1918-1919 թթ. բացի գեղարվեստական փոքրիկ գործերից, որբանոցում ապրող պատանի Գուգեն Մահարին Ժողովուրդ և Վերածնունդ թերթերում հանդես էր գալիս նաև որբերի առօրյան ներկայացնող կարճ ակնարկներով: Դրանցում նա որբերի կրթության ու քաղաքացիական դաստիարակության հարցեր էր շոշափում: Այս գրությունների ուշագրավ կողմն այն է, որ ժամանակի հասարակական ու քաղաքական լրջագույն մարտահրավերներից մեկի` Արևելյան Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր որբերի խնամքի ու դաստիարակության հարցը երևակվում է հենց որբանոցում ապրող որբի հայացքում:
Ստորև ներկայացվող հրապարակախոսական պատառիկը մեկն է այդ գրություններից: Հեղինակը, արձագանքելով մի կողմից` նորանկախ Հայաստանի կառավարության քաղաքացիներ դաստիարակելու նախանձախնդրությանը, մյուս կողմից` ամերիկյան որբախնամ կազմակերպությունների՝ որբերի կրթության ու դաստիարակության մեջ արհեստներին ու գյուղատնտեսությանը տված առաջնահերթությանը, որբերի կրթության ու դաստիարակության հարցն անակնկալ անկյունից է ներկայացնում: (Այս շրջանի որբախնամ քաղաքականությունների մասին տե՛ս Նորա Ն. Ներսեսյան, Որբաքաղաքը. Նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ». Ալեքսնադրապոլ/Լենինական 1919-1931 (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2018), էջ 43-91): Մահարու հայացքում հոգեխոցված որբը կրկնակիորեն ենթակա է այլասերման այն պատճառով, որ ձեռքից ձեռք անցնող նրա խնամատարությունը, միուղի զարգացումից զրկված լինելով, զրկում է որբին հաստատուն ներքին աշխարհ ունենալու հնարավորությունից: Սա է այն ուժեղ ազդակը, որը Մահարու հայացքը թեքում է դեպի գյուղատնտեսական կրթությունն ու հողագործական մշակությունը: Պատանի որբին գյուղատնտեսությամբ զբաղվելը միայն գլուխը պահելու միջոց չէ որ ներկայանում է, այլ հիշողության մեջ մնացած «մաքուր ու քրտինքոտ անցյալի» հետ կապը չկտրելու մի հնարավորություն, որին ենթակա որբը կարող է փրկվել բարոյական կործանումից:
Ակնարկը լույս է տեսել ընդամենը վեց համար թողարկված Հայաստանի Ռամկավար աշակերտական միության օրգան Վերածնունդ թերթի 1919 թ. հինգերորդ համարում: Վերահրատարակվում է ըստ` Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հ. 11 (Երևան: Անտարես, 2017), էջ 40-41:
Որբերը՝ հողին
Որբերու կրթականը, մինչ օրս եղած է միշտ հին և միշտ նոր օրուայ հարցերէն ամենահիւանդոտը, որու լուծումը մինչև օրս հենց իր չլուծւիլն է:
Այս զանգւածը, որու հետ մեծ յոյսեր կան կապւած, տարբեր միջավայրերու մէջ ինկաւ և տարբեր վարչութիւններու իւրայատուկ ըմբռնողութեամբ կրթւած, այժմ կը ներկայացնէ խայտաբղէտ և խառնիճաղանջ բանակ մը, որոնց հոգին ու միտքը քալեր են բոլորովին զարտուղի ճանապարհներով:
Որբերէն մեծ մաս – վերջէն հաւաքւածներ – ժամանակ իսկ չեն ունեցեր ստամոքսէն անդին անցնելու և քանի մը շուրջպարերու տւած հաճոյքէն զատ ուրիշ քայլեր ընելու. ասոր պատճառը նախ իրենց քայքայւած ու հիւծւած ֆիզիքն է, ապա կրիայի քայլերով առաջացող մեր որբանոցային նորմալ դրութիւնը:
Երկրորդ մասը, ասոնք 915–ին հաւաքւած որբեր են, որոնց կրթականը, ինչպէս ըսինք, եղեր է հազարագոյն:
Առաջին լախտը, որ իջաւ մեր մեծ մասամբ հողի ու գութանի զաւակներու գլխին, դա այն փափուկ ու անհոգ կենցաղն էր, որը ստացաւ առաջնագոյն շրջանին. սա այն շրջանն էր, երբ որբը զանազան ռուսահայ «օրիորդներու» փառասիրութեան պուպրիկն էր դարձեր, տեսակ մը ցուցահանութեան առարկայ, պահւած արիստոքրատիկ և անաշխատ. ու սկսաւ այլասերումը…
Մոռցան, աւելի ճիշտ մոռացուցին իրենց անցեալը, գրպանեցին ապագան, որբի հոգին զբաղեցուցին միայն ներկայով, իսկ մեղկացած ու ընդարմացած որբը ինկաւ այդ ջլախտաւոր հոսանքին մէջ, որը քշեր բերեր է մինչև այստեղ, այսօր:
Որբերը այլասերւած են:
Հողի և քրտինքի երէկւայ մաքուր եւ լեռնաբոյր հոգիները այսօր փարիզեան հովեր են կլլեր:
Որբութիւն չկայ, կայ ջլախտաւոր հոգիներու, «գրողներու» հոծ բազմութիւն մը որոնք անպէտք են մեր ապագայ վերածնութեան համար:
Վարժեցուցած փափուկ կօտլետներու, սակայն յետոյ – աւաղ փառացս անցաւորի – օրական կէս ֆունտ հացով սնուցած 915էն հաւաքւած որբերը այն հիւանդ սերունդը պիտի տան մեզի, որը շատ հեռու է մեր երևակայած «քաղաքացիները» ըլլալէ:
Որբերը հողի՛ն կապէք, մի՛ մոռցուցէք իրենց մաքուր ու քրտինքոտ անցեալը, բացէ՛ք գիւղատնտեսական դպրոցներ: Եթէ դիւրութիւններ չկան՝ Փարպիի որբերու նման զբաղեցուցէք հողային գործնական աշխատանքներով, որովհետև հողը իր պահանջը ունի, նա կը պահանջէ իր զաւակները, մի մոռցուցէք իրենց հողն ու գութանը:
Որբերը՝ հողին: