրա ըմբոստացավ քո դեմ՝

Այդ իսկ տարիններին անհոգ ու անբան,

Անվերջ կրկնում էի, «լինեի չոբան»:

Ոչ մահու վարժ յերգիչ քո վարպետ Սոլոգուբ,

Ոչ էլ քո հարազատ ընկեր Բրյուսով,

Չեն տնկել իմ հոգում դեռ պտղատու մի թուփ,

Մոտիկ չեն իմ սրտին դոքա Էլ երկուսով:

Քո´ քնարն է հնչել միշտ իմ օրօրօցին,

Դու ես ինձ հարազատ ու Մեծն Լոռեցին:

Յես անգիր գիտէի քո յերգերտ քնքուշ,

Անչափ հուզում էր ինձ քերթվածդ «ցրտահար»,

Ինչպէս մի գիսաստղ, պսակավառ մի հուշ

Անցար մեր յերկինքով տխուր ու արնավառ:

Բայց ճաճանչներդ անց քսանհինգ տարի,

Լուսում են սիրածդ լեռներն նայիրի:

Մեղեդիներդ վճիտ մի աղբյուրի նման,

Մեղմիվ խոխոջեցին մեր սարերում կանաչ,

Յեվ ապա հորդեցին ինչպէս գետը Նեման,

Ով դու նրբին պոէտ, ժողովրդին ճանաչ:

Յեվ այն տարիներից, մեծ փորձանքի ժամին,

Ջանացիր չիք դարձնել կործանարար քամին:

Յեվ ուզեցի մի օր քո աճյունտ բերել,

Թաղել Յերեվանի պանթեոնում կանաչ,

Հաստել քո շիրիմին կոթող մի անյերեր,

Ցանել շուրջդ մեխակ ու նայիրյան կակաչ:

Սակայն խաթարեցին իմ բաղձանքը վսեմ,

Ասին ազգայնական՝ Ամատունիք նսեմ:

Յերբ որ թողնեմ մի օր բէշբակ-թալան տխուր,

Յերթամ սիրածս յերկիր պայծառ Կովկաս սարով,

Այցի կգամ շիրիմիտ ինչպէս կարոտ մի հյուր,

Կասեմ, Վահան, յելիր, գնանք յերկիրն բարով.

Գնանք մեր Հայաստան ուր ժողովուրդն ազատ

Յերգում է ամեն օր յերգերտ հարազատ:

Ավա՛ղ, բախտը հիմար, նախանձոտ ու չարկամ,

Շպրտեց ինձ հեռու ու յես յերախտապարտ,

Մնում եմ քո աշակերտն ու անկեղծ բարեկամ,

Որոշմանս մէջ հաստատ, արդար և անպարտ:

Յերբ մի օր լինեմ ազատ քաղաքացի,

Շիրիմիդ հով կան է նայիրյան ակացին:

 

22/XII    43 թ.