1928-ին ստալինյան առաջին հնգամյա պլանի մեկնարկն ու Ստալինի միանձնյա իշխանության հաստատումը միաժամանակ ազդարարում էին 1920-ականների սկզբին մեծամասնականների ուղենշած քաղաքական, տնտեսական, մշակութային հեղափոխական ծրագրի ավարտը: Քաղաքական հենց այս բեկումն էր իր մեջ ամփոփում նաև «բանվոր դասակարգի իդեոլոգիային համապատասխանող» ոճի շենքեր ստեղծելու երիտասարդ ճարտարապետների (Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի և այլոց) հավակնությունն ու նախընթաց տարիներին ծավալված շինարարության ոճը «հին ֆեոդալական կղերական» բնորոշելու մտայնությունը:
Ստորև ներկայացվող բնագիրը Հողագործության ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանի ֆելիետոնային անդրադարձն է ուղղված պրոլետարական ճարտարապետության երիտասարդ պաշտպաններին: Խորհրդային Հայաստանի պետական ղեկավար գործչի արձագանքն ինքնին հուշում է, որ պրոլետարական ճարտարապետության շուրջ քննարկումները զուտ մասնագիտական խնդիրների բերումով չէին ծավալվում: 1920-ականների սկզբին մեկնարկած շինարարության ճարտարապետական ոճը դասակարգային իմաստով «ֆեոդալական կղերական» անվանելը միաժամանակ քննադատություն էր ուղղված հեղափոխական մեծամասնականների քաղաքական գծին. այն գծին, որի հովանավորությամբ էր ստեղծվել արդեն տասնամյակի երկրորդ կեսին պրոլետարիատին անհարազատ հռչակված այդ ոճը: Հոդվածում սակայն Երզնկյանի երիտասարդներին ուղղված քննադատական հայացքը դեռևս ամբողջովին ելնում է խորհրդային իշխանությունը տեղական պայմանների ու կարիքների հետ գործնականում հարաբերելու 1920-ականների սկզբին հաստատված ՆԷՊ-ի քաղաքականության տրամաբանությունից: Պատահական չէ, որ Երզնկյանը երիտասարդներին մի կողմից քննադատում է նոր խորհրդային ճարտարապետության մեջ հին՝ «վանական» ճարտարապետական ոճի մեխանիկական փոխադրում տեսնելու, բայց «Արարատյան դաշտի խաղողի այգիները» մոռացության տալու մեջ: Մյուս կողմից մեղադրում է միայն «իրենց պրոֆեսորներից լսած թեզերը» բարձրաձայնելու, բայց գործնականում պրոլետարական ոճի ոչ մի նմուշ չստեղծելու մեջ:
Այնուամենայնիվ, չնայած Երզնկյանի թվացյալ հաղթական ու հեգնական գրելաոճին, ֆելիետոնը երևան է բերում 1920-ականների առաջին կեսին տեղական պայմանները հաշվի առնելու ու դրանով հանդերձ քաղաքական պահանջները եղած հնարավորությունների հետ գործանականում հարաբերելու հեղափոխական մեծամասնականների վերջին ջանքերը:
Հրապարակվում է ըստ՝ Ա. Յերզնկյան, «Մի քանի խոսք յեվ մի փոքրիկ պահանջ (Դիսկուսիոն կարգով)», Խորհրդային Հայաստան, 11 հուլիս 1928 թ.: Նյութը հրապարակվել է «Ֆելիետոնի փոխարեն» խորագրի ներքո։
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՅԵՎ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՀԱՆՋ
(Դիսկուսիոն կարգով)
Վերջերս մեր մամուլը լայն քննադատության նյութ ե դարձրել մեր շինարարության խմդիրը:
Սա չափազանց կարևոր ե և այժմեական:
Նույնիսկ ուշացած:
Սողոմոնի իմաստությամբ, դեռ ևս աղվամազ չբուսած մի քանի յերիտասարդներ շինարարության ճշգրիտ դասեր են տալիս մեզ տնտեսավարներիս:
Շատ ուրախ ենք:
Դարեր ապրել, դարեր սովորել, ասում ե ռուսական առածը:
Կյանքը զարգանում ե, ստեղծվում ե նոր հասարակարգ նոր կառուցվածքով, իր հասարակական ու կենցաղային նոր պայմաններով և բնականաբար մեր շինարարության առաջն ել դնում ե նոր ուրույն խնդիրներ:
Ի հարկե վոչ սպեցիֆիկ–ուրույն, հնից տարբեր:
Սա և՛ հասկանալի յե և՛ բնական:
Մեզ համար հասկանալի յե և այն, վոր մեր յերիտասարդ ինժեներները համալսարանների աթոռները դեռ յերեկ թողած կամ չթողած, ամենայն իրավամբ նկատելով մեր հսկայական թերությունները շինարարության բնագավառում — աշխատում են մեզ հետ բաժանել իրենց պրոֆեսորներից դեռ յերեկ լսած նոր թեզերը, կամ տեխնիկային և շինարարության նվիրված թերթերի հոդվածների եյությունը:
Սա նույնպես լավ ե և ոգտակար:
Տարված լինելով պրակտիկ աշխատանքներով, մենք ժամանակ չունենք այդ ամսագրերը կարդալու, կամ թե ընթերցանության մեջ ծույլ ենք:
Ի՞նչ վնաս:
Անգրագետի համար մասսայական ընթերցանությունը միակ միջոցն ե:
Սրա համար ել շնորհակալ ենք:
Դուք ասում եք՝
«Մեր դարում — մեքենայի դարում,— յերբ պահանջվում ե նյութի և ժամանակի առավելագույն տնտեսում, կառուցումները տարվում են պապենական որինակով, ստեղծելով մասիվ սյուներ, պիլիաստրներ, ֆրոնտոններ և զանազան խայտաբղետ որնամենտներ, վատնելով այդ կառուցումների վրա մի քանի անգամ ավելի նյութ և ժամանակ, քան այդ թույլ ե տալիս տեխնիկայի այժմյան դրությունը»:
Ճշմարտություն, իսկական ճշմարտություն:
Ընդունում ենք առանց վերապահության:
Ձեզանից շատերը գրում են, վոր հարկավոր ե ազատվել հին ֆեոդալական կղերական վոճից, տալ բանվոր դասակարգի իդեոլոգիային համապատասխանող վոճի շենքեր:
Իմաստուն խոսքեր, վոր վոչ մի ընդդիմախոսություն չեն վերցնում. չենք կարող ձեզ հետ չհամաձայնվել:
Թեև խոստովանանք լինի՝ դեռևս դուք ևս չեք պատկերացնում այդ վոճն իրապես — թեկուզ թղթի հատակագծի վրա:
Ինչ ևե — առարկություն չունենք:
Չնայած արտաքին ձևին դուք ավելի նշանակություն եք տալիս, քան եյությանը:
Որինակ, Հողժողկոմատի նոր կառուցված շենքը, յերևի ձեզանից վոչ մեկը չի մտել այդ շենքի ներսը և տեսել՝
Ա. Թե ինչքան հսկայական լույս կա այդ շենքում, իսկ բանվորին հարկավոր ե լուսավոր շենք.
Բ. Թե առողջապահական տեսակետից վորպիսի բարձրության ե հասցված — չե՞ վոր բանվորին անհրաժեշտ ե առողջապահական վայր.
Գ. Թե վորպիսի հարմարություն և եկոնոմիայի յե հասցված բնակության վայրը, — իսկ դրանք անհրաժեշտ են բանվոր դասակարգին.
Դ. Թե շենքի ներքին կառուցումն ինչպես ճշտորեն ե կազմված դասավորման տեսակետից, վորպեսզի լինի աշխատանքի կրճատում և շտատների կրճատում, — վորը նույնպես բանվոր դասակարգի խնդիրներից մեկն ե: Յեվ այլն, և այլն:
Ձեզ, ինչպես յերևում ե, հետաքրքրում ե արտաքին վոճը:
Դուք այդ շենքի կողքովն անցել եք, այնտեղ տեսել եք քանդակված խաղողի վողկույզներ: Ինչպես ամեն մի բարեպաշտ և հայրենասեր հայ պարտավոր ե տեսնել զվարթնոցը — դուք ևս տեսել եք Զվարթնոցը և տեսել եք այնտեղ քանդակված վողկույզներ: Ուրեմն Հողժողկոմատի շենքի վոճը վանական–կղերական ե:
Եհ, ինչ արած, վոր ձեր աչքից վրիպել են Արարատյան դաշտի տասը հազար դեսյատին խաղողի այգիները, իրենց լիառատ վողկույզներով:
Թե ինչո՞ւ Զվարթնոցից են վերցրած այդ խաղողի վողկույզները յեվ վոչ այգիներից, վոր մշակում ե հայ աշխատավոր գյուղացին — անհասկանալի յե:
Յերեվի Խորհրդային Հայաստանի պետական գերբը նույնպես վանական ե:
Չե՞ վոր այնտեղ ևս վողկույզներ կան:
Դուք տեսել եք Հողժողկոմատի շենքի ճակատին քանդակված հասկեր, նույնը տեսել եք Զվարթնոցում — ուրեմն շենքի ստիլը վանական ե:
Ձեր աչքից վրիպել են աշխատավոր գյուղացու 300 հազար դեսյատին ալվան ցանքերը՝ իրենց հասկերով:
Յերեվի Համամիութենական գերբը, վորը նույնպես զարդարված ե հասկերով — իր հղացումն ստացել ե Զվարթնոցի Խաչիկ վարդապետից:
Դուք դողով եք բռնվում,— յերբ տեսնում եք կամարաձեվ պատուհաններ կամ դռներ: Կանչում եք՝ караул! վանական ե ստիլը, առանց իմանալու, վոր դա բղխում ե շինանյութերից, վոր կան Հայաստանում:
Այնուամենայնիվ մենք ձեզ հետ համաձայն ենք, վոր հարկավոր ե պրոլետարական վոճ:
Դուք ասում եք, վոր մեր շենքերը և նրանց մասերը հարկավոր ե ստանդարտիզացիայի յենթարկել:
Վո՞ր տկարամիտը կարող ե առարկել:
Դուք ասում եք, վոր անհրաժեշտ ե մեր շինարարությունը մեքենայացման յենթարկել, նույնպես և շինանյութեր պատրաստելը:
Ճիշտ ե, «ի բերանե քումմե խոսի զճշմարտություն.:
Այս բոլորը ճիշտ ե, միանգամայն ճիշտ, այնպես ճիշտ ե, վոր արեվն առավոտը ծագում ե արեվելքում,— հանգիստը գտնում արեվմուտքում:
Սակայն մի բանում սխալվում եք, վոր կարծում եք այս «գյուտերի» հեղինակը դուք եք և նախախնամությունը ձեր վրա միսսիա յե դրել այս խորիմաստ բաներն ավետելու այս խավար աշխարհին:
Այս բանում դուք սխալվում եք: Դե մի բանում ել դուք սխալվեցեք, միշտ խոմ մենք չե՞նք սխալվելու:
Սխալ եք կարծում, յեթե համոզված եք, վոր այս մտքերի նախակարապետները դուք եք:
Յեթե դուք վերցնեք Ժողկոմխորհի վորոշումները և այնտեղ արված զեկուցումները,— դուք կտեսնեք, վոր այնտեղ վորոշված ե — յե՛վ շենքերը, յե՛վ շինանյութերը մեխանիզացիայի յենթարկել յեվ նույնպես ստանդարտիզացիայի յենթարկել յեվ տեխնիկայի ժամանակակից նվաճումներն ոգտագործել:
Խոսված ե և վոճի մասին:
Սակայն հարցը գրելու, խոսելու ու վորոշելու մեջ չի, այլ կիրառելու հնարավորությունների մեջ:
Սրանց մասին խոսված ե դեռ այն ժամանակ, յերբ դուք համալսարանի առաջին կուրսի նստարանի վրա եյիք:
Ա՜յ, որինակ, յեթե Հայաստանում դուք թեկուզ մի գոմ շինած լինեյիք, և այն ել յենթարկած՝
ա. Ստանդարտիզացիայի,
բ. մեքենայացման,
գ. կիրառած պրոլետարական վոճը՝ համապատասխան բանվոր դասակարգի իդեոլոգիայի, մենք յերախտապարտ կլինեյինք ձեզ:
Մեր հին ճարտարապետները քարացած են, հնասեր, անեացած, նիրվանա դարձած:
Ընդունենք:
Սակայն, դուք մասնագետներ եք, նոր սովետական մասնագետներ, տվեք մեզ տնտեսավարներիս այդ բոլորն իրականում, պլանների ձևով, կառուցված հողի վրա և վոչ թե «Խորհրդային Հայաստանի» եջերում:
Գրել նույն նյութի մասին նույն ձևով, նույն բովանդակությամբ մենք ել կարող ենք. յեթե այդ հարցերում տգետ ենք, այնուամենայնիվ գրաճանաչ ենք, կվերցնենք տեխնիկային նվիրված գրքերը, ժուրնալները, յեթե չենք կարող ձեզ նման բովանդակություն տալ, գոնե կարտագրենք, կթարգմանենք:
Դուք գրում եք.
«Սոցիալիստական շինարարության շրջանում, ճարտարապետական շինարարության ասպարիզում ամեն մի հարցին պետք ե ունենալ հնարագիտական (изобретательность) մոտեցում…»:
Փառահե՜ղ միտք:
Բայց միք գրի միայն, իրագործեցեք:
Իրագործեցեք, մենք շատ ուրախ և շնորհակալ կլինենք:
Ո՞վ իր աչքը քոռ կուզի:
Դուք ճարտարապետներ եք, սովետական ճարտարապետներ, նոր իդեալներով և գաղափարներով ոժտված:
Տվեք մեզ այդ բոլորը կյանքում, մենք տնտեսավարներս սպասում ենք:
Տվեք, բայց տվեք արագ:
Քիչ խոսեք, թող ձեր խոսքը լինի շենքերով, կառուցումներով:
Կյանքը չի սպասում, նա իր շինարարական պահանջներն ունի:
Մենք, տնտեսավարներս, մասնագետ չենք և չենք կարող այդ բոլորը մարմնացնել, նյութականացնել:
Իսկ դուք, դժբախտաբար, խոսքի շրջանումն եք:
Խոսքը թողեք ժուրնալիստներին:
Մեր սմետաները հոկտեմբերին փակվում են, փողերը յետ վերցնում:
Մենք հարկադրական պահանջի առաջ կառուցում ենք այնպես, ինչպես հնարավորություն ունենք, առանց խուսափելու քննադատությունից:
Ո՞ւր եք դուք, հրապարակ յեկեք գործնականում:
Իսկ դա մեզ համար լավ կլինի և կունենանք պրոլետարիատի վոգուն համապատասխան կառուցումներ, և մասամբ բավարարած կլինենք նրա պահանջը և միաժամանակ զերծ կլինենք անհրաժեշտ քննադատությունից:
Ազատեցեք մեզ այս սխալներից, յերիտասարդ մասնագետներ:
Մենք քննադատությունից չենք խուսափում, դիմանում ենք, մանավանդ տեղին քննադատության, իսկ քննադատության մեծ մասը տեղին ե:
Սակայն, այս փոքրիկ բարեկամական քննադատությունն ևս դուք ընդունեցեք, չնեղանաք և՝
Գործի անցեք:[1]Ծ. Խ. տպագրվում ե անփոփոխ:
Ծանոթագրություններ
↑1 | Ծ. Խ. տպագրվում ե անփոփոխ: |
---|