Պատկանյան ընտանիքի «գործնական տաղանդը». նկարիչ Հովհաննես Պատկանյան

 

1800-ականների երկրորդ կեսին հայ ազգային-քաղաքական բանաստեղծության առաջնեկներից, աշխարհաբար լեզվի կայացման գործնական պաշտպան, ազգային կրթության ու լուսավորության ջատագով գործիչ Ռափայել Պատկանյանը Պետերբուրգում տպագրատուն ուներ։ Այստեղ էին հրատարակվում իր գրական ժառանգության թերևս ամենահայտնի՝ Գամառ-Քաթիպա ստորագրությամբ հատորները, որոնցից մեկում էլ առաջին անգամ լույս է տեսել «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը։ Այս նույն տարիներին է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանել նրա ավագ եղբայր, նկարիչ Հովհաննես Պատկանյանը։ Եղբայրների համագործակցության մասին Ռափայելն ինքը մի նամակում հետաքրքրական տեղեկություն է տալիս. «Վարդանը ամենը հարցնում են. Վանյուշը, ովին ասես, պատմել է, հիմի իմ գլուխս հոտացնում են անցնող դարձողը…. Վանյուշը միտք ունի նորա համար 4 կամ 5 վիմատիպ պատկերներ շինել»։ Տպարանը, ըստ Ռափայելի այլ վկայությունների, լուրջ ֆինանսական ու տեխնիկական խոչընդոտների էր հանդիպում 50-ականներին և պարզ չէ, թե ինչպես, բայց Վարդան Մամիկոնյանի՝ «Վանյուշի»  խոստացած պատկերը լույս է տեսել միայն 1863 թվականին՝ որպես հայր Պատկանյանի «Քաջն Վարդան Մամիկոնյան» պատմական բանաստեղծության նկարազարդում։ Սա է այն ծանոթ պատկերը, որը մեր օրերում մանր տարբերություններով այնքան է բազմապատկվել ու շրջանառվել, որ ասես կորցրել է հեղինակին և պոկվել իր ստեղծման պատմական պայմաններից։

Ներկայացվածը Երվանդ Շահազիզի Ռ. Պատկանյանի դիվանը անտիպ աշխատության մի ծանոթագրության մեջ հանդիպած հետաքրքրական վկայություն է, որ հեղինակին ուղարկել է Ղազարոս Աղայանը (ԳԱԹ, Ե. Շահազիզի ֆոնդ, «Ռ. Պատկանյանի դիվան», էջ 1122-23)։ Սուրբ նահատակի մեզ ծանոթ պատկերի հեղինակի մասին այս նոթը նրան ի հայտ է բերում իբրև հակասական ու խառը, կյանքի հորձանուտում ակտիվ ներգրավված, զոքանչի միջոցները մսխող, ծխախոտի գործարան աշխատեցնող, խիստ հատկանշական մի կերպար։ Հետաքրքրականորեն Աղայանն ինքը նկարչին անվանում է «Պատկանյանների մեջ միակ գործնական տաղանդը»։ Գրողներին ու բանաստեղծներին չսիրող, զգայական կյանքի հետ ամուր կապված նկարիչը միաժամանակ պատկերի է վերածել հայր և որդի Պատկանյանների բանաստեղծություններում ուրվագծած սուրբ Վարդանին. փաստ, որը թույլ է տալիս նրա պատկերում ավելին փնտրել, քան հոր և եղբոր բանաստեղծություններն են ի հայտ բերում։

Հրապարակվում է ըստ՝ Ռափայել Պատկանյան, Երկեր, հ. 6 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1970), էջ 583-584։

 

***

Այդ Հովհաննեսի մասին (Ռ. Պատկանյանի ավագ եղբոր) Ղազարոս Աղայանը մեր խնդիրքով, 1902 թվի հունվարի 22-ին, Թիֆլիսից մեզ հետևյալ շահեկան տեղեկություններն է հաղորդել. «Թեպետ ինձ արգելել է բժիշկս գրիչ բռնել, բայց չեմ կարող չկատարել հանձնարարությունդ Ռափայելի մեծ եղբոր՝ Օհաննեսի վերաբերությամբ, գոնե, մի քանի խոսքով։ Տիկին Ամիդին իր ամուսնու մեռնելուց հետո երկու որբ ուներ փոքրահասակ՝ մի աղջիկ, որ մեծն էր և մի տղա։ Բացի դրանից, նա յուր մոտ պահում էր և և իր հարազատ քրոջ աղջիկը։ Ահա այդ աղջկա հետ ամուսնանում է Օհաննեսը և դառնում Ամիդիի թե փեսան, և թե ամեն ինչը … Որովհետև իր ձեռքն է առնում թե մադամին և թե նրա ունեցած չունեցածը։ Հովհաննեսը Պատկանյանների մեջ միակ գործնական տաղանդն էր։ Նա չէր հավանում գրողներին, մանավանդ բանաստեղծներին, համարում էր անխելք ու արսըզ, այդպես էլ անվանում էր Ռափայելին։ Այնուամենայնիվ անխնամ չէր թողնում յուրայիններին… 1863-ին էր կարծեմ, Տեր-Գաբրիելի միջամտությամբ նրա որդի Ռափայելը ուզեց Օլգային և դառավ իր եղբոր քենակալը կամ դրա պես մի բան։ Ռափայելը, որ ավելի մոտիկացավ մադամ Ամիդիին, իբրև նրա հարազատ աղջկա ամուսին, բայց նրա գործում չխառնվեց, այլ կարծես փախավ և փախցրեց կնոջը այդ շրջանից, որ բավականին մութ կողմեր ուներ։ Օրինակ, այդ ժամանակ այրվեց գործարանը, որ ապահովացրած էր լավ գնով։ Բայց թե որքան շահվեց այդ բանից Օհաննեսը, չգիտեմ։ Այն էլ չգիտեմ, թե ինչպես սնանկացավ Օհաննեսը և կորցրեց թե՛ գործարանն իր մագազինով և թե՛ տպարանը։ Այդ բաները պետք է որ գիտենա Ռափայելի կինը, իսկ եթե չգիտե, Պետերբուրգում դեռ կենդանի են այն ժամանակվա մարդիկը, օրինակ Եզյանը, քահ. Խանդարջյանը և այլք։ Այդ Օհաննեսը մի երևելի տիպ է մի վիպասանի համար։ Այս մարդն ամեն հարստություն կորցնելուց հետո եկավ Թիֆլիս մոտս, 1890 թվին, շատ խեղճ ու կուչ եկած։ Ասաց, որ նկարչությունով է ապրում, թե ընտանիքով Թիֆլիս է եկել և խնդրում է, որ իր համար գործ գտնեմ նկարելու։ Սրանից հետո ես ինքս տատանյալ վիճակի մեջ լինելով, էլ չիմացա, ուր գնաց և որտեղ վախճանվեց ( կամ ինչ եղան իր որբերը։ Դրա կինը, որի անունը մոռացել եմ, մի շատ համեստ և պարկեշտ աղջիկ էր, մի մանուշակ էր փշերի մեջ ընկած, իսկ տիկին Ամիդին, որին գուցե դու էլ տեսած լինիս այդտեղ, մի շատ փչացած ու տերտռված անձն էր։