Ստալինյան բռնաճնշումներն ու աքսորը վերապրած Աշոտ Հովհաննիսյանը 1950-60-ական թվականներին շարունակեց իր գործուն պատմաբանությունը: Հովհաննիսյանի անձն ու գործը ստալինիզմը փորձառած խորհրդային երկրում, սակայն, պատմական անաքրոնիզմ էին դարձել: Հովհաննիսյանը պատկանում էր 1920-ականների այն իրականությանը, որի ջնջման ու մոռացման գնով էր հաստատվել ստալինիզմը: Այս կերպ, 1950-60-ականներին Հովհաննիսյանի հետաքսորական գործունեությունը վերստին կենդանացնում էր մոռացված 1920-ականների պատմությունն ու այդ պատմությունը գրելու նախաստալինյան գիտության ավանդույթը:
Ստորև ներկայացվող վավերագիրը 1960 թվականին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպման առթիվ Հովհաննիսյանի ընթերցած ելույթից մի հատված է: Իր «երիտասարդ ընկերների» հետ Հովհաննիսյանը կիսվում է պատմագիտություն սովորելու, պատմության ուսանող լինելու իր փորձով ու խորհուրդներով: «Գիտությամբ հափշտակված ուսանողի ճշմարիտ ուղին» ի վերջո նաև հենց իր՝ Հովհաննիսյանի ճամփան էր եղել, որն անցնելու ընթացքում կուտակված փորձն իբրև ժառանգություն այժմ նա թողնում էր Պատմության ֆակուլտետում սովորող ուսանողներին: Մատնանշած այդ ուղին միաժամանակ բացահայտում էր, թե Հովհաննիսյանի համար ինչպես են կրթությունն ու գիտությունը կապվում կյանքի ու ներկայի հետ: Ինչի՞ համար է ուսանողը մտնում համալսարան: Թվանշան ու դիպլոմ ստանալու ակնկալիքով սովորող ուսանողը, Հովհաննիսյանի գնահատմամբ, պիտի դառնար «գորշ միջակցություն», այնինչ իր կրթությանը հետամուտ ուսանողն էր, որ պիտի դառնար «ստեղծագործող մանկավարժ» կամ «խոհուն գիտնական»:
Ստալինիզմը փորձառած, բայց կյանքի ու գիտության առաջադիմության իդեալից չհրաժարված Հովհաննիսյանը նույն այդ իդեալն իբրև կտակ կարծես թողնում է ապագա պատմաբանին՝ ուղենշելով վերջինիս դժվարին, բայց ստեղծագործ ճանապարհը:
Արխիվային փաստաթուղթը մեքենագիր է, որի վրա Հովհաննիսյանը գրիչով միջամտություններ ու խմբագրումներ է կատարել: Այն բառերը կամ հատվածները, որոնք Հովհաննիսյանը ջնջել է, վերցրել ենք փակ փակագծերի մեջ: Ջնջված բառերի կամ հատվածների փոխարեն գրիչով գրվածներն առել ենք սուր չակերտների մեջ: Որոշ դեպքերում մեքենագրված, բայց գրիչով ջնջված բառերն անընթեռնելի են:
Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24412, վավ. 167ա, թ. 5-6:
Վավերագիրը նվիրվում է Վարդան Ազատյանին:
<Ելույթ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողության հետ ունեցածս հանդիպման առիթով>
….
Իմ կարծիքով համալսարանի պատմության ֆակուլտետը կարող կլինի ընդառաջել մարքսիստական պատմա–բանասիրությանը առաջադրվող ակտուալ խնդիրների <գիտական քննարկմանն ու> լուծմանը, եթե կարողանան պատմական առարկաների դասավանդությունը շաղկապել պատմության նյութական և գրավոր սկզբնաղբյուրների ուսումնասիրության հետ: Առանց նյութական կուլտուրայի ուսումնասիրության և առանց պատմական գրավոր սկզբնաղբյուրների քննական առինքնման, առանց համապատասխան լեզուների և օժանդակ մյուս գիտելիքների <յուրացման> պատմության առարկայի համալսարանական դասընթացը չի կարող հիմնավոր կերպով յուրացվել պատմություն ուսանող մեր երիտասարդների կողմից: Գիտեմ, կան տակավին ուսանողներ, որոնք համալսարան են մտնում դիպլոմ ստանալու համար: Չեմ ուզում թաքցնել ձեզնից, որ որևէ լավ բան գուշակել այդ կարգի ուսանողների ապագայի մասին՝ անկարող եմ միանգամայն: Պատմության ուսանողը, եթե հետամուտ է միայն այն բանին, որպեսզի մի կերպ յուրացնի դասախոսի լեկցիաները և քննություն հանձնի լավ թվանշան ստանալու համար, գուցե հասնի իր հետամտած նպատակին, սակայն կյանքում նրանից ոչ բանիմաց դասատու կստացվի և ոչ էլ բեղմնավոր գիտնական: Գուցե թե այդպիսին պաշտոն ստանա և աննշմար գոյության իրավունք նվաճի որևէ հիմնարկում, սակայն հազիվ թե նրանից ստեղծագործող մանկավարժ կամ խոհուն գիտնական դուրս գա: Լավագույն դեպքում այդպիսին կարող է քարշ տալ իր գոյությունը որպես գորշ միջակություն:
Խորհուրդ կտայի, որ դուք, երիտասարդ իմ ընկերներ, չբռնեք գորշ միջակությունների արհեստը: Հետևեցեք ձեր պրոֆեսորների դասախոսություններին և քննություն բռնեցեք նրանց պահանջած դասընթացներից: Սակայն իմացած եղեք, որ պատմաբան դառնալու համար, անհրաժեշտ է որ [չընկալեք] ձեր դասատուների ասածները մեքենայորեն, այլ խորացնեք և ընդարձակեք նրանցից ստացած իմաստության շրջանակները և եթե կուզեք՝ <վերստուգեք> նրանց <մատակարածը՝> յուրացնելով մարքսիզմի կլասիկների երկերը <կամ> նրանց դասախոսությունների տետրերից [կամ] <ու> դասագրքերից զատ կարդալով սկզբնաղբյուրները և ձեր մասնագիտության կամ ձեզ զբաղեցնող հարցերի հետ կապված գիտական գրականությունը կամ գեթ առավել կարևոր հեղինակների երկերը: Դասախոսություններից առավել ուսանողներին օգտաբեր են նրանց սեմինար պարապունքները և այդ պարապունքների հետ կապված հատուկ թեմաների կամ ռեֆերատների մշակումը: Իմ համոզմունքով ցանկալի կլիներ, եթե ի հաշիվ դասախոսությունների կրճատման հնարավորություններ ստեղծվեին նման պարապունքների համար: Բավական չէ, որ [դուք սոսկ կարդաք այդ] <լսած դասախոսություններից զատ կարդաք դրանց հետ կապված> նյութերը: Անհրաժեշտ է, որ կարդալիս քաղվածքներ անեք [դրանցից] <այդ նյութերից>, հատուկ քարտերի կամ տետրակների մեջ կազմեք կոնսպեկտներ: Եթե ձեր կարդացած էջերը ձեր մեջ հարուցում են ուրույն մտքեր, [կամ] <առաջացնում> այս կամ այն կասկածը [ու] <կամ> հարցը՝ խորհուրդ կտայի, որ այդ ևս արձանագրեք հատուկ փակագծերի կամ <notaben-ների> միջոցով: Այս է դասախոսությունների ակտիվ յուրացման, գրքերի ակտիվ ընթերցման ճանապարհը: Քայլեցեք դժվարին այդ ճանապարհով և կհամոզվեք շուտով, որ [քայլում եք] <առաջանում եք> գիտությամբ հափշտակված ուսանողի ճշմարիտ ուղիով:
Չեմ կարծում, թե իմ այս խորհուրդների համար ինձնից պետք է դժգոհեն ձեր դասախոսները: Սիրեցեք Պլատոնին, բայց առավել սիրեցեք ճշմարտությունը: Լավագույնը չի կարող համարվել այն ուսուցիչը, որ պատճեններ է պատրաստում իրենից, այլ նա, որ սնում է և պատրաստում իրեն գերազանցող աշակերտներ: Առանց դրան չէր լինի որևէ առաջադիմություն ոչ կյանքում և ոչ էլ գիտության մեջ:
<1960. նոյեմբերի 24-ին.>