Պատմության՝ որպես գիտության ըմբռնումը. Սերովբե վարդապետի Ծաղիկ գիտութեանց գիրքը

 

19-րդ դարի առաջին կեսին ռուս-պարսկական պատերազմներում հաղթանակած Ցարական Ռուսաստանն իր տիրապետությունն էր հաստատում վրացաբնակ և հայաբնակ մի շարք վայրերում: Ստեղծվել էր քաղաքական նոր դրություն, որը հայ մտավորականության շրջանակում ըմբռնվում էր իբրև մշակութային կյանքի ստեղծման պայման: Ռուսական կայսեր «ամուր և բարերար» հովանու ներքո էին տեսնում իրենց գործունեությունը Մոսկվայի համալսարանում պատմաբանասիրական կրթություն ստացած Հակոբ և Դավիթ Արզանով եղբայրները, որոնց ջանքերով 1827 թվականին նույն քաղաքում հրապարակ էր եկել Հայկական թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գիրքը: Նկարազարդումներով հարուստ այս գիրքը նպատակ ուներ էր տալու հայերի հավաստի պատմությունն իր ժամանակագրական կարգով և մյուս կողմից՝ ընթերցողին հասու դարձնելու հայ նախնիների ու արքաների «ճշմարիտ» պատկերները: Քիչ տեղեկություններ են հայտնի Արզանով եղբայրների և նրանց գործունեության մասին: Ինչպես իրենք են հայտնում հիշյալ գրքում, հայերի պատմությունը հետևողականորեն շարադրելու նախաձեռնությունը Լազարյան ճեմարանի հիմնադիր Հովակիմ Լազարյանի խորհուրդներով հագեցած կրթության արդյունք էր:

Հայոց պատմության, լեզվի ու գրականության ուսումնասիրությունն ինքնին առանցքային էին Լազարյան ճեմարանի կրթական օրակարգում: Դպրոցի կայացման նկատառումով, ինչպես պատմաբան Լեոն է հավաստում, Հովակիմ Լազարյանը Մոսկվա է «բերել տալիս» երկու կաթոլիկ վարդապետների, որոնցից մեկը լուսավորչական կրոնին դարձած և Էջմիածնում հաստատված Սերովբե վարդապետ Կարնեցին էր: Վերջինիս՝ 1819 թվականին Մոսկվայում տպագրած Ծաղիկ գիտութեանց գրքից մի հատված է ներկայացնում ստորև բերված վավերագիրը: Այն ուշագրավ է՝ հասկանալու, թե պատմության՝ որպես գիտության ինչպիսի ըմբռնում է քննում Լազարյանների դպրոցում Արզանովների ուսումնառության տարիներին դասավանդող վարժապետը: Գիրքը նախատեսված էր «’ի պէտս Դպրոցաց Հայաստանեայց» և ըստ էության համառոտաբար քննության էր առնում գիտության տարաբնույթ ոլորտները: Առանցքային են հեղինակի՝ պատմական գիտության թե՛ բովանդակային, թե՛ ժամանակագրական բաժանումները, որոնք կատարված են ըստ Քրիստոսի ծննդյան թվականի: Կտակարանական այս բաժանումը, մի կողմից, և մյուս կողմից՝ պատմության մեջ «Միապետու՟եց աշխարհի» ուսումնասիրության կարևորության շեշտադրումով միահյուսվում են կրոնականության ու միապետականության գաղափարները: Այս հյուսվածքն էր, որ անմասն չէր մնացել Արզանով եղբայրների գրքի էջերում: Հայերի պատմության մեջ «իմաստուն օրենքներով» առաջնորդող և «քրիստոնեության ու լուսավորության բարեխնամ ընձյուղները տարածող» միապետի բարքն ու վարած քաղաքականության պատկերացումն էր, որ պետության բացակայության պայմաններում հեղինակները տեսնում էին մշակութային կյանքի արդիացման հիմքերում:

Հրապարակվում է ըստ՝ Ծաղիկ գիտութեանց (’ի Մոսկով, 1819), էջ 199-201:

 

Մասն չորրորդ.

Պատմութիւն.

Հ. Զ՞ինչ է Պատմութիւն. և առ ՞ինչ պիտոյ:

Պ. Պատմութիւնն է գիտու՟ի, որ յանդիման առնէ զերևելի իրս և զյիշատակաց արժանի արարս նախնեաց: Կամ Պատմու՟ին է որ առաջի աչաց նկարագրէ զայլևայլ թագաւորու՟իս ազգաց, որք երբեմն հաստատին, ընդարձակին և գլխովին ճոխանան. և երբեմն նուազին, անկանին և իսպառ անհետանան: Պատմու՟ին է, որ յառաջ բերէ զգիւտ ազգի ազգի գիտու՟եց և արհեստից, և զնոցայն բարգաւաճու՟ի. որ աւանդէ զծագումն օրինադրու՟ե, զկառավարու՟ի ազգաց, զտարբերու՟ի օրինաց, վարուց և բարուց մարդկան, զպէսպիսու՟ի սովորու՟եց, կրօնից և կարծեացնոցին, զփոփոխու՟ի յոգնայոլով իրաց՝ որք անընդհատ յաջորդու՟բ զերեսս երկրի այլայլեն. այլև զձիրս, զառաքինու՟իս, զոճիրս և զմոլու՟իս: Միով բանիւ՝ Պատմու՟ին է որ զ՟ամ անցս ժամանակաց մերկապարանոց կացուցանէ, որով և զմեզ մարզէ և հանճարամիտս գործէ:

Հ. Զիա՞րդ ընդհանրապէս  բաժանի Պատմութիւնն:

Պ. Յեկեղեցական և յարտաքին. այլև ’ի հին և ’ի նոր:

Եկեղեցական ճառէ զիրաց վերաբերելոց առ կրօնն. իսկ արտաքինն զաշխարհապատկան նիւթոց. զորօրինակ զթագաւորու՟եց, զպատերազմաց, զսովորու՟եց և այլն: Հինն սկսանի յետ աշխատարակաշինու՟են. այն է յամի իբր 1800. և հասանէ ցամն 4000, կամ ը՟ս հաւանականագոյն կարծեաց ց4004. յորում ժամանակի ծնաւ Ք՟ս: Իսկ նորն՝ անտի մինչև  յաւուրդ մեր:

Հ. Ո΄ր Պատմութիւն համարի հարկաւորագոյն ’ի գիտել:

Պ. Սուրբ Պատմութիւնն կամ Պատմութիւնն Հրէից. որ սկիզբն առնու ’ի ստեղծմանէ աշխարհի, և աւարտի ’ի Ծննդեան Տեառն մերոյ Յ՟սի Ք՟սի: Ապա ազգային Պատմու՟ին. բայց յառաջ քան զայն՝ ինձ ընտրելի թուեցաւ կարգել կարճ ’ի կարճոյ զՊատու՟ի չորից տիեզերակալ Միապետու՟եց աշխարհի. այն է Ասորեստանեայց, Պարսից, Յունաց և Հռովմայեցւոց: