Ուսուցիչը՝ կաթողիկոս. Կարապետ Տեր-Մկրտչյանի առաջադրումը կաթողիկոսական ընտրություններում

 

1911 թվականին Մաթևոս Բ Կոստանդնուպոլսեցու (Իզմիրլյան) մահից հետո Մայր Աթոռը վերստին կանգնած էր կաթողիկոսական ընտրության առաջ։ Դեռևս Մկրտիչ Խրիմյանի մահվանից՝ 1907 թվականից սկսած Հայ եկեղեցու բարենորոգչական շարժում անունը ստացած հոսանքի ներկայացուցիչ ուսյալ հոգևորականներն աստիճանաբար լքել էին Էջմիածինը։ Դրա պատճառն ահագնացող ճնշումներն էին ավելի պահպանողական միաբանների կողմից՝ գլխավորությամբ կաթողիկոսական տեղապահ Գևորգ Սուրենյանցի, Էջմիածնի վարչական խնդիրներում մեծ ազդեցություն ունեցող Վահրամ Մանկունու և Հուսիկ Մովսիսյանի։ 1911 թվականի ընտրություններում հիմնական պայքարն ընթանում էր մի կողմից Էջմիածնի վարչական լծակներն իրենց ձեռքում պահող այս գործիչների, մյուս կողմից «օրմանյանական» համարվող թևի բարենորոգիչ հոգևորականների միջև։ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի ուսուցչական գործունեության արդյունքում սկսված և Գերմանիայի բողոքական աստվածաբանական ֆակուլտետներում իր հստակ ուրվագիծը ստացած բարենորոգչական շարժման ներկայացուցիչներն ու կողմնակիցներն այս ընտրություններում թերևս մի վերջին ջանք են գործադրում Էջմիածնում լայնամասշտաբ փոփոխությունների հասնելու համար։

Այս ջանքի հանրային մի դրվագ է գիրքը, որից քաղում ենք ներկա վավերագիրը։ Մասամբ նույն ճնշումների արդյունքում վեղարաթող եղած գերմանավարտ ասորագետ Երվանդ Տեր-Մինասյանն իր Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեան. կեանքն ու գործունէութիւնը փոքրիկ աշխատությունը գրել է կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ՝ բարենորոգչական շարժման առաջամարտիկ և իր ուսուցիչ Կարապետ Տեր-Մկրտչյանին ի հայտ բերելու իբրև կաթողիկոսի արժանի թեկնածու։ Շարժման ներկայացուցիչները եկեղեցու բարենորոգման հիմքը ժողովրդական կրթությունն էին նկատում։ Եկեղեցու հավատավոր հոտը մոլորություններից մաքրելը, նրա մեջ ճշմարիտ հավատի ծիլեր արթնացնելն էր այն միջոցը, որով պետք է դեպի արդիության ուղին դիմադարձվեր եկեղեցին՝ ամուր կապվելով ժողովրդին։ Այս ճանապարհին ամենակարևոր գործորդները հոգևոր սպասավորներն էին, որոնց կրթության գործին էլ իր կյանքի մեծագույն մասը նվիրել էր Կարապետ Տեր-Մկրտչյանը։ Ուրեմն պատահական չէ, որ իր ուսուցչին որպես կաթողիկոսի թեկնածու առաջադրելու համար Տեր-Մինասյանը հատկապես շեշտում է այն դերը, որ հոգևորականը կատարել է երիտասարդ քահանաների՝ այդ թվում և իր կրթության գործում։

Հրապարակվում է ըստ՝ Երուանդ Տէր-Մինասեանց, «Կարապետ եպիսկոպոսն իբրև ուսուցիչ և տեսուչ», Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեան. կեանքն ու գործունէութիւնը (Մոսկուա։ Տպագրութիւն Ք. Բարխուդարեանի, 1911), էջ 23-27։

 

Կարապետ եպիսկոպոսն իբրև ուսուցիչ և տեսուչ

1894 թուականի Սեպտեմբեր ամսի սկզբին երեկոյեան դէմ նստած էինք մի խումբ աշակերտներ ճեմարանի հիւսիսային դրան առաջ, երբ դարպասից ներս մտաւ մի երիտասարդ, փոշու մէջ կորած ճանապարհորդ, վերարկուն հագին։ Մեր հետաքրքրութիւնը դադար առաւ միայն այն ժամանակ, երբ տեղեկացանք, որ նորեկը Գերմանիայում իւր ուսումը փառաւոր կերպով աւարտած Կարապետ սարկաւագն է, կրօնական առարկաների մեր ապագայ ուսուցիչը։ Կրօնի դասերի վրայ մինչև 1894/95 ուս. տարին մենք սովորել էինք նայել իբրև զուարճութեան դասերի վրայ և մտքերովս չէինք անցկացնում, թէ ուրիշ վերաբերմունք էլ հնարաւոր է։ Բայց շուտով զգացինք, որ ո՛չ միայն ուսուցչի վերաբերմունքն է փոխուած դէպի իւր առարկան, այլ և նրա ազդեցութեամբ նաև մերը։ Ինչո՞ւ, այդ կ’տեսնենք շուտով։

Ամենքին յայտնի է, որ կրօնի դասաւանդութիւնը բոլորովին առանձնայատուկ դժուարութիւններ ունի. այնպիսի դժուարութիւններ, որոնք ուրիշ առարկաների համար ամենևին գոյութիւն չունին։ Ոչ ոքի մտքով օրինակ չի անցնի հայոց լեզուի, պատմութեան, աշխարհագրութեան և այլն ուսուցիչներին հարցնել, թէ արդեօք նրանք հաւատո՞ւմ են իրենց ասածին։ Առարկաներն այնպիսի բնաւորութիւն ունին, որ խօսք կարող է լինել գիտենալու, աւանդել կարողանալու, բայց ո՛չ երբէք հաւատալու մասին։ Կրօնի դասաւանդութեան ամենաէական պայմանը, բացի առարկան գիտենալուց և աւանդել կարողանալուց, այն է, որ ուսուցիչը իւր ամբողջ էութեամբ աշակերտների առաջ պիտի ներկայանայ իբրև մարմնացեալ համոզումն ու հաւատ։ Աշակերտը պիտի տեսնի և զգայ, որ ուսուցիչը իւր արտասանած իւրաքանչիւր խօսքի համար ամբողջ էութեամբ պատասխանատու է համարում իրեն. այդ ձևով միայն կրօնի դասատուն յոյս կարող է ունենալ յաջողութիւն գտնելու։ Հակառակ դէպքում «փարիսեցի» անունը անջնջելի կերպով կ’դրոշմեն աշակերտները նրա ճակատին։

Չեմ կարծում, թէ որ և է մէկը կամենայ պնդել, թէ մեր բոլոր կրօնուսոյցներն այդպիսի լիակատար համոզմունքի և բարոյական պատասխանատւութեան տէր մարդիկ են։ Ընդհակառակն՝ ակներև է, որ կրօնի դասաւանդութեան մեր յիշած բացառիկ պայմանի շնորհիւ՝ այդ առարկան շատ ընկած դրութեան մէջ է մեր բոլոր դպրոցներում։ Առանց խորին համոզմունքի, լոկ ձևական կերպով անգիր են անել տալիս մեզնում աշակերտներին ընդունուած դասագրքերի հատուածները, և դրանով միայն արհամարհանք, ծաղր և ատելութիւն զարթեցնում աշակերտի մէջ դէպի կրօնն ու նրա պաշտօնական ներկայացուցիչ եկեղեցին։ Այդպիսի դրութեան մէջ է մեծ մասամբ կրօնի դասաւանդութիւնը ո՛չ միայն այժմ, այլ և այն ժամանակ, երբ Կարապետ վարդապետը նշանակուեց կրօնի ուսուցիչ Մայր Աթոռի ճեմարանում։

Մենք արդեն անցողակի կերպով յիշեցինք, որ մեր վերաբերմունքը դէպի կրօնական առարկաները փոխուեցին, երբ Կարապետ վարդապետը ճեմարան մտաւ։ Դրա պատճառն այն էր, որ Կարապետ վարդապետը իսկապէս կոչուած էր կրօնի ուսուցիչ լինելու՝ այդ բառի ամենալաւ իմաստով։ Նրա դասերի ժամանակ մենք զգում էինք, որ իւր ասածների ճշմարտութեանը խորապէս համոզուած մի անձնաւորութիւն է կանգնած մեր առաջ, որ իւր անհատականութեան ուժով մեզ ևս աշխատում էր նոյն ճշմարիտ քրիստոնէական ոգւով դաստիարակել։ Ես երբէ՛ք չեմ կարող մոռանալ նրա քրիստոնէական բարոյագիտութեան դասերը. այնքա՜ն ազդեցիկ և այնքան հարուստ էին նրանք իրենց բովանդակութեամբ։ Մեր աչքի առաջ, ծանր երկունքով ծնում էր Կարապետ վարդապետը բարոյական գաղափարները, աստիճանաբար զարգացնում և մեր ըմբռնողութեանը այնպիսի ձևով մատչելի կացուցանում, որ նրա իւրաքանչիւր խօսքը անջնջելի կերպով խորապէս տպաւորում էր մեր մտքում և սրտում։ Հապա այն պարզ, յստակ ըմբռնողութիւնը, որ նա ցոյց էր տալիս իւր դասաւանդած բոլոր առարկաների մէջ անխտիր։ Երբ նա մարգարէների մասին էր խօսում, այնպիսի սրբազան ոգևորութեամբ փայլում էր նրա դէմքը, որ կարծում էինք թէ այդ մարգարէներից մէկը ահա կանգնել խօսում է մեզ հետ, և մեր պատանեկական հոգիների միջով ևս անցնում էր այն սրբազան սարսուռը, առանց որի կրօնը գոյութիւն ունենալ չի կարող։ Այնքան մեծ էր նրա հմայքը, որ բարձր դասարանների աշակերտները, որոնք բախտ չէին ունեցել Կարապետ վարդապետի դասը լսելու մարգարէների մասին, խնդրում էին նրան՝ իրենց հետ էլ անցնել նոյնը։ Մի ուրիշ կարևոր գիծ Կարապետ վարդապետի դասաւանդութեան մէջ, որ միշտ աչքի էր ընկնում, նրա լայն քրիստոնէական աշխարհայեացքն ու ազատախոհութիւնն էր։ Մինչդեռ մեր միւս թեմական դպրոցներում, «աշխարհական» իսկ կրօնուսոյցներն այնքան նեղոգի և անհանդուրժող էին գտնւում, որ աշակերտին առաջին հակաճառութիւնից յետոյ դասարանից դուրս էին վռնդում՝ ընդհակառակը Կարապետ վարդապետը նեղանում էր, որ աշակերտութիւնը լուռ է, հարցեր չի տալիս, չի փարատում իր հոգու մէջ գոյութիւն ունեցող կասկածները։ Յաճախ կարելի էր լսել նրա բերանից դասի ընթացքում՝ «տղայք, ինչո՞ւ էք լռել, ինչո՞ւ հարցեր չէք առաջարկում, մի՞թէ ամեն ինչ պարզ է ձեզ համար»… Եւ Ճեմարանում չկար մի ուսուցիչ (բացառութեամբ Ս. Մանդինեանի), որին աշակերտութիւնն այնչափ սիրէր ու նրա առարկայով ոգևորուէր՝ ինչպէս Կարապետ վարդապետին։ Այո՛, նեղսիրտ մոլեռանդի մէկը չէր կանգնած մեր առաջ, այլ մի հանդուրժող, խոհուն գլուխ, որ գիտէր ամեն տեղից օգտակարն ու կարևորը վերցնել. որ ասում էր՝ «Թէև Լութերը շատ մեծ մարդ է, բայց ինձ համար աւելի մեծ նշանակութիւն ունին և ինձ աւելի ոգևորում են Մեսրոպ, Սահակ, Ներսէս և այլն», սակայն միևնոյն ժամանակ կարողանում էր Եւրոպական արդի գիտութեան եզրակացութիւններն այնպէս ըմբռնելի կացուցանել մեզ, որ մենք նախնեաց յարգը չ’մոռանալով և նրանց աւանդը սուրբ պահելու ձգտումով լցուած՝ միանգամայն նորագոյն գիտութեան աշակերտ էինք դառնում։ Այդ մեծ կարողութիւնն արժանապէս գնահատելու բարեմտութիւն և շնորհք չունեցան դժբախտաբար Ս. Էջմիածնի ժամանակակից վարիչները. նրանք աւելի լսեցին բանսարկուների թելադրութիւններին, որոնց առաջնորդ հանդիսացաւ՝ Քիշնևի դրակամական հաշիւների շնորհիւ վերջերս չափազանց յայտնի դարձած՝ Յուսիկ եպիսկոպոս Մովսիսեանը։ Միջնադարեան բթամտութեանն անհամապատասխան գտնելով Կարապետ վարդապետի համոզմունքներն ու ներքին ազատութիւնը, սա ներկայ գտնուելով ճեմարանի քննութիւններին՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեանի հետ՝ չափազանց ազատամիտ գտաւ Կարապետ վարդապետին և հաղորդեց, ում որ պէտք էր. «Ամբողջ քննութեան ժամանակ եկեղեցական հայրերից ո՛չ մէկի անունը չ’յիշուեց։ Վճռական ձայնը Հառնակինն էր ու Շլայերմախերինը, որոնք փոխարինել էին Ս. Յովհան Ոսկեբերանին, Ս. Գրիգոր Աստուածաբանին, Բարսեղ Կեսարացուն և այլն» (տես Յուսիկ եպիսկոպոսի խօսքերը՝ Լումայ 1903, N 3, էջ 218, կամ Արարատ 1907, էջ 156)։ Մութ ուժերն իրենց գործը տեսան, այդ դէպքերից յետոյ Կարապետ վարդապետը միայն կարճ միջոց ուսուցիչ մնաց ճեմարանում և ապա դարձաւ, ինչպէս տեսանք, Երևանի առաջնորդ։

Չ’նայելով բոլոր դժուարութիւններին ու հակադիր զօրութիւնների ստորերկրեայ ջանքերին, ուսուցչութեան գործը չափազանց մօտ էր Կարապետ վարդապետի սրտին։ Երեմիա մարգարէի ասածի նման՝ յուսահատութեան րոպէին նա վճռում էր այլ ևս Տիրոջ խօսքը չ’ուսուցանել, բոլորովին հեռանալ ուսուցչական ասպարէզից, որովհետև «Յօրէ անտի երևելոյ մեր ի վերայ ասպարիզիդ տեղացին գլուխ մեր ամենուստեք թշնամանք միայն և նախատինք. անձնադիր վաստակք մեր ի վնաս աշակերտելոցն համարեցան և բարի նպատակք նենգաւորագոյն բացատրութեամբք անգոսնեցան. անունն «Աստուածաբան» եղև բան ծաղու և անարգանաց ի բերանս այնոցիկ իսկ, յորոց թուէր թէ առաւել իրաւունք էին ակնունելոյ խրախուսանաց և քաջալերութեան» (հրաժարական գրութեան մի հատուած, որ 1906 թուի Մայիսի 29-ին Կարապետ, Գարեգին և Երուանդ վարդապետները ներկայացրին Տ. Տ. Մկրտիչ կաթուղիկոսին՝ խնդրելով ազատ կացուցանել իրենց ճեմարանի ուսուցչի պաշտօնից)։ Բայց ամեն անգամ, երբ առիթը ներկայանում էր, Տիրոջ խօսքը կրակ էր դառնում, այրում էր նրա ներսը և Կարապետ վարդապետը դարձեալ ուսուցչական ասպարէզն էր թևակոխում նոյն անփոփոխ յաջողութեամբ …․